Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.02.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.02.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
09.02.2024
Дата вступления в силу
09.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0994/04/21

2024 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0994/04/21

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

Դատավորներ`

 Դ. Սերոբյան

 Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. Հովսեփյան

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. Մկրտչյան

  

2024 թվականի փետրվարի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ «Ա.Կ.Ս.-ՌՈՅԱԼ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2021 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 19.07.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ սնանկության գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ստեփան Լեփյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 19-րդ ու 103-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 11-րդ, 62-րդ, 182-րդ և 191-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այն դեպքում, երբ ներկայացվել է հարկադրված սնանկության դիմում և այդ դիմումը սնանկության հիմքերից որևէ մեկի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ մերժվել է, ապա պարտատերը զրկված չէ նույն դիմումով նույն անձի դեմ Սնանկության դատարան դիմելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է դիմումը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության դեպքում պարտատիրոջ կողմից նույն դիմումով և նույն անձի դեմ հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու հնարավորություն, ուստի քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է այլ կանոն, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սույն սնանկության գործով կիրառելի չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.07.2021 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք՝ պայմանավորված նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, ինչն էլ միանգամայն բավարար հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու համար:

Սույն գործով ներկայացված սնանկության դիմումի քննության ընթացքում ևս պարտավորության հիմքում դրված պայմանագրերի վիճարկման հայցը դեռևս գտնվում է քննության փուլում, ինչն իր հերթին նշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկի՝ անվիճելիության բացակայության հարցը դեռևս քննության առարկա է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԵԱՔԴ/0443/04/16 սնանկության գործով Բանկը դիմում է ներկայացրել դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։

Պահանջի հիմքում դրվել են նաև հետևյալ գրավոր գործարքները՝

ա) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 21.01.2010 թվականին կնքված թիվ FW0.369 գլխավոր վարկային պայմանագիրը,

բ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4229/FW0.369 ենթավարկային պայմանագիրը,

գ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4230/FW0.369 ենթավարկային պայմանագիրը,

դ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.03.2016 թվականին կնքված թիվ 14.4319/FW0.369 ենթավարկային պայմանագիրը (հիմք` «www.court.am»).

2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Ընկերության վերաքննիչ բողոքը, 11.05.2017 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի վճիռը բեկանելու ու այն փոփոխելու` Բանկի դիմումը մերժելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝

- «Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, իսկ պարտապանը առարկել է ներկայացված պահանջի դեմ այն հիմքով, որ մեկ այլ դատարանում վիճարկել է պարտավորության հիմք հանդիսացող պայմանագրերը, այսինքն` պարտապանը, ում սնանկ ճանաչելու մասին պահանջ է ներկայացվել որոշակի պայմանագրից ծագած պարտավորությունների համար, վիճարկում է հենց այն պայմանագրերի վավերականությունը, որոնք դրված են սնանկության պահանջի հիմքում»,

- ««ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Դատարան ներկայացված սնանկ ճանաչելու պահանջի դեմ «Ա.Կ.Ս. ՌՈՅԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առարկությունը, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, ըստ որի մեկ այլ դատարանում վիճարկվում է պարտավորության հիմք հանդիսացող պայմանագիրը, գնահատվում է` որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալ և հանգեցնում դրամական պարտավորության վիճելիության, ինչը նշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկը, այն է` անվիճելիությունը սույն դեպքում բացակայում է»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2017 թվականի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հիմք` «www.court.am»).

3) 07.02.2017 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Ընկերության հայցն ընդդեմ Բանկի՝ նաև վերը նշված թվով չորս պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին (անվիճելի փաստ)։

Վերը նշված՝ թիվ ԵԿԴ/0341/02/17 քաղաքացիական գործը դեռևս գտնվում է քննության փուլում (հիմք` «www.court.am»).

4) սույն գործով դիմումը Դատարան է ներկայացրել Բանկը՝ խնդրելով Ընկերությանը ճանաչել սնանկ։ Դիմումը Դատարանում ստացվել է 06.05.2021 թվականին։

Պահանջի հիմքում դրվել են նաև վերը նշված հետևյալ գրավոր գործարքները՝

ա) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 21.01.2010 թվականին կնքված թիվ FW0.369 գլխավոր վարկային պայմանագիրը,

բ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4229/FW0.369 ենթավարկային պայմանագիրը,

գ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 30.09.2015 թվականին կնքված թիվ 14.4230/FW0.369 ենթավարկային պայմանագիրը,

դ) Բանկի իրավանախորդ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև 31.03.2016 թվականին կնքված թիվ 14.4319/FW0.369 ենթավարկային պայմանագիրը (հավելված 1-ին, գ.թ. 1-10)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել՝

 

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵՇԴ/0023/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0062/04/16 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականին և թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիական գործով 01.06.2018 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 1-ին հոդվածի ու 162-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ու 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումներ, որոնց առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժված լինելու պայմաններում նույն անձի կողմից նույն պարտապանին սնանկ ճանաչելու մասին նույն դիմումով Սնանկության դատարան կրկին դիմելու իրավական հնարավորության առանձնահատկություններին։

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում () սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Սնանկության դատարանում նաև սնանկության գործերի վարումը որպես կանոն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների համեմատ սահմանված են այլ կանոններ՝ արձանագրելով, որ այդ դեպքում սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքերի, և նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող։

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքները, որոնք միաժամանակ Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են նաև դատավարության մյուս կողմի համար: Չնայած հայց հարուցելը հայցվորի տնօրինչական իրավունքն է, սակայն այդ իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև իրավական որոշակիություն, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «միևնույն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում և որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված: Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն ու հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

«Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանն ընդդեմ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թիվ ԵՇԴ/0023/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 08.05.2014 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սնանկության դիմումը մերժելու դեպքում սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում անձը հնարավորություն ունի նույն պարտապանի դեմ դիմելու դատարան` նույն դիմումով։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «նույն դիմում» եզրույթը նշանակում է նույն ձևի և բովանդակության, այսինքն` միևնույն փաստական և իրավական հիմքեր պարունակող, նույն առարկայի մասին դիմում, որը ներկայացվել է նախկինում, և որի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին վճիռ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ուժով սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը կիրառելի չէ, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով դիմում կրկին ներկայացնելու հնարավորություն:

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ մերժված դիմումի առկայության պայմաններում դատարան դիմելու համապատասխան արգելքի առկայությունը կամ բացակայությունը հաստատելիս դատարանները պետք է պարզեն ստորև նշված հետևյալ հանգամանքները՝

1) ու՞մ կողմից է նախկինում ներկայացվել սնանկ ճանաչելու մասին դիմումը,

2) ո՞վ է տվյալ դիմումով հանդիսացել պարտապան,

3) արդյո՞ք սնանկ ճանաչելու մասին նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ,

4) ու՞մ կողմից է կրկին ներկայացվել սնանկ ճանաչելու մասին դիմումը,

5) ո՞վ է կրկին ներկայացված դիմումով հանդիսանում պարտապան,

6) արդյո՞ք նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է, այսինքն՝ կրկին ներկայացված դիմումում փաստական հանգամանքները և (կամ) դիմումի իրավական հիմքը փոխվել (փոփոխվել) են այն աստիճան, որ արդեն հնարավորություն են տալիս եզրահանգում անելու այն մասին, որ սնանկության հիմքերի առկայությունը դարձել է ակնհայտ։

Ընդ որում, սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ գնահատելու առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում սնանկության տվյալ հիմքի առկայությունը կարող է ակնհայտ լինել բացառապես այն դեպքում, երբ՝

1) անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։ Ընդ որում, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

2) սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է։

Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանը սնանկության վարույթի և ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը՝ սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք, մասնավորապես՝ այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը:

 «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 01042011 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացված հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում պարզվում է, որ դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ և այդ հիմքերի առկայությունը կրկին ակնհայտ չէ, նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերը նույնն են, ապա դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ մասի 1-ին մասի 2-րդ կետով, պարտավոր է որոշում կայացնել սնանկության գործի վարույթը կարճելու մասին։ Մինչդեռ, իրավիճակն այլ է, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացվում է հարկադրված սնանկության դիմում, որի շրջանակներում պարզվում է, որ թեկուզև դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, և նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ, սակայն սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է դարձել, այսինքն՝ կրկին ներկայացված դիմումում փոխվել (փոփոխվել) են փաստական հանգամանքներն ու (կամ) դիմումի իրավական հիմքը, և հաստատվում է, որ անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ու սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է։ Այս դեպքում բացակայում է ինչպես նույն անձի կողմից նույն անձի դեմ դիմում ներկայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում նշված արգելքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքը։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով Բանկը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հարկադրված սնանկության դիմում է ներկայացրել Դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին՝ դիմումի հիմքում դնելով այն, որ Ընկերությունը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրից ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է՝ որպես պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչելով պահանջի՝ գրավոր գործարքների վրա հիմնված լինելը։

Դատարանի 19.07.2021 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «թե՛ թիվ ԵԱՔԴ/0443/04/16, և թե՛ սույն սնանկության գործերով Բանկի պահանջը եղել է Ընկերության մոտ սնանկության հատկանիշների առկայությունը: Նշվածից հետևում է, որ նույն են նաև դիմումների փաստական և իրավական հիմքերը` մասնավորապես երկու դեպքում էլ Բանկը դրել է իր հանդեպ ստանձնած պարտավորությունները Ընկերության կողմից ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ընկերության մոտ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հատկանիշների առկայությունը»,

- «Փաստորեն վկայակոչված հիմքերով Ընկերության մոտ սնանկության հատկանիշների առկայության հարցը արդեն իսկ քննության առարկա է դարձել թիվ ԵԱՔԴ/0443/04/16 սնանկության գործի շրջանակներում, ինչի արդյունքում կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ, որպիսի պայմաններում Դատարանը սույն գործի շրջանակներում չէր կարող քննարկման առարկա դարձնել նշված դատական ակտով կողմերի իրավունքների և պարտականությունների բնույթը, այլ կերպ ասած` լրացնել կամ մեկնաբանել նշված դատական ակտը, քանզի դա չէր բխի իրավական որոշակիության վերաբերյալ վերոգրյալ վերլուծություններից»,

- «առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով պայմանավորված, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, ինչն էլ միանգամայն բավարար է հիմք է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորության կիրառման համար»,

- «սնանկության դիմումի քննության ընթացքում ևս պարտավորության հիմքում դրված պայմանագրերի վիճարկման հայցը գտնվել է քննության փուլում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ անվճարունակության հատկանիշներից մեկի՝ անվիճելիության բացակայության հարցը դեռևս եղել է քննության առարկա, այսինքն պահանջի դեմ առարկելու հիմքի բավարար լինելու կամ չլինելու հարց եղել է առկախված: Նշվածն էլ առնվազն վկայում է այն մասին, որ սույն սնանկության դիմումը Դատարան ներկայացնելու պահին ևս Բանկը չէր կարող հիմնավորել սնանկության հիմքերի ակնհայտ դարձած լինելու մասին, ուստիև չէր կարող օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նույն դիմումը ներկայացնելու հնարավորությունից»,

05.11.2021 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու՝ Դատարանի 19.07.2021 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ սնանկության գործի վարույթը կարճելու մասին։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին և 19-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ սույն գործով հարկադրված սնանկության դիմումը Դատարան կրկին ներկայացրել է նույն անձը՝ Բանկը, և կրկին խնդրել է սնանկ ճանաչել նույն անձին՝ Ընկերությանը։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, նախկինում ներկայացված դիմումը մերժվել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Ընկերության վճարային պարտավորությունը վիճելի է, այսինքն՝ վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն՝ սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ չի եղել, որպիսի եզրահանգումը պայմանավորված է եղել նրանով, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջը հիմնված է եղել գրավոր գործարքների վրա, և պարտապանն առարկել է ներկայացված պահանջի դեմ այն հիմքով, որ մեկ այլ դատարանում վիճարկել է պարտավորության հիմք հանդիսացող նաև այդ պայմանագրերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերը կրկին ակնհայտ չեն, դրանք լիովին նույնական են նախկինում ներկայացված դիմումում նշված սնանկության հիմքերի համեմատ, չեն փոխվել (փոփոխվել) դիմումում նշված փաստական հանգամանքները, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ կրկին ներկայացված դիմումի հիմքում ևս որպես Ընկերությանը սնանկ ճանաչելու իրավական հիմք վկայակոչվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, իսկ որպես փաստական հիմք՝ այն, որ Ընկերությունը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրից ավելի ժամկետով կետանց, և նշված կետանցը շարունակվում է՝ որպես պարտավորության անվիճելիությունը հաստատող հանգամանք վկայակոչելով պահանջի՝ վերը նշված գրավոր գործարքների վրա հիմնված լինելը։

Միաժամանակ նույն հիմքերով պարտավորության անվիճելի լինելու հանգամանքն է վիճարկել Ընկերությունը՝ ըստ էության նշելով, որ թեկուզև պահանջը հիմնված է գրավոր գործարքների վրա, սակայն ինքը տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ դատական կարգով վիճարկում է Բանկի դիմումի հիմքում դրված՝ վճարային պարտավորության հիմք հանդիսացող գործարքները, որի արդյունքում վճարային պարտավորությունը դարձել է վիճելի:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ կապված վերը նշված հիմքով սնանկության գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ մասի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու հետ, հիմնավոր է և բխում է ինչպես վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի, այնպես էլ դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների բովանդակությունից։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայում է վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքի մյուս հիմքերին՝ կապված Վերաքննիչ դատարանի կողմից Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ու 103-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 11-րդ, 62-րդ և 191-րդ հոդվածները խախտելու հետ, անդրադառնալու իրավական հնարավորությունը, քանի որ թեկուզև այդ նորմերը վկայակոչվել են որպես վճռաբեկ բողոքի հիմք, սակայն դրանք վճռաբեկ բողոք բերած անձի կողմից բողոքում չեն ներառվել որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք այն առումով, որ այդ նորմերի խախտման արդյունքում է խաթարվել արդարադատության բուն էությունը, իսկ դրա արդյունքում՝ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննությամբ հերքվում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով բողոքը վարույթ ընդունելու հիմքի հիմնավոր լինելը, քանի որ Վերաքննիչ դատարանի 05.11.2021 թվականի որոշման մեջ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները համեմատական վերլուծության ենթարկելով 08.05.2014 թվականին թիվ ԵՇԴ/0023/04/13, 27.12.2017 թվականին թիվ ԵԿԴ/0062/04/16 ու 01.06.2018 թվականին թիվ ԿԴ1/0261/04/16 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում նույն նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Բանկի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է պետական տուրքի գումար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ն. Հովսեփյան

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: