ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.12-րդ և 47.13-րդ հոդվածներով.
«Հոդված 47.12. | Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը |
1. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
3. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 47.13. | Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատում (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը |
1. Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումն առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը «47.8» թվից հետո լրացնել «, 47.12, 47.13» թվերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-135-Ն |