Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-814
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/36(702) Հոդ.840
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2009

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան 

8 հուլիսի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 30.06.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով ծրագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագիրն ստորագրվել է 2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում` երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու նպատակով:

2. Ծրագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ապահովել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման, ինչպես նաև կրթական և գիտական հաստատությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում.

տարեկան տրամադրել.

- բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար 4 կրթաթոշակ` ուսումնառության լրիվ ժամկետով,

- ոչ պակաս, քան 1 ամիս և առավելագույնը մինչև 12 ամիս ժամկետով կրթաթոշակ` մասնագիտացումը խորացնող և գիտական հետազոտություններ կատարող ասպիրանտների, դոկտորանտների և դասախոսների համար.

կրթական ծրագրին մասնակցող անձանց ապահովել.

- կրթաթոշակով,

- անվճար կրթությամբ,

- կրթական ծրագրով` համաձայն ազգային օրենսդրության,

- ուսանողական հանրակացարանով` գործող ազգային օրենսդրությանը համապատասխան,

- անվճար բժշկական ծառայություններով` ազգային օրենսդրության համաձայն,

- գրադարաններից, արխիվներից, փորձասենյակներից և այլն օգտվելու թույլտվությամբ.

համալսարանների միջև դասախոսների փոխանակման դեպքում ապահովել.

- ամենամսյա աշխատավարձով` գործող ազգային օրենսդրությանը համապատասխան,

- կահավորված կացարանով,

- անվճար բժշկական ծառայություններով` ազգային օրենսդրության համաձայն.

խրախուսել Հայաստանի կրթական և գիտական ամսագրերում հոդվածների և համատեղ ուսումնասիրությունների և հետազոտությունների հրատարակումը, ինչպես նաև համատեղ գիտաժողովների անցկացումը և այլն:

3. Ծրագրի հայերեն, բուլղարերեն, անգլերեն տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: Ծրագրում կատարվող փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն ծրագրի անբաժանելի մաս հանդիսացող առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն ծրագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով` անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի պահպանմամբ:

4. Ծրագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի ապրիլի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

8 հուլիսի 2009 թ.

 ՍԴՈ-814

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան