«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
5 ապրիլի 2007 թվականի N 421-Ա
«ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Աբովյան 10 հասցեում գտնվող` 1250.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքն ու 56 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մարտի 19-ին գնահատված արժեքը՝ 221757 հազ. դրամ.
2) գույքի վաճառքի գինը` 166318 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09483 հեկտար հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով՝ ընդ որում`
1) գույքի վաճառքի գնի 70 տոկոսը գնորդը վճարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտաբյուջետային հաշվին՝ ակադեմիայի` Երևանի Բաղրամյան 24ա հասցեում գտնվող գլխավոր մասնաշենքի 1-ին հարկը վերանորոգելու ու մասնաշենքի շարունակությամբ ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենք կառուցելու և նշված շենքից «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երևանի Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքի մակերեսին համապատասխան մակերեսով տարածք հատկացնելու նպատակով, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ գանձապետական հաշվին.
2) հողի վաճառքի գումարը գնորդը վճարում է «Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված վճարները վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 2 տարվա ընթացքում ներդնել 150 000 հազ. դրամ՝ համամասնորեն.
2) գույքի (որպես պատմության և մշակույթի անշարժ հուշարձան) վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մասին» օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան.
3) իր միջոցների հաշվին ապահովել «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի և իրերի, ինչպես նաև թանգարանի նմուշների անվնաս տեղափոխումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի` Երևանի Բաղրամյան 24ա հասցեում գտնվող գլխավոր մասնաշենքի շարունակության վրա կառուցվելիք նոր մասնաշենքի և 1-ին հարկի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո.
4) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 862760 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ընդունել ի գիտություն, որ գնորդը պարտավորվում է նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությամբ իր միջոցների հաշվին 2 տարվա ընթացքում վերջինիս համար ձեռք բերել սարքավորումներ կամ կատարել աշխատանքներ (մատուցել ծառայություններ)՝ առնվազն 100 000 հազ. դրամ արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|