ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 դեկտեմբերի 2017 թ. |
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի ներկայացուցիչ Ա. Հարությունյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության՝ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (Օրենսգիրք)` «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը» վերտառությամբ 213-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.
«1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»:
Օրենսգրքի 213-րդ հոդվածը փոփոխության և լրացման չի ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2017 թվականի ապրիլի 10-ին հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի ու թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին դիտորդի գնահատականն արձանագրելուն պարտավորեցնելու և թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 07.04.2017թ. թիվ 7-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով: ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի ապրիլի 14-ի վճռով հայցը մերժվել է (ՎԴ/3108/05/17):
ՀՀ վարչական դատարանը վերոհիշյալ վճռի 3-րդ կետում թույլ է տվել վրիպակ՝ ամրագրելով, որ «...վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը»: ՀՀ վարչական դատարանն իր՝ 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ ուղղել է հիշյալ վրիպակը՝ ամրագրելով, որ «...վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ կերպ. «Սույն վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ»:
3. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին:
Դիմողը վկայակոչելով դատական պաշտպանության իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ընտրական վեճերով բողոքարկման չափանիշների և սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցներում ներկայացված առաջարկները՝ եզրահանգում է, որ ընդհանուր սկզբունքն այն է, որ ընտրական գործերի շրջանակներում ներպետական օրենսդրությունը պետք է երաշխավորի ընտրական գործընթացին մասնակցող յուրաքանչյուր անձի՝ արդար դատաքննության իրավունքը՝ ներառյալ դատական ակտի բողոքարկման հնարավորությունը, ինչն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով չի ապահովվում:
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով սահմանափակում է ՀՀ վարչական դատարանի կողմից Օրենսգրքի 28-րդ գլխի կանոններով քննվող գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման իրավունքը:
4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին՝ գտնում է, որ Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Պատասխանող կողմը վկայակոչելով ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավակարգավորումները, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքը կարող է օրենքով ենթարկվել իրավաչափ սահմանափակումների, ինչն առկա է, երբ սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, ինչպես նաև այդ սահմանափակումները համապատասխանում են արդարադատության ընդհանուր սկզբունքներին:
Պատասխանող կողմը նշում է, որ Օրենսգրքի 28-րդ գլխի դրույթներով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության բացառումը պայմանավորված է այդ գործերին բնորոշ առանձնահատկություններով, մասնավորապես, որպես այդպիսին հանդիսանում են ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված ժամկետային սահմանափակումները:
Պատասխանողի կարծիքով՝ սույն գործի շրջանակներում ամբողջությամբ կիրառելի են ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-1314 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Մասնավորապես, պատասխանողի կողմից վկայակոչվում է նաև հիշյալ որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, համաձայն որի՝ հավաքի անցկացման գործերով օրենսդիրը որպես արդյունավետ իրականացման երաշխիք դիտարկել է վարչական դատարանի կոլեգիալ կազմը, դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների սահմանափակ կազմը, դատարան դիմելու և դատաքննության՝ ընդհանուր կարգավորումից տարբեր առավել սեղմ ժամկետները:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման անհնարինության սահմանադրականության հարց: Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը՝ Սահմանադրական դատարանը, սույն գործի շրջանակներում, անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի երաշխավորման և ապահովման խնդրին, մասնավորապես, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ընտրական իրավունքի և հանրաքվեին մասնակցելու իրավունքի դատական պաշտպանության համատեքստում՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջը:
6. Անձի դատական պաշտպանության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Իր բազմաթիվ որոշումներով (մասնավորապես, ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-936, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289, ՍԴՈ-1314, ՍԴՈ-1394) անդրադառնալով դատական բողոքարկման ինստիտուտին, դրա արդյունավետ իրացման օրենսդրական ապահովման անհրաժեշտությանը՝ Սահմանադրական դատարանը խնդիրը դիտարկել է ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու և ապահովելու տեսանկյունից և արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) « ... սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (ՍԴՈ-936),
բ) «... դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես՝ ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ)» (ՍԴՈ-936),
գ) «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (ՍԴՈ-1037):
Վարչական դատավարության շրջանակներում ընտրական իրավունքի և հանրաքվեին մասնակցելու իրավունքի դատական պաշտպանության առումով նույնպես Սահմանադրական դատարանը, ինչպես վերոնշյալ, այնպես էլ ընտրությունների արդյունքներով ծագած վեճերի վերաբերյալ գործերով ընդգծել է ընտրական գործընթացներում բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ պահանջների առանձնահատկությունների կարևորությունը՝ տվյալ գործընթացի բոլոր փուլերում։
Սահմանադրական դատարանը նկատի ունենալով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ գտնում է, որ դրանք նպատակաուղղված են ընտրական խախտված իրավունքները սահմանադրական արդարադատական կարգով պաշտպանելու համար կայուն իրավական նախադրյալներ ստեղծելուն, ինչպես նաև ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունն ապահովելուն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում ևս բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին և նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես` բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել՝ կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան: Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի դրա էությունը: Դրանք համապատասխանում են կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն օրինական նպատակ և կիրառված միջոցների ու դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (Golder v. United Kingdom, 21 feb. 1975, Fayed v. United Kingdom, 21 sept. 1990, Ashingdane v. United Kingdom, 28 may 1985, Garcia Manibardo v. Spain (15 feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 4 dec. 1995, Philis v. Greece, 27 aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 13 jul. 1995):
7. Ընտրական իրավունքի և հանրաքվեին մասնակցելու իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար անհրաժեշտ երաշխիքների, ինչպես նաև կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության կարևորության լույսի ներքո Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական դատավարության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկություններին:
Նախ հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի մայիսի 8-ի ՍԴՈ-700 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի դրույթներով կարգավորվող ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության հարցերին, ամրագրել է, որ, մասնավորապես. «Նկատի ունենալով, որ ընտրությունները ժամկետային գործընթաց են, օրենսդիրը սահմանել է այդ բնույթի դիմումների քննության հնարավոր կրճատ ժամկետներ։ ... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի 155 հոդվածն ամրագրում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վեճերով դատարանի վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Օրենքի այս պահանջը նպատակ է հետապնդում վերացնել ընտրական իրավունքի խախտումները մինչև ընտրությունների ավարտը, այլապես խախտված իրավունքի վերականգնման վերաբերյալ դատարանի վճիռը կկորցնի իր իմաստը՝ դիմողը չի կարող մասնակցել ընտրություններին, ընտրել կամ ընտրվել: ...
ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի ընձեռում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող գլխի կանոնները, սահմանելով նման բնույթի գործերի քննության սեղմ ժամկետներ և բացառելով վճռի բողոքարկումը, դատարանին հնարավորություն են տալիս ողջամիտ ժամկետում վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու, կուսակցության (կուսակցությունների միավորումների) ընտրական խախտված իրավունքները»։
Օրենսդրական հետագա զարգացումների համատեքստում Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (մասնավորապես` 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780, 2012 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշումներ) ընդգծել է, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում կարևոր իրավազորություն է վերապահվել 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական դատարանին: Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1028 որոշմամբ ամրագրել է, որ. «Նկատի ունենալով ընտրական իրավունքի դատական պաշտպանության դատավարական առանձնահատկություններն ու այդպիսի գործերով ընդդատության հանգամանքը, ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են, որ առանձին ընտրական վեճեր քննվում և լուծվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: ...
ՀՀ օրենսդրությամբ սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնք նախապես քննության պետք է առնվեն և իրավական լուծում ստանան ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում, ինչպես նշվեց, վերջնական են և վերանայման ենթակա չեն:
Հաշվի առնելով նշված հանգամանքները և նկատի ունենալով ՍԴՈ-433, ՍԴՈ-703 և ՍԴՈ-736 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ընտրական գործընթացներում թեկնածուների գրանցման և այն վեճերին, որոնց լուծումն օրենքով սահմանված կարգով վերապահված է ՀՀ վարչական դատարանին, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա չեն կարող հանդիսանալ, իսկ որպես ապացուցողական հիմք ընդունվում են վարչական դատարանի վերջնական ակտերը»:
Քննության առարկա հարցի համատեքստում հարկ է նկատել նաև, որ միջազգային արդարադատական մարմինների պրակտիկայում նույնպես դատավարական նման ընթացակարգերն իրավաչափ են համարվում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ (մասնավորապես՝ Staroszczyk v. Poland, գանգատ թիվ 59519/00, 2007թ. մարտի 22-ի վճիռ, պարբ. 125, Sialkowska v. Poland, գանգատ թիվ 8932/05, 2007թ. մարտի 22-ի վճիռ, պարբ. 103)։ Իր հերթին, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, և՛ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, մասնավորապես, 1995թ. փետրվարի 7-ի R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածում, որպես կանոն, շեշտելով ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման հնարավորության անհրաժեշտությունը, միաժամանակ նկատի են առել, որ եթե նպատակահարմար է համարվում նախատեսել շեղում նշված սկզբունքից, ապա այդ շեղումը պետք է հիմնվի օրենքի վրա և պետք է համապատասխանի արդարադատության ընդհանուր սկզբունքներին։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը վարչական դատարանում իրականացվում է Օրենսգրքի 28-րդ գլխում նախատեսված իրավական կանոններով, որոնք, իրավակարգավորման առանձնահատկություններից ելնելով, ամփոփված են Օրենսգրքի՝ «Հատուկ վարույթներ» վերտառությամբ 5-րդ բաժնում:
ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-1314 որոշմամբ Օրենսգրքի ընդհանուր և հատուկ իրավակարգավորումներ նախատեսող նորմերի համակարգված վերլուծության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, ըստ որի` «...հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված ընթացակարգերն օբյեկտիվորեն առանձնահատուկ են ըստ`
- դատական վերահսկողության օբյեկտների (նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ընտրական իրավունքի պաշտպանության, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման, անձնական տվյալների պաշտպանության, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու, նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործեր),
- դատարանի կազմի (առաջին ատյանի կոլեգիալ և միանձնյա կազմով),
- գործ հարուցելու և վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման (դիմող անձանց կազմի) առանձնահատկության,
- հայց ներկայացնելու ժամկետների (կրճատ ժամկետների) և կարգի,
- հայցադիմումը վարույթ ընդունելու և մերժելու ընթացակարգի,
- գործի վարույթը կասեցնելու և կարճելու ընթացակարգի,
- դատաքննության կազմակերպման, փաստական հանգամանքների ապացուցման,
- գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու և այդ ակտերից բխող իրավական հետևանքների և բողոքարկելիության (բողոքարկելի կամ բողոքարկման ոչ ենթակա) առանձնահատկության»:
Վերոհիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ հատուկ վարույթի շրջանակներում վարչաարդարադատական ընդհանուր կանոններից տարբեր՝ առանձնահատուկ իրավակարգավորումներ նախատեսելը կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված (61-րդ հոդվածի 1-ին մաս, 75-րդ հոդված)՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կազմակերպական և ընթացակարգային ընդհանուր սկզբունքների իրացումը, միտված է արագ, արդյունավետ արդարադատության իրականացմանը, հանրային իրավական նշանակության հրատապ հարցերի լուծմանն ու անձանց՝ Սահմանադրությամբ ու օրենքով ամրագրված իրավունքների պաշտպանությանը:
Սույն գործով քննության առարկայի համատեքստում Սահմանադրական դատարանը նաև հարկ է համարում վկայակոչել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)` 2016 թվականի հուլիսի 28-ի N 190/2002 եզրակացությամբ (CDL-AD (2002)023rev2) ամրագրված այն դիրքորոշումը, ըստ որի՝ բողոքարկման (ընտրական օրենսդրության խախտման փաստերի արտադատական և դատական բողոքարկման) ընթացակարգը պետք է առավելագույն սեղմ ժամկետում լինի` հատկապես ընտրությունների նախօրյակին ընդունվող որոշումների բողոքարկման մասով: Հիշյալ եզրակացությամբ ամրագրված է նաև, որ նախ՝ բողոքարկման ընթացակարգը չպետք է արգելակի ընտրական գործընթացը, երկրորդ` քանի որ բողոքարկման արդյունքում ընդունված որոշումները չեն կարող ընտրությունների ամսաթվի տեղափոխման հիմք հանդիսանալ` այդ որոշումները պետք է ընդունվեն ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները պետք է շատ սեղմ լինեն, և բողոքարկման գործընթացի արդյունքում ընդունված որոշումները պետք է հնարավոր չափ օպերատիվ կերպով ընդունվեն: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ բողոքարկման ժամկետները պետք է բավարար լինեն, որպեսզի հնարավոր լինի բողոքարկումը, երաշխավորվի պաշտպանության իրավունքի իրացումը և հնարավոր լինի ընդունել ծանրակշիռ որոշում:
Հաշվի առնելով վերոշարադրյալ մոտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.
- սահմանադրականության տեսանկյունից իրավաչափ է այն հանգամանքը, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով օրենսդիրը, ընտրական գործընթացի ժամանակային սահմանափակումների առանձնահատկություններից ելնելով, վարչական դատարանին առաջադրել է արագ (սեղմ ժամկետներում), գործի հանգամանքների ամբողջական, բազմակողմ և արդյունավետ այնպիսի քննություն իրականացնելու իրավական խնդիր, որի արդյունքում գործով ըստ էության կայացված ակտն իրավաբանական ուժի տեսանկյունից անշրջելի` անբողոքարկելի լինելով հանդերձ, կերաշխավորի նաև անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը,
- անբողոքարկելի դատական ակտի առկայության պայմաններում որպես անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք օրենսդիրը դիտարկել է առանձին գործերի քննության և լուծման համար վարչական դատարանի կոլեգիալ կազմ (մասնավորապես` 5 դատավորի կազմով` Օրենսգրքի 196, 208-րդ հոդվածներ, 3 դատավորի կազմով` 203-րդ հոդված),
- Օրենսգրքի 208-րդ հոդվածում 5 դատավորի կազմով քննության են ենթակա հատկապես այն գործերը, որոնք առնչվում են ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված վերջնական որոշումներին /որոնք Սահմանադրական դատարանում բողոքարկելի չեն/, այլև ողջ ընտրական համակարգին առնչվող այնպիսի իրավունքների պաշտպանությանը, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ընտրական գործընթացի անխափան իրականացման և ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման տեսանկյունից: Դրանց թվին են դասվում, մասնավորապես, թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
Նկատի ունենալով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժեշտությունը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական դատարանին կարևորագույն դերակատարություն է վերապահված ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում, Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վերոնշյալ օրենսդրական կարգավորումները դեռևս անհրաժեշտ ներդաշնակություն չեն երաշխավորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումների առումով:
8. Անբողոքարկելի դատական ակտի առկայության պայմաններում մարդու դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիքների համատեքստում կարևորելով առանձին ընտրական գործերի կոլեգիալ քննության և լուծման կարգի նախատեսումը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ վերջինս, ի թիվս այլնի, միտված է նվազեցնել ընտրական գործերի քննության ժամանակ հնարավոր սուբյեկտիվիզմի տարատեսակ դրսևորումները, նպաստել արդարադատության շահերի պաշտպանությանը և բացառել հնարավոր դատական սխալները:
Օրենսգրքի` «Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը» վերտառությամբ 208-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը գործերի քննության և լուծման կոլեգիալ կարգ սահմանել է, ինչպես նշվեց, ընտրական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող մի շարք կարևոր հանգամանքների առումով: Մինչդեռ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պատշաճ մակարդակի, ընտրությունների օրինականության ապահովման, ընտրական իրավունքների պաշտպանության համար պակաս կարևոր չեն ընտրական գործընթացներին առնչվող նաև այլ գործեր, որոնք քննվում և լուծվում են միանձնյա կարգով:
ՀՀ ընտրական օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը հատուկ կարևորել է ընտրությունների անցկացման և ամփոփման փուլերում կայացված առանձին որոշումների և համապատասխան մարմինների գործողությունների արդյունքում ընդունված իրավական փաստաթղթերի նշանակությունն ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացում: Այսպես, ՀՀ ընտրական օրենսգրքի` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը» վերտառությամբ 75-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Կարևորելով ընտրությունների անցկացման և ամփոփման փուլերում կայացված առանձին որոշումների և համապատասխան մարմինների գործողությունների արդյունքում ընդունված իրավական փաստաթղթերի առանցքային դերն ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացում՝ ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 28-ի ՍԴՈ-1364 որոշմամբ ամրագրել է, որ «ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-1028) նաև բազմիցս շեշտել ու ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտներին պարզաբանել է, որ՝ ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) գործող 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պարզում է՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ իրավական անհրաժեշտ հիմնավորմամբ են առկա եղել ու հաշվի առնվել.
ա) քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,
բ) իրավասու դատարանների՝ ընտրական գործընթացին առնչվող ակտերը,
գ) ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,
դ) տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,
ե) քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումները»:
Սույն գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թիվ ՎԴ/3108/05/17 վարչական գործի շրջանակներում քննության առարկա են հանդիսացել թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի ու թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ թիվ 14/10 տեղամասային ընտրական հանձնաժողովին դիտորդի գնահատականը գրանցամատյանում արձանագրելուն պարտավորեցնելու և թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 07.04.2017թ. թիվ 7-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովին` դիտորդի գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջի ինչպես արտադատական, այնպես էլ դատական քննությունը և քննության շրջանակներում պատշաճ դատավարական երաշխիքների ապահովումն անմիջականորեն առնչվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների` որպես ընտրության արդյունքներն ամփոփելու համար նախատեսված հիմքին:
ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս է անդրադարձել ընտրական գործընթացում գրանցամատյանների վարման կարևորությանը, ինչը, սակայն, դեռևս պատշաճ մակարդակով չի իրականացվում: Սույն գործի նյութերը վկայում են, որ խնդրի լուծումը ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում առկա թերացումների հաղթահարմամբ է պայմանավորված, այլև առանձին օրենսդրական լուծումների վերանայում է պահանջում: Վերջինս հատկապես վերաբերում է ընտրական վեճերով անբողոքարկելի դատական ակտի առկայության պայմաններում մարդու դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք հանդիսացող գործերի կոլեգիալ քննության կարգի օրենսդրական ամրագրման բացակայությանը` այն դեպքերում, երբ դատարանի կողմից քննվում են ընտրական իրավունքի պաշտպանության և ընտրությունների արդյունքների ամփոփման ոլորտին վերաբերող առանցքային հարցեր:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրությունների արդյունքների ամփոփման համար հիմք հանդիսացող իրավական փաստաթղթերի և/կամ ակտերի, այդ թվում՝ նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում խախտումներն արձանագրելու վերաբերյալ ծագած ընտրական վեճերի քննության և լուծման ժամանակ օրենսդրի կողմից պետք է երաշխավորվեն անբողոքարկելի դատական ակտի առկայության պայմաններում անձի դատական պաշտպանության արդյունավետ իրացման երաշխիքները, մասնավորապես՝ գործերի կոլեգիալ քննության կարգի ամրագրումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում:
Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ պետք է ապահովվի ընտրությունների արդյունքների ամփոփման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի և փաստաթղթերի /այդ թվում` գրանցամատյանների/ առնչությամբ ծագող ընտրական վեճերի կոլեգիալ կարգով քննությունը՝ օրենսդրորեն անհրաժեշտ ներդաշնակություն ապահովելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի և ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումների միջև:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 19 դեկտեմբերի 2017 թվականի ՍԴՈ-1395
Գ. Հարությունյան