Գլխավոր տեղեկություն
Համար
N 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.01/17(683) Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2009 թվականի N 279-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառվող տեղեկատվությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում հաստատել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության կազմման ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 279-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի (այսուհետ` ենթակառուցվածք) վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառվում են հետևյալ տեղեկատվությունները`

1) ընդհանուր տեղեկություններ, որոնք ներառում են`

ա. ենթակառուցվածքի կառավարչի համառոտ նկարագիրը,

բ. ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության նպատակը,

գ. իրավական դաշտը,

դ. ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության մասին հարցերի դեպքում կոնտակտային տվյալները,

ե. տերմինների և հապավումների բացատրությունները.

2) ենթակառուցվածքի տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են`

ա. ցանցի աշխարհագրական սահմանները, միջազգային հանգույցները և չշահագործվող գծերը,

բ. ցանցի բնութագիրը (երկաթուղագծի լայնությունը, կայարանները և հանգույցները, բեռնավորման գծերը, քաշի սահմանափակումները, գծերի թեքության աստիճանները` գրադիենտը, գծերի արագության սահմանները, գնացքների առավելագույն երկարությունը, էլեկտրամատակարարումը, ազդանշանային և հաղորդակցման համակարգերը),

գ. երթևեկության սահմանափակումները` մասնագիտացված ենթակառուցվածքները, բնապահպանական սահմանափակումները, սահմանափակումները` վտանգավոր ապրանքատեսակների համար, սահմանափակումները` թունելների և կամուրջների մասով, այլ խոչընդոտներ,

դ. տերմինալները` ուղևորների և բեռների համար նախատեսված բոլոր տերմինալների գտնվելու վայրերը, կառամատույցների բարձրությունը, կոնտակտային տվյալները,

ե. ծառայության մատուցման հնարավորությունները` նվազագույն և լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորությունները, գնացքների կազմավորման գծերը, տեսակավորման կայարանները, պահուստային գծերը, սպասարկման կետերը, լցակայանները և տեխնիկական օբյեկտները, ինչպես նաև կոնտակտային տվյալները,

զ. ենթակառուցվածքի զարգացման միտումները,

է. ենթակառուցվածքի տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ այլ տեղեկատվություններ.

3) ենթակառուցվածքի օգտագործման պայմանների և վճարների սահմանման կարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են`

ա. օրենսդրական դաշտը,

բ. ընդհանուր մուտքի պահանջները (ինչպես դիմել երկաթուղային երթուղի ստանալու համար, ով ունի գնացքների շահագործման թույլտվություն, լիցենզավորման համար պատասխանատու մարմինը, անվտանգության համար պատասխանատու մարմինը, ապահովագրության պահանջները),

գ. ենթակառուցվածքի օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը.

4) փոխադրողներին պատկանող երկաթուղային շարժակազմով ենթակառուցվածքից օգտվելու ծառայությունների ցանկը, ծառայությունների մատուցման կարգը և պայմանները, մատուցված ծառայությունների դիմաց վճարները և սակագները.

5) գնացքների շարժման նվազագույն և թույլատրելի առավելագույն արագությունների սահմանները.

6) հիմնական բեռնման-բեռնաթափման կետերի միջև փոխադրման տևողությունը (նվազագույն և առավելագույն ժամկետները).

7) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների առավելագույն սակագները.

8) դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների սակագները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 279-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի (այսուհետ` ենթակառուցվածք) կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ) առնվազն տարեկան մեկ անգամ կազմվող և հրապարակվող` ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը:

2. Ենթակառուցվածքի կառավարչի կողմից լիազոր մարմնի հետ համաձայնեցման ենթակա տեղեկատվությունը պետք է ներառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառվող տեղեկատվությունների ցանկը և ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը սահմանելու մասին» N 279 -Ն որոշման N 1 հավելվածում նշված տեղեկատվությունը:

3. Ենթակառուցվածքի կառավարիչը յուրաքանչյուր տարի տեղեկատվությունը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում այդ տեղեկատվության հրապարակման օրվանից առնվազն 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 1-ը:

4. Լիազոր մարմինը ներկայացված տեղեկատվությունն ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում քննարկում է այն և ենթակառուցվածքի կառավարչին է տրամադրում իր եզրակացությունը` համաձայնության կամ անհամաձայնության մասին դիտողություններով և առաջարկություններով:

5. Ենթակառուցվածքի կառավարիչը լիազոր մարմնի կողմից տեղեկատվության մասին համաձայնության եզրակացություն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հրապարակում է այն:

6. Ենթակառուցվածքի կառավարիչն անհամաձայնության եզրակացություն ստանալու դեպքում` այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ուսումնասիրում է լիազոր մարմնի համապատասխան դիտողությունները, դրանց համապատասխան լրամշակում է համաձայնեցման ենթակա տեղեկատվությունը և լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում է լիազոր մարմին` համաձայնեցման:

7. Տեղեկատվության լրամշակված տարբերակում լիազոր մարմնի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում ենթակառուցվածքի կառավարիչը տեղեկատվությանը կից ներկայացնում է պարզաբանումներ և հիմնավորումներ:

8. Լիազոր մարմինը տեղեկատվության լրամշակված տարբերակն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում քննարկում է այն և ընդունում որոշում տեղեկատվությանը համաձայնություն տալու կամ չտալու մասին:

9. Եթե սույն կարգի 4-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետներում լիազոր մարմնի կողմից ենթակառուցվածքի կառավարչին համապատասխան եզրակացություն չի տրամադրվում, ապա լիազոր մարմնի համաձայնեցումը համարվում է տրված, և ենթակառուցվածքի կառավարիչը կարող է հրապարակել տվյալ տեղեկատվությունը:

10. Սույն կարգով նախատեսված ընթացակարգով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` ենթակառուցվածքի կառավարիչը և լիազոր մարմինն առաջնորդվում են «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով նախատեսված` վեճերի լուծման վերաբերյալ դրույթներով:

11. Սույն կարգի 10-րդ կետում նախատեսված դեպքում ենթակառուցվածքի կառավարիչը հրապարակում է տեղեկատվությունը` բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 15-ը` տեղեկատվության մեջ ներառելով միայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան