Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-24-Ո-29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.09/2(942) Հոդ.6
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.12.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-24-Ո-29

 2012 թ.

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,

Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ս. Բաղդասարյանի

 

ՀՀ արդարադատության նախարար՝

Հ . Թովմասյանի

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. հոկտեմբերի 22-ի թիվ 214-Ա հրամանով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ս. Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գայանե Փահլևանյանի դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«1. ՀՀ ՊՆ ՔԾ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Աղումյանը 2011թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ Գայանե Փահլևանյանին առաջադրել է նոր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Դատարան է ուղարկվել 2011թ. հոկտեմբերի 19-ին:

2. Դատարանը ԼԴ/0224/02/11 գործով դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գայանե Նորիկի Փահլևանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

3. Դատարանը 2012թ. հունվարի 31-ի դատավճռով վճռել է` ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատարանը վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

4. Դատավճռի համաձայն` Գայանե Փահլևանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունը կատարվել է 2007թ. հունիսի 1-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը, իսկ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը` 2008թ. հունվարի 1-ից մինչև 2009թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:

5. Դատարանի 2012թ. հունվարի 31-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպանը` նշելով, որ ազատազրկման ձևով պատիժ սահմանելով` Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, սակայն չի կատարել դա` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 399-րդ հոդվածների պահանջները:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Դանիելյան, դատավորներ` Մ. Արղամանյան, Մ. Ռեհանյան) 2012թ. մայիսի 29-ի որոշմամբ Դատարանի 2012թ. հունվարի 31-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. մայիսի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպանը, որով խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. մայիսի 29-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. օգոստոսի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

7. 2012թ. սեպտեմբերի 25-ին Դատարանը ԼԴ/0224/01/11 քրեական գործով որոշում է կայացրել դատավճռի անհստակությունը լուծելու մասին: Որոշման մեջ Դատարանը սահմանել է. «Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշումը (այսուհետ` Համաներման ակտ), քանի որ նա հանցավոր արարքները կատարել է 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի ապրիլի 1-ը, և նրա նկատմամբ համաներման մասին նշված որոշումը կիրառելու արգելքներ չկան: Դատարանը, Գ. Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով համաներման մասին որոշումը, թույլ է տվել նրա նկատմամբ նշանակված պատժի հաշվարկի սխալ»:

8. Դատարանը որոշել է ԼԴ/0224/01/11 քրեական գործով դատավճռի անհստակությունը լուծել` դատավճռի եզրափակիչ մասը խմբագրելով հետևյալ կերպ`

«Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: Կիրառել Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին»:

9. Դատարանի 2012թ. սեպտեմբերի 25-ի որոշման դեմ 2012թ. հոկտեմբերի 5-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել Լոռու կայազորի զինվորական դատախազությունը, որով խնդրել է բեկանել որոշումն այն օրենքի դրույթներին չհամապատասխանելու և անօրինական լինելու հիմքով:

 

Դատարանը, 2012թ. հունվարի 31-ի դատավճռով Գայանե Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով Համաներման ակտը, թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

2012թ. հունվարի 31-ի դատավճռով Դատարանը վճռել է` ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակվել է ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է.

«Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն.

«Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց»:

Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն.

«Պատժաչափի չկրած մասը կրճատել մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:

Այսինքն` Գայանե Փահլևանյանը Դատարանի 2012թ. հունվարի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել այնպիսի հանցագործությունների կատարման համար, որոնցից մեկի համար (376-րդ հոդվածի 1-ին մաս), ըստ Համաներման ակտի, նա պետք է ազատվեր պատժից, իսկ մյուսի համար (179-րդ հոդվածի 3-ին մաս) պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:

Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է`

«1) դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա»:

Այսինքն` ըստ Համաներման ակտի նշված կետի, ՀՀ դատարաններն են կիրառում համաներման ակտը`

1. Այն գործերով, որոնք Համաներման ակտի ուժի մեջ մտնելու պահին դատարաններում չեն քննվել, այսինքն` այն գործերը, որոնցով 2011թ. մայիսի 26-ի դրությամբ դեռևս չի կայացվել դատավճիռ:

2. Այն գործերով, որոնք քննվել են, բայց որոնց արդյունքում կայացված դատավճիռները 2011թ. մայիսի 26-ին դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն` երբ դատարանը կայացրել է դատավճիռ, որը 2011թ. մայիսի 26-ի դրությամբ դեռ ուժի մեջ չի մտել:

Ելնելով վերը շարադրյալից` Դատարանը 2012թ. հունվարի 31-ին կայացված դատավճռով պարտավոր էր ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով նշանակված պատժի համար Գայանե Փահլևանյանին ազատեր պատժի կրումից` անկախ այն հանգամանքից, թե Համաներման ակտի հիման վրա մյուս հանցագործության համար նշանակված պատժաչափը պետք է կրճատվեր կամ անձը պետք է ազատվեր դրանից:

ՀՀ վճռաբեկ դատարանը Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ 2011թ. հոկտեմբերի 20-ի կայացրած որոշման մեջ սահմանել է. «… Հանցագործությունների համակցության այն դեպքերում, երբ համաներումը բոլոր հանցանքների նկատմամբ կիրառելի է, դատարանը պարտավորեցված է համաներման ակտը կիրառել յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին: Այդ առումով էական նշանակություն չունի, թե համաներման կիրառման արդյունքում անձի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, թե նա պետք է ազատվի նշանակված պատժից:…

Եթե դատարանը յուրաքանչյուր հանցագործության համար նշանակում է այնպիսի պատժաչափ, որից համաներման ուժով անձը ենթակա է ազատման, ապա դատարանը չպետք է անցնի վերջնական պատժի որոշման փուլ և պետք է լուծի համաներման կիրառման հարցը, քանի որ տվյալ դեպքում նույնպես բացակայում է համաներում կիրառելու օրենքով ամրագրված որևէ սահմանափակում:

Հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անձի նյութական իրավունքի խախտում, այն է` համաներման ակտի կիրառման սահմանափակման բացակայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով կարող է սահմանվել վերջնական այնպիսի պատիժ, որից ազատելու հնարավորություն համաներումը չի նախատեսում, այլ անձը կարող է միայն ակնկալել պատժաչափի չկրած մասը կրճատելու հնարավորություն: Արդյունքում կստացվի, որ համաներումը նրա նկատմամբ չկիրառվեց այնպես, ինչպես նախատեսում էր օրենքը:…»

Սակայն 2012թ. հունվարի 31-ին կայացված դատավճռում Դատարանը ընդհանրապես չի անդրադարձել Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու հարցին:

Դրա արդյունքում Գայանե Փահլևանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով սահմանվել է այնպիսի վերջնական պատիժ, որից պատժաչափի չկրած մասի կրճատում բացառվում է:

Այսպիսով, Դատարանի կայացրած դատավճռի արդյունքում Գայանե Փահլևանյանի նկատմամբ չի կիրառվել Համաներման ակտը, որով խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`

1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.

2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.

3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը»:

2012թ. սեպտեմբերի 25-ին Դատարանը ԼԴ/0224/01/11 քրեական գործով որոշում է կայացրել դատավճռի անհստակությունը լուծելու մասին` կայացրած որոշմամբ սահմանելով. «Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է Համաներման ակտը, քանի որ նա հանցավոր արարքները կատարել է 2007 թվականի հունիսի 1-ից մինչև 2010 ապրիլի 1-ը և նրա նկատմամբ համաներման մասին նշված որոշումը կիրառելու արգելքներ չկան»:

Նշված որոշմամբ Դատարանը սահմանել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ բացակայում են Համաներման ակտը կիրառելու արգելքները և նրան ազատել է 376-րդ հոդվածով նախատեսված պատիժը կրելուց:

Փաստորեն` Դատարանն իր կողմից կայացրած դատավճռից գրեթե 9 ամիս անց որոշում է կայացրել Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու մասին` ազատելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար նշանակված պատժից:

Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է`

«1) դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա»:

Այսինքն` ըստ Համաներման ակտի նշված կետի` ՀՀ դատարաններն են կիրառում համաներման ակտը`

1. Այն գործերով, որոնք Համաներման ակտի ուժի մեջ մտնելու պահին դատարաններում չեն քննվել, այսինքն` այն գործերը, որոնցով 2011թ. մայիսի 26-ի դրությամբ դեռևս չի կայացվել դատավճիռ:

2. Այն գործերով, որոնք քննվել են, բայց որոնց արդյունքում կայացված դատավճիռներն 2011թ. մայիսի 26-ին դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն, երբ դատարանը կայացրել է դատավճիռ, որը Համաներման ակտի ուժի մեջ մտնելու պահին դեռևս ուժի մեջ չի մտել:

 

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Համաներման ակտի համաձայն` դատարանն իրավասու չէ կիրառել Համաներման ակտը քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ:

Սույն գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012թ. օգոստոսի 10-ին:

Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում:

Այսինքն` Դատարանն իրավասու չէր կիրառելու Համաներման ակտը: Ուստի Դատարանը, կիրառելով համաներում, դուրս է եկել իր լիազորություններից, թույլ է տվել Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետի խախտում:

Բացի այդ, նման եղանակով կիրառելով Համաներման ակտը` Դատարանը նաև կոպտորեն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը:

Այսպես` դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծումն ու վերացումը չպետք է շոշափի դատավճռի էությանը:

Եթե դատավճռի կատարման ընթացքում հայտնաբերվել են դրա էությանը վերաբերող էական խախտումներ, ապա դրանց ուղղումը հնարավոր է միայն դատական ակտի փոփոխման կամ բեկանման միջոցով1 : Դատական որոշումների կատարման փուլը նման նպատակ չի հետապնդում: Դատարանը չի կարող իր դատավճռի վերաբերյալ կասկածները և անհստակությունները լուծելու միջոցով վերացնել իր կողմից կայացված դատական ակտում թույլ տված խախտումները:

Այսինքն` Դատարանը, 2012թ. սեպտեմբերի 25-ի որոշման մեջ ընդունելով Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտը չկիրառելու հանգամանքը, չէր կարող այդ սխալն ուղղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշում ընդունելու միջոցով:

Դատարանը, 2012թ. սեպտեմբերի 25-ի դատական որոշման մեջ առկա անհստակությունները լուծելու մասին կայացրած որոշմամբ կիրառելով Համաներման ակտը, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը:

Դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը 2012թ. նոյեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն, որով ընդունել է Համաներման ակտը չկիրառելու փաստը, նշելով, որ «Գայանե Փահլևանյանի նկատմամբ կայացված դատական ակտով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով չկիրառելով Համաներման ակտը` թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, քանի որ կայացված դատական ակտը չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջին, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, սակայն գտնում եմ, որ այդ խախտումը ակնհայտ և կոպիտ չէ` հաշվի առնելով Համաներման ակտի հետ կապված վերը նշված տեսական և գործնական վիճահարույց խնդիրները»:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ Դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը, 2012թ. հունվարի 31-ի կայացրած դատավճռով Գայանե Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով Համաներման ակտը, ինչպես նաև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական որոշման մեջ առկա անհստակությունները լուծելու մասին 2012թ. սեպտեմբերի 25-ին կայացրած որոշմամբ կիրառելով Համաներման ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի, Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի, 13-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Նշված նորմերի խախտման հետևանքով խախտվել են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նշված խախտումներն ազդել են գործով ճիշտ և օրինական դատական ակտերի կայացմանը»:

________________

1  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության դասագիրք բուհերի համար:

Հատուկ մաս: Երևան, Եր. համ. հրատ. 2010թ. 483-րդ էջ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ս. Բաղդասարյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Համաներման ակտով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսդրությամբ կարգավորված չէ այն հարցը, թե դատարանները հանցանքների համակցության դեպքում համաներումը պետք է կիրառեն յուրաքանչյուր հանցանքի համար առանձին-առանձին, թե այդ հարցին պետք է անդրադառնան վերջնական պատիժ նշանակելուց հետո: Մինչև վերջին Համաներման ակտի ընդունումը ՀՀ դատարաններում այդ հարցի վերաբերյալ միասնական դատական պրակտիկա չի եղել, և որպես կանոն, համաներման հարցը հանցանքների համակցության դեպքում քննարկվել է վերջնական պատիժ նշանակվելուց հետո:

Գայանե Փահլևանյանը մեղադրվել է երկու հանցագործություններ կատարելու մեջ, որոնցից մեկով` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով ըստ Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի նախատեսված է պատժի ժամկետի կրճատում, իսկ համաձայն դատական պրակտիկայի` այդ դեպքում համաներման կիրառման հարցը պետք է քննարկվի քրեակատարողական հիմնարկի պետի կողմից, ուստի Դատարանը Գայանե Փահլևանյանի նկատմամբ համաներման հարցը քննարկման առարկա չի դարձրել:

Քննարկվող հարցի վերաբերյալ միասնական դատական պրակտիկա է ստեղծել ՀՀ վճռաբեկ դատարանը Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ իր 20.10.2011 թվականի նախադեպային որոշմամբ:

Ընդունում եմ, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կայացված դատական ակտով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով չկիրառելով Համաներման ակտը` թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, քանի որ կայացված դատական ակտը չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջին, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, սակայն գտնում եմ, որ այդ խախտումը ակնհայտ և կոպիտ չէ` հաշվի առնելով համաներման ակտի հետ կապված վերը ներկայացված տեսական ու գործնական վիճահարույց խնդիրները:

Գործով դատական ակտի բողոքարկումից հետո, երբ այն ստացել է օրինական ուժ, պարզ է դարձել թույլ տրված դատական սխալը, որպիսի պայմաններում Գայանե Փահլևանյանի իրավունքների պաշտպանության տեսակետից անհրաժեշտ էր թույլ տրված սխալի, ըստ էության, վերջինիս նկատմամբ նշանակված պատժի հաշվարկի կասկածի և անհստակության վերացում, որի հնարավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով տրվել է դատավճիռ կայացրած դատարանին:

Ելնելով վերը նշվածից` դատապարտյալ Գայանե Փահլևանյանի պաշտպանի դիմումի հիման վրա Դատարանը 20.09.2012 թվականին կայացրել է «Դատական որոշման անհստակությունը լուծելու մասին» որոշում:

Գտնում եմ, որ նշված որոշմամբ դատական ակտի էությունը չի փոխվել, այդ ակտով դատապարտյալի վիճակը չի վատթարացել, նրա կամ այլ անձանց իրավունքները չեն խախտվել, պատժի հաշվարկի հետ կապված Դատարանը հայեցողություն չի դրսևորել, այլ «Անհստակության լուծման մասին» որոշմամբ վերացվել է համաներման կիրառման հետ կապված կասկածը, և հստակ հաշվարկվել է Գայանե Փահլևանյանի նկատմամբ Դատարանի կողմից նշանակված պատժաչափը, հաշվի առնելով կիրառման ենթակա Համաներման ակտը, որի համաձայն որպես օրենքի պահանջ դատապարտյալը պետք է ազատվի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից: Այսինքն` դատական ակտով համաներում կիրառելու հարցին տրվել է դատապարտյալի համար բարենպաստ այնպիսի լուծում, որը օրենսդրի պարտադիր պահանջն է և այլ եղանակով չէր կարող տրվել` պատժից ազատելու մասով:

Միաժամանակ հայտնում եմ, որ դատապարտյալ Գայանե Փահլևանյանի վերաբերյալ քրեական գործով «Դատավճռի անհստակությունը լուծելու մասին» Դատարանի 25.09.2012 թվականի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ս. Հախվերդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իր 12.11.2012 թվականի որոշմամբ թողել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ «Դատարանի (…) եզրահանգումները հիմնավոր են, դրանք բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից:

(....) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից սույն գործով կայացված դատական ակտը չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի դրույթներին այն մասին, որ դատավճիռ կամ այլ դատական ակտ կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածներն ու անհստակությունները:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածում օրենսդիրը օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածների և անհստակությունների կոնկրետ դրսևորումների հստակ ամրագրման և ոչ թե այդ կասկածների և անհստակությունների վերանայելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն:

Պատժի չափի հստակ որոշումը, խափանման միջոցների, դատական ծախսերի վերաբաշխումը, իրեղեն ապացույցների ճակատագրի լուծումը, ինչպես նաև դատական ակտի անհստակությունների մեկնաբանումը, դատական ակտի վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ, ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի ամբողջ համատեքստում` հաշվի առնելով նաև գործի կոնկրետ հանգամանքները: (...)

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավճռով դատապարտյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, ուստի քրեակատարողական հիմնարկը զրկված է եղել Համաներման ակտի կիրառման հնարավորությունից:

Այս պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում Դատարանը սույն քրեական գործի շրջանակներում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ»:

Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նույնպես գտել է, որ տվյալ գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կիրառմամբ դատավճռի անհստակության լուծման վերաբերյալ Դատարանի որոշումը օրինաչափ է: Կարծում եմ, որ եթե օրենսդիրը հնարավորություն է տվել դատական ակտի անհստակության լուծման կարգ, ապա այն անհստակությունը, վրիպակը կամ բացթողումը, որը հնարավոր է շտկել օրենքով նախատեսված կարգով, չի կարող գնահատվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում, հետևաբար վրիպում թույլ տված դատավորը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Կարծում եմ նաև, որ երբևէ դատավորը դատական որոշման կասկածների և անհստակությունների ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով նախատեսված կարգով լուծման համար կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել:

Վերոգրյալի հիման վրա, խնդրում եմ, հիմք ընդունելով իմ կողմից նշված փաստարկները, կարճել հարուցված կարգապահական վարույթը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գայանե Փահլևանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը 2012թ. հունվարի 31-ի դատավճռով վճռել է` ամբաստանյալ Գայանե Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատարանը Գ. Փահլևանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

2) Գայանե Փահլևանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունը կատարվել է 2007թ. հունիսի 1-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը, իսկ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը` 2008թ. հունվարի 1-ից մինչև 2009թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:

3) Ամբաստանյալ Գ. Փահլևանյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառելու հիմքով բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. մայիսի 29-ի որոշմամբ մերժվել է, Դատարանի 2012թ. հունվարի 31-ի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

4) 2012թ. հունվարի 31-ի դատավճիռը հստակեցնելու մասին դատապարտյալ Գ. Փահլևանյանի պաշտպանի դիմումի հիման վրա Դատարանը 2012թ. սեպտեմբերի 25-ին թիվ ԼԴ/0224/01/11 քրեական գործով որոշում է կայացրել դատավճռի անհստակությունը լուծելու մասին: Որոշման մեջ Դատարանը նշել է. «Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է Համաներման ակտը, քանի որ նա հանցավոր արարքները կատարել է 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի ապրիլի 1-ը, և նրա նկատմամբ համաներման մասին նշված որոշումը կիրառելու արգելքներ չկան: Դատարանը, Գ. Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով համաներման մասին որոշումը, թույլ է տվել նրա նկատմամբ նշանակված պատժի հաշվարկի սխալ»:

Դատարանը որոշել է թիվ ԼԴ/0224/01/11 քրեական գործով դատավճռի անհստակությունը լուծել` դատավճռի եզրափակիչ մասը խմբագրելով հետևյալ կերպ`

«Ամբաստանյալ Գայանե Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: Կիրառել Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը` պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին»:

5) Դատարանի 2012թ. սեպտեմբերի 25-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 12.11.2012թ. որոշմամբ մերժվել է:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:

Համաներման ակտի 1-ին կետի համաձայն` «Պատժից ազատել, բացառությամբ այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի`

1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.

(...)»:

Համաներման ակտի 6-րդ կետի համաձայն` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով`

(...)

2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

(...)»:

Համաներման ակտի 8-րդ կետի համաձայն` «Պատժաչափի չկրած մասը կրճատել`

(...)

5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) 179-րդ հոդվածի 3-րդ մասով (...) նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վերոշարադրյալ նորմերից հետևում է, որ համաներման կիրառման սահմանափակումների բացակայության պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառելի է Համաներման ակտը:

Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գայանե Փահլևանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունը կատարվել է 2007թ. հունիսի 1-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը, իսկ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը` 2008թ. հունվարի 1-ից մինչև 2009թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Դատարանը 2012թ. հունվարի 31-ի դատավճռով վճռել է` ամբաստանյալ Գայանե Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Դատարանը Գայանե Փահլևանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Գայանե Փահլևանյանը մեղադրվում էր մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած երկու հանցագործությունների մեջ, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառելի էր Համաներման ակտը: Մինչդեռ Դատարանը, դատավճռում չանդրադառնալով Գայանե Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու հարցին, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշման 22-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Հանցագործությունների համակցության այն դեպքերում, երբ համաներումը բոլոր հանցանքների նկատմամբ կիրառելի է, դատարանը պարտավորեցված է համաներման ակտը կիրառել յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին: Այդ առումով էական նշանակություն չունի, թե համաներման կիրառման արդյունքում անձի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, թե նա պետք է ազատվի նշանակված պատժից:…

Եթե դատարանը յուրաքանչյուր հանցագործության համար նշանակում է այնպիսի պատժաչափ, որից համաներման ուժով անձը ենթակա է ազատման, ապա դատարանը չպետք է անցնի վերջնական պատժի որոշման փուլ և պետք է լուծի համաներման կիրառման հարցը, քանի որ տվյալ դեպքում նույնպես բացակայում է համաներում կիրառելու օրենքով ամրագրված որևէ սահմանափակում:

Հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անձի նյութական իրավունքի խախտում, այն է` համաներման ակտի կիրառման սահմանափակման բացակայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով կարող է սահմանվել վերջնական այնպիսի պատիժ, որից ազատելու հնարավորություն համաներումը չի նախատեսում, այլ անձը կարող է միայն ակնկալել պատժաչափի չկրած մասը կրճատելու հնարավորություն: Արդյունքում կստացվի, որ համաներումը նրա նկատմամբ չկիրառվեց այնպես, ինչպես նախատեսում էր օրենքը (...)»:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, քանի որ Գայանե Փահլևանյանի կողմից կատարված արարքներից յուրաքանչյուրի դեպքում Համաներման ակտը կիրառելի լինելու պայմաններում Դատարանն իր դատավճռում ընդհանրապես չի անդրադարձել Համաներման ակտի կիրառման հարցին:

2. Քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության մեջ նշված այն պնդումը, որ դատական որոշման անհստակությունը լուծելու մասին 2012թ. սեպտեմբերի 25-ին կայացրած որոշմամբ Դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կոպիտ խախտում, Խորհուրդն այն հիմնավորված չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.

2) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

3) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:

Խորհուրդն արձանագրում է, որ մեջբերված հոդվածում օրենսդիրը, դատական ակտ կայացրած դատարանին իրավունք վերապահելով դատական որոշման կատարման ընթացքում թվարկված դեպքերում ծագած կասկածների և անհստակությունների լուծման հնարավորություն, միևնույն ժամանակ օգտագործել է «մասնավորապես» եզրույթը` դրանով իսկ ամրագրելով, որ թվարկված դեպքերը սպառիչ չեն:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԼԴ/0224/01/11 գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի օգոստոսի 10-ին, որից հետո հանձնվել է կատարման:

Կատարման ընթացքում պաշտպանի դիմումի հիման վրա Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը, 2012 թվականի սեպտեմբերի 25-ին «Դատական որոշման անհստակությունը լուծելու մասին» որոշում է կայացրել, որով ամբաստանյալ Գայանե Փահլևանյանին Համաներման ակտի կիրառմամբ ազատել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված` 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժաչափի կրճատումը թողնելով քրեակատարողական հիմնարկին:

Դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ այն կայացվել է գործի փաստական տվյալների վերլուծության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի մեկնաբանության հիման վրա:

Փաստորեն, դատավոր Ս. Բաղդասարյանին դատավարական իրավունքի կոպիտ խախտում վերագրելով վարույթ հարուցողը միջնորդության հիմքում դրել է նշված իրավադրույթի իր մեկնաբանությունը, ինչի մասին է վկայում նաև միջնորդության մեջ ՀՀ քրեական դատավարության դասագրքում առկա դիրքորոշման վրա հղում կատարելը:

Խորհուրդը գտնում է, որ օրենքի այս կամ այն մեկնաբանության վրա հիմնված դատական ակտի կայացումը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Այլապես դրանով կարող է կասկածի տակ դրվել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի անկախությունը: Նշված հարցի վերաբերյալ իր հստակ իրավական դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն:

Այսպես` Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)12 Հանձնարարականի 5-րդ կետի համաձայն` դատավորները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան գործերը լուծելու անկողմնակալ ձևով` օրենքին և փաստերի իրենց մեկնաբանությանը համապատասխան:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ «Դատական որոշման անհստակությունը լուծելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ չեն սահմանափակվել դատապարտյալ Գայանե Փահլևանյանի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքները և ազատությունները:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ս. Բաղդասարյանի կողմից «Դատական որոշման անհստակությունը լուծելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 25-ին կայացված որոշումը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում առկա վերլուծությունը, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Ա. Թումանյան

Մ. Մարտիրոսյան

Մ. Մակյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան