ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 119-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) իրավաբանական անձանց պետական գրանցման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 119-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար ներկայացվող դիմումատուի կողմից դիմումում լրացվում են հետևյալ տվյալները`
1) պետական գրանցումն իրականացնող մարմնի անվանումը.
2) իրավաբանական անձի լրիվ անվանումը (այդ թվում` կազմակերպաիրավական տեսակը).
3) իրավաբանական անձի գտնվելու վայրը.
4) գործունեության իրականացման հասցեները.
5) ձեռնարկատիրական գործունեության ոլորտը (ոլորտները).
6) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք դրա մասին) և հեռախոսահամարը (առկայության դեպքում).
7) դիմումով ներկայացվող պահանջը.
8) դիմումը կազմելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
9) դիմողի ստորագրությունը, անունը, ազգանունը և կապի միջոցը (առկայության դեպքում).
10) հիմնադիրների մասին տեղեկություններ (բաժնեմասի չափը, ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը, բնակության (հաշվառման) վայրը, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը).
11) ըստ ցանկության` նաև այլ տեղեկություններ՝ ներառյալ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի համարը և այլն.
12) դիմումին կցվող` օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկը:
2. Դիմումն ընդունելու և հաշվառելու հետ համատեղ պետական ռեգիստրի համապատասխան պաշտոնատար անձի կողմից դիմումում լրացվում են հետևյալ հավելյալ տեղեկությունները`
1) դիմումն ընդունող և մուտքագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
2) նշում փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 119-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար ներկայացվող դիմումում դիմումատուի կողմից լրացվում են հետևյալ տվյալները`
1) պետական հաշվառում իրականացնող մարմնի անվանումը.
2) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք դրա մասին), անձնագրային տվյալները, ծննդյան թիվը, սեռը, քաղաքացիությունը.
3) անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրի հասցեն և կապի միջոցը (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն կամ այլ կապի միջոց) (առկայության դեպքում).
4) անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում) և կապի միջոցը (առկայության դեպքում).
5) գործունեության իրականացման հասցեները.
6) ձեռնարկատիրական գործունեության տեսակը (տեսակները).
7) դիմումով ներկայացվող պահանջը.
8) դիմումը կազմելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
9) դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը.
10) դիմումը պարունակում է հավաստում այն մասին, որ, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված չէ, և չի գտնվում օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված լինելու՝ պատժի կատարման ժամկետում.
11) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
12) դիմումին կցվող` օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկը:
2. Դիմումն ընդունելու և հաշվառելու հետ համատեղ` պետական ռեգիստրի համապատասխան պաշտոնատար անձի կողմից դիմումում լրացվում են հետևյալ հավելյալ տեղեկությունները`
1) դիմումն ընդունող և մուտքագրող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
2) նշում փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան