Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ԵՎ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1990 թ. N 90
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
Ընդունել ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային խորհրդի գործկոմի առաջարկությունը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թ. հուլիսի 25-ի N 371 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հաշվառման և բնակարանների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները`
1. 7-րդ կետի առաջին պարբերության մեջ «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով:
2. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«16. Երկրաշարժից տուժած բնակավայրերում առաջին հերթին բնակարանները հատկացվում են հետևյալ հերթականության կարգով`
ա) Հայրենական մեծ պատերազմի I խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
բ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած երեխաններին.
գ) կերակրողին կորցրած ընտանիքներին և լրիվ որբերին որդեգրած անձանց.
դ) I խմբի աշխատանքի հաշմանդամներին և զինծառայողների թվից I խմբի հաշմանդամներին.
ե) այն ընտանիքներին, որոնցում կան երկրաշարժի հետևանքով I խմբի հաշմանդամ դարձած անձինք.
զ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին, միայնակ ծերերին և միայնակ մայրերին.
է) II խմբի հաշմանդամներին.
ը) երկրաշարժի հետևանքով զոհվածներ ունեցող ընտանիքներին.
թ) ՍՍՀՄ առողջապահության մինիստրի 1983 թ. մարտի 28-ի N 330 հրամանով հաստատված ցուցակում թվարկված հիվանդություններով տառապող անձանց.
ժ) «Հերոսուհի մայր» կոչում ունեցող մայրերին և բազմազավակ ընտանիքներին.
ի) Հայրենական մեծ պատերազմի III խմբի հաշմանդամներին և զոհված կամ անհայտ կորած զինվորների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.
լ) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման, մարդկային կյանքի փրկության, սոցիալիստական սեփականության և իրավակարգի պահպանման համար ԽՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելու ժամանակ զոհված կամ արտադրությունում դժբախտ դեպքի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.
խ) արտադրության ոլորտում բարեխղճորեն 15 տարուց ոչ պակաս աշխատած բանվորներին ու ծառայողներին, իսկ աշխատանքի վնասարար պայմաններում աշխատողներին ՍՍՀՄ աշխպետկոմի և ՀԱՄԿԽ-ի 1974 թ. հոկտեմբերի 25-ի N 298/П-22 որոշմամբ հաստատված ցուցակի համաձայն` տասը տարուց ոչ պակաս.
ծ) Խորհրդային Միության հերոսներին, սոցիալիստական աշխատանքի հերոսներին, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց.
կ) քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների շրջանում և ԽՍՀՄ պաշտպանության մյուս ռազմական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնվող անձանց, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև ԽՍՀՄ պաշտպանության համար ռազմական գործողությունների մասնակցած մյուս անձանց.
հ) ԽՄԿԿ շարքերում 50 և ավելի տարիներ եղած անձանց, միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակառուներին.
ձ) ընտանիքներին` զույգ երեխա ծնվելու դեպքում.
ղ) ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՄ օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում:
Այն ընտանիքների, որոնց վրա տարածվում է սույն կետի «ի» և «լ» ենթակետերի գործողությունը, անդամներին են դասվում զոհվածի խնամակալության տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ տրվում է կենսաթոշակ, ծնողները, նորից չամուսնացած ամուսինը, անկախ նրա կենսաթոշակ ստանալուց, իրենց ընտանիքները չունեցող կամ իրենց ընտանիքները ունեցող, բայց մինչև չափահաս դառնալը հաշմանդամ դարձած երեխաները ինչպես նաև իրենց ընտանիքները ունեցող երեխաները, որոնց երկու ծնողներն էլ զոհվել կամ անհայտ կորել են, կամ մեկ ծնող ունեցող երեխաները, որը զոհվել կամ անհայտ կորել է:
Բնակարան ստանալու առաջնահերթ իրավունքը տրվում է այն ընտանիքին, որի կազմում կա այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից որն է դիմում տվել հաշվառման կանգնելու մասին»:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հայկական ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.1999, N 432 | 10.06.1999, թիվ 90 | |
07.03.1992, N 147 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|