ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 դեկտեմբերի 2014 թ. |
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրում (Հատուկ գործառնություններ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 18 նոյեմբերի 2014 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և բանավոր պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը (Հատուկ գործառնություններ) (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) միջև ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 5-ին: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաձայնագրին հավանություն է տվել 2014թ. նոյեմբերի 19-ի արձանագրային որոշմամբ:
Ըստ Համաձայնագրի` ԱԶԲ-ն համաձայնում է «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման» վարկային ծրագրի նպատակների համար Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ` Վարկառու) տարբեր արժույթներով վարկ տրամադրել` 24, 022, 000 Հատուկ փոխառության իրավունքին համարժեք (շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար): Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5 տարին` արտոնյալ:
2. Համաձայնագիրն ունի նախաբան, յոթ հոդվածներ, հինգ առդիրներ և երրորդ առդիրին հավելված աղյուսակ, որոնց դրույթները պարզաբանում են Համաձայնագրում օգտագործվող եզրույթները, նկարագրում վարկի միջոցներով ֆինանսավորվող ծրագիրը, սահմանում վարկի կառուցվածքը, վարկային միջոցների հատկացման և մասհանման, ինչպես նաև վերահատկացման պայմանները, այդ միջոցների օգտագործման եղանակներն ու դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները:
Համաձայնագիրը և դրա անբաժան մաս կազմող առդիրները պարունակում են նաև կողմերի պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող այլ դրույթներ:
3. Համաձայնագրով ֆինանսավորվող ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության ներքին էլեկտրահաղորդման ցանցի գործառական արդյունավետությունը: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել վերահսկման ու տվյալների ձեռքբերման և էներգիայի կառավարման համակարգերը, վերականգնել երկու 220 կիլովոլտ ենթակայանները (Ագարակ 2 և Շինուհայր), տրամադրել աջակցություն ծրագրի կառավարման և շինարարության վերահսկողության և կարողությունների հզորացման համար:
Նախատեսվում է Ծրագիրն ավարտել 2019 թ. դեկտեմբերի 31-ին:
Վերահսկման ու տվյալների ձեռքբերման և էներգիայի կառավարման համակարգերի ընդլայնումը ներառում է սարքաշարերի և ծրագրաշարերի տեղադրում, կապի սարքավորումների, օպտիկական հողանցման հաղորդալարի տեղադրում, բեռնվածքի բաշխման կենտրոնի բարելավում և արդիականացում, ինչպես նաև համակարգերի վերաբերյալ վերապատրաստում:
Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկանքի` Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ներդրված վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA (Supervisory Control and Acquisition Data) համակարգը լիարժեք գործող և արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելային մալուխ, զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:
Ենթակայանների վերականգնման բաղադրիչը ներառում է էլեկտրաէներգիայի հնացած տրանսֆորմատորների, ավտոմատ անջատիչների, զատիչների, հսկողության և պաշտպանիչ սարքերի փոխարինում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրության համաձայն` «Շինուհայր» ենթակայանը նախորդ տարիներին Համաշխարհային բանկի աջակցությամբ մասնակիորեն վերակառուցվել է, բայց ենթակայանի որոշ սարքեր հնացած են և չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները: Այդ ենթակայանի հետ կապված ֆինանսավորում է նախատեսվում նաև Վերակառուցման և զարգացման բանկի հետ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված վարկային համաձայնագրով:
4. Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» (ԷԷՀՕ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) փակ բաժնետիրական ընկերությունների կամ դրանց` ԱԶԲ-ի համար ընդունելի, ցանկացած իրավահաջորդի կողմից: Վարկառուն պարտավորվում է Վարկի համար կիրառելի նույն պայմաններով այդ Վարկի միջոցներից վերավարկավորել ԷԷՀՕ-ին` 13.600.000 ԱՄՆ դոլարին, իսկ ԲԷՑ-ին` 23. 400. 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկային ծրագրի նպատակների իրագործման համար իր գործակալներ նշանակել վերը նշված իրավաբանական անձանց և այդ գործակալություններին լիազորել ձեռնարկելու Համաձայնագրի և Վարկի տրամադրման կանոնակարգերի համապատասխան դրույթներով պահանջվող կամ թույլատրվող ցանկացած գործողություն կամ կնքելու որևէ համաձայնագիր, որը պարտադիր կլինի նաև իր` Վարկառուի համար:
5. Քննության առարկա Համաձայնագրով Վարկառուն ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝
● վարկատուին վճարել տարեկան 2.0% տոկոսադրույք արտոնյալ ժամանակահատվածում և դրանից հետո` ժամանակ առ ժամանակ Վարկի հաշվից մասհանված և չվճարված գումարի համար (հոդված II, բաժիններ 2.02ա և 2.03),
● սկսած 2019թ. նոյեմբերի 15-ից մինչև 2039թ. մայիսի 15-ը` ամեն տարվա նոյեմբերի 15-ին և մայիսի 15-ին մարել Վարկի հաշվից մասհանված Վարկի հիմնական գումարը 600.550.00 ԱՄՆ դոլար չափաբաժնով (հոդված II, բաժին 2.04, Առդիր 2):
6. Վարկառուն պարտավորվում է նաև.
● ապահովել, որպեսզի վարկի միջոցներն օգտագործվեն Համաձայնագրի պահանջներին համապատասխան, բացառապես Ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար (հոդված III, բաժին 3.02, 3.03 և 4-րդ առդիր),
● հնարավորություն ընձեռել ԱԶԲ-ի ներկայացուցիչներին ստուգելու Ծրագրի կատարման ընթացքը, ապրանքներն ու աշխատանքները և ցանկացած համապատասխան գրառում ու փաստաթուղթ (հոդված IV, բաժին 4.02),
● օժանդակել Ծրագրի իրականացման գործակալություններին կատարելու Ծրագրով նախատեսված իրենց պարտավորությունները, և չձեռնարկել կամ թույլ չտալ այնպիսի գործողություն, որը կխանգարի այդ պարտավորությունների կատարմանը (հոդված IV, բաժին 4.04),
● ապահովել, որպեսզի գնվող բոլոր ապրանքները և ծառայությունները չխախտեն կամ չոտնահարեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջ (Առդիր 4, կետ 7, ենթակետ «ա») և որ դրանց գնման համար կնքվող բոլոր պայմանագրերը պարունակեն համապատասխան հավաստիացումներ և երաշխիքներ,
● երաշխավորել ԱԶԲ-ի հետ խորհրդակցությունն էլեկտրաէներգիայի քաղաքականության առանցքային զարգացումների և բարեփոխումների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունների մեթոդաբանության մասին հարցերի շուրջ (Առդիր 5, կետ 3),
● ապահովել, որպեսզի ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի հունիսի 1-ը էլեկտրաէներգիայի սակագինը որոշելու նպատակներով ԷԷՀՕ-ն և ԲԷՑ-ը նախապատրաստեն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) քննարկմանը և հաստատմանը ներկայացնեն Ծրագրի համար իրենց ներդրումային պլանները, որպեսզի ՀԾԿՀ-ն տարեկան կտրվածքով վերանայի սակագինը և սահմանի այն մակարդակով, որը թույլ է տալիս Ծրագրի ծախսի ամբողջական վերականգնումը, այդ թվում՝ Վարկի հետվճարումը` վճարման ենթակա տոկոսներով և փոխարժեքի տատանումներով (Առդիր 5, կետ 5),
● ապահովել, որ ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի կողմից Ծրագրի և Ծրագրի բոլոր սարքավորումների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, շահագործումը և շահագործումից հանելը համապատասխանեն բնապահպանության, առողջապահության և ապահովության վերաբերյալ ՀՀ գործող օրենքներին ու կանոնակարգերին, բնապահպանական երաշխիքներին, և Ծրագրի համար նախնական բնապահպանական ուսումնասիրությամբ ու Ծրագրի բնապահպանական կառավարման պլանով ամրագրված բոլոր միջոցներին ու պահանջներին, ինչպես նաև Երաշխիքների մոնիտորինգի հաշվետվության մեջ ամրագրված ցանկացած` ուղղիչ կամ կանխարգելիչ գործողության (Առդիր 5, կետ 6),
● ապահովել, որ Ծրագրի համար պահանջվող` հողային և ճանապարհաուղիների բոլոր իրավունքները տրամադրվեն ժամանակին, և Ծրագիրը չունենա ոչ կամավոր վերաբնակեցման բացասական ազդեցություն, իսկ եթե Ծրագիրն ունենում է նման բացասական ազդեցություն, ապա ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի կողմից Ծրագիրը ՀՀ գործող օրենքներին և Վարկի տրամադրման կանոնակարգերի բնապահպանական երաշխիքներին համապատասխանեցնելու համար (Առդիր 5, կետ 7),
● ԷԷՀՕ-ի և ԲԷՑ-ի հետ մեկտեղ՝ հետևել ԱԶԲ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանը և ընդունել, որ ԱԶԲ-ն իրեն իրավունք է վերապահում հետաքննելու Ծրագրին առնչվող` կոռուպցիայի, խարդախության, գաղտնի համաձայնության կամ որևէ այլ հարկադիր գործելակերպ, և համագործակցել ցանկացած նման հետաքննության հետ` տրամադրելով անհրաժեշտ օգնություն` այդ հետաքննությունը բավարար կերպով ավարտելու համար (Առդիր 5, կետ 15):
7. Սահմանադրական դատարանը նշում է, որ Համաձայնագրով ֆինանսավորվող Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի այն դրույթներին, ըստ որոնց` Հայաստանի կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունեն այն նախագծերին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, որոնք կերաշխավորեն սոցիալ-տնտեսական զարգացումը, կունենան համազգային նշանակություն և կապահովեն երկրի էներգետիկ անվտանգության և անկախության բավարար մակարդակ:
ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Համաձայնագրով նախատեսված Ծրագրի պատշաճ իրականացման արդյունքում զգալիորեն կաճի Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետությունը և հուսալիությունը, ինչպես նաև կկրճատվեն էլեկտրահաղորդման կորուստները, ինչը համապատասխանում է բնական պաշարների ողջամիտ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրում /Հատուկ գործառնություններ/ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 դեկտեմբերի 2014 թ. |