ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 4 հունիսի 2024 թ.
ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Ս. Պողոսյանի, Ա. Նավասարդյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:
Օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը» վերտառությամբ 401-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»։
Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
Գործի քննության առիթը Հայկ Մամիջանյանի 2024 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
2023 թվականի մարտի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Մամիջանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴԱՈ-52 աշխատակարգային որոշմամբ որոշել է. ««Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճել»։
Սահմանադրական դատարանը, 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշմամբ, վիճարկվող դրույթի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի (այդ թվում՝ վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) սահմանադրականությունը գնահատելով Սահմանադրության 40-րդ հոդվածին և 61-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության առումով, որոշել է.
«1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրենքով սահմանված կարգով ենթակա է բողոքարկման դատարան:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
Դիմողը՝ թիվ ԵԴ/0753/11/21 գործով Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք։
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Հայկ Մամիջանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ին թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այդ որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ Ս. Պողոսյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման»:
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը նշում է, որ Օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայումը» վերտառությամբ 49-րդ գլխում, մասնավորապես՝ 401-րդ հոդվածի 1-ին մասում, նոր հանգամանքներով վարույթը սահմանվել է որպես բացառիկ վերանայման վարույթի տարատեսակ։ Ընդ որում, Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասում, ի թիվս այլնի, նոր հանգամանքով բողոք բերելու հիմք է նախատեսված այն դեպքը, երբ Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։ Միաժամանակ, Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված դատական ակտերը նշված չեն։ Այսինքն՝ ստացվում է, որ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված խափանման միջոցի վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա չէ վերանայման:
Դիմողը գտնում է, որ անկախ որևէ հանգամանքից և առանց որևէ բացառության կամ վերապահման, նոր հանգամանքի հիմքով վերանայման ենթակա պետք է լինեն բոլոր այն վերջնական դատական ակտերը, որոնցով Դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Դիմողի գնահատմամբ՝ այն դեպքերում, երբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նշում՝ կոնկրետ գործով կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայման ենթակա լինելու մասին, այդպիսի վերջնական դատական ակտերը, անկախ իրենց բնույթից, տեսակից կամ այլ հատկանիշներից, առանց որևէ բացառության անվերապահորեն ենթակա են վերանայման:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ նախ՝ դատարանների կողմից Սահմանադրությանը հակասող նորմի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ նորմատիվ իրավական դրույթի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները նոր հանգամանքի հիմքով դատական բողոքարկման միջոցով վերականգնելու լիարժեք հնարավորություն չի ընձեռում՝ սահմանափակելով դատարանի մատչելիության իրավունքը, և երկրորդ՝ անարդյունավետ է դարձնում Սահմանադրական դատարանում անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը, քանի որ անհատական դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կայացրած համապատասխան որոշումները մնում են անկատար, քանի որ չեն վերանայվում տվյալ անհատական դիմումը ներկայացնող անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը, այդ թվում՝ խափանման միջոցի վերաբերյալ, և չեն վերականգնվում դրանցով խախտված հիմնական իրավունքները և ազատությունները:
Դիմողը վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին հակասությունը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող դրույթով սահմանված է այնպիսի կառուցակարգ, որը ոչ միայն արդյունավետ չէ դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար, այլ նաև խոչընդոտում է նոր հանգամանքի հիմքով որոշակի դատական ակտերի վերանայմանը՝ արժեզրկելով նաև սահմանադրական արդարադատության միջոցով անձի խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտը, քանի որ վիճարկվող դրույթով սահմանված է Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում նոր հանգամանքի հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի կառուցակարգ, որը լիարժեք հնարավորություն չի տալիս անձին Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնելու իր խախտված իրավունքը:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է նաև Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին և 80-րդ հոդվածին, այնքանով, որքանով, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասին, ինչպես նաև, որ դրանով սահմանված կառուցակարգի հետևանքով խախտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը։
3. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) գտնում է, որ հիմնարար խախտման, նոր կամ նոր երևան եկած հանգամանքներից զատ, օրենսդիրը մասնավորեցրել է այն բոլոր հնարավոր դատական ակտերի շրջանակը, որոնք, չնայած ստացել են վերջնականություն, սակայն, որպես անձանց սահմանադրական իրավունքների երաշխիք, կարող են վերանայվել բացառիկության կարգով:
Պատասխանողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը, ոչ թե բացառում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բացառիկ վերանայումը, այլ նշում է այն դատական ակտերի տեսակը, որոնք ենթարկվում են բացառիկ վերանայման: Հակառակ պարագայում, եթե դիտարկվի այնպես, որ վիճարկվող դրույթով բացառվում է նոր հանգամանքի հիմքով բացառիկ վարույթի հարուցումը, ապա Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և/կամ Օրենսգրքի 403-րդ հոդվածի 4-րդ մասը կդառնա ինքնանպատակ:
Պատասխանողի գնահատմամբ՝ Օրենսգրքի 403-րդ հոդվածում նշված բոլոր հիմքերի բնույթից ակնհայտ է, որ օրենսդիրը սահմանել է նոր հանգամանքներով բողոք բերելու առանձնահատուկ հիմքերը, և այդ հիմքերի բնույթից և բովանդակությունից հետևում է, որ այն չի սահմանափակվում որոշակի դատական ակտերի տեսակով, այլ դրանք առանձին սահմանված հիմքեր են:
Պատասխանողը պնդում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ վերանայման ենթակա ակտերի շրջանակի նախատեսումը չի սահմանափակում այն դատական ակտերի բացառիկ վերանայումը, որոնցում դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Վերոնշյալի հիման վրա՝ Պատասխանողն արձանագրում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, մասնավորապես՝ այն մեկնաբանությամբ, որ բացառիկ վերանայման բողոք բերելու հիմք է՝ Սահմանադրական դատարանի՝ դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտն իր մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և դրույթի՝ այլ մեկնաբանությամբ կիրառելու փաստերը՝ անկախ դատական ակտի տեսակից: Այլ կերպ՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը չի սահմանափակում Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, համահունչ է Սահմանադրության 61 և 75-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործը քննվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթը քննության առարկա է դարձնում միայն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտերը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորության մասով:
5.1. Խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով վերանայելու իրավական հնարավորությունը բացառող՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթի, կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի նշանակության, անձի խախտված իրավունքների` Սահմանադրական դատարանի միջոցով դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության համատեքստում։
Անձի իրավունքներն ու ազատություններն իրավական պետությունում կարող են երաշխավորվել, ապահովվել և արդյունավետորեն պաշտպանվել, ի թիվս այլնի, անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացմանը համարժեք սահմանադրական և օրենսդրական երաշխիքների ապահովման պայմաններում: Այս առումով իր ուրույն սահմանադրական առաքելությունն ունի Սահմանադրական դատարանը, որի որոշումներն առանցքային նշանակություն ունեն ինչպես հանրային կյանքում սահմանադրական մշակույթի ձևավորման և զարգացման, այնպես էլ սահմանադրական արդարադատություն հայցող յուրաքանչյուր անձի՝ խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման համատեքստում:
Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների ակտերի համակարգում իր որոշումների առանձնահատուկ իրավաբանական բնույթին։ Մասնավորապես՝ 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«- սահմանադրական արդարադատություն իրականացնելը և այդ գործառույթի շրջանակներում գործով ըստ էության որոշում կայացնելը, (...), ՀՀ սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է (ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մաս և 93-րդ հոդված), [համանման կարգավորում առկա է նաև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասում և 171-րդ հոդվածի 1-ին մասում],
- քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների՝ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից,
- իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելիս, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 և 63-րդ հոդվածների պահանջներից [2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածներ], սահմանադրական դատարանը գնահատում է նաև արդարադատական (ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) պրակտիկան, բացահայտելով նաև կիրառվող (այդ թվում՝ դատական պրակտիկայում) օրենքների (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զարգացնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ ճյուղային իրավունքը,
- իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն»։
Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «[Սահմանադրական դատարանի] ակտերը ՀՀ իրավական համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը՝ թե՛ բովանդակությամբ, իրավակարգավորիչ նշանակությամբ և թե՛ ունեցած իրավական հետևանքների առումներով։ Դրանցով կարգավորվող հարաբերությունները վերաբերում են հասարակական կյանքի բոլոր բնագավառներին և իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտներին։ Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ (կամ դատարանի կողմից նախանշված ժամկետներում) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական, տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի, կազմակերպության կամ անհատի կողմից»։
Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման գործիքակազմի միջոցով խախտված հիմնական իրավունքների վերականգնման ապահովման համատեքստում Սահմանադրական դատարանը 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում։ Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպքում։ Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը՝ որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն»։
Իսկ Սահմանադրական դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշմամբ ընդգծվել է այն հանգամանքը, որ «(…) սահմանադրական դատարան դիմելու՝ անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը»։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կայացված որոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար նաև՝ սահմանադրաիրավական պահանջ: Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի առաքելությունը հանգում է այդ ինստիտուտի միջոցով խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման ապահովմանը: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից։ Ուստի, այն դեպքում, երբ անձի նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ սահմանադրական ճանաչված, սակայն ըստ Սահմանադրական դատարանի՝ դիմողի նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառված դրույթի կիրառմամբ, ապա նշված դեպքի հետևանքը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով այդ դատական ակտի վերանայումը։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրի կողմից պետք է նախատեսվեն դրա իրացման համապատասխան կառուցակարգեր։
Ըստ այդմ, Սահմանադրական դատարանն արձանագրում է իր կողմից կայացված որոշումների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների առնչությամբ օրենսդրական կարգավորումների հստակության և արդյունավետության առանցքային կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ իրավակարգավորումները մի կողմից՝ անմիջականորեն երաշխավորում են արդարադատության մատչելիությունը, մյուս կողմից՝ ապահովում են անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունը: Նման պայմաններում անձի՝ սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու տեսանկյունից հիմնարար նշանակություն ունի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի արդյունավետ գործարկումը: Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրական կարգավորումները պետք է հիմնվեն այն ողջամիտ տրամաբանության վրա, որ հանրային իշխանության մարմինները, սահմանափակված լինելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, պարտավոր են ապահովել խախտված իրավունքների վերականգնումը։
5.2. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում քննության առարկա դարձնել ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ անձի խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված բացառիկ վերանայման հնարավորությունը՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստում:
Այսպես՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադիրը, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները դիտարկելով որպես ժողովրդավարական և իրավական պետության անսասան հիմքեր, դրանց ապահովումը երաշխավորել է իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ ընթացակարգերով, որոնք կենսագործվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացման միջոցով՝ թույլ չտալով, որ հիմնական իրավունքները և ազատությունները կրեն լոկ հռչակագրային բնույթ:
Սահմանադրական դատարանը, բացահայտելով դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը, ի թիվս այլնի, արտահայտել է ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719),
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը (…)» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249),
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257):
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված կլինի, եթե ներպետական օրենսդրական կարգավորումներն ամրագրեն դատական պաշտպանության իրավունքի իրացման համար անհրաժեշտ գործիքակազմ, և որևէ ընթացակարգ (կամ դրա բացակայություն) չխոչընդոտի դատական պաշտպանության իրավունքի իրացմանը:
Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը քննարկման առարկա դարձնելով սահմանադրական կոնկրետ վերահսկողության ինստիտուտի նշանակության և անձի խախտված իրավունքների վերականգնման առնչությամբ դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության համատեքստում՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում հիշատակել նաև Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա։ Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը։ Այս բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքների պաշտպանությանը»։
Նշված մոտեցմանը համահունչ՝ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիման վրա՝ անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգի լիարժեքությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով, օրենսդիրը նախատեսել է դիմողի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը։ Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա» վերտառությամբ 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, Սահմանադրական դատարանի 2018 թվականի մայիսի 15-ի ՍԴՈ-1417 որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ «(...) դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով», յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում անհրաժեշտ չէ ամրագրել, քանի որ այն պարտադիր է հիշյալ սահմանադրական օրենքի ուժով:
Միաժամանակ, Օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը» վերտառությամբ 401-րդ հոդվածի 2-րդ մասը1 սահմանում է.
«2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը.
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
Իսկ վիճարկվող դրույթի հետ փոխկապակցված՝ Օրենսգրքի՝ «Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 403-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որպես նոր հանգամանքներով բողոք բերելու հիմք, ի թիվս այլնի, սահմանում է նաև այն դեպքը, երբ Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Միաժամանակ, Օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով որպես բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմք նախատեսված է այնպիսի դատական ակտի դեմ բողոք բերելը, որը ենթակա չէ բացառիկ վերանայման:
Փաստորեն, Օրենսգրքի վերոնշյալ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման գործիքակազմը հնարավոր կլինի կիրառել հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության պայմաններում.
- Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ,
և, միևնույն ժամանակ,
- դիմողի նկատմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթը կիրառվել է կամ Սահմանադրական դատարանի կողմից այդ դրույթն իր մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված, սակայն այլ մեկնաբանությամբ կիրառվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտով, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը, ինչպես նաև վերը թվարկված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։
Այսինքն՝ օրենսդրական կարգավորումները հանգում են նրան, որ նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման գործիքակազմով հնարավոր է վերանայել բացառապես վիճարկվող նորմում սահմանված դատավճիռները և որոշումները։ Ըստ այդմ, այդ նորմում չներառված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտի պարագայում բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման այն հիմքով, որ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ ճանաչվում է Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սակայն չի ապահովվում դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայումը (ինչպես նշվեց, այդ պահանջը սահմանված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով)՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի պատճառով։ Նման պայմաններում Օրենսգրքում դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորության բացակայությունն արժեզրկում է անձի՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի բուն էությունը՝ սահմանադրական արդարադատությունը դարձնելով պատրանքային:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը, անձի խախտված իրավունքների վերականգնումը։ Անձը պետք է ունենա օրինական ուժի մեջ մտած՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերանայելու համար՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար՝ Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Ավելին, այդ արգելքի առկայության պայմաններում, որոշ դեպքերում հնարավորություն չի ստեղծվում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման և պաշտպանության համար, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի առումով:
5.3. Սահմանադրական դատարանը սույն գործով սահմանադրաիրավական վեճն անհրաժեշտ է համարում դիտարկել նաև Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման լույսի ներքո՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում:
Սահմանադրության 75-րդ հոդվածն ամրագրում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Սահմանադրական դատարանը, նախկինում անդրադառնալով սույն սահմանադրաիրավական պահանջի բովանդակությանը, հայտնել է հետևյալ դիրքորոշումները.
«Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում» (2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-1618 որոշում):
«(...) Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ օրենքով սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն անկախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ, արդար պաշտպանություն՝ ինչպես գործի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում:
(…)
Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները» (2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշում):
«Սահմանադրական դատարանը փաստում է, որ ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշում):
«Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշում):
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո՝ անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը խիստ սահմանափակել է բացառիկ վերանայման առարկայի շրջանակը՝ սահմանելով, որ բացառիկ վերանայման են ենթակա բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը, ինչպես նաև վերը թվարկված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը։ Այսինքն՝ օրենսդիրը նոր հանգամանքով դատական ակտի վերանայումը հնարավոր է համարել միայն վերոնշյալ դատական ակտերի դեպքում, ըստ այդմ էլ՝ նշված դատական ակտերի շրջանակից դուրս կայացված դատական ակտի դեմ բողոք բերելը համարել է բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմք։
Սույն գործով ներկայացված դիմումի հարուցման հիմք ծառայող թիվ ԵԴ/0753/11/21 գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանը որոշել է Դիմողի ներկայացուցչի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժել՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ին թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այդ որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ Ս. Պողոսյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման»:
Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը չի նախատեսել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսդրի կողմից Օրենսգրքում սահմանվել են բացառիկ վերանայմանը վերաբերելի իրավանորմեր, սակայն դրանք, իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության պայմաններում, ամբողջապես չեն ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն այնքանով, որքանով խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի հիմնարար իրավունքի խախտումը Սահմանադրական դատարանի կողմից արձանագրվելու պայմաններում չի նախատեսվում անձի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն, ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում:
Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշման հիմքով Հայկ Մամիջանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով չվերանայելն ըստ էության հանգեցնում է դիմողի՝ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով և 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքների շարունակական խախտման։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, անձի նկատմամբ կիրառված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, համահունչ չէ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին, քանի որ չի երաշխավորում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 40, 61 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
_____________________
1 Օրենսգրքի «Անցումային դրույթներ» վերտառությամբ 483-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
4 հունիսի 2024 թվականի ՍԴՈ-1736 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:
