ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
7 դեկտեմբերի 1999 թ. ք. Երևան |
N 747 |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ (ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ) ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման 2-րդ կետի բ ենթակետի, ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտումը արդյունավետ և նպատակային դարձնելու, զինապարտների հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու նպատակով,
Հաստատում եմ`
ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության կարգը (կցվում է):
Հրամայում եմ`
Բոլոր բժշկական հիմնարկների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրամանով հաստատված կարգով:
Նախարար` |
Հ. Նիկողոսյան |
Հաստատված է |
Կ ա ր գ
ՀՀ քաղաքացիական բուժհիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության
1. Սույնով սահմանվում է ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) հետազոտման կարգը*:
2. Զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովները զինապարտներին (զորակոչիկներին), ըստ տարածքային սպասարկման, ՀՀ կառավարության կողմից ամրագրված բժշկական հիմնարկներ են ուղեգրում` տալով ուղեգիր և ակտ:
● Զինապարտի (զորակոչիկի) բժշկական հետազոտման ուղեգրումն իրականացվում է ըստ գրանցման վայրի` համապատասխան տարածաշրջանային զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից: Ուղեգրում պարտադիր նշվում է նախնական ախտորոշումը, առանց որի ուղեգիրն անվավեր է: Ուղեգիրը ստորագրվում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի ու զինկոմի կողմից և կնքվում է զինկոմիսարիատի կնիքով: Ուղեգրի հետ միասին պարտադիր տրվում է նաև ակտ, որի վրա պետք է փակցված լինի զինապարտի լուսանկարը` կնքված զինկոմիսարիատի կնիքով:
3. ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով բուժհիմնարկներում Առողջապահության նախարարի հրամանով նշանակված հանձնաժողովների նախագահները` հինգօրյա ժամկետում առողջապահության նախարարություն են ներկայացնում իրենց հանձնաժողովի կազմը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկական հիմնարկներում զինապարտները հիվանդանոցային պայմաններում բուժհետազոտման են ենթարկվում հետևյալ դեպքերում.
- մարզային տարածաշրջանային բժշկական հետազոտում իրականացնող բազաներում` այդ բազայի տեղակայման քաղաքից դուրս բնակվող զորակոչիկները,
- երբ մարզերից զորակոչիկները բժշկական հետազոտման են ուղարկվում Երևան,
- երբ զորակոչիկները հետազոտվում են ցնցումային սինդրոմի, հոգեկան, հեմատոլոգիական, պարբերական հիվանդության կամ էնուրեզի կապակցությամբ,
- երբ բուժհիմնարկը հետազոտման դժվարության դեպքում, անկախ հիվանդության բնույթից, գրավոր հիմնավորում է ներկայացնում առողջապահության նախարարություն, որն էլ տալիս է կոնկրետ դեպքի համար գրավոր թույլտվություն:
Մնացած բոլոր դեպքերում զորակոչիկները, որպես կանոն, բժշկական հիմնարկում հետազոտվում են ցերեկային ստացիոնարի ձևով:
5. Զինապարտների (զորակոչիկների) հետազոտման վերջնական ախտորոշումը գրվում է միայն բոլոր անհրաժեշտ քննություններն իրականացնելուց հետո: Ակտը լրացվում է մեքենագիր, առանց հապավումների, նշելով կատարված բոլոր քննություններն իրենց արդյունքներով: Ախտորոշումից բացի պարտադիր նշվում է նաև օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման աստիճանը: Ակտի կրկնօրինակը կցվում է զորակոչիկի հիվանդության նկարագրին:
● Ռենտգեն հետազոտությունը իրականացնելիս, ռենտգենյան նկարի վրա պարտադիր նշվում է հետազոտվողի անուն ազգանունը, հետազոտման օրը: Ռենտգենյան նկարները, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքները, զինկոմիսարիատի կողմից ներկայացված գրավոր պահանջով, կարող են տրամադրվել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին` հետ վերադարձնելու պարտադիր պայմանով:
● Ստացիոնար բազայում, ախտորոշման համար անհրաժեշտ նեղ մասնագիտական որևէ հետազոտության մշտական կամ ժամանակավոր բացակայության դեպքում, բուժհիմնարկի ղեկավարը կարող է զինապարտներին ուղեգրել բուժհետազոտում իրականացնելու իրավունք ունեցող, ինչպես նաև սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության սահմաններում եզակի և թանկարժեք ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող այլ բուժհիմնարկներ` սահմանված կարգով հետագա գումարային փոխհատուցմամբ:
● Յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո, հինգ օրվա ընթացքում, բուժհետազոտություն իրականացնող հիմնարկը ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում զինապարտների (զորակոչիկների) վերաբերյալ բժշկական հաշվետվություն` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվող ժամանակավոր հաշվետվության ձևի:
______________
* Զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը, համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի, հաստատում է ՀՀ Կառավարությունը:
ՀՀ առողջապահության նախարարի |
Ա. Զեյնալյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 դեկտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10099169
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|