Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.04/74(1163) Հոդ.944
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1256-Ն

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հուլիսի 2-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1256-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների (այսուհետ` մաքսային պահեստում պահպանվող ապրանքներ) շարժի հաշվառման և մաքսային մարմիններ այդ շարժի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված իմաստներով:

2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպումից անմիջապես հետո՝ ապրանքները բաց թողնող մաքսային տեսուչն ապրանքները տեղափոխող անձի և մաքսային պահեստի կազմակերպչի (այսուհետ՝ կազմակերպիչ) համապատասխան աշխատողի հետ միասին ապրանքներն ուղեկցում է կազմակերպչի համապատասխան տարածք (շինություն): «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները բաց թողնելու մասին կազմակերպիչն անմիջապես համապատասխան նշումներ է կատարում գրանցամատյանում, իսկ մաքսային տեսուչը` հայտարարագրում, ինչպես նաև գրանցամատյանի համապատասխան սյունակում` դնելով իր անձնական կնիքը:

3. Կազմակերպիչը վարում է մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ` գրանցամատյան)՝ համաձայն ձևի, որի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցամատյանը ներկայացվում է կազմակերպության գրանցման վայրի մաքսատուն` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է և հերթական համարներով հաշվառվում է մաքսատներում: Մաքսային պահեստի յուրաքանչյուր հասցեի համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանի կազմի վրա նշվում են գրանցամատյանի հերթական համարը, կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը:

4. Լրացված և ավարտված գրանցամատյանը պահպանվում է կազմակերպչի մոտ՝ մինչև գրանցամատյանում կատարված վերջին նշումը կատարվելու օրվանից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում է վերադաս մաքսային մարմին` վերջինիս պահանջով: Գրանցամատյանը լրանալուց և ավարտվելուց հետո կազմակերպիչը, սույն կարգին համապատասխան, մաքսատուն է ներկայացնում է նոր գրանցամատյան` կնքման և համարակալման նպատակով:

5. Մաքսային պահեստում կարող են պահպանվել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքները` 6 ամիս ժամկետով: Ապրանքները կարող են պահպանվել միայն այն կազմակերպչի մաքսային պահեստում, որի մասին համապատասխան նշումներ կան ապրանքները տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններ ներկայացված հայտարարագրերի համապատասխան սյունակներում:

6. Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված, դրանց պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացիկ գործողություններից բացի, ցանկացած գործողություն, այդ թվում` ապրանքները տեղափոխող անձին հանձնելը, կարող է կատարվել միայն վերադաս մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ:

7. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մաքսային ձևակերպումների ավարտից անմիջապես հետո ապրանքներն ըստ համապատասխան մաքսային ընթացակարգի բաց են թողնվում մաքսային տեսուչի կողմից: Ապրանքները բաց թողնելուց անմիջապես հետո կազմակերպիչը համապատասխան նշումներ է կատարում գրանցամատյանում, իսկ մաքսային տեսուչը` հայտարարագրում, ինչպես նաև գրանցամատյանի համապատասխան սյունակում` դնելով իր անձնական կնիքը, որից հետո ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպչի համապատասխան աշխատողի ներկայությամբ ապրանքները դուրս են բերվում այդ ապրանքների պահպանման համար նախատեսված տարածքից (շինությունից):

8. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեեստրում հաշվառման օրվանից սկսած կազմակերպիչը պարտավոր է վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառումը և վերադաս մաքսային մարմնի կողմից հաստատված ձևով ապրանքների հաշվառման վերաբերյալ հաշվետվողականությունը (այսուհետ՝ հաշվետվություններ) յուրաքանչյուր ամիս մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի) ներկայացնել վերադաս մաքսային մարմին:

9. Այն ապրանքների համար, որոնց պահպանության ժամկետը լրանում է, հաշվետվությունը ներկայացվում է ոչ ուշ, քան այդ ապրանքների պահպանության ժամկետը լրանալուն նախորդող 60-րդ օրը ներառյալ, իսկ կազմակերպչի ռեեստրից կազմակերպչին հանելու դեպքում չավարտված ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև կազմակերպչի ռեեստրից կազմակերպչին հանելու մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգերորդ օրը ներառյալ:

10. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (Microsoft Excel ֆորմատով)՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)՝ կազմակերպության տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ:

11. Հաշվետվության լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

12. Ներկայացված հաշվետվության մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կազմակերպիչը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Ներկայացված հաշվետվության մեջ վերադաս մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է կազմակերպչին, և կազմակերպիչը ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում ճշգրտված հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

 

գ ր ա ն ց ա մ ա տ յ ա ն

 

Մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման

NN
ը/կ

Ապրանքը տեղա-փոխող անձը

Ապրանքի անվանումը

Տեղերի քանակը

Չափի միավորը

Քանակը

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացա-կարգով բաց-թողման և ապրանքը մաքսային պահեստ տեղա-փոխելու ամսաթիվը և ժամը

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացա-կարգով հայտա-րարագր-ված օրերի թիվը

Մաքսային տեսուչի նշումը, այդ թվում` հայտա-րարագրի համարը

Մաքսային ընթացա-կարգի փոփո-խության և մաքսային պահեստից ապրանք-ների դուրս-բերման ամսա-թիվը և ժամը

Բաց թողնված ապրանքի քանակը

Մաքսային տեսուչի նշումը պահեստից ապրանք-ների ելքի մասին, այդ թվում` հայտա-րարագրի համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան