Գլխավոր տեղեկություն
Номер
N 237-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 27.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2021
Дата вступления в силу
28.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2021 թվականի N 237-Լ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


25.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-828-29.12.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները`

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝

1) նախագծով նախատեսվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում են գույքային բռնագանձումներով և ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների։

Կարճվում են գույքային բռնագանձումներով և ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների»։

Իսկ նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախատեսվում է «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ» բառերը փոխարինել «գույքային բռնագանձման և ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների» բառերով։

Նախագծին կից ներկայացված հիմնավորման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նման լրացումը նախագծի հեղինակները պայմանավորում են ոչ գույքային բնույթի հայցերով կատարողական վարույթների շարունակման անհրաժեշտությամբ։

Նշված փոփոխության արդյունքում բաց են մնում հայցի ապահովման կատարողական վարույթների կարճման դեպքերը, ինչը չի կարող արդարացված համարվել:

Բացի դրանից, «Սնանկության մասին» օրենքի գործող՝ 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ կարճվում են գույքային բռնագանձումներով և հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները:

Նշված դրույթից չի բխում, որ ոչ գույքային պահանջներով կատարողական վարույթները սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում են: Այսինքն՝ օրենսդիրը նպատակ է ունեցել սահմանել բացառապես գույքային բռնագանձումներով կատարողական վարույթների կարճման պահանջ: Ինչ վերաբերում է ոչ գույքային պահանջներով կատարողական վարույթներին, ապա դրանք տվյալ դեպքում կարճման ենթակա չեն: Հետևաբար նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ ոչ միայն վտարման և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, այլև ցանկացած ոչ գույքային պահանջով կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տվյալ հոդվածի ուժով կարճման ենթակա չլինելու հիմքով:

Ի հավելումն վերոգրյալին՝ նշենք նաև, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կրկնում են միմյանց.

2) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նախատեսվում է «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերը փոխարինել «գույքային» բառով։

Այս առումով պետք է նշել, որ որևէ հիմնավորում նշված փոփոխության կապակցությամբ առկա չէ: Հետևաբար անհասկանալի են նման փոփոխության կատարման նպատակները: Բացի դրանից, «դրամական կամ այլ» բառերն օգտագործվում են «Սնանկության մասին» օրենքի այլ հոդվածներում: Ուստի, ինչո՞վ է պայմանավորված միայն նշված հոդվածում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել տվյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը.

3) նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախատեսվում է «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «պարտապանի դեմ պարտատերերի» բառերից հետո լրացնել «գույքային» բառը։

Պետք է նշել, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։

Այս նորմի երկու մասերը, այն է՝ «կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը» ու «պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով», միմյանց հետ կապված են «և» շաղկապով: Ասվածը վկայում է, որ շաղկապից առաջ շարադրված դեպքերում է միայն, որ պարտատերերը ձեռք են բերում սնանկության վարույթի շրջանակում պահանջ ներկայացնելու հնարավորություն: Իսկ հոդվածի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներին: Հետևաբար, հիմք ընդունելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված մեկնաբանման կանոնները, մասնավորապես՝ այն ամբողջ հոդվածի իմաստով դրա տառացի նշանակությունից մեկնաբանելու հրամայականը՝ «գույքային» բառի ավելացումը հիմնավորված չէ: Բացի դրանից, կարևոր է նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը նորմատիվ իրավական ակտերում հրաժարվել է «գույքային պահանջներ» բառերից՝ այն փոխարինելով «դրամական պահանջներ» բառերով (այս մասին վկայում է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այնպես էլ «Պետական տուրքի մասին» օրենքի ընդհանուր վերլուծությունը).

4) նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում են գույքային բռնագանձման և ոչ գույքային բնույթ ունեցող բոլոր կատարողական վարույթները, բացառությամբ քաղաքացու վտարման, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթների:

Ընդունելի համարելով նախագծի ընդունումն այս մասով, մասնավորապես, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոչ գույքային պահանջներով կատարողական վարույթի շարունակման անհրաժեշտությունը, գտնում ենք՝ արդարացված չէ նշված կատարողական վարույթները սահմանափակել միայն վտարման և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով, քանի որ առկա են նաև այլ, ոչ պակաս կարևոր վարույթներ, որոնց կարճումը կարող է առաջացնել ծանր հետևանքներ: Օրինակ՝ եթե դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է երեխայի ելքը Հայաստանի Հանրապետությունից առանց երկու ծնողների համաձայնության, արդարացված չենք համարում նաև այս հիմքով հարուցված հայցի ապահովման կատարողական վարույթի կարճման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատուկ բնույթը և այն, որ հայցի ապահովման միջոցների չպահպանման դեպքում կարող են առաջանալ առավել ծանր կամ նույնիսկ անհաղթահարելի բնույթ ունեցող հետևանքներ:

Ուստի առաջարկում ենք «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ այն կատարողական վարույթների, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ դեպքերի։»:

Բացի դրանից, առաջարկում ենք վճռի կատարման ապահովման միջնորդությունների հիման վրա հարուցված կատարողական վարույթները չկարճելու հնարավորությունը նախատեսել նաև մորատորիումի գործողության այլ դեպքերում, օրինակ՝ սնանկության վտանգի վարույթի դեպքերում:

2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի վերաբերյալ.

Հաշվի առնելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի առաջարկվող կարգավորումը, առաջարկում ենք դրան համահունչ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝

1) 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված կատարողական վարույթները սույն կետի հիմքով կասեցման ենթակա չեն:».

2) 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված կատարողական վարույթները սույն կետի հիմքով կարճման ենթակա չեն:»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան