115.0156.07.10.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
07.10.1998 թ. |
N 156-Պ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով
հրամայում եմ`
1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնեական հրահանգը հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:
2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պ ա շ տ ո ն ե ա կ ա ն հ ր ա հ ա ն գ
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի
1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) տնօրենի (այսուհետ` տնօրեն) լիազորությունները:
2. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և համապատասխան որակավորում ունեցող, ինչպես նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և սոցիալական ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:
3. Տնօրենին պաշտոնում նշանակում է և պաշտոնից ազատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):
4. Կենտրոնի տնօրենն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով, ինչպես նաև Կենտրոնի կանոնադրությամբ:
5. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում.
● ղեկավարում է կենտրոնի աշխատանքները, ապահովում է Կենտրոնի կանոնադրական խնդիրների իրականացումը, պատասխանատու է Կենտրոնի գործունեության համար,
● մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և ՀՀ սոցիալական ապահովության նախարարության քննարկմանն է ներկայացնում Կենտրոնի աշխատանքների կատարելագործմանն ուղղված առաջարկություններ,
● Կենտրոնի իրավասության սահմաններում ՀՀ գործող օրենսդրության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի), ՀՀ սոցիալական ապահովության նախարարության որոշումների, հրամանների, հրահանգների և ցուցումների հիման վրա արձակում է հրամաններ և ապահովում է դրանց կատարումը,
● տնօրինում է նախահաշիվներով հաստատված հատկացումներով Կենտրոնին տրամադրված վարկերն ու միջոցները, նպատակաուղղելով դրանք Կենտրոնի գործունեության կանոնադրական խնդիրների արդյունավետ իրականացմանը,
● ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Կենտրոնի աշխատողներին:
7. Կենտրոնի տնօրենը պարտավոր է.
● ամբողջությամբ տիրապետել նպաստի նշանակման և վճարման կազմակերպման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի (կանոնադրություն, կարգ, հրահանգ այլն) և «Փարոս» ու «Նպաստ» համակարգչային ծրագրերի շահագործման համար անհրաժեշտ գիտելիքներին,
● կազմակերպել Կենտրոնի աշխատանքները.
ա) Կենտրոնի կողմից սպասարկվող տարածքը հրամանով բաժանել տեղամասերի տեսուչների միջև, ապահովելով աշխատակիցների համար հավասար ծանրաբեռնվածություն,
բ) հաստատել տեսուչների համակարգիչների մոտ աշխատելու սահող ժամանակացույցը,
գ) հաստատել տեսուչների տեղամասային այցելությունների սահող ժամանակացույցը,
դ) սահմանել վերահսկողություն Կենտրոնում տարվող գործավարության վրա,
ե) կատարել Կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող անձանց ընդունելություն,
զ) ուսումնասիրել Կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող անձանց դիմումները, դիմում-բողոքները և պատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) ապահովել Կենտրոնում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները,
ը) հաստատել նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը,
թ) ապահովել Կենտրոն դիմած անձանց (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980202