Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.10.2018-03.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.13/42(845) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.10.18 N 1281-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ։

(1-ին կետը փոփ. 01.10.18 N 1281-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 01.10.18 N 1281-Ն)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում առաջարկել գործարար համայնքի և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդին առաջարկություն ներկայացնել խորհրդի քարտուղարությանն իրենց կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի առաջին նիստը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 7-ի N 638-Ն

որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(հավելվածն ուժը կորցրել է 01.10.18 N 1281-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 7-ի N 638-Ն

որոշման

 

Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն  Կ Ա Ր Գ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՆԹԱԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը խմբ. 01.10.18 N 1281-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) գործունեության կազմակերպման և աշխատանքների համակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի ստեղծման նպատակներն են պետական և մասնավոր հատվածների երկխոսության միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) համար գործարար միջավայրի զարգացմանը նպաստելը, ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության իրականացման համար առկա խոչընդոտները բացահայտելը և դրանց վերացման համար լուծումներ առաջարկելը: Ենթախորհուրդը գործում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից և իրականացնում է Խորհրդի քննարկմանը ներկայացվելիք հարցերի նախնական քննարկումներն ու առաջարկների մշակումը։ Ենթախորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ։

3. Խորհրդի կազմում ներգրավվում են պետական հատվածի ներկայացուցիչները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ինչպես նաև այն շահագրգիռ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ցանկություն են հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Խորհրդին` իր գործունեության կազմակերպման հարցում:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի գործունեության սկզբունքներն են`

1) գործունեության թափանցիկությունը.

2) Խորհրդի անդամների իրավահավասարությունը.

3) մասնավոր հատվածի ներկայացվածության ապահովումը:

5. Խորհրդի գործառույթներն են`

1) ՓՄՁ-ի զարգացման համար արդիական հարցերի քննարկումը.

2) Խորհրդի քարտուղարության (այսուհետ՝ քարտուղարություն) միջոցով՝ ՓՄՁ-ի զարգացման նպատակով ներկայացված համապատասխան առաջարկությունների քննարկումը.

3) քննարկված խնդիրների լուծումների վերաբերյալ որոշումների ընդունումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ, ԵՆԹԱԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

6. Խորհրդի կազմում ընդգրկվում են`

1) Կառավարության գործունեությունը տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում համակարգող փոխվարչապետը (այսուհետ՝ փոխվարչապետ).

2) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը.

3) գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը (տեղակալները).

4) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրենը (համաձայնությամբ).

5) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը (համաձայնությամբ).

6) սույն կարգի պահանջներին համապատասխան ընտրված` գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

7. Խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացրած գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների կազմից որպես Խորհրդի անդամ կազմակերպություն ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ելնելով սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներից։

8. Ենթախորհրդի կազմում ընդգրկվում են`

1) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը (ենթախորհրդի նախագահ).

2) գործարար միջավայրի բարելավմանը և ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված աշխատանքները համակարգող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը (տեղակալները).

3) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները (համաձայնությամբ).

4) Խորհրդի կազմում ընդգրկված՝ գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

9. Ենթախորհրդի կազմում ընդգրկվում են Խորհրդի անդամները։ Ենթախորհրդի գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

10. Առանձին հարցերի քննարկման համար ենթախորհրդում կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնց կազմը հաստատում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

11. Անհրաժեշտության դեպքում ենթախորհրդի և աշխատանքային խմբերի աշխատանքներին կարող են ներգրավվել հրավիրյալներ՝ այլ պետական մարմիններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև անհատ փորձագետներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Խորհուրդն իրավունք ունի`

1) անհրաժեշտության դեպքում իր նիստերին հրավիրելու պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ շահագրգիռ անձանց` նիստում առաջադրված լուծումների համատեղ քննարկման նպատակով.

2) պետական մարմիններին ներկայացնելու առաջարկություններ փոքր և միջին ձեռնարկատիրության հետագա զարգացման պետական քաղաքականության վերաբերյալ.

3) պետական մարմիններից ստանալու ՓՄՁ-ի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

13. Խորհրդի կազմում մասնավոր հատվածը ներկայացնում է գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների առավելագույնը յոթ ներկայացուցիչ, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր կառույցից մեկ ներկայացուցիչ, որոնք Խորհրդի կազմում ընդգրկվում են երկու տարի ժամկետով, ռոտացիոն կարգով: Խորհրդի կազմում ընդգրկված անդամը կարող է կրկին դիմել Խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորված Խորհրդի առաջին կազմի գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների ռոտացիան սկսվում է վերջիններիս՝ Խորհրդում ընդգրկվելու օրացուցային 2-րդ տարին լրանալուց հետո հաջորդող նիստին 2-ական անդամի լիազորությունները դադարեցնելով և նոր անդամներ ներգրավելով կամ վերընտրելով։ Խորհրդի անդամների յուրաքանչյուր 2-ական թեկնածուների ռոտացիայի հերթականությունը որոշվում է պարզ վիճակահանությամբ կամ Խորհրդի անդամի ինքնաառաջադրմամբ։

14. Գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների` Խորհրդի կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանի ավարտին նախորդող եռամսյակում քարտուղարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում նոր անդամների թեկնածությունների ընտրության նպատակով:

15. Խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն կազմակերպությունները`

1) որոնք ներկայացնում են 50-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը.

2) որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ են` «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.

3) նվազագույնը երեք տարվա գործունեության պատմություն ունեն:

16. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները և առևտրաարդյունաբերական պալատները հայտին կից ներկայացնում են պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը և 15-րդ կետում նշված փաստերը հիմնավորող փաստաթղթերը։

17. Միջազգային կազմակերպությունները Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտին կից ներկայացնում են տեխնիկական աջակցության տեսակը և համառոտագիրը:

18. Որպես Խորհրդի անդամ՝ գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների լիազորությունները, քարտուղարության ներկայացմամբ, կարող են դադարեցվել ժամկետից շուտ հետևյալ դեպքերում՝

1) Խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առևտրաարդյունաբերական պալատների կողմից ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա.

2) Խորհրդի նիստերին անընդմեջ երկու անգամ առանց հիմնավոր պատճառի չմասնակցելու դեպքում:

19. Խորհրդի աշխատանքներին Խորհրդի համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը քարտուղարությանն է տրամադրվում գործարար համայնքի հանդիպումների արձանագրությունների միջոցով:

20. Խորհրդի` մասնավոր հատվածը ներկայացնող անդամի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում նոր անդամների ընտրությունն անցկացվում է սույն գործունեության կարգի 13-17-րդ կետերով սահմանված կարգով:

21. Խորհրդի անդամ միջազգային կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն են տրամադրում քարտուղարությանը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Խորհուրդը կարող է հրավիրել նաև արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման համար` փոխվարչապետի նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկով:

23. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների 2/3-ը:

24. Խորհրդի անդամներին Խորհրդի նիստի օրակարգը և նյութերը տրամադրվում են հերթական նիստի կայացման օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ արտահերթ նիստերի անցկացման դեպքում` առնվազն 2 օր առաջ:

25. Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերը մշակում և նախապատրաստում է քարտուղարությունը:

26. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցմամբ:

27. Հարցի քննարկման ընթացքում Խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացվելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ կամ արտահերթ նիստ:

28. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական մարմինների և մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

29. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

30. Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահողի ձայնը որոշիչ է, իսկ Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ Խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է Խորհրդի նիստի արձանագրությանը:

31. Խորհրդի նիստերն արձանագրվում են փոխվարչապետի գրասենյակի կողմից: Արձանագրության մեջ ամրագրվում են օրակարգում ընդգրկված հարցերը, Խորհրդի նիստի մասնակիցների ելույթները, ինչպես նաև պետական և այլ մարմինների համար ՓՄՁ-ի ոլորտի բարելավման հարցերի վերաբերյալ հանձնարարականները: Արձանագրության նախագիծը փոխվարչապետի գրասենյակի կողմից համաձայնեցվում է Խորհրդի քարտուղարի հետ:

32. Խորհրդի նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետի գրասենյակը Խորհրդի արձանագրությունը տրամադրում է Խորհրդի անդամներին և քարտուղարությանը, ինչպես նաև այն հրապարակում է Կառավարության պաշտոնական կայքէջում:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒՄԸ

 

33. Խորհուրդը նախագահում է փոխվարչապետը, որը վարում է Խորհրդի նիստերը, ստորագրում է Խորհրդի արձանագրությունները, իր բացակայության դեպքում Խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել Խորհրդի նիստերը, հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը: Ելնելով Խորհրդի օրակարգում քննարկվելիք հարցի էությունից, Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ և փոխվարչապետի հրավերով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ՝ Խորհրդի նիստը կարող է վարել Վարչապետը։

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

34. Խորհրդի անդամը`

1) աջակցում է քարտուղարության աշխատանքներին.

2) կարող է Խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) կարող է ներկայացնել առաջարկություններ Խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ:

35. Խորհրդի անդամը Խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ:

 

VIII. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Խորհրդի գործունեության կազմակերպչական, մեթոդաբանական ապահովումն իրականացնում է քարտուղարությունը:

37. Քարտուղարության անհատական կազմը հաստատում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

38. Քարտուղարության անհատական կազմում ներառվում են՝

1) Խորհրդի քարտուղարը.

2) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի համար պատասխանատու ստորաբաժանման առնվազն մեկ ներկայացուցիչ.

3) ՓՄՁ ԶԱԿ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ.

4) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող գործարարությանն աջակցման գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) առնվազն մեկ ներկայացուցիչ:

39. Քարտուղարության անդամները համատեղ իրականացնում են`

1) ՓՄՁ-ի ոլորտի առկա վիճակի ուսումնասիրություն և վերլուծություն.

2) ՓՄՁ-ի զարգացման, ինչպես նաև ոլորտի բարելավման լուծումների ու դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակման և դրանք Խորհրդի քարտուղարին ներկայացնելու աշխատանքները.

3) Խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովումը.

4) ՓՄՁ-ի ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Խորհուրդ.

5) պետական մարմիններից, մասնավոր հատվածից, հասարակական և միջազգային կազմակերպություններից ստացված՝ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփումը.

6) Խորհրդի նիստերում ներկայացվող հարցերի մասին պահանջվող տեղեկատվության ապահովումը, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների վերլուծությունը.

7) աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ ներկայացնելը Խորհուրդ:

40. Քարտուղարությունը կարող է ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ հասարակական կարգով ոլորտային և պետական կառավարման համակարգի փորձագետների ներգրավել ՓՄՁ-ի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներում, ինչպես նաև կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ, հարցումներ և հանրային քննարկումներ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ:

41. Քարտուղարության աշխատանքները քարտուղարության անդամների միջև բաշխվում են հետևյալ կերպ՝

1) Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները՝

ա. ապահովում են Խորհրդում քննարկված հարցերից բխող, քարտուղարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի շրջանառումը պետական մարմինների միջև, ինչպես նաև այդ նախագծերը սահմանված կարգով Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը,

բ. աշխատանքներ են իրականացնում՝ Խորհրդի նիստերին պետական մարմինների մասնակցությունը և ներգրավվածությունն ապահովելու համար,

գ. Խորհրդի իրավասության սահմաններում գտնվող հարցերի շուրջ հարցումներ են ուղարկում պետական մարմիններ,

դ. համակարգում են պետական մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև Խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջև համագործակցությունն ու երկխոսությունը.

2) ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչներն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, քարտուղարության անդամների ներգրավմամբ, մարզային գրասենյակներում կազմակերպում են հանդիպումներ ՓՄՁ-ի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս խնդիրների բացահայտման և իրազեկման նպատակով.

3) գրասենյակի անդամները՝

ա. նախապատրաստում են Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու ապահովում դրանց տրամադրումը Խորհրդի անդամներին,

բ. իրականացնում են Խորհրդի որոշումների կատարման ընթացքի մոնիթորինգը՝ մասնավոր հատվածից,

գ. հանդիպում են մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ խնդիրները բացահայտելու նպատակով,

դ. մշակում են Խորհրդի նիստի օրակարգի հարցերից բխող իրավական ակտերի նախագծեր,

ե. ապահովում են մասնավոր հատվածի մասնակցությունը և ներգրավվածությունը Խորհրդի աշխատանքներում,

զ. տեխնիկական աջակցություն են ցուցաբերում քարտուղարության աշխատանքներին:

 

IX. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

42. Խորհրդի քարտուղարը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ ՓՄՁ-ի ոլորտը համակարգող տեղակալն է:

43. Խորհրդի քարտուղարը`

1) կազմակերպում և ղեկավարում է քարտուղարության աշխատանքները.

2) Խորհրդի նիստում զեկուցում է Խորհրդի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և ներկայացնում օրակարգում ընդգրկված հարցերը.

3) Խորհրդի յուրաքանչյուր նիստին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է քարտուղարության անդամներին՝ Խորհրդի նիստի արդյունքների ամփոփման և կատարման ենթակա աշխատանքների՝ քարտուղարության անդամների միջև բաշխման նպատակով.

4) համաձայնեցնում է քարտուղարության անդամների կողմից համատեղ իրականացվող մարզային այցերի ժամանակացույցը.

5) դիտանցում է Խորհրդի նիստերում տրված հանձնարարականների կատարումը.

6) ըստ աշխատանքային անհրաժեշտության՝ կարող է հասարակական կարգով աշխատանքներում ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի փորձագետների:

 

X. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ

 

44. Ենթախորհուրդը գործարարների հետ հանդիպումների ընթացքում ներկայացված հարցերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ձևավորում է հերթական նիստի օրակարգի նախագիծը, պատրաստում օրակարգի հարցերը հիմնավորող նյութերը, Խորհրդի նիստի մասնակիցների ցանկը, որոնք ներկայացվում են քարտուղարության քննարկմանը:

45. Քարտուղարության կողմից օրակարգի, անհրաժեշտ նյութերի և Խորհրդի նիստի մասնակիցների ցանկի վերջնական հաստատումից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն օրակարգը ներկայացնում է փոխվարչապետի գրասենյակ:

46. Փոխվարչապետը հաստատում է Խորհրդի նիստի անցկացման օրը։

47. Խորհրդի նիստի հաստատված օրակարգը, անհրաժեշտ նյութերը և Խորհրդի նիստի մասնակիցների ցանկը փոխվարչապետի գրասենյակի կողմից 5 օրվա ընթացքում ներկայացվում են Խորհրդի նիստին մասնակցող պետական մարմիններ, իսկ քարտուղարության կողմից՝ մասնավոր հատվածը ներկայացնող մասնակիցներին և անհատ փորձագետներին, արտահերթ:

(հավելվածը լրաց. 11.04.12 N 332-Ն, խմբ. 31.05.17 N 505-Ն, 01.10.18 N 1281-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան