ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մարտի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀՕ-33 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ» բառերը փոխարինել «և» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված աշխատավարձի չափը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. մարտի 16 Երևան ՀՕ-13-Ն |