ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.
2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.
3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
5) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «5» թիվը փոխարինել «7» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.».
3) 4-րդ կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ավարտից առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող հանդիսանալ՝
1) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի բաժնետիրոջ (մասնակցի) այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը.
2) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագրված անձինք պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի «մինչև 2020 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով տրամադրված հավաստագրերը գործում են ստացման պահից 5 տարի ժամկետով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 20 Երևան ՀՕ-47-Ն
ՆախագահՍ. Սարգսյան