«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2006 թվականի N 417-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ, ելնելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ծառայությունների մատուցումն ապահովելու անհրաժեշտությունից, կարող են կազմակերպվել առանձին մրցույթներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները:
2. Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրությունն իրականացվում է մրցույթի միջոցով:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ստեղծում է առնվազն 4 անձից բաղկացած հանձնաժողով:
5. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին և պայմաններին համապատասխան:
6. Հանձնաժողովը`
ա) հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը,
բ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը,
գ) որոշում է մրցույթի հաղթողին,
դ) իրականացնում է սույն կարգով և պայմաններով սահմանված այլ գործառույթներ:
7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 3/4-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
10. Մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` կազմակերպիչ) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի և կազմակերպչի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցներով մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է ծանուցում՝ նշելով մրցույթի անցկացման և պայմանների մասին տեղեկությունները:
(10-րդ կետը խմբ. 17.08.23 N 1378-Ն)
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, ով մրցույթի անցկացման մասին հայտարարության մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով հանձնաժողովին ներկայացրել է մրցույթի հայտը, որը ներառում է դիմումը, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով տրված` անշարժ գույքի գնահատում կատարելու լիցենզիայի պատճենը, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների և գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանքը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկությունը: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված, ստորագրված փակ ծրարով, որի վրա պետք է կատարվի «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումը:
(11-րդ կետը փոփ. 12.07.12 N 843-Ն)
12. Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը։
13. Մրցույթի հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:
14. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու լիցենզիա ունեցող անձը:
15. Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը նշանակվում է մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 3 օր հետո` մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին:
16. Մրցույթի մասնակիցների հայտերը քննարկվում են` ըստ դրանց գրանցման հերթականության:
17. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
18. Հանձնաժողովի քարտուղարը բացում է մրցույթի հայտերը և դրանք ներկայացնում հանձնաժողովին:
19. Հանձնաժողովը ծանոթանում է մրցույթի մասնակիցների հայտերին և բաց քվեարկությամբ կատարում լավագույն առաջարկը ներկայացրած մրցույթի մասնակցի ընտրություն:
20. Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`
ա) անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված անձի փորձը`
տվյալ գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը,
վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գնահատման ծրագրերի թիվը,
գնահատողի գործունեության ընթացքում շահույթի առկայությունը.
բ) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները`
գնահատողի աշխատանքային ժամերը, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորությունը,
գնահատման պատվերի կատարման ամենակարճ ժամկետը,
գնահատողի գնահատող աշխատողների թիվը,
գնահատումն իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը.
գ) լիցենզիայի գործողության ժամկետը.
դ) մատուցվող ծառայության գինը:
V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
21. Հանձնաժողովն իր նիստում ընդունում է որոշում սույն կարգի և պայմանների 20-րդ կետի համաձայն ընտրված լավագույն մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու մասին և կազմում մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են օրենքով սահմանված տեղեկությունները:
22. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչն ու մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցն ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
23. Արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում մրցույթի հաղթողը կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր` մեկ տարի ժամկետով:
24. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
25. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
ա) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև` եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն կարգի և պայմանների ու մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին,
գ) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:
26. Սույն կարգի և պայմանների պահանջների խախտմամբ կազմակերպված ու անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
27. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
(հավելվածը փոփ. 12.07.12 N 843-Ն, խմբ. 17.08.23 N 1378-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |