Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 783-Ն

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների մասին կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի կանոնակարգման մասին» N 398-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «դրամաշնորհների չափերի ճշգրտման մեխանիզմների կամ» բառերը:

3. (կետն ուժը կորցրել է 13.09.12 N 1156-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 783-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմաններով սահմանվում են ծրագրային ժամանակահատվածում ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները:

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցվում է`

1) ջրօգտագործողների ընկերության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակներում ջրօգտագործողների ընկերության համար սահմանված չէ աջակցություն.

3) ջրօգտագործողների ընկերության ընդհանուր ժողովը կայացրել է որոշում՝ համաձայն որի ջրօգտագործողների ընկերության համար չի նախատեսվում պետությունից դրամաշնորհի տեսքով ստանալ ֆինանսական աջակցություն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշմամբ նախատեսված ճշգրտումների (նվազեցման) արդյունքում ջրօգտագործողների ընկերության համար նախատեսված ընթացիկ դրամաշնորհը դառնում է զրոյական:

3. Ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը կարող է դադարեցվել` ջրօգտագործողների ընկերության կողմից պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրի պայմանները խախտելու և պայմանագրի պայմանների խախտումը վերացնելու պահանջի վերաբերյալ գրավոր ծանուցում ստանալու, ինչպես նաև ծանուցման մեջ նշված ժամկետում խախտումը չվերացնելու կամ խախտումը վերացնելուն ուղղված ժամանակացույց չներկայացնելու դեպքում:

4. Սույն պայմանների 3-րդ կետով նախատեսված ծանուցման մեջ նշված խախտումը վերացնելուն ուղղված գործողությունների ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը տվյալ տարվա ընթացքում, իսկ խախտումը վերացնելուն ուղղված ներկայացված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ենթակա է համաձայնեցման կամ հիմնավորված կերպով վերադարձման 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 783-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ծրագրային ժամանակահատվածում ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունները:

2. Սույն կարգի սահմաններում ծրագրային ժամանակահատված է համարվում 2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածը։

 

II. ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԸ

 

3. Դրամաշնորհային պայմանագրով սահմանվում են, որ ջրօգտագործողների ընկերությունները պետք է սահմանափակեն տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի կուտակումը:

4. Կրեդիտորական պարտավորությունների մակարդակը չի կարող գերազանցել ջրօգտագործողների ընկերության տվյալ տարվա հաշվեգրված ծախսերի 8 տոկոս սահմանը:

 

III. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Ջրօգտագործողների ընկերության համար ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողություններն իրականացվում են ընթացիկ տարվան հաջորդող տարվա ընթացքում` հիմք ընդունելով նախորդ տարվա ցուցանիշները:

6. Ջրօգտագործողների ընկերության համար կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողություններն իրականացվում են հետևյալ փուլերով և ժամկետներով՝

1) ջրօգտագործողների ընկերության ընթացիկ տարվա եկամուտների և ծախսերի պլանավորում` մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը.

2) ջրօգտագործողների ընկերության հաշվեգրված ծախսերում կրեդիտորական պարտքերի փաստացի մակարդակի սահմանում՝ ֆինանսական հաշվետվությունների ամփոփումից հետո մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը.

3) ջրօգտագործողների ընկերության հաշվեգրված ծախսերում կրեդիտորական պարտքերի փաստացի մակարդակի սույն կարգի 4-րդ կետում նախատեսված մեծությունից գերազանցման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ջրօգտագործողների ընկերությանը ծանուցման ապահովում (որտեղ նշված խախտումը վերացնելուն ուղղված գործողությունների ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը` տվյալ տարվա ընթացքում) և սահմանված կարգով ամսական կտրվածքով կրեդիտորական պարտքերի նվազեցման նպատակով հավաքագրումների պլանի և ծախսերի նախահաշվի հաստատում՝ մինչև ամսվան հաջորդող ամսվա 1-ը.

4) սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հավաքագրումների պլանով և ծախսերի նախահաշվով նախատեսված ջրօգտագործողների ընկերությունների կողմից փաստացի ցուցանիշների ստացում ամսական կտրվածքով՝ մինչև հաջորդող ամսվա 10-ը, ինչպես նաև այդ ցուցանիշների ամփոփում` մինչև հաջորդող ամսվա 20-ը.

5) ծանուցման մեջ նշված պայմանները երեք ամիս անընդմեջ չկատարելու դեպքում սույն կարգի 8-րդ կետում նշված գործողությունների իրականացում՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը:

 

IV. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների չափերը կարող են ճշգրտվել, պայմանավորված`

1) ջրօգտագործողների ընկերությունների վերակազմակերպմամբ,

2) եղանակային գործոններով և ջրային համակարգերի փոխանցմամբ` ջրօգտագործողների ընկերությունների կողմից եկամտային և ծախսային համապատասխան ցուցանիշների չկատարմամբ:

8. Ջրօգտագործողների ընկերության կողմից կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանը երեք ամիս անընդմեջ չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդին է ներկայացնում առաջարկություն ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման վերաբերյալ, իսկ հետագա դրամաշնորհի հատկացումն իրականացվում է ջրօգտագործողների ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ներկայացված բիզնես ծրագրի հիման վրա: Ընդ որում, ջրօգտագործողների ընկերության կողմից բիզնես ծրագրերը կազմվում և ներկայացվում են առավելագույնը մեկ տարի ժամկետով, որի գործունեության վերլուծությունը (մոնիթորինգը) ու հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված բիզնես ծրագրով նախատեսված ցուցանիշները չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդին առաջարկություն է ներկայացնում տվյալ ջրօգտագործողների ընկերության վերակազմակերպման վերաբերյալ, իսկ ջրօգտագործողների ընկերություններում առկա կրեդիտորական պարտավորությունների մարումն իրականացվում է տվյալ տարածաշրջանն սպասարկող վերակազմակերպված ջրօգտագործողների ընկերության կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ներկայացված մեկամյա բիզնես ծրագրի շրջանակներում:

10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով նշված դրամաշնորհների չափերը կարող են վերանայվել և ավելացվել սույն կարգի 7-րդ կետում նախատեսված պայմանների առկայության դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2012, N 1156-Ն 06.10.2012, N 783-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան