100.0100.26.02.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 փետրվարի 2002 թ. |
N 100 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2001 թ. «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ամբուլատոր-պոլիկլինիկական և դիսպանսեր հիվանդների համար դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման աշխատանքները կանոնակարգելու նպատակով
Հաստատում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը (կցվում է):
Հրամայում եմ՝
2. ՀՀ առողջապահության նախարարության էկոնոմիկայի վարչության պետ Ա. Կարապետյանին՝
ապահովել ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ հաստատված թմրադեղերի դուրս գրման համար նոր ձևաթղթերի տպագրումը:
3. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին՝ ապահովել հիշյալ կարգի տրամադրումը ՀՀ առողջապահության համակարգի բոլոր բժշկական կազմակերպություններին, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչություններին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսերի դուրս գրման եվ դեղերի բաց թողՆման
1. ՀՀ տարածքում բոլոր դեղերի համար (բացառությամբ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի) բժիշկների կողմից պետք է դուրս գրվեն դեղատոմսեր:
Դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն այն բժիշկները, որոնք ունեն բժշկի անձնական կնիք: Դեղատոմսերը պետք է դուրս գրվեն ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթերով:
1.1. Դեղատոմսը դուրս է գրվում ընթեռնելի ձեռագրով, առանց ուղղումների, լատիներեն և հայերեն լեզվով:
1.2. Թմրադեղերի և թունավոր դեղերի անվանումները դեղատոմսի վրա գրվում են սկզբում, այնուհետև` մնացած բաղադրամասերի անվանումները:
1.3. Դեղատոմսը դուրս գրելու ժամանակ հեղուկ դեղերի քանակը գրվում է միլիլիտրերով և կաթիլներով, մնացած նյութերինը՝ գրամներով:
1.4. Արգելվում է ամբուլատոր հիվանդների համար դուրս գրել դեղեր, որոնք չեն օգտագործվում ամբուլատոր հիվանդների բուժման համար:
1.5. Թմրադեղերի և հոգեմետ դեղերի դեղատոմսային ձևաթղթերի վրա դուրս է գրվում միայն մեկ դեղ ու քանակը նշվում է նաև տառերով: Մնացած դեպքերում թույլատրվում է դուրս գրել երկու դեղ:
2. Սովորական դեղերը դեղատոմսով բաց թողնվող դեղերն են, որոնք չեն պարունակում հոգեմետ և թմրադեղեր, դուրս են գրվում ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ հաստատված N 3 և N 5 դեղատոմսային ձևաթղթերով: Այդ նույն ձևաթղթով են դուրս գրվում նաև զեղչով կամ անվճար տրվող դեղերը:
2.1. Պետության կողմից զեղչով կամ անվճար տրվող դեղերի համար դեղատոմսեր դուրս գրելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 07.03.2001 թ. N 128 հրամանի դրույթներով:
2.2. Անվճար կամ զեղչով դեղատոմսերը վավերացվում են բուժկանխարգելիչ հաստատության դրոշմակնիքով, դեղատոմսի համար կնիքով, բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով, ինչպես նաև դեղատոմսի վրա գրվում է անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը, որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ ու կլոր կնիքով:
Պետության կողմից մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի համար դեղատոմսի վրա կատարվում է նշում` «հումանիտար»:
2.3. Անվճար կամ զեղչով դուրս գրած դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամիսը, ամսաթիվը, հիվանդի Ա.Ա.Հ., ամբուլատոր քարտի համարը, զեղչի կամ տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և հիվանդի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
2.4. Պետության կողմից անվճար կամ զեղչով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի բովանդակությունը բժիշկը պարտավոր է գրանցել հիվանդի ամբուլատոր քարտի մեջ:
3. Սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեղատոմսային ձևաթղթերը և դրանց դուրս գրումն ապահովում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, պահպանելով ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ սահմանված դեղատոմսերի ձևաթղթերի չափսերը:
4. Հոգեմետ դեղերը ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ հաստատված N 2 և N 4 դեղատոմսային ձևաթղթերով:
Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով` վերջինիս ստորագրությամբ ու կնիքով: Դեղատոմսը պետք է գրանցվի հոգեմետ դեղատոմսերի հաշվառման մատյանում` մատյանի հերթական համարը գրելով դեղատոմսի վրա:
4.1. Հոգեմետ դեղատոմսային ձևաթղթերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամսաթիվը, ընդհանուր քանակը, ում է տրվել (հիվանդի Ա.Ա.Հ.) ամսաթիվը, ամբուլատոր քարտի համարը, դեղատոմսի բովանդակությունը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով:
5. Թմրադեղերը ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001 թ. N 759 որոշմամբ հաստատված N 1 դեղատոմսային ձևաթղթերով:
Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով, պարզ ընթեռնելի` վերջինիս ստորագրությամբ և կնիքով հաստատված, որը վավերացվում է հաստատության դրոշմակնիքով, դեղատոմսի համար կնիքով, պետք է հաստատվի տնօրենի կամ բուժգծով տեղակալի ստորագրությամբ ու կլոր կնիքով:
5.1. Թմրադեղերի դեղատոմսային ձևաթղթերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ստացման ամսաթիվը, որտեղից է ստացված, սերիան, համարը, քանակը, բաց թողման ամսաթիվը, ում է տրվել (հիվանդի Ա.Ա.Հ.) ամբուլատոր քարտի համարը, դեղատոմսի բովանդակությունը, դեղատոմսի սերիան, համարը, ստացողի ստորագրությունը և մնացորդը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
5.2. Թմրադեղեր բաց թողնող դեղատոմսերի բովանդակությունը, համարը և սերիան բժիշկը պարտավոր է գրանցել հիվանդի ամբուլատոր քարտի մեջ:
5.3. Թմրանյութեր պարունակող դեղատոմսերն ուժի մեջ են 20 օր:
5.4. Թմրադեղերի դեղատոմսային ձևաթղթերը պետք է պահվեն մետաղյա, չհրկիզվող պահարանում:
6. Զեղչով և անվճար տրվող դեղերի դեղատոմսերը դեղատանը պահվում են հինգ տարի, թմրադեղերինը՝ հինգ տարի, իսկ հոգեմետ և մարդասիրական օգնությամբ ստացված դեղերինը՝ մեկ տարի: Պահպանման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են՝ այրվում, կազմելով համապատասխան ակտ:
7. Դեղատանը պահվում է թմրադեղերի և հոգեմետ դեղերի հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դեղի անվանումը, ստացման ամսաթիվը, չափման միավորը, որտեղից է ստացված, փաստաթղթի համարը, քանակը, ամենօրյա ծախսը և մնացորդը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
8. Բացառությամբ թմրադեղերի, եթե դեղատոմսում դուրս գրված դեղի դեղաչափի (դոզայի) և դեղատանը առկա դեղի դեղաչափի տարբերության դեպքում, դեղատան աշխատողը կատարում է վերահաշվարկ` դեղի քանակը համապատասխանեցնում է, ըստ դեղաչափի, այդ մասին կատարելով նշում դեղատոմսի ձևաթղթի հետևի մասում, և բացատրում հիվանդին օգտագործման ձևը:
9. Դեղատոմսը դուրս գրելու ժամանակ թույլատրելի կարևորագույն լատիներեն կրճատումները:
Կրճատում |
Լրիվ գրություն |
Թարգմանություն |
aa |
ana |
- ական, հավասար |
ac. acid |
acidum |
թթու |
amp |
ampulla |
ամպուլ |
aq. |
aqua |
ջուր |
aq. destill. |
aqua destillata |
թորած ջուր |
but. |
butyrum |
յուղ (կարծր) |
comp., cps., cp. |
compositus (a. um) |
Բարդ |
D. |
Da |
Տուր |
D.S. |
Da Signa |
Տուր Նշիր |
D. td. |
Da talos doses |
Տուր այդպիսի դեղաչափեր |
dil. |
dilutus |
Նոսր |
div in p aeq. |
divide in partes aequales |
Բաժանիր հավասար մասերի |
extr. |
extraktum |
հանուկ |
f. |
fial. |
թող դառնա |
gtt. |
gutta, guttae |
կաթիլներ |
inf. |
infusum |
թուրմ |
in ampull |
in ampullis |
ամպուլաներում |
in tab. |
in tab(u)lettis |
դեղահատերով |
lin. |
linimentum |
հեղուկ քսուք |
liq. |
liquor |
հեղուկ |
M. pil. |
messa pilunarum |
հաբային զանգված |
M. |
Misce |
խառնիր |
N. |
numero |
թվով |
ol. |
oleum |
յուղ (հեղուկ) |
pil. |
pilula |
հաբ |
p. aeq. |
partes aequales |
հավասար մասեր |
pulv. |
pulvis |
փոշի |
q. s. |
quantum satis |
որքան անհրաժեշտ է |
r. rad, |
radix |
արմատ |
Rp. |
Recipe |
վերցրու |
Rep. |
Repete |
Կրկնիր |
rhiz. |
rhizoma |
կոնղարմատ |
S. |
Signa |
Նշիր |
sem. |
semen |
սերմ |
simpl. |
simlex |
հասարակ |
sir. |
siropus |
օշարակ |
sol. |
solutio |
լուծույթ |
sp. |
spiritus |
սպիրտ |
supp. |
suppositorium |
մոմ |
tab. |
tab(u)letta |
դեղահատ |
t-ra, tinct., tct |
tinctura |
ոգեթուրմ |
ung. |
unguentum |
քսուք |
vitr. |
vitrum |
սրվակ |
ppt., praec. |
praecipitatus |
նստեցված |
past. |
pasta |
մածուկ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2017, N 61-Ն | 25.01.2018, N 100 | |
18.04.2014, N 12-Ն | 25.05.2014, N 100 | |
07.05.2009, N 10-Ն | 25.06.2009, N 100 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|