Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.114
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2013
Дата вступления в силу
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2998/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2998/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Դ. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան
 

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալբերտ Ջանիբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Ջանիբեկյանի ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալբերտ Ջանիբեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 07.12.2012 թվականի թիվ 12/1031-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում` որպես Ընկերության «Գյումրի» մասնաճյուղում անհատական վարկավորման գծով երկրորդ կարգի վարկային մասնագետ, Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2013 թվականի որոշմամբ Ալբերտ Ջանիբեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Ջանիբեկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ և 231-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ և 53-րդ հոդվածների 1-ին կետերը, 51-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ իրենից որևէ բացատրություն չի պահանջվել, որի արդյունքում աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց բացատրություն պահանջելու` խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինչպես իր հետ կնքված աշխատանքային պայմանագրով, այնպես էլ Ընկերության ներքին իրավական ակտերով ինքը չի ունեցել դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործով ապացուցված չէ իր կողմից այնպիսի արարքներ կատարելու հանգամանքը, որի արդյունքում Ընկերությունը կրած լինի նյութական վնաս:

Վերաքննիչ դատարանի 05.09.2013 թվականի որոշումը հակասում է թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 23.05.2008 թվականին կայացված որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.09.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ 2012 թվականին Ընկերության ներքին աուդիտ և ներքին վերահսկողության բաժինների կողմից կատարված վարկային գործերի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են Ալբերտ Ջանիբեկյանի կողմից թույլ տրված և Ընկերությունում նրա հետագա աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ, որի արդյունքում 07.12.2012 թվականի հրամանով վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանին ծանոթացնելու նպատակով Ալբերտ Ջանիբեկյանը 07.12.2012 թվականին հրավիրվել է Ընկերության գլխամասային գրասենյակ, ուր ներկայանալով` վերջինս հրաժարվել է ստանալ հրամանի օրինակը: Նշվածի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ալբերտ Ջանիբեկյանի միջև 31.08.2009 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի համաձայն` Ալբերտ Ջանիբեկյանը 01.09.2009 թվականից ընդունվել է աշխատանքի` որպես Ընկերության «Գյումրի» մասնաճյուղում անհատական վարկավորման գծով վարկային մասնագետ (հատոր 1-ին, գ. թ. 9-12).

2) Ընկերության և Ալբերտ Ջանիբեկյանի միջև 22.03.2012 թվականին կնքվել է վերը նշված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր, որի համաձայն` Ալբերտ Ջանիբեկյանը 01.01.2012 թվականից նշանակվել է Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի անհատական վարկավորման գծով երկրորդ կարգի վարկային մասնագետի պաշտոնում (հատոր 1-ին, գ. թ. 13).

3) Ընկերության տնօրենի 07.12.2012 թվականի թիվ 12/1031-Ա հրամանի համաձայն` Ալբերտ Ջանիբեկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 07.12.2012 թվականից լուծվել է` վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով (հատոր 1-ին, գ. թ. 18).

4) մինչև կարգապահական տույժի կիրառումն Ընկերության տնօրենն Ալբերտ Ջանիբեկյանից խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու հարցին ընդհանրապես, ինչպես նաև անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել այն դեպքերը, երբ մինչև կարգապահական տույժ կիրառելը գործատուն աշխատողից չի պահանջել խախտման մասին գրավոր բացատրություն.

1) մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը… 3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործատուի կողմից աշխատանքային կարգապահության խախտման մասին աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու ժամանակի հարցին` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Մանյա Գալուստյանն ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, ինչպես նաև վերահաստատում է Մանյա Գալստյանի գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ.

2) մինչև կարգապահական տույժ կիրառելը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն չպահանջելու հետևանքները.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:

Վերոնշյալից հետևում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու հիմքով դատարան դիմելու դեպքում դատարանը վերականգնում է աշխատողի խախտված իրավունքները, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործով Ալբերտ Ջանիբեկյանը, իր հայցապահանջի հիմքում դնելով նաև այն հանգամանքը, որ Ընկերության տնօրենն իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծել է առանց իրենից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու, նաև պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 07.12.2012 թվականի թիվ 12/1031-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարի և ներքին աուդիտ բաժնի ղեկավարի կողմից 07.12.2012 թվականին կազմված թիվ 12/GEN-308.1 արձանագրության համաձայն` Ալբերտ Ջանիբեկյանը հրավիրվել է գլխամասային գրասենյակ` աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին հրամանը ստանալու նպատակով, սակայն հրաժարվել է ստորագրել և ստանալ հրամանը, գտել է, որ վիճարկվող հրամանն օրինական է և հիմնավոր, այն դատական կարգով անվավեր ճանաչելու իրավական հիմքեր առկա չեն, և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարի և ներքին աուդիտ բաժնի ղեկավարի կողմից 07.12.2012 թվականին կազմված թիվ 12/GEN-308.1 արձանագրության համաձայն` Ալբերտ Ջանիբեկյանը հրավիրվել է գլխամասային գրասենյակ` աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին հրամանը ստանալու նպատակով, սակայն հրաժարվել է ստորագրել և ստանալ հրամանը, այսինքն` Ալբերտ Ջանիբեկյանը, 07.12.2012 թվականին Ընկերության գլխամասային գրասենյակում իրազեկվելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանի բովանդակությանը, հրաժարվել է ստանալ այն, որպիսի պայմաններում արժանահավատ է Ընկերության փաստարկներն առ այն, որ Ալբերտ Ջանիբեկյանը, հրաժարվելով ստանալ հրամանը, հրաժարվել է նաև բացատրություններ տալ իր խախտումների վերաբերյալ, իսկ հակառակը հիմնավորող որևէ այլ ապացույց չի ներկայացվել, գտել է, որ Դատարանը կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` հաստատված է, որ մինչև Ալբերտ Ջանիբեկյանի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելը Ընկերության կողմից խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջվել, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածին այն առումով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը մեկնաբանվել է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությանը ոչ համապատասխան, որի արդյունքում փոփոխվել է այդ նորմի իմաստը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու արդյունքում, ըստ էության, եկել է հետևության այն մասին, որ աշխատողը համարվում է բացատրություններ ներկայացնելուց հրաժարված նաև այն դեպքում, երբ հրավիրվում է իր նկատմամբ արդեն իսկ կայացված կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանն ստանալու, սակայն հրաժարվում է այն ստանալ:

Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը կրում է իմպերատիվ (պարտադիր) բնույթ, որի համաձայն` գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է մինչև կարգապահական տույժի կիրառումը, և որ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ:

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքում վկայակոչված մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված նշված խախտման, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից դրա անտեսման պայմաններում դրանք տվյալ պահին չեն կարող դառնալ քննության առարկա:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան