ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1216/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1216/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Նազարյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե.Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հենրիկ Սվազյանի (իրավահաջորդներ՝ Սուսաննա և Հենրիխ Սվազյաններ) ընդդեմ Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանների, Հայկանուշ Խաչատրյանի՝ վտարման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հենրիկ Սվազյանը պահանջել է Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյաններին, Հայկանուշ Խաչատրյանին վտարել Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանից:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ՝ Դատարան) 17.12.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.03.2011 թվականի որոշմամբ Հենրիկ Սվազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել և փոփոխվել է Դատարանի 17.12.2010 թվականի վճիռը, և հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյանները և Հայկանուշ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Սվազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռոբերտ Սվազյանը հոր՝ Հենրիկ Սվազյանի հետ միասին հանդիսացել է նույն՝ առաջին հերթի ժառանգ, որոնք 29.05.1994 թվականին մահացած Օֆելյա Կարապետյանի ժառանգներն են:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ռոբերտ Սվազյանն ըստ օրենքի ժառանգ է, և ժառանգությունը ձևակերպելու համար փաստաթղթերը գտնվում են նոտարական գրասենյակում, սակայն իր կամքից անկախ պատճառներով չի հասցրել ստանալ ըստ օրենքի ժառանգության վկայագիր:
Միաժամանակ Ռոբերտ Սվազյանը միջնորդել է կասեցնել գործի վարույթը, քանի որ նույն անձանց միջև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է մեկ այլ վեճ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը:
2. Գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.
Ռոբերտ Սվազյանը 16.03.2011 թվականին ստացել է ըստ օրենքի ժառանգության վկայագիր, իսկ 21.03.2011 թվականին ստացել է 18.03.2011 թվականին կազմված անշարժ գույքի սեփականության վկայականը, որի համաձայն՝ Ռոբերտ Սվազյանը հանդիսանում է վիճելի բնակարանի համասեփականատեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, ապա հարկ է նշել, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք կարող է բերվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ, իսկ տվյալ դեպքում բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտած չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 23.03.2007 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2318486 վկայականի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-011-4-Շ-21 մատյանի թիվ 0036 համարի տակ Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հենրիկ Սվազյանի սեփականության իրավունքը (գ.թ. 8-11):
2) 04.03.2011 թվականի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան և պատճառաբանելով, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սվազյանի, երրորդ անձինք Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի ընդդեմ Հենրիկ Սվազյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, խնդրել է կասեցնել սույն գործի վարույթը (գ. թ. 103):
3) 29.09.2011 թվականի թիվ ԱԲ 077427 մահվան վկայականի համաձայն՝ Հենրիկ Սվազյանը մահացել է 29.09.2011 թվականին:
4) 25.04.2012 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 29.09.2011 թվականին մահացած Հենրիկ Սվազյանի գույքի նկատմամբ ժառանգներ են Սուսաննա և Հենրիխ Սվազյանները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու հիմքին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարեբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում (տե՛ս Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0169/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը):
Սույն գործով հայցվորը պահանջել է Ռոբերտ, Օֆելյա, Գևորգ Սվազյաններին, Հայկանուշ Խաչատրյանին վտարել Երևանի Շիրակի 4-րդ նրբանցքի 6-րդ շենքի թիվ 3 բնակարանից: 04.03.2011 թվականի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Սվազյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան և պատճառաբանել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սվազյանի, երրորդ անձինք Օֆելյա, Գևորգ Սվազյանների և Հայկանուշ Խաչատրյանի ընդդեմ Հենրիկ Սվազյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և խնդրել է կասեցնել սույն գործի վարույթը:
Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդության մերժումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵՇԴ/1448/02/10 քաղաքացիական գործը սույն գործի քննության համար առաջացնում է անհնարինություն, քանի որ նշված գործով քննվում է Ռոբերտ Սվազյանի` վեճի առարկա գույքի սեփականատեր լինելու հանգամանքը, որպիսի փաստի հաստատումը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն: Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կասեցնել սույն գործի վարույթը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը պետք է ուղարկվի Դատարան` նոր քննության:
Հիմք ընդունելով սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, որը բավարար հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|