Գլխավոր տեղեկություն
Համար
N 1211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.969
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1211-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ բնապահպանական հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝

1) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաների ստացումը հիմնավորող փաստաթղթերը.

2) հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.

3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ ամբողջ տարվա ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:

2. Սահմանել բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Բանկը կամ տեխնիկական զննության կայանը կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով դիմում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողներին վերաբերող տվյալները համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվելու նպատակով:

3. Բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար՝ բանկում կամ տեխնիկական զննության կայանում կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնում հարկ վճարողին վերաբերող տվյալների առկայության մասին հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում բանկը կամ տեխնիկական զննության կայանը կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմինը հարկ վճարողին անմիջապես տեղեկացնում է իր մոտ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հարկ վճարողին վերաբերող տվյալների առկայության մասին:

4. Եթե բանկի կամ տեխնիկական զննության կայանի կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնի կողմից, բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգով տվյալները չեն ստացվել, ապա՝

1) հարկ վճարողը կարող է դիմել բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով.

2) հարկ վճարողը, սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին չդիմելու դեպքում, բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմիններ:

5. Սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների համար մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ՝ տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

6. Հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ՝ տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

7. Հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները՝ ամբողջ տարվա ընթացքում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար՝ բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ՝ տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

8. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողը հարկային արտոնությունների՝ իր իրավունքը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմիններ:

9. Հարկային արտոնություններից օգտվելու համար՝ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1211-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում համապատասխան մարմինն անմիջապես դրա մասին տեղեկացնում է հարկ վճարողին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան