ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5269/05/09 |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Շողեր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Շողեր Գրիգորյանի հայցի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի (այսուհետ` Նոտար)` ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Շողեր Գրիգորյանը պահանջել է պարտավորեցնել Նոտարին ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող, Գնել Գրիգորյանին պատկանող հողամասի և տան նկատմամբ տալ ժառանգության իրավունքի վկայագիր:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողեր Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը, 1186-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ գործում առկա արխիվային տեղեկանքում նշված տնտեսությունների գրքի գրառումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով, և նշված փաստաթղթով հաստատվում է, որ Գնել Գրիգորյանը, հոր` Ստեփան Գրիգորյանի մահից հետո` 1987 թվականին, անվանափոխելով վերջինիս պատկանող բնակելի տունը և հողամասը, արդեն իսկ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրանց նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 1186-րդ հոդվածների կիրառմանը, ապա նշված հոդվածները կիրառելիս Դատարանը դրանք պետք է մեկնաբաներ ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջների հաշվառմամբ: Այսինքն` հաշվի առնելով, որ հողամասի և տան նկատմամբ Գնել Գրիգորյանի սեփականության իրավունքի առկայությունը, հետևաբար նաև դրանք վերջինիս պատկանելու հանգամանքները հաստատվում են գործում առկա արխիվային տեղեկանքով և գյուղապետի տված տեղեկանքներով, ապա ըստ էության պահպանված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջը, ինչից հետևում է, որ առկա է նաև նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժառանգատուին պատկանող գույքը:
Այսպիսով, Դատարանը, անհիմն կերպով մերժելով հայցը, Շողեր Գրիգորյանին ըստ էության զրկել է իր կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Արդյունքում, ոչ միայն լուծում չի ստացել բնակելի տան և հողամասի նկատմամբ Շողեր Գրիգորյանի իրավունքներն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու հարցը, այլ նաև վերջինս զրկվել է հետագայում դրա լուծման ամեն մի հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 11.05.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 04.09.2009 թվականին տրված թիվ 003991 մահվան վկայականի համաձայն` Գնել Գրիգորյանը մահացել է 04.10.2008 թվականին (գ.թ. 16):
2) ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի «ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքից» թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքի համաձայն` ընտանիքի գլխավոր Գնել Գրիգորյանի տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տունը կառուցված է 1962 թվականին, որի մակերեսը կազմում է 100քմ, այդ թվում` բնակելի` 50քմ, իսկ նրա տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հողի մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), այդ թվում` շինությունների տակ (գ.թ. 19):
3) ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք համայնքի ղեկավարի 30.11.2009 թվականի թիվ 687 և թիվ 688 տեղեկանքների համաձայն` Գնել Գրիգորյանին ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում սեփականության իրավունքով պատկանում է 700քմ մակերեսով տնամերձ հողամաս և բնակելի տուն, որը տիրապետում, օգտագործում է և դրա մասով վճարումները կատարում է դուստրը` Շողեր Գրիգորյանը (գ.թ. 17-18):
4) 21.04.2009 թվականին տրված «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն` Գնել Գրիգորյանի` մահացած 04.10.2008 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հավասար բաժիններով կինը` Գոհարիկ Խաչատրյանը, դուստրերը` Շողեր Գրիգորյանը և Մարիամ Գրիգորյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է Երևանի 16-րդ թաղամասի 45-րդ շենքի թիվ 66 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից (գ.թ. 21):
5) Նոտարի 10.12.2009 թվականի` Շողեր Գրիգորյանին ուղղված գրության համաձայն` Գնել Գրիգորյանի` մահացած 04.10.2008 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրվել, քանի որ անշարժ գույքի պետական գրանցումը չի կատարվել և ներկայացված փաստաթղթերը բավարար չեն ժառանգություն ձևակերպելու համար (գ.թ. 20):
6) 22.03.2010 թվականի համաձայնության համաձայն` Գոհարիկ Խաչատրյանը և Մարիամ Գրիգորյանը համաձայն են, որ Գնել Գրիգորյանի մահից հետո մնացած` ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվի Շողեր Գրիգորյանի անվամբ (գ.թ. 39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 02.05.2001 թվականի թիվ ՀՕ-185 օրենքով) 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
«Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին` 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքով) 13-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ բնակելի տներ, տնտեսական շինություններ, հողամասեր և տունկեր, մթերատու և բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ, փոխադրամիջոցներ և այլ գույք` գյուղատնտեսական արտադրությունն ինքնուրույն վարելու, արտադրանքը վերամշակելու և իրացնելու համար:
Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է գյուղացիական ընտանիքի գլխի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են վերջինիս անվամբ ձևակերպվող և պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա:
Նույն հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` նույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև քաղաքացիների օժանդակ տնտեսության և գյուղացիական ծխի սեփականության նկատմամբ:
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 28.11.2006 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքով) 2-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է ընտանիքի գլխավորի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի գլխավորի անվամբ ձևակերպվող և պատգամավորների համապատասխան տեղական (գյուղական, ավանային, քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող պետական ակտի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը:
ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված` պետական գրանցման համար նախատեսված ժամկետը չի տարածվում մինչև նույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա գույքի և դրա նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի վրա: Նշված փաստաթղթերը, անկախ կնքման կամ հաստատման ժամկետից, հիմք են համարվում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար` սեփականատերերի և օգտագործողների կողմից սահմանված կարգով ներկայացնելու դեպքում:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ նոտարը պետք է որոշի նաև ժառանգության զանգվածի կազմը, որի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը: Միաժամանակ, ժառանգության զանգվածի որոշման գործընթացում նոտարը պետք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության` նախկինում և ներկայումս գործող օրենսդրական կանոնակարգումների առանձնահատկությունները: Մասնավորապես` նախկինում գործող կանոնակարգումների համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում էր պետական ակտով, որը տրվում էր պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, իսկ գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող էր ունենալ նաև բնակելի տներ և հողամասեր, որոնց նկատմամբ իրավունքներն իրենց հերթին ձևակերպվում էին գյուղացիական ընտանիքի գլխի անունով և նույնպես ճանաչվում էին նրա անվամբ ձևակերպվող պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա: Հաշվի առնելով նշված կանոնակարգումները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` մինչև 06.05.1999 թվականը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված կամ ձեռք բերված փաստաթղթերը պահպանել են իրենց իրավաբանական ուժը, դրանք վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
Այսինքն` ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ ժառանգության զանգվածի որոշման գործընթացում նոտարը պետք է հաշվի առնի, որ նախկինում տրված պետական ակտը դա գույքի նկատմամբ իրավունքը հաստատող և դրա պատկանելիության հարցը որոշող պետության կողմից տրված և ճանաչված պաշտոնական փաստաթուղթ է: Հետևաբար, նոտարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը պետք է մեկնաբանի` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրական կանոնակարգումները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ կարգավորումը գործում է նաև պետական գրանցման ենթակա գույքի այլ տեսակների նկատմամբ: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն` մինչև այդ օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա գույքի և դրա նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի վրա պետական գրանցման համար սահմանված ժամկետը չի տարածվում, և այդ փաստաթղթերը, անկախ դրանց կնքման կամ հաստատման ժամկետից, սեփականատերերի և օգտագործողների կողմից սահմանված կարգով ներկայացվելու դեպքում հիմք են գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար: Ի դեպ, նշվածը գույքի սեփականատիրոջ մահվան դեպքում հնարավոր է իրականացնել միայն նրա ժառանգության ընդունման պայմաններում:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերին, ինչպիսին Շողեր Գրիգորյանի ներկայացրած` ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքում նշված ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքի գրառումը չի կարող համարվել:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքի գրառմամբ հիմնավորվում է ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայք գյուղում գտնվող 1962 թվականին կառուցված 100քմ մակերեսով բնակելի տան և 0,07հա (700քմ) մակերեսով հողամասի նկատմամբ Գնել Գրիգորյանի իրավունքները հաստատող և ճանաչող պետական ակտի առկայությունը, իսկ նախկինում գործող կանոնակարգման համաձայն` պետական ակտը դա գույքի նկատմամբ իրավունքը հաստատող և դրա պատկանելիության հարցը որոշող պետության կողմից տրված և ճանաչված պաշտոնական փաստաթուղթ է:
Քննվող վարչական գործի փաստերով հաստատվում է, որ ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի «ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքից» թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքի համաձայն` ընտանիքի գլխավոր Գնել Գրիգորյանի տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տունը կառուցված է 1962 թվականին, որի մակերեսը կազմում է 100քմ, այդ թվում` բնակելի` 50քմ, իսկ նրա տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հողի մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), այդ թվում` շինությունների տակ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող, Գնել Գրիգորյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը մեկնաբանվել է` հաշվի չառնելով ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև նախկինում գործող օրենսդրական կանոնակարգումները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|