ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «(այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը)» բառերով, իսկ «քաղաքացիների» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների)` մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է հաջորդ ամսվա 20-ին:
Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից, և ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 22 Երևան ՀՕ-161-Ն |