ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 982-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ» բառերը փոխարինել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 982-Ն որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 562-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները (այսուհետ՝ ապրանք):
2. Ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք դրանց դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմապիտակներն այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
3. Ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պետք է համապատասխանեն հարկային և մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող:
4. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա:
5. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի այնպես, որ ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանելիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:
6. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղում:
7. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման ժամանակ հերթական նմուշի դրոշմապիտակը փակցնելու դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:
9. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) չհամապատասխանող դրոշմապիտակներ փակցված ապրանքների իրացնելը, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |