ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵՇԴ/0041/01/14 |
ԵՇԴ/0041/01/14 |
Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան |
Դատավորներ` |
Կ. Ղազարյան |
Հ. Տեր-Ադամյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2015 թվականի օգոստոսի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վոլոդյայի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11805113 քրեական գործը:
2013 թվականի դեկտեմբերի 5-ին Վարդան Վոլոդյայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Վ.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
2014 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Վ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի գործունեությամբ զբաղվելու, այն է` մեքենա վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով:
Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Մեղադրող Հ.Սեդրակյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա` 2013 թվականի հուլիս ամսից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալով, այն է` մարմնավաճառներ Սիրուշ Սիմոնյանից և Լուսինե Բադալյանից օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ8977 համարանիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալյանը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ` այդպիսով հարմարավետ պայմաններ ստեղծելով նպաստել է վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 118):
6. Առաջին ատյանի դատարանը, Վ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքում ճանաչելով մեղավոր, դատավճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները. «Ամբաստանյալ Վարդան Հարությունյանի նախաքննական ցուցմունք[ը] այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, ունի «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքենա, որը գործածում է որպես տաքսի: Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող Երևանյան լճի մոտ ծանոթացել է նշված վայրում մարմնավաճառությամբ զբաղվող Սիրուշ Սիմոնյանի և Լուսինե Բադալյանի հետ և 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր իսկ առաջարկով, գումար վաստակելու նպատակով նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց` հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի տարածքով, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալյանը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ: Անկախ հաճախորդ ունենալու հանգամանքից, ինքն իր իսկ պայմանի համաձայն, յուրաքանչյուր մարմնավաճառնից ստացել է 5000 ՀՀ դրամ գումար (...):
(...)
Վկա Լուսինե Գագիկի Բադալյանի ցուցմունք[ն] այն մասին, որ շուրջ երկու տարի զբաղվում է մարմնավաճառությամբ: Վարդան Հարությունյանի հետ ծանոթացել է Երևանյան լճի տարածքում` մարմնավաճառությամբ զբաղվելու ժամանակ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույլատրել է իրեն նստել իր «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքենան ու շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ և զբաղվել մարմնավաճառությամբ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Վ.Հարությունյանի տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմնավաճառ Սիրուշ Սիմոնյանը, որն ինչպես և ինքը, յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյանին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար (...):
Վկա Սիրուշ Մանվելի Սիմոնյանի նախաքննական ցուցմունք[ն] այն մասին, որ շուրջ երեք տարի զբաղվում է մարմնավաճառությամբ: Վարդան Հարությունյանի հետ ծանոթացել է Երևանյան լճի տարածքում` մարմնավաճառությամբ զբաղվելու ժամանակ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ և զբաղվել մարմնավաճառությամբ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Վ.Հարությունյանի տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմնավաճառ Լուսինե Բադալյանը, որը նույնպես յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյանին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 119):
7. Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ ամբաստանյալն իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ8977 համարանիշի ավտոմեքենան վարել է որպես տաքսի, արձանագրել է. «(...) [Ա]մբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, երկու և ավելի անձանց օգտագործելով, գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ[ով] նախատեսված հանցագործության հատկանիշներին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 118-119):
8. Օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանը վերլուծության ու գնահատության ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի (...) ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ (...) թույլ չեն տրվել և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, հետևաբար ամբաստանյալին արդարացնելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 53):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անօրինական և անհիմն են, քանի որ կայացվել են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածում ամրագրված պայմանները և նույն օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված արդարացման հիմքի առկայության պայմաններում Վ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցրել:
Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Հարությունյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, քանի որ վերջինս, օրենքով սահմանված կարգով գրանցված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, ուղևորափոխադրումներ իրականացնելու միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել իր տաքսի ավտոմեքենայով և. գործով վկաներ, մարմնավաճառությամբ զբաղվող Ս.Սիմոնյանին ու Լ.Բադալյանին նման ծառայություններ մատուցելով, որևէ կերպ չի ոտնձգել հասարակությունում առկա բարոյական նորմերի դեմ:
Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ ամբաստանյալ Վ.Հարությունյանի ստացած գույքային օգուտը պայմանավորված է եղել միայն վերջինիս կողմից փոխադրման ծառայություններ մատուցելու փաստով, և նրա համար նշանակություն չի ունեցել, թե ինչ գործունեությամբ են զբաղվում Սիմոնյանը և Բադալյանը, իսկ իրեն տրվող վարձավճարը որևէ կապ չի ունեցել վերջինների ունեցած հաճախորդների թվի կամ վաստակած գումարի չափի հետ:
9.1. Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի հետ նույնական փաստական հանգամանքների առկայության պայմաններում, նույն գործողությունները կատարելու համար թիվ ԵՇԴ/0125/01/13 գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի հունվարի 25-ի դատավճռով ամբաստանյալին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում:
9.2. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանները չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Վ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժի կրման մասով եկել են սխալ եզրահանգման: Մասնավորապես, քրեական գործում առկա փաստական տվյալների համաձայն՝ ամբաստանյալը ամուսնացած է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, նրա խնամքին են գտնվում անչափահաս երեխաներն ու վատառողջ հայրը, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայում են: Իսկ դրանց համատեքստում, բողոքաբերի կարծիքով, ակնհայտ է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Վ.Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքում կամ քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության կամ Վ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդված) մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ.Հարությունյանի արարքում առկա է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):
13. ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Վերլուծելով մեջբերված հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դասվում է բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանության դեմ: Քննարկվող հանցակազմի օբյեկտ են հասարակության անդամների բարոյական բնականոն զարգացման պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:
Հասարակության անդամների բարոյական բնականոն զարգացումը պետության հոգատարության տակ գտնվող արժեքներից է, իսկ դրա խախտումը հանգեցնում է հասարակությունում գոյություն ունեցող բարոյական կարգին վնաս պատճառելուն: Բարոյական կարգ ասելով՝ պետք է հասկանալ որոշակի զարգացման փուլում հասարակության մոտ ձևավորված արժեքների, կանոնների, ավանդույթների համակարգ, ինչն արտացոլվում է հասարակության անդամների պատկերացումներում և որոշում վերջիններիս վարքագծի մոդելը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը խաթարում է սեռերի փոխհարաբերության և սեռական մշակույթի ձևավորման վերաբերյալ հասարակության անդամների բարոյական պատկերացումները:
14. Սուբյեկտիվ կողմից քննարկվող հանցակազմը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ անձը գիտակցում է, որ իր գործողություններով նպաստում է այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն, նախատեսում է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկանում դա: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել հանցագործության կատարման պահին տասնվեց տարին լրացած ցանկացած մեղսունակ ֆիզիկական անձ:
15. Խնդրո առարկա հանցակազմի օբյեկտիվ կողմի տարր է, ի թիվս այլնի, գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող նշյալ գործողությունը կարող է դրսևորվել՝
1) կավատության ձևով, այսինքն՝ վարձատրության կամ այլ գույքային օգուտի դիմաց սեռական հարաբերության համար միջնորդելով, կամ
2) նույն արարքը կատարելով, որը դրսևորվել է նաև բնակարան կամ այլ կացարան մեկ անգամ տրամադրելով, կամ
3) առանց սեռական հարաբերության համար միջնորդություն իրականացնելու, սակայն գույքային օգուտի դիմաց ոչ պարբերաբար բնակարան կամ այլ կացարան տրամադրելով, կամ
4) գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ եղանակներով նպաստելով:
15.1. Նախորդ կետում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող քննարկվող գործողության համար պարտադիր է գույքային օգուտ ստանալու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ընտրված եղանակի միջև փոխադարձ կապի առկայությունը: Այլ կերպ՝ գույքային օգուտը պետք է հանդիսանա պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք: Այդ առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համապատասխան հանգամանքը հաստատված համարելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է առնվազն պարզի՝
1) ստացված գույքային օգուտի առաջացման աղբյուրը,
2) դրա փոխկապակցվածությունը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ընտրված ձևի հետ,
3) արդյոք ստացված գույքային օգուտը հանդիսանում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար վարձատրություն:
16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշելու համար, թե անձի արարքում առկա է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող խնդրո առարկա գործողությունը (գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը), ի թիվս այլնի, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ անձը գործել է ուղղակի դիտավորությամբ (այսինքն՝ գիտակցել է, որ իր գործողություններով նպաստում է այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն և ցանկացել է դա), և արդյոք ստացված գույքային օգուտը եղել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գույքային օգուտ ստանալով, այն է` մարմնավաճառներ Ս.Սիմոնյանից և Լ.Բադալյանից օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող ավտոմեքենան ու շրջել որոշակի տարածքներում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալյանը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ. այդպիսով հարմարավետ պայմաններ ստեղծելով` նպաստել է վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, Վ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքում ճանաչելով մեղավոր, դատավճռի հիմքում դրել է՝
1) ամբաստանյալ Վ.Հարությունյանի ցուցմունքն այն մասին, որ իր իսկ առաջարկով, գումար վաստակելու նպատակով Ս.Սիմոնյանի և Լ.Բադալյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալյանը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ: Անկախ հաճախորդ ունենալու հանգամանքից՝ ինքը, իր իսկ պայմանի համաձայն, յուրաքանչյուր մարմնավաճառից ստացել է 5.000 ՀՀ դրամ գումար.
2) վկա Լ.Բադալյանի ցուցմունքն այն մասին, որ յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույլատրել է իրեն նստել իր ավտոմեքենան ու շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ և զբաղվել մարմնավաճառությամբ: Վ.Հարությունյանի տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմնավաճառ Ս.Սիմոնյանը, որը, ինչպես և ինքը, յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյանին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար.
3) վկա Ս.Սիմոնյանի նույնաբովանդակ ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ՝
ա) համապատասխան ժամանակահատվածում ամբաստանյալ Վ.Հարությունյանը վկաներ Լ.Բադալյանից և Ս.Սիմոնյանից ստացել է որոշակի վարձատրություն (օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ),
բ) Լ.Բադալյանը և Ս.Սիմոնյանը նստել են ամբաստանյալի ավտոմեքենան և շրջել են որոշակի տարածքում,
գ) ավտոմեքենայով շրջելու ընթացքում Լ.Բադալյանը և Ս.Սիմոնյանը պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ,
դ) «ա» կետում նշված վարձատրության չափը կախված չի եղել Լ.Բադալյանի ու Ս.Սիմոնյանի կողմից հաճախորդներ ունենալու հանգամանքից:
18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «մարդատար-տաքսի ավտոմոբիլ» հասկացությունը, նույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հարությունյանը սահմանված որոշակի վարձատրության, այն է՝ օրական 5.000 ՀՀ դրամի դիմաց մատուցել է տաքսի ծառայություններ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) և տեղափոխել վկաներ Լ.Բադալյանին ու Ս.Սիմոնյանին: Վ.Հարությունյանի համար որևէ նշանակություն չի ունեցել այն, թե վկաներն ինչ ուղղությամբ են գնում, ում են հանդիպում կամ ինչով են զբաղվում. վերջինս ցանկացել է միայն, որ իր մատուցած ծառայությունների համար ստանա համապատասխան հատուցում: Այլ կերպ` ամբաստանյալ Վ.Հարությունյանը մատուցել է օրենքով սահմանված հատուցելի ծառայություններ և ստացել համապատասխան վարձատրություն, իսկ վարձատրության չափն էլ կախված չի եղել Լ.Բադալյանի ու Ս.Սիմոնյանի կողմից հաճախորդներ ունենալու հանգամանքից: Հետևաբար Վ.Հարությունյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վ.Հարությունյանի արարքում բացակայում է նաև համապատասխան հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ գործի նյութերից հետևում է, որ Վ.Հարությունյանի ստացած գումարը՝ Լ.Բադալյանից ու Ս.Սիմոնյանից օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամը, եղել է նրա՝ որպես տաքսու վարորդի մատուցած ծառայությունների համար ստացված վարձատրություն, այլ ոչ թե պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիմաց ստացած գույքային օգուտ:
19. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ.Հարությունյանի արարքում առկա է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), հիմնավոր չեն: Ամբաստանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները և դրանց չեն տվել համարժեք իրավական գնահատական: Արդյունքում դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
20. Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ Վ.Հարությունյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու ու հռչակելու Վարդան Վոլոդյայի Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը հարկավոր է վերացնել:
Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9.2-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալը դրանց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել:
Ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |