Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.03.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0026 Ն. 21.03.23

 

21 մարտի 2023 թվականի

թիվ 26-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել վարկավորման վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների կողմից կայացվող որոշումների թափանցիկությունը, վարկարժանության գնահատման համակարգերի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների գործունեություն մասին սպառողների իրազեկվածությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ և 96-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ, 70-րդ և 83-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը.

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1)ուղղ. Կանոնակարգի 2-րդ կետի 1-ին նախադասության «կոնկրետ տեսակի ֆինանսական կազմակերպությանը կամ ֆինանսական խմբի» բառերից հետո լրացնել «կամ ֆինանսական ծառայության» բառերը, ինչպես նաև «չի տարածվում տվյալ տեսակի ֆինանսական կազմակերպության վրա կամ տվյալ տեսակի ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական խմբի» բառերից հետո լրացնել «կամ ֆինանսական ծառայության» բառերը:

 

2) Կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «(համեմատվում են օրինակ, 2 տարի ժամկետով, 3 միլիոն գումարով, ֆիքսված անվանական տոկոսադրույքով վարկերը)» բառերը։

 

3) Կանոնակարգի 4-րդ կետի 14-րդ ենթակետում «անվճար» բառից հետո լրացնել «, 0 տոկոս» բառը։

 

4) Կանոնակարգի 4-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15) տպագիր կամ այլ ձևով հրապարակվող ֆինանսական ծառայությունների մասին տեղեկատվությունը պարունակում է աչքի ընկնող և առանձնացված ձևով (այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով) նշում այն մասին, որ ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Այն դեպքում, երբ սոցիալական ցանցի պաշտոնական էջերում սույն ենթակետով սահմանված ձևաչափի (օրինակ տառատեսակ, տառաչափ և այլն) պահպանումը անհնարին է, ապա սոցիալական կայքում՝ աչքի ընկնող հատվածում նշվում է պահանջվող տեղեկատվությունը։)»։

 

5)ուղղ. Կանոնակարգի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ և 12.2-րդ կետերը.

 

«12.1 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունն իր պաշտոնական ինտերնետային կայքից, բջջային/առցանց հավելվածից բացի տեղեկատվության տարածման համար վարում է այլ կայքեր, հավելվածներ կամ նմանատիպ հարթակներ, որոնց միջոցով հրապարակային առաջարկում է կամ մատուցում է որևէ ֆինանսական ծառայություն, ապա ֆինանսական կազմակերպությունը այդ հարթակներում և կայքերում, տեսանելի վայրում և աչքի ընկնող ձևաչափով հրապարակում է.

1) Ֆինանսական կազմակերպության անվանումը,

2) Ինչպես նաև աչքի ընկնող ձևաչափով հայտարարություն այն մասին, որ ֆինանսական կազմակերպության և վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների համար ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ֆինանսական կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայք՝ հղում տալով համապատասխան կայքին։

 

12.2 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը գտնվում է վերակազմակերպման, լուծարման, ինքնալուծարման գործընթացում, ապա նշված գործընթացը պաշտոնապես հաստատվելուց հետո, եթե առավել երկար ժամկետ նախատեսված չէ տվյալ տեսակի ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական խմբի համար, 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպության առնվազն ինտերնետային կայքում (առկայության դեպքում նաև պաշտոնական սոցիալական էջերի և այլ պաշտոնական հարթակների միջոցով), հայտարարության ձևաչափով համառոտ հրապարակում է այդ մասին, նշելով նաև՝

ա. սպառողների հետագա սպասարկման գործընթացների, սպառողներից պահանջվող գործողությունների/քայլերի մասին, ինչպես նաև հարցերի դեպքում սպառողը ինչ հաղորդակցման միջոցներով (օրինակ՝ հեռախոսահամար, էլ․ հասցե) կարող է կապ հաստատել։

 

բ․ առկայության դեպքում լուծարային հանձնաժողովի, գործառույթների, ինչպես նաև վերջիններիս հետ կապ հաստատելու մասին տվյալներ (հեռախոսահամար, էլ․ հասցե, գործունեության վայր),

 

գ․ պահանջների բավարարման հերթականության մասին (առկայության դեպքում)։

 

6) Կանոնակարգի 17-րդ կետի 12-րդ ենթակետում «(լրացուցիչ, օժանդակ)» բառերը փոխարինել «համակցված, օժանդակ, բոնուսային, լրացուցիչ» բառերով։

 

7) Կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «փոքր տառաչափով» բառերից հետո լրացնել «կամ այլ, ոչ աչքի ընկնող ձևով» բառերը։

 

8) Կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«10) եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա նշվում է ապահովության (գրավի) տեսակը, ընդ որում՝ նման պահանջի առկայության դեպքում ներկայացվում է նաև երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն (оրինակ՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» Կանոնակարգ 8/05-ով սահմանված Անհատական թերթիկում երաշխավորության վերաբերյալ ներկայացված բացատրական տեղեկատվությունը),»։

 

9) Կանոնակարգի 18-րդ կետի 20-րդ ենթակետը «ներքին իրավական ակտերով,» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասություններով․

