Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 փետրվարի 2017 թվականի N 4
10. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի նիստի N 4 |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի № 131-Ն որոշման № 2 հավելվածի 34-րդ կետի պահանջները:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայեցակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ծառայում է որպես ուղղորդիչ միջոց՝ մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը վերաբերող հարցերի լուծման համար:
3. Հայեցակարգի շրջանակներում կարող է ծագել մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրային փաստաթղթերի ընդունման անհրաժեշտություն:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
4. 2017-ից մինչև 2022 թվականներն ընկած ժամանակահատված:
IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության իրականացումը ենթադրում է մի շարք հիմնախնդիրների լուծում, որոնք են՝ զանգվածային ֆիզկուլտուրային-առողջարարական համայնքային, տարածաշրջանային, մարզային և հանրապետական միջոցառումների, փառատոների անցկացումը, հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների հետագա բարելավումը, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորման քարոզչությանն ուղղված համալիր միջոցառումների և ծրագրերի իրականացումը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացի կազմակերպումը, բնակչության, մասնավորապես` ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակությանը նպաստող միջոցառումների անցկացումը, մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների համակարգումը:
V. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Մատաղ սերնդի առողջության պահպանման ու ամրապնդման հետ կապված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն և պետք է լուծվեն պետական մակարդակով: Առողջության ամրապնդման և առողջ ապրելակերպի ձևավորման ամենաարդյունավետ միջոցը անընդմեջ և հետաքրքիր կերպով կազմակերպված մարզումներն են:
7. Հայաստանի Հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստման հիմնական ծանրությունը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կրում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Նշված մարզադպրոցների մարզական խմբերում 1950 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ 42 մարզաձևերով մարզվում են շուրջ 41000 պարապողներ: Մարզադպրոցները տեղաբաշխված են հանրապետության 10 մարզերում և Երևանում: Առկա է մարզադպրոցների կենտրոնացվածություն Երևանում (33 մարզադպրոց, 8633 պարապող) և մյուս մեծ քաղաքներում՝ Գյումրիում (16 մարզադպրոց, 2712 պարապող) ու Վանաձորում (12 մարզադպրոց, 3006 պարապող):
8. Ստորև ներկայացվում է մարզադպրոցների և պարապողների թիվը՝ ըստ մարզերի
Աղյուսակ |
№ |
Մարզը |
Մարզադպրոցը |
Պարապողը |
1 |
Երևան |
60 |
18227 |
2 |
Արագածոտնի մարզ |
5 |
736 |
3 |
Արարատի մարզ |
7 |
1447 |
4 |
Արմավիրի մարզ |
9 |
1765 |
5 |
Գեղարքունիքի մարզ |
9 |
1554 |
6 |
Կոտայքի մարզ |
15 |
3910 |
7 |
Լոռու մարզ |
18 |
3918 |
8 |
Շիրակի մարզ |
34 |
6665 |
9 |
Սյունիքի մարզ |
9 |
1787 |
10 |
Տավուշի մարզ |
5 |
703 |
11 |
Վայոց ձորի մարզ |
4 |
289 |
Ընդամենը |
175 |
41001 |
9. Մարզական 2 քոլեջներում սովորում են տարեկան միջին հաշվարկով 877 պատանի և աղջիկ: Քոլեջները գտնվում են Երևանում և Գյումրիում:
10. Մարզադպրոցների և քոլեջների հիմնական խնդիրներն են մատաղ սերնդի առողջության պահպանումն ու ամրապնդումը, ընտրած մարզաձևում մարզական հերթափոխի պատրաստումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրումը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովումը:
11. Տարբեր վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել են եզրակացություններ առ այն, որ սպորտով զբաղվողները սպորտով չզբաղվողների համեմատությամբ երկու անգամ ավելի քիչ են հիվանդանում ոչ վարակիչ հիվանդություններով: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզիկական դաստիարակության, այլև առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է և անհրաժեշտ է ընդհանուր բարեկեցության համար:
12. Հայաստանի Հանրապետության բնակչության (ըստ 2011 թվականի մարդահամարի՝ 2.871.771 մարդ) շուրջ 11 %-ը (330.000 հոգի) կազմում են դպրոցահասակ երեխաները, որոնցից միայն շուրջ 41000-ը կամ նրանց 12 %-ն են զբաղվում սպորտով: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այն կազմում է 37.5 %: Թվերն ինքնին խոսում են Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտով զբաղվողների փոքր թվի մասին:
13. Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշն է, որն արտացոլում է ոչ միայն իրական վիճակը, այլև տալիս է հատուկ կանխատեսումներ ապագայի համար: Երկրի աշխատանքային ռեսուրսները, նրա անվտանգությունը, քաղաքական կայունությունը, տնտեսական բարեկեցությունը և բնակչության բարոյական մակարդակը անմիջականորեն կախված են երեխաների, դեռահասների և երիտասարդների առողջական վիճակից: Սրա հետ կապված՝ հասարակության առջև ծառացած են մարդու առողջ ապրելակերպի դաստիարակման խնդիրները: Խնդիրների լուծմամբ է պայմանավորված վնասակար սովորությունների, այդ թվում՝ ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման և այլնի կանխարգելումը: Այսինքն՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար սովորությունների ազդեցության կանխարգելումը և կանխարգելման հնարավորությունները շատ արդիական են ժամանակակից հասարակության համար: Հարկ է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հանձնարարականը, համաձայն որի 5-17 տարեկան երեխաներին ցուցված է ապահովել օրական առնվազն 60 րոպե միջինից բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն, ընդ որում՝ օրական 60 րոպեից ավելի ֆիզիկական ակտիվությունը լրացուցիչ առավելություն ունի երեխայի առողջության համար: Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզկուլտուրայի դասերը անցնում են թերբեռնված և ուսումնական նյութից շեղումներով։
14. Ըստ «Արաբկիր» Բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թվականների ազգային հետազոտության վերլուծության՝ «Շաբաթվա ընթացքում քանի՞ օր ես եղել ֆիզիկապես ակտիվ՝ առնվազն 60 րոպեների ընթացքում» հարցման արդյունքում 2009-2010 թվականների համեմատությամբ նկատվում է որոշ դրական տեղաշարժ:
15. Գծապատկեր. Շաբաթական կտրվածքով օրական առնվազն 60 րոպե ֆիզիկապես ակտիվ դեռահասների տոկոսը՝ ըստ տարիքի և սեռի
16. Ֆիզկուլտուրայի դասերից բացի՝ տղաների և աղջիկների շուրջ 60 %-ը, հատկապես 15 տարեկանները, որևէ մարզաձևով չեն զբաղվում:
17. Սույն հետազոտության շրջանակներում ծխախոտի օգտագործման հաճախականությունը նշանակալիորեն ավելանում է տարիքի հետ։
18. Հետազոտությունը փաստում է, որ հայ դեռահասները, հատկապես աղջիկները, ավելի քիչ են ծխախոտ օգտագործում, քան հարցմանը մասնակցած այլ երկրների իրենց հասակակիցները։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով 15-ից մինչև 17 տարեկան տղաների շրջանում ծխախոտի օգտագործման կտրուկ աճը, մեծահասակ տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության բարձր տարածվածությունը և ծխախոտի ազատ հասանելիությունը՝ դեռահասների շրջանում ակտիվ կանխարգելիչ միջոցները պարտադիր են: Այդ միջոցներից է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը:
19. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առողջության և ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշները խոսում են մասսայական սպորտի զարգացման, բնակչության ֆիզիկական ակտիվությունը խթանելու խնդիրների լրջության և լուծման անհրաժեշտության մասին: Այս խնդիրները կանխելու և դրանցից խուսափելու լավագույն ու արդյունավետ միջոցը երեխաների ընդգրկումն է մարզական պարապմունքների մեջ:
20.Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները անհատի համար դառնալով սովորական՝ հասուն տարիքում վերածվում են առողջության և աշխատունակության պահպանման արդյունավետ միջոցի, և սկզբնական շրջանում ձևավորված անհատի օգտակար կամային որակները ամրապնդվում են այդ պարապմունքների ընթացքում ու հետագայում փոխադրվում գործունեության այլ ձևերի մեջ:
21. Այսպիսով, կարևոր է երեխաների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը նպաստելը, ինչը թույլ կտա դիմակայել վնասակար սովորություններին: Եթե դեռահասն ունի իր մեջ դրական որակներ ձևավորելու ձգտում, ապա շատ կարևոր է այդ հարցում նրան օգնելը:
VI. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
22. Մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնական նպատակներից են հոգեպես և ֆիզիկապես զարգացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակումը, ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների առողջության ամրապնդումը, մարզման գործընթացին նրանց ընդգրկումը, տաղանդավոր և շնորհալի երեխաների ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ առողջ, ֆիզիկապես ուժեղ ու կամային բարձր որակներով օժտված երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
23.Մեծ է տեղական ինքնակառավարման մարմինների դերը մանուկների և պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելու գործում: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային ենթակայության մարզադպրոցներում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:
24. Համայնքային մարզադպրոցներում շատ ցածր է երեխաների ընդգրկվածությունը: Եթե Նախարարության ենթակայության մեկ մարզադպրոցում միջին հաշվարկով մարզվում են 291 պարապողներ, ապա համայնքային ենթակայության մարզադպրոցում միջին հաշվարկով մարզվում են 173-ը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքային շատ մարզադպրոցների ուսումնամարզական խմբերում չի ապահովվում կանոնադրությամբ պահանջվող սաների նվազագույն թվաքանակը: Հարկ է նշել, որ համայնքային ենթակայության մարզադպրոցների գերակշիռ մասում ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ մարզչա-մանկավարժական դրույքաչափերը բավականին ցածր են:
25. Մանկապատանեկան սպորտի անբաժանելի մասը կազմող մասսայական սպորտի զարգացման խնդիրների շարքում անհրաժեշտ է կարևորել դպրոցահասակ երեխաների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեջ, մասնավորապես` հանրակրթական դպրոցներում կազմակերպվող արտադասարանական խմբերում:
26.Հանրապետության մարզերի միայն 56 համայնքում է գործում մարզադպրոց: Մնացած համայնքների մանուկներն ու պատանիները զրկված են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հնարավորությունից: Սա ևս խնդիր է, որը հնարավոր է լուծել հարևանությամբ գտնվող համայնքների համար միջհամայնքային մարզադպրոցներ ստեղծելով: Այն է՝ կոոպերացիայի սկզբունքով ստեղծել մարզադպրոց, որը կսպասարկի մոտակա մի քանի համայնքների երեխաներին: Համայնքների ղեկավարները իրենց հայեցողությամբ կկնքեն պայմանագիր, և յուրաքանչյուր համայնք պարտավորված կլինի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մասնագիտական և մեթոդական օգնություն, ինչպես նաև նոր ստեղծված մարզադպրոցները առաջնահերթ ընդգրկել գույքային ծրագրերում:
27. Հանրապետության շատ մարզակառույցներ կառուցվել են՝ առանց հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428 որոշման պահանջները: Անհրաժեշտ է հնարավորինս դրանք համապատասխանեցնել, իսկ նորերը կառուցել նշված որոշմամբ պահանջվող չափորոշիչներին համապատասխան:
VII. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
28.Մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնական խնդիրներից են՝
1) նյութատեխնիկական բազայի կատարելագործումը.
2) անհրաժեշտ մարզագույքով ապահովումը.
3) որակյալ մանկավարժական կադրերով ապահովումը.
4) մարզական հերթափոխի պատրաստման համակարգի արդիականացումը. ուսուցման նոր՝ ժամանակի պահանջներին համահունչ ծրագրերի մշակումը.
5) բնակության վայրերում մանկապատանեկան սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
6) գյուղական համայնքներում մանուկների և պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար պայմանների ստեղծումը.
7) մասսայական սպորտի ենթակառուցվածքների զարգացումը ինչպես կրթական համալիրներում, այնպես էլ բնակելի վայրերում:
29. Բնակչության բոլոր խմբերի համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել՝
1) նախադպրոցական տարիքի երեխաներին՝ հաշվի առնելով, որ նրանցից ոչ բոլորն են հաճախում նախադպրոցական հիմնարկներ.
2) առողջական և զարգացման շեղումներ ունեցող երեխաներին:
VIII. ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
30. Մանկապատանեկան մարզադպրոցներում առկա են մարզական հերթափոխի պատրաստման հետևյալ առաջնահերթությունները՝
1) մարզական հերթափոխի պատրաստման որակի բարելավման համար պայմանների ստեղծում.
2) ուսումնամարզական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական և ծրագրային փաստաթղթերով ապահովում.
3) մարզական հերթափոխի պատրաստման համար պետական բյուջեից ֆինանսավորման չափի ավելացում:
IX. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ
31. Բնակության վայրերում առկա են մանկապատանեկան սպորտի զարգացման հետևյալ առաջնահերթությունները՝
1) բնակության վայրերում մանուկների և պատանիների համար ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու համար հավասար պայմանների ստեղծում՝ անկախ նրանց սոցիալական վիճակից և սեռից.
2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ անկախ նրանց կազմակերպա-իրավական ձևից:
32.Ֆիզկուլտուրային-մարզական աշխատանքներ իրականացնող համայնքային կազմակերպությունների հիմնական նպատակը մարզումային և մրցումային գործընթացի նկատմամբ երեխաների մեջ հետաքրքրություն ձևավորելն է: Շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը մասսայական և մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ, որը պետք է առաջին հերթին ուղղված լինի՝
1) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրերի ընդունմանը և իրականացմանը.
2) արագ կառուցվող և քիչ ծախսեր պահանջող մարզակառույցների կառուցմանը:
X. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
33. Առաջարկվող լուծումներն են՝
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տարածքային կառավարման և զարգացման, կրթության, քաղաքաշինության պետական կառավարման լիազորված մարմնի, մարզպետարանների, քաղաքապետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցություն.
2) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի պահպանում և ընդլայնում՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներին, որտեղ կարող են պարապել նաև մոտակա համայնքների բնակիչները.
3) մարզական միջոցառումների քանակի ավելացում.
4) կրթական հաստատություններում ֆիզկուլտուրային-մանկավարժական կադրերի ուժերի կենտրոնացում՝ երեխաների մեջ սպորտով զբաղվելու նկատմամբ գիտակցական մոտեցում ձևավորելու ուղղությամբ, ինչպես նաև կրթական հաստատության մարզադահլիճների գույքով հագեցում՝ արտադասարանական սպորտային պարապմունքներ կազմակերպելու համար.
5) հանրապետության մարզադպրոցների մարզակառույցների վերանորոգում և նորերի կառուցում՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները.
6) խաղային և ջրային մարզաձևերի զարգացման համար պայմանների ստեղծում.
7) միջհամայնքային մարզադպրոցների ստեղծում.
8) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության միջոցով առավել շատ պարապողների ընդգրկում մարզադպրոցներում:
9) մարզչական կադրերի վերապատրաստման գործընթացի կատարելագործում՝ ներգրավելով նաև այլ երկրներից հրավիրված առաջավոր փորձ ունեցող մասնագետներին:
XI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
34.Սույն հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) մշակման արդյունքներով: Ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրերի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության և սպորտի ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում՝ ելնելով այդ ոլորտների ծախսային առաջնահերթություններից:
XII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
35.Հայեցակարգի ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացումը կնպաստեն մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մասսայական սպորտի զարգացմանը (հատկապես՝ գյուղական համայնքներում), ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ ֆիզիկապես առողջ և կամքով ուժեղ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովմանը:
36. Մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տարածքային կառավարման և զարգացման, կրթության, քաղաքաշինության պետական կառավարման լիազորված մարմինների, մարզպետարանների, քաղաքապետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը:
