ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0008/02/14 2015 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ա. Հունանյան
Դատավորներ` |
Մ. Հարթենյան |
Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի դեկտեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արամ Կարապետյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնին համարժեք պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում` այլ համարժեք պաշտոնում վերականգնելու, Ընկերությունից հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, վերականգնման անհնարինության դեպքում Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը, հարկադիր պարապուրդի գումարը, ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արամ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը (դրանում կատարված փոփոխությունները) ամբողջությամբ, իրեն վերականգնել նախկին պաշտոնին համարժեք պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում` համարժեք այլ պաշտոնում, Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 04.07.2014 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնման օրը, վերականգնման անհնարինության դեպքում Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, սկսած 04.07.2014 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար՝ որպես հատուցում հարկադիր պարապուրդի համար, ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք 60 օրվա համար՝ հաշվի առնելով միջին օրական աշխատավարձը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ․ Նախշքարյան) (այսուհետ՝ Դատարան) 11.02.2015 թվականի վճռով հայցը մասնակիորեն՝ Ընկերության հրամանն անվավեր ճանաչելու, Արամ Կարապետյանին նախկին պաշտոնին համարժեք պաշտոնում վերականգնելու, Ընկերությունից հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով, ինչպես նաև վերականգնման անհնարինության դեպքում Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը, հարկադիր պարապուրդի գումարը, ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասով, բավարարվել է, իսկ անհնարինության դեպքում Արամ Կարապետյանին համարժեք այլ պաշտոնում վերականգնելու պահանջի մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.04.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ և 265-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը և 86-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ 53-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով, պետք է պարզեր` արդյոք ընտրված միջոցով հնարավոր է պաշտպանել կամ վերականգնել հայցվորի խախտված իրավունքները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռը բավականաչափ հստակ չէ, կրում է վերացական բնույթ, ինչի արդյունքում գործատուի վրա դրվել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականություն:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ 02.09.2013 թվականի թիվ 14/13 և 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակներով շարժական բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակների քաղվածքներով պահպանվել են նույն հաստիքների քանակը՝ 84 հաստիք, իսկ Ընկերությունը չի ապացուցել, որ տեղի է ունեցել հաստիքների կրճատում, ինչպես նաև չի ապացուցել այլ «հավասարազոր» աշխատանքի առկայության կամ բացակայության փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել 02.09.2013 թվականի թիվ 14/13 և 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակները` դրանով իսկ իրականացնելով իր վրա դրված ապացուցման պարտականությունը: Մասնավորապես` Ընկերությունը նշված երկու հաստիքացուցակներով ապացուցել է Ընկերության կոմերցիոն ստորաբաժանումում հաստիքների կրճատման փաստի առկայությունը, քանի որ 02.09.2013 թվականի թիվ 14/13 հաստիքացուցակում առկա է հայցվորի զբաղեցրած պաշտոնը և ստորաբաժանումը՝ արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը: Նշված հաստիքացուցակում առկա է նաև Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղությունը, իսկ 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում առկա չէ հայցվորի զբաղեցրած պաշտոնը և ստորաբաժանումը՝ արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը պատշաճ չի ուսումնասիրել 02.09.2013 թվականի թիվ 14/13 և 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակները: Հակառակ պարագայում` պարզ կդառնար, որ հայցվորի զբաղեցրած «Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի» հաստիքը կրճատվել է, իսկ «Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակի ղեկավարի» պաշտոնն անվանափոխված պաշտոն չէ, այն առկա է ինչպես թիվ 17/13 հաստիքացուցակում, այնպես էլ առկա է եղել թիվ 14/13 հաստիքացուցակում, և նշված պաշտոնը համալրված է եղել մինչև հայցվորի հաստիքի կրճատումը: Ավելին, նշված հաստիքների պաշտոնեական հրահանգները ներկայացված են եղել Դատարանին, մինչդեռ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ այդ հաստիքների պաշտոնեական պարտականություններն էապես տարբերվում են միմյանցից, այդ երկու պաշտոնների աշխատավարձերը ևս տարբերվում են, ուստի այս փաստը կրկին անգամ ապացուցում է նշված պաշտոնների ո′չ անվանափոխման, ո′չ փոփոխման, ո′չ էլ հավասարազոր լինելու մասին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.04.2015 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 26.09.2008 թվականի թիվ 4933/1 աշխատանքային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) և դրա անբաժանելի մասը հանդիսացող համաձայնագրերի համաձայն` Ընկերության և Արամ Կարապետյանի միջև կնքել է աշխատանքային պայմանագիր, և Արամ Կարապետյանի՝ Ընկերությունում զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է վերջինիս կողմից 01.01.2013 թվականից զբաղեցրած՝ «Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի տնօրինության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի պաշտոնը» (հատոր 1-ին, գ.թ. 86-98):
2. 26.09.2008 թվականի թիվ 4933/1 աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 28.12.2012 թվականի թիվ 4 համաձայնագրի 3.1 կետով փոփոխություն է կատարվել աշխատանքային պայմանագրի 1.1 կետում՝ սահմանելով Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի տնօրինության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի աշխատանքային գործառույթները (հատոր 1-ին, գ.թ. 97-98):
3. 29.11.2013 թվականի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 3681-Կ հրամանի համաձայն` Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 11.03.2014 թվականից լուծվել է Արամ Կարապետյանի և Ընկերության միջև կնքված թիվ 4933/1 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 99-100):
4. 29.11.2013 թվականի` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ Ե-11-1038 ծանուցմամբ Արամ Կարապետյանը ծանուցվել է 11.03.2014 թվականից աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Արամ Կարապետյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով: Նշված ծանուցումն Արամ Կարապետյանը ստացել է 18.12.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101-104):
5. Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Պյատախինի` «Անհատական իրավական ակտում փոփոխություններ կատարելու մասին» 17.02.2014 թվականի թիվ 670-Կ, 29.04.2014 թվականի թիվ 1449-Կ և 21.05.2014 թվականի թիվ 2104-Կ հրամաններով Արամ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթիվը փոխարինվել է, համապատասխանաբար, 29.04.2014 թվականով, անաշխատունակության ժամանակահատվածի և դրան հաջորդող հերթական արձակուրդի վերջին օրվան հաջորդող օրով, այնուհետև՝ 04.07.2014 թվականի ամսաթվով (հատոր 1-ին, գ.թ. 105-107):
6. 21.05.2014 թվականի Ընկերության կադրային վարչության և մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավարի ժ/պ Ս. Նշանյանցի կողմից հաստատված տեղեկանքի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում առկա էր 544 հաստիք, իսկ Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշումով հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում առկա է 504 հաստիք: Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշումով հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունում Հյուսիսի վաճառքի ուղղությունը պատասխանատու էր Լոռի և Տավուշ մարզերում աշխատանքների կազմակերպման և ապահովման համար, իսկ Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշումով հաստատված հաստիքացուցակում բացակայում է շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը (հատոր 1-ին, գ.թ. 132):
7. 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշման համաձայն` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկն ունեցել է, մասնավորապես` Կոմերցիոն տնօրինություն, որում առկա են եղել Կոմերցիոն տնօրենի՝ 1, առևտրային մարքեթինգի մենեջերի՝ 1, առևտրային մարքեթինգի առաջատար մասնագետի՝ 1, կոորդինատորի՝ 1 հաստիքներ, Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի վաճառքի կենտրոն, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղություններ: Հյուսիսի վաճառքի ուղղությունում առկա են եղել՝ Հյուսիս վաճառքի ուղղության ղեկավարի 1, ավագ տարածքային մասնագետի 1, տարածքային մասնագետի 2 հաստիքներ: Շարժական կապի բլոկն ունեցել է նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Հյուսիսի գրասենյակների ուղղությունում առկա են եղել գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 4, գրասենյակի առաջատար մասնագետի 20, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 43 հաստիքներ (հատոր 1-ին, գ.թ. 68-72):
8. 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշման համաձայն` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկն ունի, մասնավորապես` Կոմերցիոն տնօրինություն, որում առկա են կոմերցիոն տնօրենի 1, Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի սուպերվայզերի 1, Կոորդինատորի 1 հաստիքներ: Շարժական կապի բլոկում առկա չէ Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն: Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Հյուսիսի գրասենյակների ուղղությունում առկա են եղել գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 4, գրասենյակի առաջատար մասնագետի 20, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 43 հաստիքներ: Ավելացել է նաև վաճառքի և սպասարկման գրասենյակների սեկտորի առաջատար մասնագետի 2 հաստիք (հատոր 1-ին, գ.թ. 73-76):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու պարագայում աշխատողին աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես`
1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.
2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ.
3. պետք է կրճատված լինեն աշխատողների քանակը և (կամ) հաստիքները.
4. գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկած լինի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, կամ
5. գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը (տե՛ս, Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը և Եվգենիա Մանուկյանն ընդդեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/3613/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկություններին անդրադառնալիս նշել է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք (տե՛ս, Գայանե Դանիլովան ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/2378/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հարցին այն դեպքերում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք: Մասնավորապես` Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում աշխատողներ Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի նախկին հաստիքային միավորը գոյություն չունի, իսկ գործող գյուղական մոդեռնիզացված անալոգային կոորդինատային կայանների սպասարկման համար նախկին աշխատակիցների անհրաժեշտությունը չլինելու, ինչպես նաև չսպասարկվող կայանները կարիքն առաջանալու դեպքում կայանային խմբի ղեկավարի և ճարտարագետի կողմից սպասարկվելու պայմաններում, գործատուի մոտ բացակայում են նաև նրանց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքներ, իսկ հայցվորները չեն ապացուցել, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում իրենց նախկին հաստիքային միավորի գոյություն ունենալու, ինչպես նաև Ընկերությունում իրենց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք լինելու փաստերը, գտել է, որ հայցվորների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (ներկայիս գործող խմբագրությամբ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի) և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ (տե՛ս, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատարանը պետք է վերականգնի աշխատողին իր նախկին պաշտոնում այն դեպքում, երբ ընկերության գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է հայցվորը, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: Նշվել է նաև, որ այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` արձանագրելով, որ.
1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.
2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս, Քրիստինա Նեբիշի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արամ Կարապետյանը 01.01.2013 թվականից Ընկերությունում զբաղեցրել է «Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի տնօրինության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի պաշտոնը», և 29.11.2013 թվականի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ Ե-11-1038 ծանուցմամբ 18.12.2013 թվականին ծանուցվել է 11.03.2014 թվականից աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Արամ Կարապետյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով:
13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում բացակայում է Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը, որն առկա էր 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում:
Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ Ընկերության կողմից դատարանին ներկայացրած 02.09.2013 թվականի դրությամբ թիվ 14/13 և 13.11.2013 թվականի դրությամբ թիվ 17/13 հաստիքացուցակների համադրումից ակնհայտ է, որ հաստիքների կրճատում տեղի չի ունեցել, իսկ հայցվորի նախկին հաստիքը` «Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավար» անվանափոխվել է և նոր` 13.11.2013 թվականի հաստիքացուցակով ստացել է «Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակի ղեկավար» անվանումը, որը չի կարող ընկալվել դատարանի կողմից որպես նախկին հաստիքի կրճատում և նոր աշխատանք առաջարկելու «համապատասխան հնարավորության բացակայություն»: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ Ընկերության 13.11.2013 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 3681-Կ հրամանը ենթակա է վերացման, իսկ Արամ Կարապետյանը պետք է վերականգնվի Ընկերության Հյուսիս վաճառքի և սպասարկման ուղղության ղեկավարի (Հյուսիս Վաճառքի ուղղության ղեկավարի) պաշտոնում, և վերջինիս օգտին Ընկերությունից ենթակա է գանձման հայցվորի միջին աշխատավարձի գումարը` որպես հարկադիր պարապուրդ` ամբողջ ժամանակահատվածի համար: Դատարանը գտել է նաև, որ Արամ Կարապետյանին իր նախկին աշխատանքում վերականգնման անհնարինության դեպքում գործատուն պարտավոր է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Մինչդեռ ստորադաս դատարանների եզրահանգումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով ուժի մեջ, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, անվավեր ճանաչելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը և Արամ Կարապետյանին վերականգնելով Ընկերությունում Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնում, չի նշել այն ապացույցը, որը կհաստատեր Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնը հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան լինելու փաստը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնի և հայցվորի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնի համարժեքության, ինչպես նաև Հյուսիս վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնը հայցվորի՝ նախկինում զբաղեցրած անվանափոխված պաշտոնը լինելու վերաբերյալ, չի նշել, թե որ ապացույցով է հաստատվում պաշտոնների անվանափոխության փաստը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է դատարանների կողմից պայմանով վճիռ կայացնելու իրավական խնդրին՝ փաստելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նման տեսակի վճիռ կայացնելու լիազորություն դատարաններին վերապահված չէ, քանի որ այդպիսի տեսակի վճռի կայացումը կարող է հանգեցնել դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, որպիսի սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի, այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործով, Դատարանը վճռի եզրափակիչ մասի առաջին մասում նշել է. «Արամ Վարազդատի Կարապետյանի հայցը բավարարել մասնակի: Պատասխանող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը (դրանում կատարված փոփոխությունները) ամբողջությամբ ճանաչել անվավեր: Հայցվոր Արամ Վարազդատի Կարապետյանին վերականգնել իր նախկին պաշտոնին համարժեք՝ վերանվանված Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնում: Պատասխանող «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվոր Արամ Վարազդատի Կարապետյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 04.07.2014 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնման օրը», իսկ վճռի եզրափակիչ մասի 2-րդ մասով նշել է, որ «վերականգնման անհնարինության դեպքում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել. ա) նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, բ) սկսած 04.07.2014 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար՝ որպես հատուցում հարկադիր պարապուրդի համար, գ) ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք՝ 60 օրվա համար՝ հաշվի առնելով հայցվորի միջին օրական աշխատավարձը: Մնացած մասով հայցը մերժել»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը, չբացառելով Արամ Կարապետյանին իր նախկին պաշտոնին համարժեք պաշտոնում վերականգնելու անհնարինությունը և այդպիսի անհնարինության դեպքում պարտավորեցնելով Ընկերությանն Արամ Կարապետյանին վճարել որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, կայացրել է պայմանով վճիռ, որի լիազորությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով Դատարանին վերապահված չէ, և ինչը հանգեցնում է դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման:
Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտի եզրափակիչ մասում հնարավոր համարելով և չբացառելով նախկին պաշտոնին համարժեք պաշտոնում վերականգնելու անհնարինությունը` Դատարանն անուղղակիորեն կասկածի տակ է դրել հայցվորի՝ նախկին պաշտոնին համարժեք պաշտոնի առկայությունը, ինչը հաստատված է համարել վճռի պատճառաբանական մասում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի 11.02.2015 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, կայացնելով պայմանով վճիռ, հանգեցրել է դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, ուստի բողոքաբերի փաստարկները դատական ակտի բավականաչափ հստակ չլինելու և վերացական բնույթ կրելու վերաբերյալ ևս Վճռաբեկ դատարանը գնահատում է հիմնավոր:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |