ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում» բառերը փոխարինել «արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում» բառերով, իսկ 6-րդ կետի «բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ» բառերը՝ «բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 197-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 197. | Սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրումը |
1. Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջելու թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը` այդ մասին համապատասխան հարցում ներկայացնելով Կենտրոնական դեպոզիտարիային: Այն դեպքում, երբ անվանատերը լիազորված է հանդես գալու արժեթղթի սեփականատիրոջ անունից (այսուհետ սույն հոդվածում` իրավասու անվանատեր), ապա արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը կարող է սեփականատիրոջ անվան (անվանման) փոխարեն ներառել իրավասու անվանատիրոջ անունը (անվանումը):
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական դեպոզիտարիան հարցում է ուղարկում իր մոտ տվյալ թողարկողի արժեթղթերի հաշիվներ ունեցող պահառուներին (անվանատերերին)` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի, ինչպես նաև իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ: Սույն հոդվածի իմաստով տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի և իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ են համարվում այն տեղեկությունները, որոնք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի համաձայն, ենթակա են ներառման ընկերության բաժնետերերի ռեեստրում:
3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Հայաստանյան անվանատեր») և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Օտարերկրյա անվանատեր») պարտավոր են Կենտրոնական դեպոզիտարիայի հարցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված դեպքերի, տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:
4. Հայաստանյան և Օտարերկրյա անվանատերերը պարտավոր են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պարտականությունների կատարման նպատակով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և ողջամիտ գործողությունները տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի և իրավասու անվանատերերի վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պահանջվող տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու և սույն մասում նշված ժամկետում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրելու համար:
5. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Հայաստանյան անվանատերերն իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրելու վերջինիս կողմից պահանջվող` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե միաժամանակ առկա են ստորև նշված բոլոր պայմանները.
1) տվյալ թողարկողի արժեթղթերը կամ դրանց մի մասը հաշվառվում են տվյալ Հայաստանյան անվանատիրոջ մոտ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվում, և
2) Հայաստանյան անվանատերը հարցում է ուղարկել Օտարերկրյա անվանատիրոջը` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, և
3) Օտարերկրյա անվանատերը, ձեռնարկելով սույն հոդվածի 4-րդ մասում նշված գործողությունները, սույն հոդվածի 6-րդ մասում նշված հիմքերով հրաժարվել է Հայաստանյան անվանատիրոջը տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:
6. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Օտարերկրյա անվանատերերն իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրելու տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե`
1) դա արգելված է օտարերկրյա օրենսդրությամբ կամ նախատեսված է տվյալ օտարերկրյա անվանատիրոջ և իր հաճախորդի միջև կնքված պայմանագրով, կամ
2) տվյալ օտարերկրյա անվանատիրոջ հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանջվող տեղեկությունները, կամ
3) պահանջվող տեղեկության տրամադրումը տվյալ օտարերկրյա անվանատիրոջ համար առաջացնում է էական ծախսեր:
7. Հայաստանյան անվանատերերը կամ Օտարերկրյա անվանատերերն իրավունք չունեն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ մասերում նշված հիմքերով հրաժարվելու թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց, եթե նման պահանջ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից՝ իրենց իրավասությունների շրջանակներում:
8. Օտարերկրյա անվանատիրոջ կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի կամ Հայաստանյան անվանատիրոջ` սույն հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասի հարցման մեջ նշված` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի մասին տվյալները սույն հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասում թվարկված հիմքերով չտրամադրելու դեպքում Օտարերկրյա անվանատերը տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի առջև պատասխանատվություն է կրում դրա հետևանքով պատճառված վնասների համար:
9. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի (իրավասու անվանատերերի) ցուցակը տրամադրել թողարկողին` սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
10. Այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի ուղարկած` սույն հոդվածի 2-րդ մասի հարցման մեջ նշված տվյալները պահառուները (անվանատերերը) Կենտրոնական դեպոզիտարիային ուղարկում են սույն հոդվածում նշված ժամկետների ուշացմամբ կամ ուղարկում են ճշգրտված կամ լրացուցիչ տվյալներ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ուշացումով ստացված և (կամ) ճշգրտված և (կամ) լրացուցիչ տվյալներն ուղարկել սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ներկայացրած թողարկողին այդ տվյալներն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասին համապատասխան՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից թողարկողին ուղարկված տվյալների ստացման փաստն այդ թողարկողի համար իրավական հետևանքներ է առաջացնում միայն սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով՝ նախատեսված դեպքերում:
11. Սույն հոդվածի կիրառման նպատակով պահառուների (անվանատերերի) ռեզիդենտությունն ու ոչ ռեզիդենտությունը որոշվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
12. Արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման՝ սույն հոդվածով սահմանված պահանջը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ անվանատերը ներդրումային ֆոնդի պահառու կամ կառավարիչ է պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերի մասով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-23-Ն |