«տեղեկատվություն վարկ տրամադրելու որոշումների կայացման համար կիրառվող վարկարժանության գնահատման եղանակների վերաբերյալ (վարկային պատմություն, վարկային սքոր), այդ թվում՝

ա. Վարկային պատմության էությունը, կարևորությունը, ինչպես է այն ձևավորվում, ինչ տեսակի և ինչ վաղեմության տեղեկատվություն է պարունակում, ինչ պետք է անեն սպառողները սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար և այլն, ինչպես նաև հղում www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերին:

 

բ. Վարկային սքորի (կիրառելու դեպքում) էությունը, կարևորությունը, ինչ տեսակի վարկային սքոր է կիրառվում ֆինանսական կազմակերպության կողմից (Ֆայկո, ԱՔՌԱ, սեփական սքոր գնահատական, թե այլ): Սեփական վարկային սքոր կիրառելու դեպքում տեղեկատվություն սքորի հաշվարկի վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնների (օրինակ՝ գործող վարկերի գումար և քանակ, վարկային պատմության երկարություն, վարկային հարցումներ, ժամկետանց վարկեր և այլն) և դրանց ազդեցության ուղղության (բարձրացնում է, թե իջեցնում է սքորը) վերաբերյալ: ԱՔՌԱ կամ Ֆայկո սքոր կիրառելու դեպքում տեղադրվում են հղումներ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերին:

 

գ. Ինչ քայլեր կարող են ձեռնարկել սպառողները իրենց վարկային պատմությունը և սքորը բարելավելու համար (օրինակ՝ մարել գործող վարկերի մի մասը, բացառել գործող վարկերի գծով ժամկետանց պարտավորությունների առկայությունը), ինչպես նաև ինչ գործողություններ չպետք է անեն վարկային պատմության և սքորի վատթարացումից խուսափելու համար:»

 

10) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի գ1 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«գ1․ Հայտարարություն այն մասին, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, ապա նշում այդ մասին։ Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր որոշակի սահմանափակումներով (օրինակ՝ համաձայնագիր, որը տարածվում է մինչև 250,000 ՀՀ դրամ գումարով գույքային պահանջների վրա), ապա նշում է կատարվում նաև տվյալ սահմանափակման մասին,»։

 

11) Կանոնակարգի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-րդ կետ.

 

«41.1 Սոցիալական ցանցում պաշտոնական էջ ունենալու դեպքում ապահովում են տվյալ սոցիալական ցանցի կողմից պատշաճ նույնականացում (Оրինակ՝ Ֆեյսբուքյան էջի դեպքում հավաստիության նշան՝ «Վերիֆայդ Բադջ» (Verified Badge))»։

 

12) Կանոնակարգի 43-րդ կետի «էջերում» բառից հետո լրացնել «ֆինանսական կազմակերպության մասին հատվածում (oրինակ՝ Ֆեյսբուքյան էջի «իրենց մասին» (About) կամ «գլխավոր» (Home) էջ հատվածում» բառերը։

 

13) Կանոնակարգի 43-րդ կետի 6-րդ ենթակետում «։» նշանը փոխարինել «,» նշանով և 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.

 

«7) Հաճախ տրվող հարցեր (օրինակ՝ հղման միջոցով պաշտոնական ինտերնետային կայքի համապատասխան բաժնին)։

8) Մասնաճյուղերի ցանկ (օրինակ՝ հղման միջոցով պաշտոնական ինտերնետային կայքի համապատասխան բաժնին)։

9) Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ՝ հղման միջոցով պաշտոնական ինտերնետային կայքի համապատասխան բաժնին)։»։

 

14) Կանոնակարգի 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1-րդ կետ.

 

«46.1 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը բացահայտում է սոցիալական ցանցում իր գործունեության, անվանման կամ այլ չափորոշիչների համանման կեղծ էջեր, ապա, այդ մասին իրեն հայտնի դառնալուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է այդ մասին սպառողներին պատշաճ տեղեկացումը (պաշտոնական սոցիալական էջերի, կայքի միջոցով կամ այլ հասանելի հարթակներով)»։

 

15) Կանոնակարգի 53-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«53. Ֆինանսական կազմակերպության գովազդը, որը պարունակում է նշում տվյալ ծառայության սակագնի (տոկոսադրույք, պարտադիր կամ այլ վճարներ) մասին, պարունակում է նաև տեղեկատվություն այն մասին, որ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ֆինանսական կազմակերպությունից, ինչպես նաև հղում է կատարում տվյալ ֆինանսական կազմակերպության ինտերնետային կայքին։»:

 

16) Կանոնակարգի 53-րդ կետի 1-ին ենթակետի «սակագնի (տոկոսադրույքի» բառերից հետո լրացնել «,պարտադիր կամ այլ վճարներ» բառերը, իսկ երկրորդ նախադասության մեջ «տարեկան փաստացի տոկոսադրույքը» բառերից հետո լրացնել «(տարեկան տոկոսային եկամտաբերություն)» բառերը։

 

17) Կանոնակարգի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«57. Ֆինանսական կազմակերպության գործունեության վայրում որևէ ձևաչափով (օրինակ՝ թղթային, էլեկտրոնային) մշտապես պետք է հասանելի լինեն ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկատվական ամփոփագրերը»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան