Գլխավոր տեղեկություն
Համար
N 643-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.631
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 29-ի N 643-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:

2. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են հետևյալ սկզբունքներով`

1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող կամ նրա կողմից լիազորված մարմնի միջև (այսուհետ` պատվիրատու) կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.

2) կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները հիվանդանոցային բուժօգնության մասով որոշվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի, գների բարձրացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի հանրագումարով, ընդ որում`

ա. գների բարձրացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են նախորդ տարում ֆինանսավորված դեպքերի և գների աճի համամասնությամբ,

բ. դեպքերի ավելացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնում սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ գումարների նվազեցման դեպքում` նույն ծրագրով բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները նվազեցվում են`

ա. կազմակերպությունների` նախորդ տարվա ֆինանսավորված դեպքերը կրճատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպքերի կրճատման համամասնությամբ,

բ. գների նվազեցման դեպքում պայմանագրային գումարները որոշվում են սահմանված կարգով հաստատված նոր գներով.

4) սահմանափակված բյուջեի ծավալները հաշվարկվում են` հիմք ընդունելով պատվիրատուին ներկայացված նախորդ երեք տարվա փաստացի ցուցանիշները: Նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի կառուցվածքում փոփոխությունները և ճշտումները կատարվում են`

ա. կազմակերպության օպտիմալացման և (կամ) նոր ծառայությունների կազմակերպման նպատակով կառուցվածքի և հզորությունների ավելացման (պակասեցման) դեպքում փոփոխությունը կատարվում է ծառայության միջին ծանրաբեռնվածության չափով,

բ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկում` սահմանված կարգով փոփոխությունների կատարման դեպքում` փոփոխության ենթարկված խմբերի և բուժօգնության տեսակների` նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի համամասնությամբ,

գ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկում կատարված փոփոխությունները տարածվում են միայն ֆինանսավորման ընդունված դեպքերի վրա: Կազմակերպության կողմից կատարված, սակայն պայմանագրային գումարների գերազանցման պատճառով ֆինանսավորման չընդունված բժշկական օգնության և սպասարկման ենթակա դեպքերը պայմանագրային գումարի հաշվարկման համար բազային ծավալում ընդգրկելու հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար), կողմից սահմանված կարգով,

դ. կազմակերպությունում իրականացվող շինարարական աշխատանքների, վթարների վերացման և այլ պատճառներով բուժօգնության մասնակի կամ ամբողջությամբ դադարեցման դեպքում հիվանդության դեպքերը պակասեցվում են չգործարկվող ծառայությունների միջին ծանրաբեռնվածության չափով: Ընդ որում, հզորությունների վերագործարկումից հետո պայմանագրային գումարները հաշվարկվում են նոր հզորությունների միջին ծանրաբեռնվածության չափով,

ե. բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի և նախարարի կողմից սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրված թույլտվությունների դադարեցման դեպքում` նախորդ ժամանակահատվածի միջին ծանրաբեռնվածությամբ կանխատեսվող թերակատարումների չափով,

զ. պատվիրատուին ներկայացված` նախորդ ժամանակահատվածի բժշկական օգնության և սպասարկման մասին հաշվետվություններում պայմանագրերի կնքումից հետո հայտնաբերված բժշկական օգնության և սպասարկման չհիմնավորված դեպքերի համար` եթե դրանք հաշվի են առնված պայմանագրային գումարների հաշվարկներում, ապա նվազեցումը կատարվում է բազայում ներառված դեպքերի չափով,

է. պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում ճշտված բազային ծավալը: Պայմանագրերի կնքումից հետո բազային ծավալներում փոփոխությունների կատարման դեպքում պայմանագրային գումարներում կատարվում են վերահաշվարկներ,

ը. առողջապահության համակարգում բարեփոխումների իրականացման նպատակով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ու բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված հիվանդությունների ցանկում սկզբունքային փոփոխությունների կատարման դեպքում` պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային ծավալներում փոփոխությունների կատարման կարգը սահմանում է նախարարը.

5) սույն կարգով հաշվարկված պայմանագրային գումարների շրջանակներում` նախարարի կողմից սահմանված կարգով պայմանագրերում կարող են առանձնացվել նաև առողջության և կյանքի համար կարևոր գերակայություն ունեցող առանձին հիվանդությունների բուժման համար գումարներ.

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի բյուջետային հայտերում հաշվարկված միջին գների և նորմատիվների շրջանակներում նախարարը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատում է հետևյալ գները`

ա. ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման միասնական նորմատիվներ ու գներ, որոնք կիրառվում են նույն ծառայությունն իրականացնող միևնույն մակարդակի բոլոր կազմակերպությունների համար,

բ. ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման ու ֆինանսավորման տարածաշրջանային և կազմակերպությունների անհատական նորմատիվներ ու գներ, որոնք կիրառվում են հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող և հատուկ նշանակության կազմակերպություններում, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

գ. հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքների ու ծառայությունների միջինացված գներ` ըստ տարածաշրջանների և կազմակերպությունների մակարդակների, որոնք կիրառվում են պայմանագրային գումարների հաշվարկման ու ֆինանսավորման համար,

դ. հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու հիվանդությունների գներ` տարածաշրջանային և կազմակերպությունների մակարդակների դիֆերենցմամբ, կիրառվում են ըստ տարածաշրջանների մակարդակների բժշկական օգնության և սպասարկման փաստացի դեպքերի ֆինանսավորման համար: Այն դեպքում, երբ բաժանմունքում և (կամ) ծառայությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման մի մասի համար հաշվարկված չեն բուժօգնության տեսակների և (կամ) հիվանդությունների հանար նախատեսված գները, դրանց ֆինանսավորումն իրականացվում է տվյալ բաժանմունքի և (կամ) ծառայության միջին գների չափով,

ե. լեռնային, բարձրլեռնային, ձմռան երկարատև ժամանակահատված ունեցող տարածաշրջանների կազմակերպությունների լրացուցիչ ծախսերի փոխհատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակների, հիվանդությունների միջինացված գների և նորմատիվների նկատմամբ կարող են կիրառվել ծախսերի ճշտման գործակիցներ,

զ. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու հիվանդությունների գները կարող են հաստատվել և կիրառվել նաև տարվա ընթացքում.

7) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացող հիվանդներին մատուցվող լրացուցիչ հարբժշկական վճարովի ծառայությունների գները և տեսակները հաստատում են կազմակերպությունները` նախարարի (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) կողմից սահմանված հարբժշկական ծառայությունների տեսակների և գների սանդղակի շրջանակներում.

8) նախարարը բժշկական օգնության և սպասարկման տեսակների, հիվանդությունների հանար նախատեսված միջինացված գների հաշվարկների հիման վրա հաստատում է բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող բուժօգնության ծախսերի նորմատիվներն ու չափաքանակները.

9) հիվանդանոցային բաժանմունքների բժշկական օգնության և սպասարկման միջին գները որոշվում են`

ա. բաժանմունքում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և (կամ) հիվանդությունների համար (ամբողջությամբ կամ մասնակի) հաշվարկված առանձին գների միջին մակարդակով,

բ. երբ բաժանմունքում իրականացվող բուժօգնության տեսակների և (կամ) հիվանդությունների համար չկան հաշվարկված առանձին գներ, ֆինանսավորման և պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք են ընդունվում նախորդ տարում գործող` բաժանմունքի միջին գները.

10) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի «II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված` սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով: Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հիվանդանոցային տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում կազմակերպությունների պայմանագրային գումարներում վերաբաշխումները կատարվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով.

11) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ դեպքերի ավելացման համար նախատեսված գումարները կարող են կազմակերպություններին հատկացվել տվյալ տարվա ընթացքում` ելնելով փաստացի բուժօգնության ծավալներից.

12) հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող կազմակերպություններում և հատուկ նշանակության կազմակերպություններում (վերջիններիս ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական գներ (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ), անհատական պայմաններ և հիվանդությունների ցանկ: Ընդ որում, պայմանագրային գումարները կարող են սահմանվել առանձնացված («Դեղորայքի և բժշկական նշանակության առարկաների, սննդի, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսեր» և «Այլ ծախսեր»): «Այլ ծախսեր»-ի տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների պահպանման համար անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է հաստատագրված, բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ: «Դեղորայքի և բժշկական նշանակության առարկաների, սննդի, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսեր»-ի տարեկան պայմանագրային գումարները որոշվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

13) հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է նախարարը:

3. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են հետևյալ սկզբունքներով`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնության ծավալները հաշվարկվում են` հիմք ընդունելով բժշկական օգնության և սպասարկման նպատակով տվյալ տարվա համար հաստատված նորմատիվներն ու գները, տվյալ առողջապահական կազմակերպության սպասարկման տարածքում կցագրված և (կամ) հավաքագրված բնակչության թիվը (այսուհետ` մշտական բնակվող անձ).

2) 2010 թվականի հունվարի 1-ից տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թիվը որոշվում է`

ա. առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ գրանցված անձանց թվով,

բ. առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ չգրանցված, սակայն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտապես բնակվող անձանց թվով, ընդ որում, չգրանցված բնակչության բաշխումն ըստ առողջապահական կազմակերպությունների կատարվում է Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` նախարարի համաձայնությամբ.

3) տեղամասային սկզբունքով աշխատող բժիշկների կողմից գրանցված ու չգրանցված բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.

4) արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության սպասարկման տարածքը հաստատում են Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա: Ընդ որում, չգրանցված բնակչության թիվը որոշվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի և տվյալ մարզի առողջապահական կազմակերպությունների կողմից գրանցված բնակչության թվի տարբերությամբ.

5) պայմանագրերի կնքման պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրամադրված բնակչության թվի փոփոխության դեպքում նախարարի կողմից, համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ.

6) պատվիրատուն յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` սույն կարգի «III. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու ֆինանսավորումը» բաժնի համաձայն հաշվարկված ծավալի չափով.

7) բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` բնակչության սոցիալական խմբերի ցանկում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող անձանց: Հիմնական դեղերի ցանկն ու տրամադրման կարգը սահմանում է նախարարը.

8) արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում բուժանձնակազմերի աշխատանքի վարձատրությունը կանոնակարգվում է նախարարի կողմից.

9) պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:

4. «Հանրային առողջապահական ծառայություններ» և «Առողջապահություն» (այլ դասերին չպատկանող) խմբերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ֆինանսավորվող ծրագրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունների, ձեռքբերման ծավալները որոշվում են նախարարի կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված գներով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված ծավալների դիմաց, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրով նախատեսված գումարների չափով:

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` սահմանված կարգով փոփոխությունների և վերաբաշխումների կատարման դեպքում` հաստատված պայմանագրային գումարները` ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման` սույն որոշմամբ սահմանված կարգով:

6. Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:

7. Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին` համաձայն նախարարի կողմից սահմանված կարգի ու հաստատված ձևերի: Կազմակերպությունը պատվիրատուին ներկայացնում է կատարված աշխատանքների մասին ամսական հաշվետվություն, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնություններով: Պատվիրատուն իր մոտ իրականացնում է առանձնացված հաշվառում` ֆինանսավորված և չֆինանսավորված դեպքերի համար: Կազմակերպությունների կողմից ընթացիկ տարում ներկայացված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալների մասին հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումները կատարվում են ընթացիկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալներից: Կազմակերպություններում նախորդ տարիներին կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների հետևանքով առաջացած տարբերությունները ենթակա են վերականգնման` այն դեպքում, երբ անճշտությունների գումարը գերազանցում է պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալները: Տվյալ դեպքում վերականգնման ենթակա է հայտնաբերված անճշտությունների գումարի և պայմանագրային գումարի գերակատարման հետևանքով պատվիրատուի կողմից չֆինանսավորված ծավալների տարբերությունը: Գերակատարման բացակայության դեպքում վերականգնման ենթակա է կատարված աշխատանքներում հայտնաբերված անճշտությունների ամբողջ գումարը: Նախորդ տարիներին ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարը կազմակերպության կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին:

8. Կազմակերպության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով: Հունվար և փետրվար ամիսներին կանխավճարային գումարը սահմանվում է հաստատված տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության` մինչև 1/3-ի չափով, իսկ մարտ ամսվանից սկսած` փաստացի ներկայացված աշխատանքների ծավալի չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում` ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից: Ելնելով բուժօգնություն իրականացնող կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար սահմանված կարգով հաշվարկված տարեկան պայմանագրային գումարների սահմաններում կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ:

9. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց բուժօգնություն կարող է տրամադրվել նաև`

1) նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` նախարարության ենթակայության ու պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.

3) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված ուղեգրերով` տվյալ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 5 տոկոսի սահմաններում, պետական պատվեր իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 4 տոկոսի սահմաններում:

10. Պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները կատարվում են`

1) տարվա ընթացքում բուժհաստատության կառուցվածքային փոփոխության, բաժանմունքների և ծառայությունների ավելացման (պակասեցման), գործող հզորությունների ավելացման (պակասեցման), տարվա ընթացքում հիվանդների տեղաշարժման հոսպիտալացման ավելացման (պակասեցման) դեպքերում` կազմակերպությունում հիվանդների կանխատեսվող թվի համամասնությամբ.

2) անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ծրագրային տնտեսումների գումարը կարող է ուղղվել նաև այլ ծրագրերով թույլ տրված գերակատարումների փակմանը.

3) տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարների վերաբաշխումները կատարվում են ըստ անհրաժեշտության` ծրագրերի ընդհանուր գումարների սահմաններում (ծրագրերում առկա մնացորդներ և կանխատեսվող տնտեսումներ).

4) սույն կետով նախատեսված վերաբաշխումները կատարվում են`

ա. նախարարի հրամանով` պակասեցվում են կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարների կանխատեսվող թերակատարումները,

 բ. նախարարի հրամանով` կանխատեսվող գերակատարումների չափով ավելացվում են պայմանագրային գումարները, սակայն ոչ ավելի, քան ծրագրային պայմանագրային գումարի 10 տոկոսը,

գ. նախարարի հրամանի համաձայն կազմակերպություններում տարեկան պայմանագրային գումարների ավելացման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ընդհանուր պայմանագրային գումարի 5 տոկոսը,

դ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում սահմանված գումարներից ավելի լինելու դեպքում պայմանագրային գումարի վերաբաշխումները կատարվում են նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Կազմակերպություններում հիվանդանոցային բուժօգնության գծով սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան:

12. Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ, հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ իրականացնող կազմակերպությունների սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են տվյալ կազմակերպության համար հաստատված մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին զբաղվածության և մեկ հիվանդ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բաժանմունքների և բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Հիվանդանոցային հաստատություններում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:

13. «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) նախորդ տարվա նկատմամբ դեպքերի ավելացման համար նախատեսված գումարից առաջնահերթության կարգով հատկացումներ է կատարվում կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած, բայց պայմանագրային գումարի գերազանցման պատճառով չֆինանսավորված դեպքերի գումարի համար` ընթացիկ տարում ֆինանսավորման նպատակով.

2) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների մնացած գումարի չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում կատարված ու պատվիրատուի կողմից ֆինանսավորված բուժօգնության ծավալների (այսուհետ` փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալներ) համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված` ավելացած դեպքերը բաշխվում են Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

3) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար նախորդ տարում առանձին հիվանդանոցներին փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալներին ավելացվում է ընթացիկ տարվա բյուջեով գների բարձրացման և դեպքերի ավելացման համար նախատեսված գումարը, ընդ որում, Երևան քաղաքի բուժհաստատություններին դեպքերի ավելացման համար նախատեսված ընդհանուր գումարն առանձին բուժհաստատություններին բաշխվում է` նախորդ երեք տարում Երևան քաղաքի փաստացի ընդհանուր դեպքերի ավելացման մեջ առանձին բուժհաստատությունների փաստացի դեպքերի աճի տեմպի համամասնությամբ.

4) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցային հաստատությունների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության` նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված` տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

14. «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի չափով) և մեկ ծննդի համար հաստատված գնի արտադրյալով.

2) հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժօգնության կանխատեսվող դեպքերի թվի (նախորդ տարվա փաստացի դեպքերի չափով, սակայն ոչ ավելի, քան նախարարության կողմից հաստատված չափաքանակները) և մեկ դեպքի համար հաստատված գնի արտադրյալով: Պայմանագրային գումարների վերաբաշխումների ժամանակ, ելնելով ծնունդների փաստացի թվից և նախարարության կողմից հղիության ախտաբանության համար հաստատված չափաքանակներից, կատարվում են պայմանագրային գումարների վերահաշվարկներ:

15. «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալը որոշվում է`

1) Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության նպատակով նախատեսված հատկացումների մնացած գումարի չափով` ըստ նախորդ տարվա պետական պատվերի շրջանակներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համամասնության, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա բուժօգնության փաստացի դեպքերի թիվը, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այս ծրագրի համար նախատեսված ավելացած դեպքերը բաշխվում են Երևանի ու Հայաստանի Հանրապետության մարզերի միջև` համամասնորեն.

2) Երևանի հիվանդանոցային հաստատությունների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցներում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալներին ավելացվում են ընթացիկ տարվա բյուջեով գների բարձրացման և դեպքերի ավելացման համար նախատեսված գումարները: Ընդ որում, Երևան քաղաքի բուժհաստատություններին դեպքերի ավելացման համար նախատեսված ընդհանուր գումարն առանձին բուժհաստատություններին բաշխվում է` նախորդ երեք տարում Երևան քաղաքի փաստացի ընդհանուր դեպքերի ավելացման մեջ առանձին բուժհաստատությունների փաստացի դեպքերի աճի տեմպի համամասնությամբ.

3) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` երեխաների բուժօգնության նախորդ տարվա ընթացքում առանձին հիվանդանոցային հաստատություններում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` մինչև 18 տարեկան մեկ երեխայի համար տվյալ տարվա հաշվարկված միջինացված գումարի և տվյալ մարզի` մինչև 18 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում նախորդ տարվա ընթացքում փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

16. «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:

17. Հիվանդանոցային հաստատություններում «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի համար սահմանափակված բյուջեի պայմանագրային գումարները որոշվում են. նշված ծրագրերով նախորդ ժամանակահատվածի` փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալներին ավելացվում են ընթացիկ տարվա բյուջեով գների բարձրացման և դեպքերի ավելացման համար նախատեսված գումարները: Ընդ որում, դեպքերի ավելացման համար նախատեսված ընդհանուր գումարն առանձին բուժհաստատություններին բաշխվում է` նախորդ երեք տարում տվյալ ծրագրի շրջանակներում փաստացի ընդհանուր դեպքերի ավելացման մեջ առանձին բուժհաստատությունների փաստացի դեպքերի աճի տեմպի համամասնությամբ:

18. «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար սահմանափակված բյուջեի ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծավալների ու նախորդ տարվա փաստացի ֆինանսավորված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակցի և առանձին հիվանդանոցային հաստատությունների կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված փաստացի բուժօգնության ծավալի արտադրյալով: Բժշկական օգնության և սպասարկման միջոցների հաշվին կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց բուժման և փորձաքննության ընթացքում փոխհատուցվում է սննդի գումարը` հիվանդանոցային հաստատություններում անցկացրած օրերի համար` նախարարի կողմից (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) հաստատված մեկ օրվա սննդի արժեքով: Կազմակերպությունների կողմից նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց փոխհատուցվում է բուժման և փորձաքննության նպատակով բնակության վայրից բուժհաստատություն ու հակառակ ուղղությամբ մեկնելու ճանապարհածախսը` տվյալ բնակավայրում գործող հասարակական տրանսպորտային միջոցի սակագնով: Նշված տրանսպորտային ծախսերը բուժհաստատությանը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից` լրացուցիչ:

19. Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ այլ բուժհաստատություններից ուղեգրված բժիշկ-մասնագետների բուժօգնության տարեկան պայմանագրային ծավալը որոշվում է նախարարի կողմից ուղեգրման ժամանակահատվածի և նախարարի կողմից հաստատված, համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, մասնագետների բուժօգնության մեկ օրվա գնի արտադրյալով: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի ուղեգրման մեջ առկա օրերի դիմաց մեկ օրվա համար հաստատված գնով:

 

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

20. Յուրաքանչյուր կազմակերպության համար արտահիվանդանոցային բուժօգնության պայմանագրային գումարը որոշվում է`

1) «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում`

ա. առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների սպասարկման մասնագետի համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

2) «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված արտահիվանդանոցային բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.

3) մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ու 18 և բարձր տարիքի (ներառյալ 15 տարեկան իգական սեռի անձինք) անձանց գինեկոլոգիական) բուժօգնության մասով`

ա. գինեկոլոգիական բուժօգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկվող 18 և բարձր տարիքի կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով` միջինացված գումարի արտադրյալով,

բ. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` նախորդ տարվա փաստացի հղի/ամիսների թվի ու նախարարի կողմից մեկ հղիի (հղի/ամիս) համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) միջինացված գումարի արտադրյալով.

4) «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» և «Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդությունների հայտնաբերման, առողջության գնահատման և բուժման ծառայություններ» ծրագրերի մասով` նախարարի կողմից սահմանված ծավալներով.

 5) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող տվյալ տարիքային խմբի երեխաների թվի ու նախարարի կողմից մեկ երեխայի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնի արտադրյալով.

6) «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծառայություններ» ծրագրի մասով`

ա. առողջության առաջնային պահպանման համար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 0-18 տարեկան երեխաների, 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով, մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,

բ. մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության մասով` հղիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա փաստացի հղի/ամիսների թվի ու նախարարի կողմից մեկ հղիի (հղի/ամիս) համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնի արտադրյալով, իսկ իգական սեռի անձանց (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող` 18 տարեկան և բարձր տարիքի կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնի արտադրյալով,

գ. մասնագիտացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների մասով` նախարարի կողմից սահմանված ծավալներով.

7) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով` տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվարկով միջինացված գումարների արտադրյալով.

8) «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով`

ա. զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների, բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի և մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով,

բ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց ամբուլատոր բուժման մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող զորակոչային և նախազորակոչային տարիքի կանանց թվի ու նախարարի կողմից մեկ պատանու համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնի արտադրյալով,

գ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման ճանապարհածախսի փոխհատուցման մասով` նախորդ տարվա փաստացի ծավալների չափով:

21. Պատվիրատուի կողմից արտահիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է`

1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների սպասարկման մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) բուժօգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում պայմանագրով նախատեսված մշտական բնակվող անձանց թվով` նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) ամսական կտրվածքով մեկ բնակչի հաշվարկով դիֆերենցված գներով: Տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների` գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության օրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.

2) մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ու գինեկոլոգիական) բուժօգնության մասով`

ա. գինեկոլոգիական բուժօգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկվող կանանց թվով` նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) ամսական կտրվածքով` մեկ կնոջ համար հաստատված դիֆերենցված գներով,

բ. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` ամսական կտրվածքով հաշվառման մեջ գտնվող հղիների թվի ու նախարարի կողմից մեկ հղիի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.

3) բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդությունների հայտնաբերման, առողջության գնահատման և բուժման ծառայությունների, շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայությունների, օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության ծառայությունների, ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների, երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար` փաստացի կատարված ծավալների դիմաց բուժօգնության տվյալ տեսակի համար նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը: Ընդ որում, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող միավորված կազմակերպությունների, արտահիվանդանոցային բուժօգնության խմբի, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծրագրի պայմանագրային գումարների սահմաններում կարող են իրականացվել և ֆինանսավորվել նաև արտահիվանդանոցային բուժօգնության սպասարկման տարածքում ընդգրկված հիվանդանոցային բուժման ուղեգրված բնակիչների հոսպիտալացման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` նախարարի կողմից սահմանված կարգով.

4) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով` բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը: Կազմակերպությունն ապահովում է սպասարկման տարածքում ընդգրկված բնակչության հավասար իրավունքները դեղորայքից օգտվելու հարցում.

5) զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման ծառայությունների մասով`

ա. զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված փաստացի մասնագետների (բժիշկ-փորձագետներ, բուժքույրեր) թվով` մեկ մասնագետի համար հաստատված գումարով,

բ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց ամբուլատոր բուժման մասով` փաստացի կատարված ծավալների դիմաց բուժօգնության տվյալ տեսակի համար նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) գնով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը,

գ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման համար ճանապարհածախսի փոխհատուցման մասով` փաստացի կատարված ծավալների դիմաց.

6) շտապ բժշկական օգնության ծառայության ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված կանչերի դիմաց` հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը. նախարարի կողմից (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ) շտապ օգնության ծառայություն մատուցող առանձին կազմակերպությունների (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը) ֆինանսավորումը կարող է կատարվել հատուկ պայմաններով, ըստ որի շտապ օգնության ծառայության փաստացի կանչերի դիմաց ֆինանսավորումը կատարվում է մեկ կանչի «Բենզինի, դեղորայքի և բժշկական պարագաների ծախսեր»-ի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ նպատակով սահմանված տարեկան պայմանագրային գումարը: Շտապ օգնության մնացած ծախսերը փոխհատուցվում են մեկ բնակչի համար հաստատված «Շտապ օգնության այլ ծախսեր» նորմատիվով, ծառայության սպասարկման տարածքում կցագրված բնակչության համար, սակայն ոչ ավելի, քան այդ նպատակով նախատեսված տարեկան պայմանագրային գումարը:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

22. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տվյալ տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, և վերահսկվում է դրանց կատարման ընթացքը: Այն դեպքում, երբ տարեկան նախահաշվով կանխատեսվող եկամուտները չեն ապահովում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, ապա հիմնադրի կողմից նախարարին են ներկայացվում առաջարկություններ` համատեղ քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար:

23. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգով հաշվարկված և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:

24. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`

1) դեղերի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.

2) սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում, որոնց ցանկը սահմանվում է նախարարի կողմից.

3) էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում` մեկ հիվանդի հաշվարկով, նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:

25. Կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, հարկային պարտավորությունների մարմանը, դեղերի ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:

26. Կազմակերպությունը նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման, բժշկական օգնության և սպասարկման ժամանակակից մեթոդների ներդրման և բուժօգնության պայմանների բարելավման ծրագրերը համաձայնեցնում է հիմնադրի և նախարարի հետ:

27. Կազմակերպությունը մշակում ու իրականացնում է միջոցառումներ` բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի` սեփական միջոցներով ապահովման, բուժանձնակազմի վարձատրման պայմանների բարելավման, հարկային պարտավորությունների` ժամանակին մարման և կրեդիտորական պարտքեր չկուտակելու համար»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան