ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1881/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1881/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ս. Միքայելյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
|
Ա. Բարսեղյանի |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի հունիսի 30-ին,
քննարկելով ըստ հայցի Լիլիթ Ռաշոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` առգրավված գույքը` ավտոմեքենան, իր նախկին վիճակով վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լիլիթ Ռաշոյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լիլիթ Ռաշոյանը պահանջել է վերադարձնել առգրավված գույքը` ավտոմեքենան իր նախկին վիճակով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 13.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.02.2014 թվականի որոշմամբ Լիլիթ Ռաշոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Ռաշոյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ և 140-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջների խախտում, մասնավորապես` Դատարանի 13.12.2013 թվականի վճիռը Լիլիթ Ռաշոյանի կողմից ստացվել է 10.01.2014 թվականին, երբ բողոքարկման ժամկետի ավարտին մնացել էր ընդամենը երկու օր, որի պատճառով վերջինս զրկվել է օրենքով սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.02.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` օրենքով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշման շրջանակներում փոխկապակցված վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի և 207-րդ հոդվածի 1-ին կետի իրավանորմերը, արձանագրել է, որ եթե ներկայացված չէ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարը բռնագանձելու մասին պահանջ կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում այդ չափը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նշված ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նշված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից: Վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին (տե'ս, Վարդան Պողոսյանն ընդդեմ Տիգրան Արշակյանի թիվ ԵՇԴ/0021/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, ձեռնամուխ է լինում քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը միայն համապատասխան հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական նախաձեռնությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես, դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի գործին մասնակցող անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը: Այս առումով դատավարական ժամկետների բաց թողնման և վերականգման հարցերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից հետևում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ: Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և այդ պայմաններում բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին` նշելով, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում` հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե'ս, Երևան համայնքն ընդդեմ Վարդ Գասպարյանի թիվ ԵԿԴ/2963/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2013 թվականի որոշումը):
Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:
Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Սույն գործով Լիլիթ Ռաշոյանը, վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացնելով վերաքննիչ բողոք, չի ներկայացրել համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` թվարկելով միայն այն հանգամանքները, որոնք պատճառ են հանդիսացել այդ ժամկետը բաց թողնելու համար:
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով հայցվորի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը միջնորդություն չի ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանը վճիռը կայացրել է 13.12.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Լիլիթ Ռաշոյանը ներկայացրել է 07.02.2014 թվականին: Փաստերի նման դասավորվածության դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 14.12.2013 թվականից և լրանում է 14.01.2014 թվականին, մինչդեռ Լիլիթ Ռաշոյանը, վերաքննիչ բողոքը ներկայացնելով 07.02.2014 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն` բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն`վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
Վերոնշյալ վերլուծությունների համատեքստում գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում բողոք բերած անձի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացված չլինելու պայմաններում առկա է եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքը, հետևաբար Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը 21.02.2014 թվականի որոշմամբ Լիլիթ Ռաշոյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված` վերաքննիչ բողոքը վերադարձնելու երկու հիմքով, այն է` 1. պահպանված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները և 2. վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերվել է միայն Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված միայն մեկ` երկրորդ հիմքի իրավական հիմնավորումների օրինաչափության մասով, որի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները վերոգրյալ պատճառաբանություններով անհիմն են:
Վերը շարադրվածից հետևում է, որ եթե անգամ վճռաբեկ բողոքը հիմնավոր համարվեր, Վերաքննիչ դատարանի որոշումը վերաքննիչ բողոքը վերադարձնելու առաջին հիմքի մասով բողոքարկված չլինելու պայմաններում չէր կարող վերացվել, քանի որ Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն, վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Աբելյան Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. Հայրիյան Ե. Սողոմոնյան