ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1117-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 1894-Ն որոշումը:
3. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևանի պետական համալսարանի մասին» N 1222-Ն որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, միջին, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.
4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
5) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.
9) ԵՊՀ-ի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1117-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԵՊՀ) կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:
2. ԵՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. ԵՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում է սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
4. ԵՊՀ-ն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, միջին, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.
4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
5) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.
9) ԵՊՀ-ի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:
5. ԵՊՀ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, դրոշ, խորհրդանշան և օրհներգ:
6. ԵՊՀ-ի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` «ԵՊՀ» ՊՈԱԿ.
3) ռուսերեն լրիվ` «Ереванский государственный университет» государственная некоммерческая организация.
4) ռուսերեն կրճատ` «ЕГУ» ГНКО.
5) անգլերեն լրիվ` «Yerevan State University» state non-commercial organization.
6) անգլերեն կրճատ` «YSU» SNCO:
7. ԵՊՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան - 0025, Ալեք Մանուկյան 1:
8. ԵՊՀ-ն ունի մասնաճյուղ, որի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Իջևան - 4001, Ուսանողական 3:
II. ԵՊՀ-Ի ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
9. ԵՊՀ-ի հիմնական խնդիրներն են`
1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն տալու միջոցով.
2) սովորողին ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.
3) գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.
4) գիտության, կրթության, տնտեսության և մշակույթի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների, ստեղծագործական ու մշակութային գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում.
5) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.
6) կրթության որակի ապահովման և վերահսկման համապատասխան համակարգի ներդրումը.
7) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, ժամանակակից մասնագիտությունների ու մասնագիտացումների ներդրումը.
8) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցութայնության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
9) հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և գիտամշակութային մակարդակի բարձրացումը.
10) սովորողների մեջ մասնագիտական բարձր որակների, պատշաճ վարքի ու վարվելակերպի, քաղաքացիական կեցվածքի և հայրենասիրության ստեղծագործական ունակությունների արմատավորումը.
11) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
10. Առաջադրված խնդիրներին համապատասխան` ԵՊՀ-ն իրավասու է`
1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր.
2) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր, հրատարակելու ուսումնական և գիտական գրականություն.
3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը.
4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.
5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.
6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.
7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ԵՊՀ-ի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.
8) սահմանելու և շնորհելու ԵՊՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.
9) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.
10) իր կնքած պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում սահմանված կարգով ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.
11) վարձակալության տալու իր գույքը, կառավարելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.
12) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
11. ԵՊՀ-ում արգելվում են հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
III. ԵՊՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. ԵՊՀ-ի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:
13. ԵՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ԵՊՀ-ի խորհրդի, ԵՊՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
14. Հիմնադիրը`
1) սահմանում է ԵՊՀ-ի`
ա. անվանումը,
բ. գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները,
գ. կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը.
2) հաստատում է ԵՊՀ-ի կանոնադրությունը.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, իր անունից առաջադրում է ԵՊՀ-ի խորհրդի անդամներ.
4) հաստատում է ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքները.
5) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
15. Լիազոր պետական մարմինը`
1) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.
2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.
3) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.
4) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները.
5) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
16. ԵՊՀ-ի խորհուրդը`
1) քննարկում և հաստատում է ԵՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը.
2) հաստատում է ԵՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրերը.
3) լսում և գնահատում է ԵՊՀ-ի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը.
4) ընտրում է ԵՊՀ-ի ռեկտորին.
5) ընտրում է ԵՊՀ-ի մասնաճյուղի տնօրենին.
6) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություն ԵՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.
7) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի և մասնաճյուղի տնօրենի ընտրությունների ընթացակարգերը:
17. ԵՊՀ-ի խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
18. ԵՊՀ-ի խորհուրդը կազմված է 72 անդամից՝
1) ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդում.
3) ԵՊՀ-ի ռեկտորը չի կարող լինել ԵՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները` յուրաքանչյուրից մեկական անդամ: ԵՊՀ-ի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ սովորողները.
5) ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին.
6) ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցնող անձանցից.
7) ԵՊՀ-ի խորհրդի անդամներից 18-ը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված գործիչներից, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից:
19. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա, ԵՊՀ-ի խորհրդի կազմը լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
20. ԵՊՀ-ի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Խորհրդի նախագահը չի կարող լինել ԵՊՀ-ում հաստիքային աշխատող կամ սովորող: ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ԵՊՀ-ում համատեղության կարգով կարող է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:
21. ԵՊՀ-ի խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:
22. ԵՊՀ-ի խորհրդի անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են ԵՊՀ-ի խորհրդի աշխատակարգով:
23. ԵՊՀ-ի խորհրդի նիստը գումարվում է առնվազն տարեկան մեկ անգամ:
24. ԵՊՀ-ի խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազոր մարմնի, ԵՊՀ-ի ռեկտորի, ԵՊՀ-ի խորհրդի կամ ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: ԵՊՀ-ի խորհրդի կամ ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ողջամիտ ժամկետում և օրակարգով:
25. ԵՊՀ-ի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:
26. ԵՊՀ-ի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ ԵՊՀ-ի խորհրդի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
27. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը լուծում է ԵՊՀ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
28. ԵՊՀ-ի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
29. ԵՊՀ-ի գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:
30. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը`
1) հաստատում է իր կանոնակարգը.
2) ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, ինչպես նաև ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.
3) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ԵՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.
4) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.
5) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
6) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ԵՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.
7) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.
8) շնորհում է գիտական կոչումներ և հաստատում գիտամանկավարժական համակազմի պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.
9) ԵՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԵՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.
10) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.
11) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
31. ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 88-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ԵՊՀ-ի գլխավոր հաշվապահը, արհեստակցական կազմակերպության նախագահը, իրավաբանական բաժնի ղեկավարը, ֆակուլտետների, մասնաճյուղերի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան:
32. ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը:
33. ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
34. ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը սահմանում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը:
35. ԵՊՀ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ԵՊՀ-ի աշխատանքի արդյունքների համար:
36. ԵՊՀ-ի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ԵՊՀ-ի խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
37. ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
38. ԵՊՀ-ի ռեկտորը`
1) ղեկավարում է ԵՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.
2) կազմակերպում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
3) հրավիրում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ-ի խորհրդին.
5) ԵՊՀ-ի խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԵՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.
6) ապահովում է ԵՊՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
7) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.
8) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.
9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է ԵՊՀ-ի հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԵՊՀ-ի գործունեությանն առնչվող այլ հրամաններ.
11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է պրոռեկտորներին, գիտահետազոտական ինստիտուտների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.
12) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորում.
13) կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.
14) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.
15) կասեցնում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը` նշանակելով դրանց վերաքննարկում.
16) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
17) տալիս է ԵՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ-ի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:
39. ԵՊՀ-ի ռեկտորն առանց լիազորագրի գործում է ԵՊՀ-ի անունից, ներկայացնում է նրա շահերը պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ԵՊՀ-ի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է:
40. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ԵՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
41. ԵՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ԵՊՀ-ի ռեկտորի հրամանով: ԵՊՀ-ի խորհրդի և ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ԵՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր:
IV. ԵՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
42. ԵՊՀ-ն կրթական, գիտական և մշակութային հաստատություն է, որի միասնությունն ապահովվում է`
1) կրթական և գիտահետազոտական գործընթացներին իր բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.
