040.0782.09.12.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 1998 թվականի N 782
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեությունը կանոնակարգելու և կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված աուդիտորի որակավորման վկայականները և աուդիտորական գործունեության լիցենզիաները մնում են ուժի մեջ` մինչև դրանցում սահմանված ժամկետը լրանալը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 581 և 1997 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 124 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները և սահմանում է`
ա) աուդիտորական գործունեության հասկացությունը և հիմնական սկզբունքները.
բ) աուդիտորական գործունեության կանոնների (ստանդարտների), աուդիտորական հաշվետվության և աուդիտորական եզրակացության հասկացությունները.
գ) աուդիտորների և աուդիտորական առևտրային կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները.
դ) աուդիտորական գործունեության ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև այդ գործունեության կարգավորումն իրականացնող պետական մարմնի իրավունքներն ու պարտականությունները.
ե) աուդիտորների որակավորման և աուդիտորական գործունեության լիցենզավորման հիմնական դրույթները:
(1-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
II. Աուդիտորական գործունեության հասկացությունը ԵՎ հիմնական սկզբունքները
2. Աուդիտորական գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան գործող աուդիտորների և (կամ) աուդիտորական կազմակերպությունների կողմից (այսուհետև` աուդիտ իրականացնող անձ) իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն է` իրավաբանական և ֆիզիկական անձանց աուդիտի և (կամ) դրան ուղեկից ծառայությունների մատուցման գծով:
(2-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
3. Աուդիտը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան աուդիտ իրականացնող անձի կողմից` իրավաբանական և ֆիզիկական անձանց հաշվապահական հաշվառման վարման ճշտության ու ֆինանսական հաշվետվությունների անկախ ստուգում է, որի արդյունքում տրվում է եզրակացություն այդ հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ:
Ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը նշված հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտության այնպիսի աստիճան է, որը հնարավորություն է տալիս այդ տեղեկությունների հիման վրա ընդհանուր առմամբ կատարելու ճիշտ եզրակացություն իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործունեության արդյունքների մասին և ընդունելու համապատասխան որոշումներ:
4. Աուդիտի նպատակն է` գնահատել իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ու նրա կողմից իրականացված տնտեսական գործառնությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
5. Աուդիտ իրականացնող անձը կարող է մատուցել նաև աուդիտին հարակից հետևյալ ծառայությունները`
ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում.
բ) ձեռնարկության, բլանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում.
գ) հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության և ֆինանսների, աուդիտի ուսուցում.
դ) ակտիվների և պարտավորությունների գնահատում.
ե) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պլանավորում ու հաշվարկում.
զ) առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.
է) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային և կառավարչական խորհրդատվություն.
ը) ձեռնարկատիրական գործունեության բնագավառում իրավաբանական ծառայությունների մատուցում.
թ) գործարար (բիզնես) պլանի կազմում.
ժ) մասնագիտական գրականության հրատարակում:
(5-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
6. Աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից և սույն կանոնադրության 5-րդ կետում նշված աուդիտին հարակից ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ զբաղվելը:
Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում աուդիտ իրականացնող անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման և տնօրինման հետ կապված գործառնությունների վրա:
7. Աուդիտ իրականացնող անձանց և իրավաբանական ու ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան կնքված պայմանագրերով:
8. Աուդիտին հարակից առանձին տեսակների ծառայություններ մատուցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիցենզավորում պահանջվելու դեպքում` աուդիտ իրականացնող անձը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան լիցենզիա:
9. Աուդիտ իրականացնող անձինք պարտավոր են աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում պահպանել հետևյալ հիմնական սկզբունքները`
ա) երրորդ անձից անկախությունը.
բ) աուդիտ իրականացնող անձանց կողմից իրենց աշխատանքի ձևերի և մեթոդների ընտրության ինքնուրույնությունը.
գ) աուդիտ իրականացնող անձանց` սույն կանոնադրության 50-րդ կետով սահմանված մասնագիտացումը.
դ) աուդիտի իրականացման ժամանակ ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանումը:
10. Աուդիտ չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի (աուդիտ իրականացվող) հիմնադիրը, սեփականատերը, բաժնետերը (մասնակիցը), ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների), ղեկավարը, հաշվապահը կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձ, ինչպես նաև մերձավոր ազգակցական կապի մեջ է գտնվում (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ) նշված անձանց հետ.
բ) այն աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է`
տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, բաժնետերը (մասնակիցը).
տվյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված կամ նրանց մասնակցությամբ ստեղծված առևտրային կազմակերպություն:
(10-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
11. Աուդիտ չի կարող անցկացնել աուդիտ իրականացնող այն անձը, որն աուդիտի անցկացմանն անմիջապես նախորդող երկու տարվա ընթացքում տվյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցել է սույն կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում նշված աուդիտին հարակից ծառայություններ:
12. Աուդիտի և դրան հարակից ծառայությունների մատուցման համար վճարի չափը, վճարման կարգը և ձևը որոշվում են կողմերի միջև կնքված պայմանագրով և չեն կարող կախվածության մեջ դրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտի արդյունքում կատարվելիք եզրակացությունների բովանդակության վրա:
13. Աուդիտ իրականացնող անձինք ինքնուրույն են ընտրում իրենց աշխատանքի ձևերն ու մեթոդները և որոշում աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ մասնագետների ներգրավման հարցը: Ընդ որում, աուդիտի անցկացման աշխատանքներում պետք է ներգրավվի առնվազն մեկ այնպիսի որակավորում ունեցող աուդիտոր, որի մասնագիտացումը համապատասխանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնական գործունեությանը:
Աուդիտորական գործունեության ձևերն ու մեթոդները, ինչպես նաև աուդիտին ուղեկից ծառայությունները կանոնակարգվում են աուդիտորական գործունեության կանոններով (ստանդարտներով), որոնք հաստատվում են սույն կանոնադրության 16-րդ կետով նախատեսված կարգով:
III. Աուդիտորական գործունեության կանոնների (ստանդարտների) աուդիտորական հաշվետվության ԵՎ աուդիտորական եզրակացության հասկացությունը
14. Աուդիտորական գործունեությունն իրականացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սույն կանոնադրությունը և սահմանված կարգով հաստատված աուդիտորական գործունեության կանոնները (ստանդարտները):
Աուդիտորական գործունեության կանոններն այն նորմատիվ իրավական ակտերն են, որոնք կանոնակարգում են աուդիտի իրականացման, փաստաթղթային ձևակերպման և դրանց որակի գնահատման, ինչպես նաև աուդիտորների ուսուցման ու նրանց որակավորման կարգին ներկայացվող միասնական պահանջները:
15. Աուդիտորական գործունեության կանոնները`
ա) սահմանում են աուդիտի անցկացման, աուդիտի փաստաթղթավորման, աուդիտորների հաշվետվությունների և եզրակացությունների ձևակերպման կարգին ներկայացվող պահանջները.
բ) սահմանում են աուդիտորների որակավորմանը ներկայացվող պահանջները.
գ) նպաստում են աուդիտորական գործունեության մեջ գիտական, մեթոդաբանական և տեխնիկական նվաճումների ներդրմանը.
դ) ապահովում են աուդիտի արդյունքների արժանահավատության իրավական երաշխիքները:
16. Աուդիտորական գործունեության կանոնները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` լիազորված մարմին)` հաշվի առնելով աուդիտի միջազգային ստանդարտների պահանջները:
Աուդիտորական գործունեության կանոնների պահանջների կատարումը պարտադիր է աուդիտ իրականացնող անձանց և պարտադիր աուդիտի ենթակա իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
17. Աուդիտի անցկացումը պարտադիր փաստաթղթավորվում է աուդիտ իրականացնող անձի կողմից: Նշված փաստաթղթերի վավերապայմանները հաստատում է լիազորված մարմինը` աուդիտորական գործունեության կանոններով:
18. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա ամփոփիչ փաստաթղթերի կազմումը:
Ամփոփիչ փաստաթղթերը ներառում են աուդիտորական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը:
19. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը կազմվում են նախքան աուդիտի անցկացումը, աուդիտի ընթացքում ու դրա ավարտից հետո և պետք է պարունակեն արժանահավատ աուդիտորական հաշվետվություն ու աուդիտորական եզրակացություն կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, որի բովանդակությունը սահմանվում է աուդիտորական գործունեության կանոններով:
20. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտ իրականացնող անձի սեփականությունն են: Դրանցում, ինչպես նաև աուդիտորական հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունն առևտրային գաղտնիք է և ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
21. Աուդիտորական հաշվետվությունն իրավաբանական անձանց ղեկավարներին ու հիմնադիրներին (մասնակիցներին) և ֆիզիկական անձանց հասցեագրված փաստաթուղթ է, որը պարունակում է սպառիչ տեղեկատվություն աուդիտի ընթացքի, ֆինանսական հաշվետվություններում թույլ տրված էական խախտումների (սահմանվում են կանոններով), հաշվապահական հաշվառման վարման սահմանված կարգից շեղումների մասին, ինչպես նաև աուդիտի անցկացման պայմանագրով նախատեսված և աուդիտի ընթացքում ստացված այլ տեղեկություններ:
22. Աուդիտորական հաշվետվության ձևը և բովանդակությունը սահմանվում են աուդիտորական գործունեության կանոններով:
Աուդիտորական հաշվետվությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտորների և անմիջականորեն աուդիտին մասնակցող այլ մասնագետների կողմից` իրենց հարցերի մասով: Աուդիտորական հաշվետվության մեկ օրինակը տրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:
23. Աուդիտորական եզրակացությունն իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության մասին, որը պետք է պարունակի աուդիտ իրականացնող անձի հիմնավորված հետևությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատելու (չհաստատելու) վերաբերյալ:
24. Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է: Այն օգտագործողների ցանկը (որոնց պարտադիր տրվում են աուդիտորական եզրակացության պատճենները), աուդիտի անցկացման պարբերականությունը և աուդիտորական եզրակացության հրապարակման անհրաժեշտությունը որոշում են իրավաբանական և ֆիզիկական անձինք, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ այլ բան սահմանված չէ:
25. Միտումնավոր կեղծ աուդիտորական եզրակացությունը կամ հաշվետվությունն այն աուդիտորական եզրակացությունը կամ հաշվետվությունն է, որը կազմվել է առանց աուդիտ անցկացնելու կամ` աուդիտի անցկացման ընթացքում հիմք ընդունելով իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած բացահայտ կեղծ փաստաթղթերը:
IV. Աուդիտ իրականացնող անձի իրավունքները, պարտականությունները ԵՎ պատասխանատվությունը
26. Աուդիտորն աուդիտորական գործունեությամբ կարող է զբաղվել ինքնուրույն` որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) կամ որպես աուդիտորական կազմակերպություն աշխատող, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա:
(26-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
27. Ինքնուրույն աշխատող աուդիտորն աուդիտորական գործունեությամբ կարող է զբաղվել միայն անհատ ձեռնարկատերի կարգավիճակ և աուդիտորական գործունեության լիցենզիա ստանալուց հետո:
(27-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
28. Աուդիտորական կազմակերպություն է համարվում սահմանված կարգով աուդիտորական գործունեության լիցենզիա ստացած առևտրային կազմակերպությունը: Աուդիտորական կազմակերպությունը կարող է լինել օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձևի, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների:
(28-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
29. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու տվյալ տեսակի աուդիտորական գործունեություն, եթե դրա աշխատողներից առնվազն մեկն ունի այդ ձեռնարկությանը տրված աուդիտորական գործունեության լիցենզիային համապատասխան աուդիտի տեսակի գծով մասնագիտացում:
(29-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
30. Աուդիտ իրականացնող անձինք իրավունք ունեն`
ա) աուդիտի անցկացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրելու իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև ստուգելու փաստաթղթերում հաշվառված յուրաքանչյուր գույքի փաստացի առկայությունը.
բ) իրավաբանական անձից և նրա պաշտոնատար անձանցից, ինչպես նաև ֆիզիկական անձից ստանալու աուդիտի անցկացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ.
գ) իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համաձայնեցնելով` երրորդ անձից գրավոր հարցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն` արժանահավատ աուդիտորական հաշվետվություն և աուդիտորական եզրակացություն կազմելու համար.
դ) աուդիտի անցկացման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավելու անհատ աուդիտորների, այլ աուդիտորական կազմակերպությունների աուդիտորների, այլ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև այլ մասնագետների: Աուդիտի անցկացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է աուդիտորական գործունեության կանոններով.
ե) արժանահավատ աուդիտորական հաշվետվություն և եզրակացություն կազմելու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չներկայացնելու դեպքում հրաժարվելու աուդիտ անցկացնելուց կամ աուդիտորական եզրակացություն տալուց:
(30-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
31. Աուդիտ իրականացնող անձանց` սույն կանոնադրության 30-րդ կետով նախատեսված իրավունքներն սպառիչ չեն և կարող են ընդլայնվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, աուդիտորական գործունեության կանոններով, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց և աուդիտ իրականացնող անձանց միջև կնքված պայմանագրով:
32. Աուդիտ իրականացնող անձինք պարտավոր են`
ա) իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությանը համապատասխան` աուդիտորական գործունեության լիցենզիայի բացակայության և սույն կանոնադրության 10-րդ և 11-րդ կետերով սահմանված պայմանների առկայության դեպքում չանցկացնել աուդիտ կամ հրաժարվել այն անցկացնելուց.
բ) մինչև աուդիտի անցկացման պայմանագրի կնքումն իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնել աուդիտորական գործունեության համապատասխան լիցենզիա.
գ) աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջները.
դ) բարեխղճորեն կատարել աշխատանքը, ապահովել աուդիտի ընթացքում ստացված և կազմված փաստաթղթերի պահպանումը և փաստաթղթերում առկա տեղեկությունների գաղտնիությունը` աուդիտի անցկացմանը հաջորդող երեք տարվա ընթացքում, եթե կողմերի միջև նշված պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ
ե) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով լիազորված մարմին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ:
33. Աուդիտ իրականացնող անձանց` սույն կանոնադրության 32-րդ կետում թվարկված պարտականություններն սպառիչ չեն և կարող են ընդլայնվել իրավաբանական ու ֆիզիկական անձանց և աուդիտորական գործունեություն իրականացնող անձանց միջև կնքված պայմանագրով:
34. Սույն կանոնադրության 32-րդ կետի պահանջները խախտող աուդիտ իրականացնող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից աուդիտ իրականացնող անձին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացվելու պայմաններում տրված սխալ աուդիտորական եզրակացության հետևանքով նրան պատճառված վնասի համար աուդիտ իրականացնող անձը կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
36. Աուդիտ իրականացնող անձն իրավունք չունի աուդիտորական գործունեության ընթացքում ստացված և (կամ) իր կազմած փաստաթղթերը կամ դրանց պատճենները տրամադրել երրորդ անձին կամ, առանց իրավաբանական և ֆիզիկական անձանց գրավոր համաձայնության, հրապարակել դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները:
Աուդիտ իրականացնող անձի կողմից սույն կետի պահանջների խախտման դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրա աուդիտորական գործունեության լիցենզիան, և մեղավոր անձինք ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
37. Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է աուդիտորական ծառայությունների մատուցման մասին պայմանագրով և ենթակա չէ հրապարակման, բացառությամբ նշված պայմանագրով, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրավոր համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերի: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, չեն կարող վերագրվել գաղտնի տեղեկատվությանը (առևտրային գաղտնիքին):
38. Աուդիտ իրականացնող անձն աուդիտի անցկացման աշխատանքներում դատարանների, դատախազության, ներքին գործերի, մաքսային և պետական այլ մարմինների կողմից կարող է ներգրավվել որպես փորձագետ:
V. Իրավաբանական ԵՎ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները ԵՎ պատասխանատվությունը
39. Օրենքով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ իրականացվում է պարտադիր աուդիտ` նշված իրավական ակտերով սահմանված ժամկետներում և ծավալներով:
40. Կամավոր աուդիտ կարող է անցկացվել այն ժամկետներում և այնպիսի շրջանակներում, որոնք ընդունվել են իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ: Կամավոր աուդիտն անցկացվում է սույն կանոնադրության դրույթներին համապատասխան` հաշվի առնելով իրավաբանական ու ֆիզիկական անձանց և աուդիտ իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով նախատեսված աուդիտի կոնկրետ խնդիրները, ժամկետները և շրջանակները:
41. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն`
ա) ինքնուրույն ընտրելու աուդիտ իրականացնող անձին, եթե օրենքով այլ կարգ չի սահմանված.
բ) աուդիտ իրականացնող անձանցից ստանալու աուդիտորական գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.
գ) լիազորված մարմնին տեղեկացնելու աուդիտ իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման այն դեպքերի մասին, որոնք վնաս են հասցրել իրավաբանական և ֆիզիկական անձանց:
42. Իրավաբանական և ֆիզիկական անձանց` սույն կանոնադրության 41-րդ կետով նախատեսված իրավունքները չեն սահմանափակվում և կարող են ընդլայնվել աուդիտորական գործունեության կանոններով, ինչպես նաև աուդիտորի (աուդիտորական կազմակերպության) ու իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև աուդիտ անցկացնելու մասին կնքված պայմանագրով:
(42-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
43. Իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են`
ա) չխոչընդոտել աուդիտ իրականացնող անձանց պարտականությունների պատշաճ կատարմանը, աուդիտի անցկացման համար նրանց տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր և (կամ) գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ և բացատրություններ (բանավոր և (կամ) գրավոր).
բ) չձեռնարկել աուդիտի անցկացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որևէ միջոց.
գ) ժամանակին վերացնել աուդիտի ընթացքում աուդիտորների բացահայտած` ֆինանսական հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման վարման մեջ տեղ գտած թերություններն ու խախտումները:
44. Պարտադիր աուդիտի ենթակա իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սույն կանոնադրության 43-րդ կետի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. Աուդիտորի որակավորման ԵՎ աուդիտորական գործունեության լիցենզավորման հիմնական դրույթները
45. Աուդիտորի որակավորումը լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում հաստատված ծրագրին համապատասխան աուդիտորական գործունեությամբ զբաղվել ցանկացող քաղաքացիների` հայտատուների, ինչպես նաև, ըստ համապատասխան մասնագիտացման ուղղության, նոր վկայական ստանալու համար դիմած աուդիտորների մասնագիտական գիտելիքների ստուգման միջոցով որակավորման համապատասխան վկայական տալու ընթացակարգ է:
46. Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի միջոցով, բացառությամբ բանկերի աուդիտի, որի գծով քննությունները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
47. Աուդիտորի որակավորում կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, վերստուգիչի, հարկային տեսչի, աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ), տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ
(47-րդ կետը խմբ. 04.06.99 N 383, փոփ. 30.10.00 N 694)
48. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են պարբերաբար` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամսական մեկ անգամ: Աուդիտորների որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին տեղեկացվում է քննությունից 15 օր առաջ:
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի ձեռնարկության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
(48-րդ կետը լրաց. 04.06.99 N 383, փոփ. 30.10.00 N 694)
49. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:
50. Աուդիտորների որակավորումն իրականացվում է հետևյալ մասնագիտական ուղղություններով`
ա) ընդհանուր աուդիտ.
բ) բանկերի աուդիտ.
գ) (ենթակետը հանվել է 13.03.99 N 148)
(50-րդ կետը փոփ. 13.03.99 N 148)
51. Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը, որակավորման հանձնաժողովի կանոնակարգը (բացառությամբ բանկերի աուդիտի) հաստատում է լիազորված մարմինը` սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:
52. Աուդիտորի որակավորման վկայականը տրվում է երկու տարի վեց ամիս ժամկետով:
Որակավորման հանձնաժողովը կարող է հաշվի առնել լիազորված մարմնի` աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա ներկայացրած առաջարկությունները և աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով, եթե աուդիտորի որակավորումից կամ նրա որակավորման վկայականի ժամկետը երկարաձգելուց հետո աուդիտորների որակավորման քննությունների ծրագրում էական փոփոխություններ չեն կատարվել:
(52-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
53. Աուդիտորի որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվում միայն հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու միջոցով աուդիտորի որակավորման վկայական ստանալու փաստի հաստատումը.
բ) սույն կանոնադրության 49-րդ կետում նշված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
գ) որակավորման հանձնաժողովի կողմից այն փաստի հաստատումը (բացահայտումը), որ աուդիտորն աուդիտորի որակավորման վկայականի ստացման օրվանից երկու տարվա ընթացքում չի իրականացրել աուդիտորական գործունեություն.
դ) աուդիտորի որակավորման վկայականի ժամկետի լրանալը:
54. Աուդիտորի որակավորման վկայականը կորցնելու դեպքում աուդիտորը պարտավոր է 10-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել որակավորման հանձնաժողովին: Կորցրած վկայականը որակավորման հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է աուդիտորի որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:
55. Աուդիտորի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվում է որակավորման հանձնաժողովի կողմից և կարող է գանգատարկվել լիազորված մարմին կամ դատարան:
56. Աուդիտորական գործունեության լիցենզավորումը որակավորում ստացած աուդիտորին, ինչպես նաև սույն կանոնադրության պահանջներին համապատասխանող առևտրային կազմակերպություններին աուդիտորական գործունեության իրականացման իրավունք տվող հատուկ փաստաթուղթ` լիցենզիա տալու ընթացակարգ է:
(56-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
57. Աուդիտորական գործունեության լիցենզիան տրվում է սույն կանոնադրության 50-րդ կետով սահմանված մասնագիտացման ուղղություններին համապատասխան` աուդիտորի որակավորման վկայականի հիման վրա: Ընդ որում, աուդիտորի որակավորման վկայականը հիմք է հանդիսանում մեկ լիցենզիա տալու համար:
(57-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
58. Աուդիտորների որակավորման քննության ընդունման և աուդիտորական գործունեության լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
VII. Աուդիտորական գործունեության կարգավորումն իրականացնող պետական մարմնի իրավունքներն ու պարտականությունները
59. Աուդիտորական գործունեության կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը, որը`
ա) հաստատում է աուդիտորների որակավորման քննությունների ծրագրերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը, աուդիտորների որակավորման կարգը (բացառությամբ բանկերի աուդիտի).
բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տալիս է աուդիտորական գործունեության լիցենզիա.
գ) հաստատում է աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների մասնագիտական վարկանիշը (ռեյտինգ) որոշելու կարգը.
դ) իրականացնում է անհատ աուդիտորների և աուդիտորական կազմակերպությունների միասնական պետական ռեեստրի վարումը.
ե) կազմակերպում և իրականացնում է աուդիտորական կազմակերպությունների ու անհատ աուդիտորների կողմից` սույն կանոնադրությամբ և աուդիտորական գործունեության լիցենզավորման կարգով նրանց ներկայացվող պահանջների կատարման պարտադիր ստուգումներ.
զ) գործնական կապեր է հաստատում աուդիտի ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ, սահմանված կարգով մասնակցում է աուդիտորական գործունեության գծով միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակմանը, օտարերկրյա պետություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը աուդիտի ոլորտում:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության լիցենզավորման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ինքնուրույն գործող աուդիտորների (այսուհետև` անհատ աուդիտոր) և (կամ) աուդիտորական կազմակերպությունների վրա` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:
(1-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
2. Աուդիտորական գործունեության լիցենզիան (այսուհետև` լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության աուդիտորական գործունեության կանոնադրությամբ սահմանված աուդիտորների մասնագիտացմանը համապատասխան: Մասնագիտացման յուրաքանչյուր ուղղության համար (այսուհետև` աուդիտի տեսակ) աուդիտ իրականացնող անձին տրվում է առանձին լիցենզիա:
Ըստ աուդիտի առանձին տեսակների` տրվում են հետևյալ լիցենզիաները`
ա) ընդհանուր աուդիտ.
բ) բանկերի աուդիտ.
գ) (ենթակետը հանվել է 13.03.99 N 148)
(2-րդ կետը փոփ. 13.03.99 N 148)
3. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված մարմինը: Լիցենզիայում պարտադիր նշվում են լիցենզիայի հերթական համարը, տալու ամսաթիվը, ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ աուդիտորի համար` անունը, ազգանունը), աուդիտի տեսակը, լիցենզիայի գործողության ժամկետը, աուդիտ իրականացնող անձին ներկայացվող հատուկ պահանջները (անհրաժեշտության դեպքում):
4. Եթե աուդիտին հարակից գործունեության առանձին տեսակներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է լիցենզավորում, ապա, բացի լիցենզիայից (անկախ տեսակից), աուդիտ իրականացնող անձը գործունեության նշված տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան գործունեության լիցենզիա:
5. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է հինգ տարի, և լիցենզիան աուդիտորական գործունեություն իրականացնելու նպատակով չի կարող փոխանցվել այլ անձի կամ օտարվել:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում այն ուժը կորցրած է համարվում:
II. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԵՎ դրանց ներկայացվող պահանջները
6. Լիցենզիան տրվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով աուդիտորի որակավորման վկայական ստացած անհատ ձեռնարկատերներին, ինչպես նաև կազմակերպություններին` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից (բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների), եթե`
ա) սահմանված կարգով որակավորվել է կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 1/2-ը.
բ) կազմակերպության հիմնական աշխատողներից առնվազն մեկն ունի լիցենզիա ստանալու հայտում նշված աուդիտորական գործունեության լիցենզիայի տեսակին համապատասխան մասնագիտացում.
գ) կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 1/2-ը պատկանում է աուդիտորի որակավորում ստացած հիմնադիրներին (փայատերեր, բաժնետերեր (մասնակիցներ), անդամներ) կամ վերջիններիս և աուդիտորական կազմակերպություններին (այդ թվում` օտարերկրյա պետություններում սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպություններին) է պատկանում կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 3/4-ը:
(6-րդ կետը լրաց. 13.03.99 N 148, 30.10.00 N 694)
7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերները (այսուհետև` հայտատու) լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին են ներկայացնում հայտ, որին կցվում են`
ա) հիմնադիր փաստաթուղթը.
բ) պետական գրանցման վկայականի պատճենը .
գ) սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց տրված աուդիտորի որակավորման վկայականների պատճենները, (օտարերկյա պետություններում սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպություններին տրված լիցենզիաների և պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները) իսկ բանկերի աուդիտի գծով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված աուդիտորի որակավորման վկայականների պատճենները.
դ).(ենթակետն ուժը կորցրել է 30.10.00 N 694)
(7-րդ կետը փոփ., լրաց. 30.10.00 N 694)
8. Հայտատուն իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. Լիցենզիայի տրամադրումը
9. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելու պահից 10-օրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունենալու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է տալ լիցենզիա` պետական տուրքը գանձելուց հետո:
10. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին, ապա լիազորված մարմինը մերժում է հայտը և 10-օրյա ժամկետում հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի մերժման պատճառների և իրավական հիմքերի մասին:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
11. Լիցենզիա ստանալու հայտի գրավոր մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
IV. Լիազորված մարմնի իրավունքները ԵՎ պարտականությունները
12. Լիազորված մարմինը վարում է հայտերի և լիցենզիաների հաշվառման հատուկ գրանցամատյան, որում գրառվում են`
ա) հայտատուի անունը, ազգանունը և հասցեն (աուդիտորական կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը).
բ) աուդիտորական ձեռնարկության, անհատ աուդիտորի պետական գրանցման վկայականի համարը.
գ) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
դ) հայտը ներկայացնելու ամսաթիվը.
ե) լիցենզիայի հերթական համարը.
զ) լիցենզիա տալու ամսաթիվը.
է) աուդիտի տեսակը.
ը) լիցենզիայի գործողության ժամկետը.
թ) աուդիտորական ձեռնարկության հիմնադիրների(մասնակիցների) կազմը, նրանց մասնաբաժինների չափերը, աուդիտորի որակավորման վկայականների համարները, դրանք տալու ամսաթվերը և աուդիտի տեսակները:
(12-րդ կետը լրաց. 13.03.99 N 148, փոփ. 30.10.00 N 694)
13. Լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիազորված մարմինը:
14. Լիազորված մարմինը պարտավոր է ապահովել աուդիտորներից և աուդիտորական կազմակերպություններից ստացված հաշվետվություններում պարունակվող առևտրային գաղտնիքի պահպանությունը:
(14-րդ կետը փոփ. 30.10.00 N 694)
15. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին փոփոխությունը կատարելու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել լիազորված մարմնին:
V. Լիցենզիայի գործողության կասեցումը ԵՎ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը
16. Աուդիտ իրականացնող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիազորված մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է մինչև 30 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է աուդիտ իրականացնող անձին և հրապարակում մամուլում: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի սկիզբ է համարվում մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրը:
17. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`
ա) լիցենզավորման համար, ինչպես նաև լիցենզիայի գործողության ընթացքում լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների կողմից` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությամբ և սույն կարգի պահանջների կատարման պարտադիր ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների այնպիսի էական խախտումներ, որոնք կարող են վերացվել սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում.
գ) լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում չի տեղեկացվել լիազորված մարմնին.
դ) խախտվել են սույն կարգի 6-րդ կետի պահանջները:
ե) չի ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 32-րդ կետի «ե» ենթակետի համաձայն լիազորված մարմնի կողմից սահմանված հաշվետվությունը:
(17-րդ կետը լրաց. 30.10.00 N 694)
18. Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին:
Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է սույն կարգի 16-րդ կետի համաձայն սահմանված ժամկետում խախտումները վերացնելու մասին աուդիտ իրականացնող անձի գրությունը (համապատասխան փաստաթղթերի հետ միասին) լիազորված մարմին ներկայացնելու դեպքում:
19. Լիցենզիան լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) սույն կարգի 16-րդ կետի համաձայն սահմանված ժամկետում աուդիտ իրականացնող անձը չի վերացրել լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները.
բ) աուդիտ իրականացնող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սնանկ կամ լուծարվել է կամ դիմել է լիազորված մարմին` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով.
գ) լրացել է աուդիտ իրականացնող անձի հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության ժամկետը կամ ուժի մեջ են մտել այդ փաստաթղթերում նշված գործունեության դադարեցման այլ պայմաններ.
դ) դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել աուդիտորական կազմակերպության պետական գրանցումը.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 30.10.00 N 694)
զ) մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողությունը.
է) (ենթակետն ուժը կորցրել է 30.10.00 N 694)
ը) աուդիտ իրականացնող անձը տվել է միտումնավոր կեղծ աուդիտորական եզրակացություն.
թ) աուդիտ իրականացնող անձն աուդիտորական գործունեության ընթացքում ստացված և (կամ) իր կազմած փաստաթղթերը կամ դրանց պատճենները տրամադրել է երրորդ անձին կամ, առանց իրավաբանական և ֆիզիկական անձանց գրավոր համաձայնության, հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները:
(19-րդ կետը լրաց., փոփ. 30.10.00 N 694)
20. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից 5-օրյա ժամկետում ուղարկվում է աուդիտ իրականացնող անձին և հրապարակվում մամուլում:
21. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
22. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան ենթակա է 10-օրյա ժամկետում լիազորված մարմին վերադարձման:
23. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` աուդիտ իրականացնող անձը, կարող է դիմել նոր լիցենզիա ստանալու համար` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:
(23-րդ կետը փոփ. 11.04.00 N 163)
24. Լիցենզիան կորցնելու դեպքում աուդիտ իրականացնող անձը դրա մասին հրապարակում է մամուլում և գրավոր հայտնում լիազորված մարմնին: Վերջինս 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
25. Առանց լիցենզիայի աուդիտորական գործունեության իրականացումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: