ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:
Հոդված 2. | Պետական նպաստ ստանալու իրավունքը |
Պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
(2-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 3. | Պետական նպաստների հասկացությունը և տրամադրման նպատակը |
1. Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է:
2. Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի մասնակի հատուցումը, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:
(3-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 4. | Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
Պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 5. | Պետական նպաստների տեսակները |
Պետական նպաստների տեսակներն են՝
ա) ընտանեկան նպաստը.
բ) երեխայի խնամքի նպաստը.
գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստը.
դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:
(5-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 6. | Պետական նպաստների մերժման հիմքերը |
Պետական նպաստը մերժվում է՝
ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,
բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,
գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:
Հոդված 7. | Պետական նպաստների վճարումը |
Պետական նպաստների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` տարածքային մարմին) կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:
(7-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 8. | Ընտանիքի անապահովության գնահատումը և ընտանեկան նպաստի տրամադրման հիմքը |
1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա:
2. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը միևնույն բնակության վայրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբն է, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:
3. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները:
4. Ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից:
5. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 9. | Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը |
1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
2. Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
21 . Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:
22 . Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:
3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային մարմին՝ փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 10. | Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհամարվող անձինք |
(վերնագիրը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝
ա) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.
դ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:
(10-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 11. | Միանվագ դրամական օգնությունը |
Ընտանիքին տրամադրվում է՝
ա) միանվագ դրամական օգնություն (այսուհետ՝ միանվագ օգնություն)՝
- ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում,
- ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում,
- ընտանիքի անդամի մահվան դեպքում.
բ) հրատապ օգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:
(11-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 12. | Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունքը |
Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
(12-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 13. | Երեխայի ծննդյան միանվագ օգնության տրամադրման կարգը |
1. Երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
2. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում:
3. Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
Հոդված 14. | Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունքը |
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Հոդված 15. | Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության տրամադրման կարգը |
1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա երրորդ եռամսյակի ընթացքում:
3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Հոդված 16. | Հուղարկավորության միանվագ օգնության իրավունքը |
Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
(16-րդ հոդվածը խմբ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 17. | Հուղարկավորության միանվագ օգնություն տրամադրելու կարգը |
1. Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
2. Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:
Հոդված 18. | Հրատապ օգնության իրավունքը |
Հրատապ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (երեխայի դպրոց հաճախելու հետ կապված ծախսերի մասնակի հատուցման նպատակով, արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:
Հոդված 19. | Ընտանեկան նպաստի վճարման դադարեցման հիմքերը |
Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) ընտանիքի անապահովության միավորն ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
բ) դիմողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային մարմին անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
գ) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքի կազմում և պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում.
ե) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
Ընտանեկան նպաստի իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 20. | Ընտանեկան նպաստի և միանվագ օգնության չափն ու նշանակման կարգը |
1. Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
2. Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից:
3. Ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը, ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(20-րդ հոդվածը փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ
Հոդված 21. | Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը |
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը:
2. Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:
Հոդված 22. | Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը |
1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում.
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը.
գ) տեղեկանք բնակության վայրից.
դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.
ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
զ) երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, և ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին:
2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
31 . Նշանակված, սակայն քաղաքացու չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:
4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ
Հոդված 23. | Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը |
1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը` ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնողը), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ընթացքում:
2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից:
(23-րդ հոդվածը խմբ. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 24. | Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը |
1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում.
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
գ) տեղեկանք բնակության վայրից.
դ) տեղեկանք աշխատավայրից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
ե) ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
զ) երեխայի և ծնողի սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:
2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:
6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:
7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից:
8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
գ) ծնողի աշխատանքի վերադառնալու,
դ) ծնողի աշխատանքից ազատվելու,
ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,
զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:
11. Երեխայի խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Գ Լ ՈՒ Խ 41
(41-րդ գլուխը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏ
Հոդված 241 . | Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը |
Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետևյալ անդամները.
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրին և նրա ծնողները` ցմահ.
2) նրա խնամքի տակ գտնված 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում` եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում` մինչև 18 տարին կամ հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալը.
3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:
(241-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Հոդված 242 . | Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի տրամադրման կարգն ու չափը |
1. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու մասին հրամանագրի պատճենը.
3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանքը` զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում` այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
4) զոհված` Հայաստանի ազգային հերոսի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.
5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի տված տեղեկանքի պատճենը.
6) այրու ամուսնության վկայականի պատճենը:
2. Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատվում է դատական կարգով:
3. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի մեկ նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն:
4. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է`
1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում.
2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն մասի 1-ին կետով սահմանված ժամկետից ավելի ուշ:
5. Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(242-րդ հոդվածը լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 25. | Քաղաքացիների պատասխանատվությունը |
Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:
Ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:
Հոդված 26. | Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 27. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|