2) ԵՊՀ-ի խորհրդի, ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշումները, ռեկտորի հրամանները և կարգադրությունները՝ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր կատարմամբ:
43. ԵՊՀ-ն ինքնուրույն է իր կառուցվածքը ձևավորելու գործում:
44. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներ են ֆակուլտետը, մասնաճյուղը, ամբիոնը, գիտահետազոտական ինստիտուտը, կենտրոնը և այլ ստորաբաժանումներ:
45. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:
46. ԵՊՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:
47. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը, գիտական խորհուրդը և դեկանը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը:
48. Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներ, մշակում է իր հաստիքացուցակը` ըստ սահմանված չափանիշների, որը հաստատվում է ռեկտորի կողմից:
49. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական, գիտական ու այլ օժանդակ ստորաբաժանումներից:
50. Ֆակուլտետի խորհրդի` որպես ֆակուլտետի կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհուրդը կազմված է ի պաշտոնե և ընտրովի անդամներից: Ֆակուլտետի խորհրդի ի պաշտոնե անդամների թիվը չի կարող գերազանցել խորհրդի կազմի 50 տոկոսը: Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի անդամներ են:
51. Ֆակուլտետի խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:
52. Ֆակուլտետի խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվաքանակի:
53. Ֆակուլտետի խորհուրդը ԵՊՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում նրա ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը:
54. Ֆակուլտետի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Ֆակուլտետի գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը: Ֆակուլտետի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվաքանակի:
55. Ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության մեկական ներկայացուցիչները ֆակուլտետի գիտական խորհրդի ընտրովի անդամներ են:
56. Ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
57. Ֆակուլտետի գիտական խորհուրդը`
1) ԵՊՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.
2) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.
3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի և ամբիոնների վարիչների ընտրությունը.
4) ընտրում է ԵՊՀ-ի խորհրդում և ԵՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
5) կարգավորում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
58. Ֆակուլտետի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:
59. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան:
60. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
61. Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն:
62. ԵՊՀ-ի ֆակուլտետի դեկանի պաշտոնին թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և դեկանին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է դեկանի ընտրության ընթացակարգով:
63. Ֆակուլտետի դեկանը`
1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական և այլ գործունեությունը.
2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.
4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.
5) արձակում է հրաման ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու մասին.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված և ֆակուլտետի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
64. Ամբիոնը ֆակուլտետի կրթական և գիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:
65. Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները:
66. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:
67. ԵՊՀ-ի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ԵՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:
68. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով՝ 5 տարի ժամկետով, ֆակուլտետի գիտական խորհրդում` ամբիոնի կարծիքն ստանալուց հետո:
69. ԵՊՀ-ի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգով:
70. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ԵՊՀ-ի, ֆակուլտետի, համալսարանական ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:
71. ԵՊՀ-ի ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին։ Ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է իր կանոնադրությամբ:
72. Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
73. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:
74. ԵՊՀ-ի մասնաճյուղը գործում է իր կանոնադրության համաձայն:
75. Մասնաճյուղի ստեղծման և լուծարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
76. Մասնաճյուղի կառավարման մարմիններն են մասնաճյուղի գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և մասնաճյուղի կանոնադրությանը:
77. ԵՊՀ-ի մասնաճյուղի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են մասնաճյուղի կանոնադրությամբ: Մասնաճյուղի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Մասնաճյուղի գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը: Մասնաճյուղի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվաքանակի:
78. Մասնաճյուղի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
79. Մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահը մասնաճյուղի տնօրենն է:
80. Մասնաճյուղի տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ԵՊՀ-ի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով:
81. Մասնաճյուղի տնօրեն կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում: Մասնաճյուղի տնօրենի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է ԵՊՀ-ի խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
82. Մասնաճյուղի տնօրենը ղեկավարում է մասնաճյուղի կրթական, գիտական, արտադրական և այլ գործունեությունը, որի վերաբերյալ ամենամյա հաղորդում է ներկայացնում ԵՊՀ-ի գիտական խորհուրդ, ապահովում է մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումների կատարումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
83. ԵՊՀ-ի գիտահետազոտական ինստիտուտը գործում է իր կանոնադրության համաձայն:
84. Գիտահետազոտական ինստիտուտի կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ինստիտուտի կանոնադրությանը:
85. ԵՊՀ-ի գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ինստիտուտի կանոնադրությամբ: Գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Ինստիտուտի գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը: Ինստիտուտի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները:
86. Գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն ինստիտուտի տնօրենն է:
87. Գիտահետազոտական ինստիտուտի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ինստիտուտի տնօրենը` իր իրավասությունների սահմաններում և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան:
88. Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է բաժիններից, ինստիտուտային ենթակայության լաբորատորիաներից և այլ գիտական ու օժանդակ կառույցներից:
89. ԵՊՀ-ի կենտրոնը ԵՊՀ-ի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը:
V. ԵՊՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
90. Սովորողների` ԵՊՀ-ի ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
91. ԵՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
92. ԵՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):
93. ԵՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով:
94. ԵՊՀ-ի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:
95. ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
96. ԵՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:
97. ԵՊՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
98. ԵՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԵՊՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:
99. ԵՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
100. ԵՊՀ-ում գործում են գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ: Գիտական աստիճանները շնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
101. ԵՊՀ-ի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված ԵՊՀ-ի միջոցներ.
3) հանրապետական և միջազգային դրամաշնորհային միջոցներ.
4) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններ.
5) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներ.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
VI. ԵՊՀ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
102. ԵՊՀ-ի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ, գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, տնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական և այլ տարակարգերի:
103. ԵՊՀ-ի սովորողներն են ուսանողները և ասպիրանտները:
104. ԵՊՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով և այլ ներքին իրավական ակտերով:
105. ԵՊՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`
1) ընտրելու և ընտրվելու ԵՊՀ-ի պաշտոններում և կառավարման մարմիններում, ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով.
2) մասնակցելու ԵՊՀ-ի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը.
3) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.
4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում.
5) ԵՊՀ-ի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան՝ օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, ուսումնաարտադրական բազաների, մարզաառողջարանային ճամբարի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ԵՊՀ-ի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.
7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.
8) ստանալու դրամական հատուցում աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.
9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.
10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.
11) ըստ նախասիրությունների` կազմակերպելու և մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.
12) ԵՊՀ-ի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ.
13) ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
106. ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համաձայն սույն կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման կարգի:
107. ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են`
1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.
2) կատարել ԵՊՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները.
3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:
108. ԵՊՀ-ի սովորողներն իրավունք ունեն`
1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.
2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին.
3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում` ըստ սահմանված կարգի.
6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի կառավարման մարմինների աշխատանքներին.
8) օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
9) ըստ նախասիրությունների` մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.
10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.
11) բողոքարկելու ԵՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.
14) ծանոթանալու ԵՊՀ-ի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերին.
15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.
17) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում` ԵՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.
18) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.
19) ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի սահմանած կարգով.
20) ԵՊՀ-ի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
109. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու ԵՊՀ-ում:
110. Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:
111. ԵՊՀ-ի սովորողները պարտավոր են`
1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.
2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.
4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.
5) հոգատար վերաբերվել ԵՊՀ-ի գույքին.
6) բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.
7) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել ԵՊՀ-ից:
112. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ԵՊՀ-ից հեռացվելը՝ ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
113. ԵՊՀ-ի կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է որակավորման աստիճան և տրվում է ԵՊՀ-ի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով: Ավարտական փաստաթղթի առկայությունը պարտադիր է ԵՊՀ-ում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար:
114. Հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է ԵՊՀ-ի` սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
115. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊՀ-ի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):
116. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
117. ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
VII. ԵՊՀ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
118. ԵՊՀ-ի գույքը կազմված է ԵՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքից և հիմնադրի կողմից ԵՊՀ-ին ամրացված գույքից:
119. ԵՊՀ-ի սեփականությունը, բացի կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող գույքից, ձևավորվում է ԵՊՀ-ի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
120. ԵՊՀ-ին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան է հատկացվում անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
121. ԵՊՀ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: ԵՊՀ-ն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
122. Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
123. Ամրացված գույքի վարձակալությունից ստացված տարածքի վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
124. Ամրացված գույքի այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները ԵՊՀ-ի սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
125. ԵՊՀ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի ստեղծման աղբյուրներն են`
1) ԵՊՀ-ին սեփականության իրավունքով հանձնված գույքը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները.
3) ԵՊՀ-ի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքները.
4) այն միջոցները, որոնք գոյանում են ԵՊՀ-ին թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.
5) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, նվիրված և կտակված գույքը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
126. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման նորմատիվների և չափերի նվազեցմանը:
127. ԵՊՀ-ն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
128. ԵՊՀ-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
129. ԵՊՀ-ի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
VIII. ԵՊՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
130. ԵՊՀ-ի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: ԵՊՀ-ի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |