Գլխավոր տեղեկություն
Համար
N 845
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-24.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32.1 Հոդ.370
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.12.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 845

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԾԱԾԱԽ ՄԹԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.4-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.4.1 սանիտարական կանոնները (կցվում է):

2. ՀՀ Ան պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Մեծածախ մթերային շուկաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.4.-1 սանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար`

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2002 թ. _______________
N ____________ հրամանով

 

ՄԵԾԱԾԱԽ ՄԹԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ N2-III-4.4-1

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

Մեծածախ մթերային շուկաների սույն սանիտարական կանոնները սահմանում են մեծածախ մթերային շուկաների տարածքներին, կահավորմանը, սարքավորումներին, ինչպես նաև սննդամթերքի փոխադրմանը, ընդունմանը, պահպանմանն ու իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Մեծածախ մթերային շուկաների կառուցման նպատակով հատկացված հողատարածքը չպետք է տեղակայված լինի ճահճացած, ստորգետնյա ջրերի բարձր մակարդակ ունեցող տարածքներում, աղբավայրերի, անասնապահական համալիրների, կաշվի և ոսկրերի վերամշակման կազմակերպությունների քիմիական արտադրությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող այլ օբյեկտների սանիտարապահպանական գոտու տարածքում (գոտիները սահմանվում են ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերով»):

 

3. ՄԵԾԱԾԱԽ ՄԹԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Արգելվում է մեծածախ մթերային շուկաների տեղակայումը հանգստյան գոտիների, բնակելի շենքերի, մանկական նախադպրոցական, դպրոցական և կրթական այլ հաստատությունների, բուժկանխարգելիչ հիմնարկների անմիջական հարևանությամբ:

3.2. Մեծածախ մթերային շուկայի տարածքը պետք է տարանջատված լինի ըստ գործառութային գոտիների`

- առևտրային (վրաններ, կրպակներ, տաղավարներ),

- վարչապահեստային (վարչական, տնտեսական պահեստային շինություններ),

- փոխադրամիջոցների կայանատեղ:

3.3. Բանջարեղենի, մրգերի և բոստանային կուլտուրաների իրացման համար առևտրի գոտում պետք է հատկացվի առանձին տարածք:

3.4. Մեծածախ շուկան պետք է ունենա մուտքային ճանապարհ, հետիոտնի ուղիներ, երկուսից ոչ պակաս մուտքեր և ելքեր` հումքի, պատրաստի արտադրանքի մթերային ու տնտեսական բեռների հանդիպակաց հոսքերը բացառելու համար:

3.5. Շուկայի տարածքը, այդ թվում մուտքի ճանապարհները, անցուղիները և բեռնաթափման հրապարակները պետք է ծածկված լինեն հեշտությամբ մաքրվող և խոնավ եղանակով մաքրելու հնարավորություն ընձեռող ծածկով:

3.6. Աղբի հավաքման համար` շուկայի առևտրային և պահեստային գոտիներից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, պետք է կառուցված լինեն հեշտությամբ մաքրվող և խոնավ եղանակով մաքրելու հնարավորություն ընձեռող ծածկ ունեցող հատուկ հարթակներ:

Վաճառասեղանների երկարությամբ պետք է տեղադրվեն 10-20 դմ3 տարողությամբ աղբարկղներ, ելնելով շուկայի յուրաքանչյուր 50 մ2 տարածքին 1 աղբարկղ հաշվարկից:

Սննդամթերքի մնացորդների (սննդի թափոնների) հավաքման համար պետք է տեղադրվեն կափարիչով փակվող հատուկ տարողություններ:

3.7. Աշխատանքային օրվա ավարտից հետո պետք է կատարվի հիմնական մաքրում:

Ձմռանը տարածքը պետք է մաքրվի ձյունից:

3.8. Մթերային մեծածախ շուկաների տարածքում աշխատող անձնակազմի և հաճախորդների (գնորդների) համար պետք է գործեն կահավորված սանհանգույցներ (զուգարաններ) ջրմուղի և կոյուղու ինժեներային ցանցերի միացումով:

3.9. Գնորդների և օժանդակ անձնակազմի համար մեծածախ շուկաների տարածքում պետք է նախատեսվեն ձեռքերի լվացման հարմարանքներ:

 

4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ, ԿՈՅՈՒՂՈՒՆ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Մեծածախ շուկաների ջրամատակարարումն ու կոյուղացումը իրականացվում է գործող ինժեներային կոմունիկացիաներին միացման կամ տեղային կառույցների շինարարության ճանապարհով` պահպանելով «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» ՍնիՊ 2.04.01-85 շինարարական նորմերի և կանոնների պահանջները:

4.2. Խմելու և կենցաղային նպատակով պետք է օգտագործվի մարդու առողջությանը վնաս չպատճառող խմելու ջրի որակ ունեցող ջուր:

4.3. Մթերային մեծածախ շուկաներում տեղակայված ստացիոնար (մշտական) օբյեկտները պետք է ապահովված լինեն ջեռուցման և օդափոխության համակարգերով, համաձայն «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» ՀՀ ՇՆուԿ IV-12.01-2000 շինարարական նորմերի:

4.4. Մթերային մեծածախ շուկայի բոլոր շինությունները պետք է լուսավորված լինեն համաձայն «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ Շնուկ II-8.03-96:

 

5. ՍԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Արագ փչացող սննդամթերքի պահպանմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունները (այդ թվում շուկայի տարածքում գործող մանրածախ առևտրի կետերը) պետք է ապահովված լինեն սառնարանային սարքավորումներով` հում և պատրաստի մթերքն առանձնացված պահելու համար: Արագ փչացող սննդամթերքի պահուստը (պաշարը) պետք է համապատասխանի սառնարանային սարքավորումներով ապահովվածությանը և դրանց տարողունակությունը:

5.2. Սննդամթերքի վաճառքի կրպակները պետք է լինեն մասնագիտացված` դրանցում կարող է վաճառվել միայն որոշակի խմբի մթերք (հաց-հացաբուլկեղեն, հատավաճառ փաթեթավորված արտադրատեսակներ, պաղպաղակ, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և այլ տեսականի): Կրպակում պետք է ստեղծվեն անհրաժեշտ հիգիենիկ պայմաններ (հոսող ջուր, դարակաշարեր, տեփուրներ, ունելիներ և այլն) վաճառվող մթերքի տեսականուն համապատասխան:

Արգելվում է արագ փչացման ենթակա սննդամթերքների վաճառքն անհրաժեշտ հիգիենիկ պայմանների (տաք և սառը հոսող ջուր, լվացարաններ և այլն), ինչպես նաև սառնարանների բացակայության դեպքում:

5.3. Մթերային մեծածախ շուկաների տարածքում սննդամթերքի մանրածախ առևտուր իրականացնող և հանրային սննդի ծառայություններ մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են ապահովել սննդամթերքի մանրածախ առևտրի և հանրային սննդի օբյեկտներին ներկայացվող հիգիենիկ նորմերի և հակահամաճարակային կանոնների պահանջների կատարումը:

5.4. Մեծածախ մթերային շուկայում պարբերաբար պետք է (բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ) կատարվեն մաքրման և ախտահանման աշխատանքներ, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվեն կրծողների և միջատների դեմ պայքարի միջոցառումներ:

5.5. Արգելվում է մեծածախ շուկայի տարածքում տեղակայված սննդամթերքի վաճառքի և հանրային սննդի կազմակերպությունների ցանկացած սենք (շինություն) օգտագործել ապրելու կամ գիշերելու նպատակով:

Արգելվում է կողմնակի անձանց մուտքը սննդամթերքի ընդունման, պահման և իրացման համար նախատեսված սենքեր:

 

6. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Պարենամթերքի մեծածախ շուկան պետք է ապահովված լինի բավարար քանակությամբ սառնարանային սարքավորումներով, որոնցում պետք է տեղադրված լինեն ջերմաչափեր` մթերքի պահման ջերմային ռեժիմի հսկման համար:

6.2. Առևտրային և պահեստային շինություններում պետք է տեղադրված լինեն կափարիչով փակվող դույլեր, աշխատանքի վերջում դրանք պետք է լվացվեն 1-2 տոկոս կալցինացված սոդային տաք (ոչ պակաս 45-500C ջերմաստիճանից) լուծույթով կամ այդ նպատակի համար նախատեսված լվացող այլ միջոցներով:

6.3. Սննդամթերքի վաճառքի և հանրային սննդի օբյեկտների, պահեստների և վարչակենցաղային շինությունների մաքրման պարագաներն ու գույքը պետք է առանձնացված և մակնշված լինեն և պահվեն առանձին հատուկ փակ պահարաններում կամ խորշերում: Սառնարանային սարքավորումների լվացման դույլերը և այլ գույքը նույնպես պետք է լինեն մակնշված:

6.4. Սան. հանգույցների մաքրման պարագաները պետք է ունենան ազդանշանային գունավորում և պահվեն առանձին:

 

7. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Պարենահումքի և սննդամթերքի պահման և իրացման ընթացքում պետք է պահպանվեն յուրաքանչյուր տեսակի սննդամթերքի պահման և իրացման համար սահմանված ջերմային ռեժիմին, օդի հարաբերական խոնավությանը և լուսավորությանը ներկայացվող պահանջները` համաձայն յուրաքանչյուր սննդատեսակի մակնշման (պիտակի) տեղեկատվական տվյալների:

7.2. Արգելվում է արագ ու հատկապես արագ փչացող սննդամթերքի պահումը և իրացումը սառնարանային սարքավորումների բացակայության դեպքում: Պաղեցրած արագ փչացող մթերքի պահպանումը սառնարանային պայմաններում (պաղեցման ջերմաստիճանում) պետք է ապահովվի ոչ միայն պահեստում, այլ նաև դրանց անմիջական վաճառքի տեղում:

7.3. Պարենային հումքի և սննդամթերքի պահման ընթացքում խստորեն պետք է պահպանվեն ապրանքային հարևանության կանոնները.

- արգելվում է հում մթերքը և կիսապատրաստվածքները պահել և իրացնել պատրաստի սննդատեսակների հետ համատեղ,

- արգելվում է սննդամթերքի հետ մեկտեղ պահել և իրացնել արդյունաբերական, տնտեսական, կենցաղային քիմիայի և այլ նման ապրանքներ, սուր հոտ ունեցող մթերքը (ձկնեղեն, ապխտած արտադրատեսակներ` միս, երշիկ, ձուկ և այլն),

- սուր բուրմունքով համեմունքները (դափնու տերև, սև պղպեղ, վանիլ և այլն) պահելու համար պետք է առանձնացնել առանձին տարածքներ: Թվարկած ապրանքները պետք է իրացվեն հոտեր կլանող սննդատեսակներից (ալյուր, շաքար, շաքարավազ, թեյ և այլն) առանձին:

7.4. Հատկապես արագ փչացող պարենային հումքը և սննդամթերքը պետք է պահվի և իրացվի «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահման պայմանները և ժամկետները» III-4.4-01 սանիտարական կանոնների ու նորմերի պահանջներին համապատասխան:

Նշված սանիտարական կանոններում չներառված սննդամթերքի պահման պայմանները և իրացման ժամկետները պետք է համապատասխանեն տվյալ սննդատեսակի համար արտադրողի կողմից մշակված և ըստ սահմանված կարգի պետական գրանցում ունեցող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

7.5. Սառեցված մթերքը թույլատրվում է իրացնել միայն ցածր ջերմաստիճանային սառնարանների առկայության դեպքում:

7.6. Մթերային մեծածախ շուկաներում ընդունվող և իրացվող սննդամթերքը պետք է ուղեկցվի մարդու համար դրա որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով:

7.7. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սննդամթերքի փաթեթավորման համար օգտագործվող տարան և փաթեթավորող նյութերը պետք է ունենան հիգիենիկ փորձաքննության արդյունքների հիման վրա տրված դրական եզրակացություն:

7.8. Սննդամթերքն ընդունող և իրացնող համապատասխան անձանց կողմից պետք է ստուգվի մթերքի որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան սննդամթերքի մակնշման առկայությունը:

7.9. Անասնահումքը, հավկիթը, մելանժը, ձուկը, մեղրը և մեղվաբուծական մթերքը պետք է ուղեկցվեն կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների նկատմամբ տնտեսությունների ապահովվածությունը հավաստող անասնաբուժական վկայականներով:

 

8. ՊԱՐԵՆԱՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Պարենահումքը և սննդամթերքը պետք է փոխադրվեն հատուկ փոխադրամիջոցներով` տեղափոխվող մթերքին համապատասխան մակնշմամբ («Միս-մսամթերք», «Կաթ-կաթնամթերք», «Թռչնի միս», «Հավկիթ», «Հաց-հացամթերք» և այլն): Պարենահումք և սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների ներսի մակերեսը պետք է պատված լինի սննդամթերքի հետ շփման համար նախատեսված, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերով:

8.2. Հատկապես արագ փչացող մթերքը պետք է տեղափոխել սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող փոխադրամիջոցներով:

Տարվա տաք ժամանակաշրջանում հատկապես արագ փչացող մթերքի տեղափոխումը հավասարաջերմ փոխադրամիջոցներով սառույցի առկայությամբ չպետք է գերազանցի 3 ժամից, առանց սառույցի` 1 ժամից: Արագ փչացող մթերքի տեղափոխումը սառեցվող փոխադրամիջոցներով պետք է կատարվի մինուս 5-100 C ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

8.3. Մթերքի տեղափոխման ժամանակ պետք է պահպանվեն յուրաքանչյուր տեսականու պահման ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև թույլատրելի հարևանությունը` չի թույլատրվում հումքի և օգտագործման համար պատրաստի սննդամթերքի համատեղ տեղափոխումը:

8.4. Կենդանի ձուկը պետք է տեղափոխվի ջերմամեկուսացում ունեցող ավտոցիստեռններով, որոնք պետք է ունենան սառույցի տարողություններ և ջուրը թթվածնով հագեցնելու սարքավորումներ: Ջրի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի +10 C-ից +20 C-ից, ամռանը` +100 C-ից +140 C-ից ոչ բարձր:

8.5. Վարորդ-առաքողը պարտավոր է ունենալ մաքուր սանիտարական հագուստ և պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

 

9. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

9.1. Պարենամթերքի որակական փոփոխություններ հայտնաբերելու, սննդամթերքի իրացման երաշխիքային ժամկետը լրանալու դեպքում վաճառողը պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա իրացումը և այդ մասին հայտնել համապատասխան իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ լիազորված իրավասու մարմիններին, արտադրանքի հետագա իրացման եղանակները (տեխնիկական վերամշակում, խոտանում, որպես անասնակեր օգտագործելու հնարավորություն) որոշելու նպատակով:

9.2. Վաճառողը պարտավոր է`

- օբյեկտը պահել մաքուր վիճակում,

- խստորեն պահպանել սննդամթերքի պահման պայմանները, իրացման ժամկետները, մթերքի թույլատրելի հարևանությունը և իրացման կանոնները,

- պահպանել մթերքը աղտոտումից,

- պահպանել անձնական հիգիենայի կանոնները, աշխատել մաքուր սանիտարական հագուստով:

9.3. Սույն սանիտարական կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 845
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան