600.0007.02.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1999 թվականի, N 7
քաղ. Երևան
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՄՈՏ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
Հաստատել ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղչ սակագնից օգտվելու կարգը (կցվում է):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՄՈՏ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Ցածր լարման սպառողներին (բացառությամբ բնակչության) թույլատրվում է օգտվել գիշերային զեղչ սակագնից հետևյալ պայմանների ապահովման դեպքում.
ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով էլեկտրաէներգիայի բազմասակագնային հաշվառքի սարքի պետստուգաչափում և տեղադրում.
բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության հետ նախկինում կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարում:
2. Բազմասակագնային հաշվառքի սարքի ձեռքբերման և պետստուգաչափման հետ կապված ծախսերը կատարվում են նախաձեռնողի հաշվին:
3. Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի դիմումն ստանալուց հետո, 7 օրվա ընթացքում սահմանված կարգով` անվճար տեղադրում է պետստուգաչափված հաշվառքի սարքը:
4. Տեղադրվող հաշվառքի սարքը պետք է համապատասխանի ՀՀ ստանդարտներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական պայմաններին:
5. Հաշվառքի սարքը սահմանված կարգով տեղադրելուց հետո, հոլոգրաֆիկ կապարակնիքով կապարակնքվում է էլեկտրամատակարարող ընկերության կողմից, իսկ կնիքի անվանական համարը ամրագրվում է էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի մեջ:
6. Հաշվառքի սարքի պահպանման, շահագործման հարցերը, պլանային և ոչ պլանային ստուգումներն ու այլ խնդիրները կարգավորվում են էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրով, ԷՕԿ-ով, այլ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ: