Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2009-01.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.18/12(330)
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.03.2009
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

6 մարտի 2009 թ.
ք. Երևան

N 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2009 թվականի մարտի 6-ի դռնբաց նիստում «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2009 թվականի փետրվարի 24-ի թիվ 24/02H դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված՝ իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանման կամ կիրառման կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրման (գերիշխող դիրքի չարաշահում) հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը։

Դիմումով Ընկերությունը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի վերաբերյալ։ Ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերությունն ունի ապրանքների մատակարարման կնքված պայմանագրեր, որտեղ նշված են մատակարարման ծավալները, ժամկետները և գները։ Պայմանագրերով ամրագրված մատակարարումները կատարելու ընթացքում, որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայության պատճառով տեղի է ունեցել ապրանքի իրացման շուկայական գների բարձրացում։ Ընկերությունը, ապրանքի իրացման գների բարձրացումից հետո կնքված պայմանագրերով նոր գնորդներին մատակարարվող ապրանքի գներն ամրագրում է նոր՝ բարձր գներով, չխախտելով մրցակցային հավասար պայմանները։ Վերը նշված պայմանների առկայության դեպքում ընկերությունն ապրանք է իրացնում երկու իրարից տարբերվող գներով։ Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի՝ նման գործողությունները որակվում են գերիշխող դիրքի չարաշահում՝ իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանման միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-348-րդ, 408-րդ, 417-րդ հոդվածները թույլ չեն տալիս միակողմանի փոփոխել արդեն իսկ կնքված պայմանագրերը և դրա համար պատասխանատվություն են սահմանում։ Ըստ Ընկերության՝ առկա է հակասություն երկու օրենսդրական ակտերի համապատասխան նորմերում։

Ընկերությունը խնդրել է պարզաբանել՝ վերը նկարագրված պայմաններում ապրանք իրացնող ընկերությունն ինչպես կարգավորի իր գնային քաղաքականությունը։

Ընկերությունը հարցի առնչությամբ առաջարկել է պարզաբանման հետևյալ տարբերակը. «Պետք է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-348-րդ, 408-րդ, 417-րդ հոդվածների նորմերը, քանի որ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»։

Քննարկելով Դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը։

Տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքում ինքնուրույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի հիման վրա, որի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս, իսկ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ։ Այսինքն, կողմերի միջև կնքվում են քաղաքացիաիրավական պայմանագրեր՝ փոխադարձ համաձայնությամբ որոշելով դրանց պայմանները, այդ թվում՝ գինը։ Ըստ այդմ, սպառողներին որևէ ապրանքի իրացումը (այդ սպառողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու միջոցով) իրականացվում է իրացնող տնտեսվարող սուբյեկտի ազատ կամաարտահայտման և ինքնուրույնաբար որոշակի իրավունքներ և պարտականություններ ստանձնելու միջոցով։ Ուստի, հարկ է նշել, որ իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից միևնույն ապրանքը սպառողների տարբեր խմբերի տարբեր գներով իրացումը նույնպես իրականացվում է սեփական կամքով, այսինքն՝ իրացնողը պարտադրված չէ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, որպեսզի հետագայում ստիպված լինի միակողմանիորեն փոփոխել այն։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է քաղաքացիաիրավական հարաբերություններ, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ վարչաիրավական հարաբերություններ, Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և Օրենքի վերոնշյալ հոդվածների միջև հակասություններ առկա չեն։

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները։ Հետևաբար, հարկ է ամրագրել, որ միևնույն գնով ձեռքբերված ապրանքը սպառողների տարբեր խմբերի միևնույն ժամանակահատվածում տարբեր գնով իրացնելը դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից խտրական և (կամ) տարբերակված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք։ Բացի այդ, միևնույն գնով ձեռքբերված ապրանքը միևնույն ժամանակահատվածում սպառողների որոշակի խմբի առավել բարձր կամ առավել ցածր գնով իրացնելը, դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման չհիմնավորված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք։

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ միևնույն գնով ձեռքբերված ապրանքը սպառողների տարբեր խմբերի միևնույն ժամանակահատվածում տարբեր գնով իրացնելը դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից խտրական և (կամ) տարբերակված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք, ինչպես նաև միևնույն գնով ձեռքբերված ապրանքը միևնույն ժամանակահատվածում սպառողների որոշակի խմբի առավել բարձր կամ առավել ցածր գնով իրացնելը դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման չհիմնավորված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Նախագահ`

Ա. Շահնազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2022, N 121-Ն 01.04.2022, N 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան