ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 550-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 582-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում, որոշման N 3 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, «ա» և «բ» կետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում և որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին» բառերով, որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով, իսկ որոշման մեջ և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը` «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հավատարմագրման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 508-Ն որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, իսկ նույն հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1230-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերով, որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի» բառերով, իսկ 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը» բառերով:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 582-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակը մրցակցության խթանման և տնտեսության հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումն է` տնտեսական քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`
1) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.
2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.
3) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.
4) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը.
5) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը.
6) տեղեկատվական հասարակության ձևավորումը.
7) նախարարությունում «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքի ձևավորումը և նախարարության կողմից բարձրորակ ծառայությունների ապահովումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունը նշված նպատակի և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`
ա. հետազոտում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,
բ. համակարգում է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակը (ԱՀՌԾ) և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականության մշակման աշխատանքները, իր իրավասության սահմաններում ապահովում դրա իրականացումը,
գ. մշակում և իրականացնում է միկրոտնտեսական քաղաքականությունը և մասնակցում մակրոտնտեսական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,
դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,
ե. ապահովում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի, ըստ անհրաժեշտության, փորձաքննությունը, այդ ծրագրերի կատարման ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,
զ. մասնակցում է մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակմանը` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,
է. մասնակցում է սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության մշակմանը,
ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և մասնակցում դրա իրականացմանը,
թ. համակարգում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան,
ժ. իր իրավասության սահմաններում համակարգում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում «Հայաստան-Եվրոպական միություն» գործողությունների ծրագրի իրականացումը, և այդ ծրագրերի մասով Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները,
ժա. համակարգում է եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերը,
ժբ. ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը,
ժգ. համակարգում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և միջազգային այլ տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և մշտական ներկայացուցիչների գործունեությունը,
ժդ. իր իրավասությունների սահմաններում մասնակցում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի մշակմանը,
ժե. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում համագործակցության իրականացումը,
ժզ. կատարելագործում է նախարարության կառավարման ներքո գտնվող պետական գույքի օգտագործման մեխանիզմները, մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը.
2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`
ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը, համակարգում դրա իրականացումը, աջակցում արդյունաբերական և ծառայությունների համախմբերի (կլաստերների) ձևավորմանը,
բ. մասնակցում է տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, նախաձեռնում և իրականացնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր,
գ. աջակցում է մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմանը և իրականացմանը,
դ. մշակում և իրականացնում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը, համակարգում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
ե. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
զ. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,
է. մշակում է տնտեսության ոլորտներում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
ը. մշակում է ռազմարդյունաբերական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացումը,
թ. իր իրավասությունների սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեությունը,
ժ. իր իրավասությունների սահմաններում ապահովում է Քիմբեռլիի գործընթացի իրականացումը,
ժա. ռազմական դրության պայմաններում մշակում է տնտեսության կառավարման հիմունքները, զորահավաքային նախապատրաստության կազմակերպական ու մեթոդական հիմքերը և համակարգում դրա իրականացումը.
3) գիտելիքի տնտեսության, նորամուծության և ձեռներեցության ոլորտում`
ա. իրականացնում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը և նպաստում դրանց զարգացմանը,
բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացումը` ներառյալ «Նորամուծությունների հաշվետվություն» պարբերականի կազմումը,
գ. իրականացնում է գիտելիքի տնտեսության և նորամուծական նպատակային ծրագրերը,
դ. մշակում է կազմակերպությունների և ձեռնարկատիրության պետական աջակցության քաղաքականությունը,
ե. նպաստում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միջազգայնացմանը,
զ. մշակում և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է «տնտեսություն-գիտություն», «գիտություն-համալսարաններ» կապերի ընդլայնման քաղաքականությունը,
է. մշակում է գիտական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը, աջակցում վենչուրային գործընթացների ակտիվացմանը, ապահովում տեղական և համաշխարհային շուկաներում դրանց իրացման համար բարենպաստ պայմաններ,
ը. համակարգում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,
թ. մշակում և իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.
4) արդյունավետ շուկաների ոլորտում`
ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում և իրականացնում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը,
բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,
գ. միջոցներ է ձեռնարկում բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ. համակարգում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը,
դ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում և իրականացնում է տվյալ ոլորտի քաղաքականությունը,
ե. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,
զ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները, աջակցում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորմանը և ներդրմանը,
է. ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,
ը. առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ.
5) գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`
ա. մշակում և իրականացնում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, համակարգում Հայաստանի Հանրապետությունը որպես «Գործարարությամբ զբաղվելու գերազանցության կենտրոն» ծրագրի իրականացումը,
բ. ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և ապահովում դրա գովազդումը,
գ. մշակում և իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը,
դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,
ե. ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ,
զ. համակարգում է տնտեսության պետական կարգավորման և վերահսկողության քաղաքականությունը` հանդես գալով փորձաքննություն իրականացնող,
է. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, առաջնորդում և համակարգում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացը,
ը. աջակցում է էլեկտրոնային հաղորդակցության ներքին և արտաքին ցանցերի մատչելիության և հասանելիության ապահովմանը,
թ. միջոցներ է ձեռնարկում պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնման ուղղությամբ, մշակում դրանց լիարժեք հասանելիության ծրագրերը և համակարգում դրանց իրականացումը.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրները և գործառույթները, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Նախարարը`
ա. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական և այլ իրավական ակտեր,
բ. ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
գ. օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,
դ. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում և գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
զ. պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին,
է. օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները,
ը. սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
թ. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,
ժ. լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,
ժա. վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ,
ժբ. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,
ժգ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը,
ժդ. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,
ժե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ,
ժզ. ստեղծում է խորհրդակցական մարմիններ,
ժէ. իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարի տեղակալը`
ա. համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում,
բ. իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ,
գ. նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,
դ. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները,
ե. համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը,
զ. իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
է. իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,
ը. պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին,
թ. ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,
ժ. նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին,
ժա. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, որպես պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
19. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետություն օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
21. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ:
27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
39. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
40. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա. վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը,
բ. հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
գ. որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,
դ. հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը,
ե. իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտավորությունները չկատարելու համար:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա. առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար,
բ. օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
գ. իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
ե. օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ,
զ. նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվությունները կազմելը և դրանք ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար,
է. նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
ը. կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,
թ. կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը,
ժ. վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը,
ժա. նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները,
ժբ. ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմերի հետ,
ժգ. շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,
ժդ. կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները,
ժե. ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը,
ժզ. իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
49. Նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Տնտեսական քաղաքականության մշակման և վերլուծության վարչություն
2) Եվրոպական միության և միջազգային տնտեսական համագործակցության վարչություն
3) Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի և պետական-մասնավոր համագործակցության վարչություն
4) Արդյունաբերության և ծառայությունների վարչություն
5) Ռազմաարդյունաբերության վարչություն
6) Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
7) Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն
8) Գիտելիքի տնտեսության և նորարարության վարչություն
9) Ձեռներեցության խթանման և ձեռնարկությունների աջակցության վարչություն
10) Կորպորատիվ և մրցակցային քաղաքականության վարչություն
11) Սպառողների շահերի պաշտպանության և որակի համակարգի վարչություն
12) Առևտրի խթանման վարչություն
13) Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչություն
14) Տեղեկատվական հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման վարչություն
15) Իրավաբանական վարչություն
16) Ֆինանսաբյուջետային վարչություն
17) Կազմակերպատնտեսական վարչություն
18) Անձնակազմի կառավարման վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
1) Ներքին աուդիտի բաժին
2) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
3) Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Մտավոր սեփականության գործակալություն
2. Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն
3. Հավատարմագրման գործակալություն
4. Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |