Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով արդի հասարակության մեջ կատարվող խորը վերափոխումները,
գտնելով, որ այդ վերափոխումները կարող են նպաստել գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառում, ինչպես նաև այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը, երկու երկրների փոխադարձ մերձեցման նպատակով, նրանց միջև Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի և Նոր Եվրոպայի համար Փարիզյան Խարտիայի դրույթների շրջանակներում փոխըմբռնման հաստատմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը զարգացնելու են համագործակցություն գիտության, կրթության, մշակույթի, արվեստի ու սպորտի բնագավառում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում, նպաստելու են այդ ոլորտում ուղղակի կապերին:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը նպաստելու են գիտության ու տեխնոլոգիայի բնագավառում համագործակցությանը: Այդ նպատակով`
ա) Կողմերն աջակցելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և ռումինական ակադեմիայի միջև ուղղակի համագործակցությանը,
բ) Կողմերը խթանելու են իրենց երկրների գիտատեխնիկական հիմնարկների, նախարարությունների ու գերատեսչությունների միջև ուղղակի համագործակցությունը համապատասխան իրավաբանական փաստաթղթերի հիման վրա:
Համագործակցության պայմանները սահմանվելու են շահագրգիռ հիմնարկների միջև կնքվելիք պայմանագրերում, ծրագրերում, արձանագրություններում, համաձայնագրերում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կրթության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը նպաստելու են հետևյալ կերպ.
ա) աջակցելով Ռումինիայի կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և ուսումնական հաստատությունների միջև բոլոր մակարդակներով ուղղակի համագործակցության համաձայնագրի կնքմանը, խրախուսելով մասնագետների, դասախոսների, գիտնականների, ուսանողների փոխանակումը,
բ) Կողմերի հնարավորություններին համեմատ տեղեր ու կրթաթոշակներ հատկացնելով ուսանողների, ասպիրանտների ու դոկտորանտների համար,
գ) խրախուսելով և աջակցելով երկու երկրների լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և հասարակական-տնտեսական զարգացման ուսումնասիրմանը ազգային ուսումնական հաստատություններում:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը ձգտելու են բարձրագույն ու միջնակարգ կրթության փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման համար անհրաժեշտ պայմանների ապահովման` Կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենսդրությանը համապատասխան, համապատասխան իրավաբանական փաստաթղթեր կնքելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը ճանաչում են այն վկայականները, վկայագրերը, կոչումներն ու ակադեմիական աստիճանները, որ տրվել են մյուս Կողմի հիմնարկներում իրենց կադրերի պատրաստման, կատարելագործման կամ մասնագիտացման շնորհիվ:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը նպաստելու են երկու երկրների ժողովուրդների մշակույթի բնագավառում արժեքների ու նվաճումների փոխադարձ ծանոթացմանը: Նրանք խրախուսելու են արվեստի, թատրոնի, երաժշտության, կինեմատոգրաֆիայի, գրադարանների, արխիվների և այլ հաստատությունների գործիչների փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը ռադիոհեռուստատեսության բնագավառում համագործակցությունը խրախուսելու են երկու երկրների տնտեսական, հասարակական ու մշակութային զարգացման վերաբերյալ հաղորդումներ ու ծրագրեր փոխանակելով, մասնագետներ ու թղթակիցներ փոխանակելով ու հավատարմագրելով` երկու ժողովուրդների և հիշյալ բնագավառներում նրանց նվաճումներին փոխադարձաբար ճանաչմանը նպաստելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հեղինակային իրավունքների պաշտպանումն ապահովելու ուղղությամբ` այդ բնագավառում կնքված պայմանագրերին ու միջազգային նորմերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը մշակութային քաղաքականության բնագավառում զարգացնելու են իրենց ներկայացուցիչների ու պատվիրակների ակտիվ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ մարմինների ու ժողովների շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը պարտավորվում են աջակցել երիտասարդական համատեղ լայն միջոցառումների ծրագրավորմանն ու անցկացմանը` նպաստելով երկու երկրների երիտասարդության մերձեցմանն ու փոխադարձ ճանաչմանը:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը աջակցելու են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը համապատասխան կազմակերպությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերն ընդլայնելու են զբոսաշրջային փոխանակումները և բազմակողմանի են դարձնելու դրանց իրականացման ձևերը:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը պաշտպանելու են երկու երկրների մամուլի գործակալությունների և լրագրողների ու թղթակիցների ընկերությունների համագործակցությունը, նրանց փոխադարձ այցելությունները, ինչպես նաև թղթակիցների հավատարմագրումը մշտապես կամ որոշակի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերը նպաստելու և աջակցելու են առողջապահության բնագավառում ուղղակի կապերի ստեղծմանը բոլոր մակարդակներով. նախարարությունների համապատասխան ակադեմիաներ, համալսարաններ ու բժշկական ինստիտուտներ, բժշկական հետազոտությունների ինստիտուտներ և այլն:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի դրույթները կիրառելու նպատակով Կողմերը կարող են կնքել համագործակցության ու փոխանակումների միջկառավարական կամ միջգերատեսչական պարբերական ծրագրեր, որոնցում համաձայնեցվելու են համագործակցության ձևերը, դրանց կատարման ու ֆինանսավորման եղանակները:
Դրանց իրականացմանը աջակցելու համար Կողմերը կարող են ստեղծել խառը հանձնաժողովներ, որոնք պարբերաբար կգումարվեն Երևանում և Բուխարեստում:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերից յուրաքանչյուրը հնարավորությունների սահմաններում պետք է նպաստի իր տարածքում մյուս Կողմի ձեռնարկած միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած վարչական ու ֆինանսական բնույթի հարցերի լուծմանը:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ Կողմերը միմյանց կծանուցեն, որ կատարել են դրան հավանություն տալու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
ՀՈԴՎԱԾ 18
Համաձայնագիրը գործում է հինգ տարի. հաջորդ հնգամյա ժամանակամիջոցների համար ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե Կողմերից ոչ մեկը այն գրավոր ձևով չեղյալ չհայտարարի դիվանագիտական ուղիներով: Այդ դեպքում չեղյալ հայտարարելը ուժի մեջ կմտնի ծանուցման օրվանից վեց ամիս անց:
Համաձայնագիրը չեղյալ հայտարարվելու դեպքում, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, փոխանակումների ցանկացած ծրագիր, պայմանավորվածություն կամ նախագիծ, որոնք իրականացվել են դրա հիման վրա, բայց դեռ սպառված չեն, պետք է հասցվեն իրենց լիակատար ավարտին: Կատարված է Բուխարեստ քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռումիներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունիսի 30-ից:
