ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 1761-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1761-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (այսուհետ՝ կարգավորվող նյութեր) ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառումն օրենսդրությամբ սահմանված ձևով և պարբերականությամբ պարտադիր ներկայացման ենթակա տարեկան հաշվետվության հաշվառման (այսուհետ` հաշվառում) գործընթացն է:
3. Հաշվառումն իրականացվում է մասնագիտական վերլուծության և ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման նպատակով:
4. Հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից գրությամբ ներկայացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր պետական մարմին) մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի:
5. Հաշվետվությունը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունն ուղարկվում է լիազոր պետական մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
6. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառումն իրականացնում է լիազոր պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված գրանցամատյանի վարման միջոցով:
7. Անճշտություններ և վրիպակներ պարունակող հաշվետվությունները լիազոր պետական մարմնի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտին հետ են վերադարձվում՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում վրիպակները շտկելու, վերացնելու և սահմանված կարգով կրկին լիազոր պետական մարմին ներկայացնելու համար:
8. Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե լիազոր պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում հետ չի վերադարձնում հաշվետվությունը կամ տնտեսավարողի կողմից վրիպակները շտկած, վերացրած տարբերակին գրավոր չի պատասխանում հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կարգով և ժամկետներում հաշվառման ենթակա հաշվետվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր պետական մարմինն այդ մասին ծանուցում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2024, N 325-Ն | 08.03.2024, N 1761-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|