ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2009 թվականի N 657-Ն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 78-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի և հաջորդ տարիների պետական բյուջեներում սահմանված կարգով նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները.
2) ծրագրի իրականացումն սկսել 2010 թվականից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 657-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում գործում է 166 մանկապատանեկան մարզադպրոց: Այդ մարզադպրոցներում 45 մարզաձևով աշխատում են 1865 մարզիչ-մանկավարժներ, այդ թվում` համայնքային ենթակայության մարզադպրոցներում` 727, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության մարզադպրոցներում` 803, մարզական հասարակական կազմակերպություններում` 335 մարզիչ:
Միայն Երևանում աշխատում է 729 մարզիչ: Մարզիչներից 1245-ը ունի բարձրագույն մասնագիտական կրթություն: «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (21-րդ հոդված, 13-րդ կետ) մանկապատանեկան սպորտի բնագավառի մարզիչ-մանկավարժների պատրաստման և վերապատրաստման հարցերի կազմակերպումը վերապահված է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Առանցքային է մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող կադրերի վերապատրաստման խնդիրը, քանի որ հանրապետությունում աշխատող 1865 մարզիչներից 620-ը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն և 1990-ական թվականներից, կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ փոփոխման, ինչպես նաև պատերազմական իրավիճակի հետ, Հայաստանի Հանրապետությունում չեն իրականացվել վերապատրաստման շարունակական ծրագրեր, որի պատճառով էլ աշխատող մարզչական կադրերը հետ են մնացել արագ, թռիչքաձև զարգացում ապրող սպորտային նվաճումներից:
Այդ է վկայում նաև 1990-ական թվականներից սկսած տևական ժամանակ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության մարզիկների բարձր արդյունքներ չունենալու իրողությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և առանձին ֆեդերացիաների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացների ծավալները խիստ սահմանափակ են` հիմնականում ընդգրկելով չափավոր թվաքանակ` Երևան քաղաքի և մոտակա մարզերի մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2006, 2007 և 2008 թվականների ընթացքում` 10-15 օր տևողությամբ, կազմակերպել է «Մարզչական տեխնիկական կուրսեր» դասընթաց 8 մարզաձևից՝ յուրաքանչյուրից 25 մարզչի մասնակցությամբ:
Խնդրի լուծմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Բելառուսի Հանրապետության, Լայպցիգ և Մոսկվա քաղաքների հետ կնքել է համագործակցության պայմանագրեր, որոնցում ներառվել են նաև վերապատրաստմանը վերաբերող կետեր:
Նշված խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիր:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակը մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին ուսուցման ժամանակակից պահանջների և մեթոդների, սաների ֆիզիկական դաստիարակության արդի հիմնախնդիրների, մարզչական և կազմակերպչական նորագույն նվաճումների և արդյունքների մասին իրազեկելն ու ուսուցանելն է:
III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐԸ
Ծրագրի խնդիրը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարի սահմաններում ցիկլային դասընթացների միջոցով Հայաստանի Հանրապետության մարզադպրոցներում (անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից) աշխատող 176 մարզիչ-մանկավարժների վերապատրաստման անցկացումն է:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Վերապատրաստումն իրականացվելու է 14 օր տևողությամբ, 72 ժամ ընդհանուր ծավալով, ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ անցկացնելով` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ուսումնական պլանի: Հաստատված ուսումնական պլանում տարբեր մարզաձևեր մասնագիտական առարկայի ընդհանուր դասաժամի մեջ կարող են ունենալ ենթաժամեր:
Դասընթացները վարելու են հրավիրված բարձրակարգ մասնագետները: Վերապատրաստման խմբերի ձևավորումը, ըստ մարզադպրոցներից ստացված մարզիչների անվանական հայտերի հավաքագրման, մարզչական կադրերի վերապատրաստման տարեկան ժամանակացույցի կազմումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի պետական լիազոր մարմինը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` նպատակ ունենալով մարզերից վերապատրաստման գործուղված մարզիչներին ապահովել հանրակացարանով և տեղում օրական երեքանգամյա սնունդով՝ պահպանելով նրանց միջին աշխատավարձը: Մարզիչ-մանկավարժի վերապատրաստման գործուղման ճանապարհածախսը հոգում է նրա հիմնարկը: Իսկ վերապատրաստման ժամանակահատվածում մարզերից գործուղված ունկնդիրները «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ապահովվում են գիշերելու տեղով և օրական երեքանգամյա սննդով: Վերապատրաստման ծրագրի իրականացումը չի խաթարի քոլեջի ուսումնամարզական նորմալ գործընթացը, այլ հնարավորություն կընձեռի նրա աշխատակազմի 3 անդամին` քոլեջի տնօրենի հրամանով ստանձնելու կազմակերպչական լրացուցիչ պարտավորություններ` ստանալով համապատասխան լրացուցիչ աշխատավարձ: Վերապատրաստման ցիկլի վերջում մարզիչ-մանկավարժներն ստուգարք են հանձնում 3 անձից բաղկացած հանձնաժողովին, որի անդամներն այդ աշխատանքի համար ստանում են համապատասխան աշխատավարձ: Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Վերապատրաստման դասընթացներն ավարտած մարզիչ-մանկավարժներին տրվելու են Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան ավարտական վկայականներ:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացվող նախահաշվի սահմաններում:
(հավելվածը խմբ. 21.04.11 N 591-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |