ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով.
«Հոդված 158.1. | Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը |
1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 19-րդ մասով,» բառերից հետո լրացնել «158.1-ին հոդվածով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ին:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-444-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: