Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-29-Ո-Կ-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2020
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.06.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    Ք. Երևան

25 հունիսի 2020 թ.

ԲԴԽ-29-Ո-Կ-8

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
 

Ռ. Վարդազարյանի

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,

Ա. Հայկյանցի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի,
 

Արդարադատության նախարար
 

Ռ. Բադասյանի,

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ
 

Դ. Գասպարյանի,

Սնանկության դատարանի դատավոր
 

Տ. Փոլադյանի,

քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի մայիսի 13-ի թիվ N 54-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել փաստաբան Ռոբերտ Դավթյանի կողմից 02.03.2020 թվականին և 18.03.2020 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումները։

Արդարադատության նախարարի 01.04.2020 թվականի թիվ 42-Ա որոշմամբ Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Տիգրան Փոլադյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի 13.05.2020 թվականի թիվ N 54֊Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով։

01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 107-րդ հոդվածի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։

Նշված կարգավորման բովանդակությունից բխում է, որ կասեցված վարույթի վերսկսման համար անհրաժեշտ պայմանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքների վերացումն է։

Գործի փաստերի համաձայն՝ սնանկության գործով Դատարանի 02.05.2018 թվականի որոշմամբ հայտարարվել է անհատ ձեռնարկատեր Արտաշես Սարոյանի (այսուհետ՝ Պարտապան), նրա գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում։ Գործի վարույթը կասեցվել է։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 08.06.2018 թվականի որոշմամբ հարուցվել թիվ 04259000 կատարողական վարույթը (այսուհետ՝ Կատարողական վարույթ), հայտարարվել է Պարտապանի, նրա գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում։

Ծառայության 26.09.2018 թվականի որոշմամբ Կատարողական վարույթն ավարտվել է։ Նշված որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հայտարարվել է հետախուզում Պարտապանի և նրան պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ, ինչպես նաև պարզվել է, որ քաղաքացի Արտաշես Վոլոդյայի Սարոյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է անշարժ գույք, իսկ դրամական միջոցներ և այլ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Արդյունքում, որոշվել է ավարտել Կատարողական վարույթը։

26.03.2019 թվականին Դատարան է մուտքագրվել «Առևտրի Տուն ԲելԱր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Պարտատեր) ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու և շարունակելու մասին, որով վերջինս հայտնել է, որ Ծառայության կողմից 25.09.2018 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում և ավարտվել է Պարտապանի ու նրա գույքի նկատմամբ հայտարարված հետախուզման մասին հարուցված Կատարողական վարույթը։ Նշվել է նաև, որ Պարտապանը չի հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել է վերջինիս պատկանող անշարժ գույք։ Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 103-րդ հոդվածի 2-4-րդ մասերի կարգավորումները՝ Ռոբերտ Դավթյանը խնդրել է վերսկսել սնանկության վարույթը և այն շարունակել օրենքով սահմանված կարգով։

Գործի նյութերում առկա՝ Դատարանի 22.04.2019 թվականով թվագրված որոշման համաձայն՝ սնանկության գործի վարույթը վերսկսվել է, որի հիմքում դրվել է Պարտատիրոջ ներկայացուցչի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու մասին և կից ներկայացված կատարողական վարույթն ավարտելու մասին Ծառայության 26.09.2018 թվականի որոշումը։

Վերոգրյալից հետևում է, գործի վարույթը վերսկսելու հիմք առկա է եղել առնվազն 26.03.2019 թվականին, երբ Դատարան է մուտքագրվել Պարտատիրոջ ներկայացուցչի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու և շարունակելու մասին։

Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց։

Գործի նյութերում առկա՝ Դատարանի առանց ելից համարի 22.04.2019 թվականի գրության համաձայն՝ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումն ուղարկվել է Պարտատիրոջ ներկայացուցչին, Պարտապանին և սնանկության գործով ժամանակավոր կառավարչին։ Այնուամենայնիվ, գործի նյութերում բացակայում են հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը)։

Արդյունքում, գործի նյութերում առկա՝ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը Պարտատիրոջը, Պարտապանին և սնանկության գործով ժամանակավոր կառավարչին ուղարկելու վերաբերյալ առանց համապատասխան ելից համարի ուղեկցական գրությունը, հետադարձ ծանուցումների բացակայությունը, ինչպես նաև Արդարադատության նախարարին 02.03.2020 թվականին ուղղված հաղորդմանը կից ներկայացված՝ Դատարան 23.12.2019 թվականին մուտքագրված դիմումի բովանդակությունը վկայում են այն մասին, որ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը մինչ օրս չի ուղարկվել հասցեատերերին։

«Սնանկության մասին» օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի՝ գտնվելու կամ բնակության վայրի հասցեով։ Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում։

Առանձին հարկ է անդրադառնալ նաև 03.05.2019 թվականով թվագրմամբ վճիռը (այսուհետ՝ Վճիռ), ինչպես նաև 10.05.2019 թվականով թվագրմամբ Պարտապանի գործով կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին որոշումը (այսուհետ՝ Որոշում) հասցեատերերին տրամադրելու պարտականությունը Դատարանի կողմից պատշաճ կատարված լինելու հարցին։

Սույն դեպքում, «Սնանկության մասին» օրենքը չի սահմանում սնանկության դատարանի կողմից կայացված վճիռները, ինչպես նաև առանձին ակտի ձևով կայացվող որոշումները դրանց հասցեատերերին տրամադրելու կարգի և ժամկետների վերաբերյալ կարգավորումներ, հետևաբար կիրառելի են Օրենսգրքի կարգավորումները։

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց։ Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան։

Օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց՝ որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում։

Արդյունքում, գործի նյութերում առկա ապացույցներով հաստատվում է, որ Դատարանի Վճիռը և Որոշումը հասցեատերերին ուղարկվել են միայն 05.03.2020 թվականին՝ Վճռի և Որոշման կայացումից շուրջ 10 ամիս անց։

«Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը՝ պարտապանին սնանկ ճանաչելու (...) մասին անհապաղ տեղեկացնում է պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին, անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է, մաքսային պետական մարմիններին, կենտրոնական բանկին՝ Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար, պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին, աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ (...):

Նույն օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Սույն դեպքում, Դատարանի Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 03.05.2019 թվականից։ Մինչդեռ, գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10676/20, թիվ 10/416/20 ելից համարներով Դատավորի ստորագրությամբ գրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ.

- Ծառայությունը Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի «ե» կետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի ուժով Պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ կարճելու անհրաժեշտության մասին տեղեկացվել է միայն 05.03.2020 թվականին, նշված գրությունը հասցեատիրոջ կողմից ստացվել է 11.03.2020 թվականին։

- ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, «ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությանը, ՀՀ Կենտրոնական բանկին, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված՝ Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու, ինչպես նաև Պարտապանի անվամբ արժեթղթերի, անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, մաքսային հսկողության տակ գտնվող կամ այլ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ իրային իրավունք գրանցված լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունները ելքագրվել են միայն 05.03.2020 թվականին, հասցեատերերի կողմից ստացվել են 12.03.2020 թվականին։

Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանին անհապաղ տեղեկացնելու Դատարանի պարտականությանը՝ գործի նյութերում առկա է Վճռաբեկ դատարանին ուղղված՝ առանց ելից համարի և ամիս, ամսաթվի (գրության վերևի ձախ հատվածում միայն նշված է «2020թ.») գրություն Դատավորի ստորագրությամբ։ Գործի նյութերում առկա չէ նաև հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր)։

Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10419/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրության, ինչպես նաև ծանուցման մասին անդորրագրի ուսումնասիրությունից բխում է, որ «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի ուժով Պարտապանին սնանկ ճանաչելու, սնանկության գործով կառավարիչ նշանակվելու, պարտատերերի առաջին ժողովը 05.05.2020 թվականին ժամը 12:00-ին նշանակվելու վերաբերյալ հայտարարությունը՝ այն «azdarar.am» կայքում տեղադրելու և դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու համար Պարտապանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանին (այսուհետ՝ Կառավարիչ) ուղարկվել է միայն 05.03.2020 թվականին, հասցեատիրոջ կողմից ստացվել է 11.03.2020 թվականին, իսկ հայտարարությունը «azdarar.am» ինտերնետային կայքում տեղադրվել է 05.03.2020 թվականին (ընդ որում, հայտարարության մեջ տեղ գտած տեղեկատվությունը ևս չի համապատասխանում գործի նյութերում առկա տեղեկատվությանը, քանի որ ըստ նշված հայտարարության՝ Պարտապանը սնանկ է ճանաչվել Դատարանի 08.04.2019 թվականի վճռով, Պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Դատարանի 12.04.2019 թվականի որոշմամբ, պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 04.05.2020 թվականին ժամը 15:30-ին)։

Արդյունքում, Դատարանի Վճռի և Որոշման մասին Կառավարչին տեղեկացումը միայն 05.03.2020 թվականին ուղարկվելու արդյունքում չի ապահովվել նաև Կառավարչի կողմից ոչ ուշ, քան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները «www.azdarar.am» կայքում հրապարակելու, ինչպես նաև դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականության կատարումը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70֊րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։

Վերոգրյալ փաստական հանգամանքներից հետևում է, որ թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործով Դատարանի կողմից սնանկության գործի վարույթը վերսկսելու մասին Դատարանի 22.04.2019 թվականով թվագրմամբ որոշումը մինչ վարույթ հարուցելու օրը դրա հասցեատերերին չուղարկվելու, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի՝ գտնվելու կամ բնակության վայրի հասցեով ծանուցում ուղարկված չլինելու պայմաններում սնանկության գործի վարույթը շարունակելու և Վճիռ կայացնելու, 03.05.2019 թվականով թվագրմամբ Վճիռը, 10.05.2019 թվականով թվագրմամբ Որոշումը դրանց հասցեատերերին միայն 05.03.2020 թվականին (շուրջ 10 ամիս անց) ուղարկվելու, Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պարտապանին սնանկ ճանաչելու մասին «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի «գ» կետում նշված մարմիններին միայն 05.03.2020 թվականին տեղեկացվելու (Վճռաբեկ դատարանի դեպքում՝ չտեղեկացվելու), 03.05.2019 թվականով թվագրված Վճռի, 10.05.2019 թվականով թվագրված Որոշման մասին տեղեկացումը Կառավարչին միայն 05.03.2020 թվականին ուղարկելու հետևանքով Կառավարչի կողմից ոչ ուշ, քան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ 5 օրվա ընթացքում Պարտապանին սնանկ ճանաչելու, Կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները «www.azdarar.am» կայքում հրապարակելու, դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականության կատարումը չապահովվելու արդյունքում խախտվել են «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերի, 103-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության, 145-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։

Բացի այդ, նշվածն առնվազն վկայում է ինչպես գործը ողջամիտ ժամկետում քննելու՝ օրենսդրական պահանջը չպահպանելու, այնպես էլ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու մասին։

Վարույթ հարուցած մարմնի կարծիքով Դատավորի կողմից 11.01.2018 թվականից վարույթ ընդունված սնանկության գործով առնվազն 22.04.2019 թվականից դրսևորված անգործության արդյունքում չի ապահովվել ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը, խաթարվել է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը։

Ավելին, Կառավարիչը, ով սնանկության գործով կառավարիչ է նշանակվել դեռևս Դատարանի 10.05.2019 թվականի որոշմամբ, մինչև 05.03.2020 թվականը մատնված է եղել անգործության, քանի որ Պարտապանի սնանկ ճանաչվելու մասին իրազեկվել է միայն 11.03.2020 թվականին՝ Դատարանի 05.03.2020 թվականի թիվ 10418/20 գրությունը ստանալու պահից։

Հղում անելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142֊րդ հոդվածին՝ վարույթը հարուցած մարմինը գտել է, որ դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունն առկա է, քանի որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, որպիսիք չի բովանդակում նաև Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը։

Ավելին՝ Դատավորի կողմից դատավարական նորմերի, ինչպես նաև վարքագծի կանոնի խախտման կոպտությունն առկա է, քանի որ դրանք հանգեցրել են սնանկության վարույթի կողմերի իրավունքների և ազատությունների սահմանափակմանը և որպես հետևանք՝ դատական իշխանության հեղինակազրկմանը։

Ըստ վարույթը հարուցած մարմնի՝ կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ դատավարական նորմերի, ինչպես նաև վարքագծի կանոնների խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, այն է՝ վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել։

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին՝ հայտնելով, որ Սնանկության դատարանի ստեղծման պահից շենքում դատավորների քանակին համապատասխան աշխատասենյակների պակասության պատճառով միայն 2019 թվականի հոկտեմբեր ամսից է անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված աշխատասենյակի առկայության պայմաններում իր կազմով ձեռնամուխ եղել նախորդ 10 ամիսների ընթացքում կուտակված աշխատանքը կատարելուն, այդ թվում՝ հարյուրավոր միջնորդություններին ընթացք տալուն և դատական ակտեր կազմելուն։

Այս կապակցությամբ Դատավորը նշել է, որ 2019 թվականի ընթացքում ստացել է 493 գործ՝ արդեն իսկ վարույթում ունենալով 715 գործ, 2019 թվականին իր վարույթում առկա է եղել 1208 գործ (սնանկության և դրանց շրջանակներում քննվող քաղաքացիական գործեր)։ 2019 թվականին բնականոն գործունեության համար ունենալով ընդամենը ոչ լրիվ 3 ամիս՝ Դատավորն անցկացրել է 831 դատական նիստ, ավարտել է 210 գործ, վարույթի մասնակիցներին ուղարկվել է մոտ 17.432 հատ ծրար։

Միաժամանակ նշել է, որ 12.01.2018 թվականին վարույթ է ընդունվել թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործը, 02.05.2018 թվականին որոշում է կայացվել Պարտապանի, նրա գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում հայտարարելու մասին, և գործի վարույթը կասեցվել է։ 26.03.2019 թվականին Դատարան է մուտքագրվել Պարտատիրոջ ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու և շարունակելու մասին։ Դիմումը մուտքագրվել է, երբ բոլոր սնանկության գործերը գտնվել են Աբովյանի նստավայրում, իսկ ներկայացվող դիմումները, միջնորդությունները և այլ փաստաթղթերը ստացվել են Սնանկության դատարան և Դատավորին հանձնվելուց հետո տեղավորվել են արկղերում և դրվել գործերի կողքին։ Աշխատանքային պայմանների բացակայության պայմաններում որևէ դատավորի կողմից չէր կարող կազմակերպվել գործերի բնականոն ընթացք։

Հաշվի առնելով «Սնանկության մասին» օրենքի 103-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորումները՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման պարագայում գործի վարույթը շարունակելու համար դատարանը առնվազն պետք է ունենա ապացույց՝ հետախուզման վարույթի ավարտի մասին։

Վկայակոչելով Օրենսգրքի (քննարկվող սնանկության գործը վարույթ է ընդունվել 12.01.2018 թվականին) 51-րդ հոդվածի և 54-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները՝ Դատավորը նշել է, որ մինչ օրս Դատարան չի ստացվել Ծառայության կողմից «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, որը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի ապացույցների թույլատրելիության և ապացույցների ներկայացման կարգը կարգավորող իրավանորմերի ուժով կարող էր հիմք հանդիսանալ քննարկվող սնանկության վարույթի վերսկսման և անհրաժեշտ գործողությունների իրականացման համար։ Ինչ վերաբերում է Պարտատիրոջ ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերի արտատպված պատճեններին, որոնք պատշաճ վավերացված համարվել չեն կարող, դրանք առնվազն ենթակա են գնահատման թույլատրելիության և ներկայացման կարգի տեսանկյունից և այդ գնահատման արդյունքում ոչ միայն չէին կարող դրվել որևէ դատական ակտի հիմքում, այլև որոշակի փաստարկների ուժով չէին կարող համարվել թույլատրելի։ Ամեն դեպքում, նույնիսկ Պարտատիրոջ ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերի դատավարական սահմանված կանոններին և ձևին չհամապատասխանելու պարագայում, 2020 թվականին Դատարանը վերսկսել է գործի վարույթը և կայացրել Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ՝ հաշվի առնելով նշված փաստաթղթերը Ծառայությունից Դատարան ստացված չլինելու հարցում կողմի մեղքի բացակայությունը և առաջնորդվելով սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նկատառումներով։

Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները՝ Դատավորը նշել է, որ Դատարանի կողմից վարույթի վերսկսման և Պարտապանին սնանկ ճանաչելու հարցի ուշացումը Պարտատիրոջ համար չի հանգեցրել (չէր կարող հանգեցնել) այնպիսի հետևանքների, որոնք կարող էին դրսևորվել Պարտապանի կողմից գույքի օտարմամբ կամ այլ կերպ նրա գույքային զանգվածի նվազմամբ, ինչն իր հերթին կարող էր հանգեցնել պարտատիրոջ հնարավոր պահանջի բավարարման անհնարինության։ Նշված անհնարինությունն ակնհայտ է վերոգրյալ իրավանորմի ուժով՝ դատարանի կողմից սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի վրա տարածվող սահմանափակումների շնորհիվ։

Ինչ վերաբերում է Վճռում առկա՝ վարույթը վերսկսելու և Պարտապանին ծանուցում ուղարկելու ամսաթվերի տարբերությանը՝ դրանք հանդիսացել են վրիպակի արդյունք, ինչն ուղղվել է Դատարանի 02.04.2020 թվականի «Վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ։

Դատավորը նշել է, որ ամբողջությամբ հասկանում և կիսում է փաստաբանի վրդովմունքը՝ հաշվի առնելով այն, որ Դատարանում առկա տեխնիկական խնդիրները հետաքրքիր չեն ո՛չ դատավարության կողմերին, ո՛չ փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման առաջին և միակ պատասխանատուն հանդիսանում է դատավորը և այդ հարցում ինքը բացառություն չի կազմում։ Դատավորի համոզմամբ վերջինս իր պատասխանատվության զգացումը վերոնշյալ հարցում ապացուցել է անցած 7 տարիների ընթացքում իր կողմից քննված գործերով և դրանցով կայացված մեկ տասնյակ հազարը գերազանցող դատական ակտերով։

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը հայտնել է պնդել է իր բացատրությամբ և գրավոր պատասխանով ներկայացրած դիրքորոշումը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տիգրան Փոլադյան) 20.08.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Առևտրի Տուն ԲելԱր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ անհատ ձեռնարկատեր Արտաշես Սարոյանին սնանկ ճանաչելու մասին և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Ժիրայր Արաբյանը (սնանկության գործ թիվ ԿԴ1/0001/04/18)։

2) Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվել է Պարտապանին և առաջարկվել է 15 օրվա ընթացքում գրավոր վիճարկել իր սնանկությունը։ Ուղարկված փաստաթղթերը փոստի կողմից վերադարձվել են Դատարանին՝ «բացակա» մակագրությամբ։

3) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2018 թվականի որոշմամբ հայտարարվել է Պարտապանի, նրա գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում։ Գործի վարույթը կասեցվել է։

4) Ծառայությունում 08.06.2018 թվականին հարուցվել է թիվ 04259000 կատարողական վարույթը, Պարտապանի, նրա գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ 02.08.2018 թվականին հայտարարվել է հետախուզում:

5) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2018 թվականի որոշմամբ Պարտապանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Ժիրայր Արաբյանն ազատվել է պարտականությունների կատարումից և 30.08.2018 թվականի որոշմամբ Պարտապանի սնանկության գործով Ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (այսուհետ՝ Ժամանակավոր կառավարիչ)։

6) Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Հ.Հարությունյանի 26.09.2018 թվականի որոշմամբ Կատարողական վարույթն ավարտվել է։ Նշված որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հայտարարվել է հետախուզում Պարտապանի և նրան պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ, ինչպես նաև պարզվել է, որ քաղաքացի Արտաշես Վոլոդյայի Սարոյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է ք. Երևան, Երվանդ Քոչարի փող., 17շ., 16 բն. հասցեում գտնվող անշարժ գույք, դրամական միջոցներ և այլ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Արդյունքում, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ և 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ որոշվել է ավարտել Կատարողական վարույթը։

Սնանկության գործի նյութերում բացակայում է Կատարողական վարույթն ավարտելու մասին 26.09.2018 թվականի որոշումը Ծառայության կողմից Դատարան ուղարկելու և այն Դատարանում մուտք լինելու վերաբերյալ ապացույց։

7) Սնանկության դատարանի ստեղծմամբ պայմանավորված՝ թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործը 11.02.2019 թվականին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Սնանկության դատարան և մակագրվել նշված դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին։

8) 26.03.2019 թվականին Դատարան է մուտքագրվել Պարտատիրոջ ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյանի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու և շարունակելու մասին, որով վերջինս հայտնել է, որ սնանկության գործով հարկադիր կատարողի կողմից 25.09.2018 թվականին կայացվել է Կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում և ավարտվել են պարտապանի և նրա գույքի նկատմամբ հայտարարված հետախուզման մասին հարուցված կատարողական վարույթները։ Նշվել է նաև, որ Պարտապանը չի հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել է վերջինիս պատկանող անշարժ գույք։ Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 103-րդ հոդվածի 2-4-րդ մասերի կարգավորումները՝ Պարտատիրոջ ներկայացուցիչը խնդրել է վերսկսել սնանկության գործի վարույթը և այն շարունակել օրենքով սահմանված կարգով։ Դիմումին կից ներկայացվել են «Պարտապանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» 02.08.2018 թվականի, «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» 02.08.2018 թվականի, «Կատարողական վարույթը տարածքային կատարման ուղարկելու մասին» 09.08.2018 թվականի, «Պարտապանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» 26.09.2018 թվականի, «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 26.09.2018 թվականի որոշումների, Ծառայության Կոտայքի մարզային բաժնի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից դիմողին և Պարտապանին ուղղված թվով 3 գրությունների պատճենները։

9) Գործի նյութերում առկա՝ Դատարանի 22.04.2019 թվականով թվագրմամբ որոշման համաձայն՝ սնանկության գործի վարույթը վերսկսվել է, որի հիմքում դրվել է Պարտատիրոջ ներկայացուցչի դիմումը՝ գործի վարույթը վերսկսելու մասին և դիմումին կից ներկայացված՝ Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Հ.Հարությունյանի 26.09.2018 թվականի որոշումը՝ կատարողական վարույթն ավարտելու մասին։

10) Գործի նյութերում առկա՝ առանց ելից համարի Դատավորի ստորագրությամբ 22.04.2019 թվականի գրության համաձայն՝ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումն ուղարկվել է Պարտատիրոջ ներկայացուցիչ Գ.Նազարյանին, Պարտապանին և Ժամանակավոր կառավարչին։ Գործի նյութերում բացակայում են հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը)։

11) Գործի նյութերում առկա՝ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին 03.05.2019 թվականով թվագրված վճռի համաձայն՝ Պարտապանը ճանաչվել է սնանկ։

12) Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի (տարեթվում (2019) նախկինում նշված վերջին 9 թիվը ուղղված է 0) թիվ 10422/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրության համաձայն՝ Վճիռն ուղարկվել է Պարտատիրոջ ներկայացուցիչ Գ. Նազարյանին, Պարտապանին և Ժամանակավոր կառավարչին։ Գործի նյութերում առկա հետադարձ ծանուցումների (ծանուցման մասին անդորրագրեր) համաձայն՝ Վճիռը Պահանջատիրոջ ներկայացուցչի, Պարտապանի կողմից ստացվել է 11.03.2020 թվականին։

13) Գործի նյութերում առկա՝ Դատարանի 10.05.2019 թվականով թվագրված Որոշման համաձայն՝ Պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը, ինչպես նաև պարտատերերի առաջին ժողով է նշանակվել 05.05.2020 թվականին, ժամը 12:00-ին։

14) Գործի նյութերում առկա՝ Վճռաբեկ դատարանին ուղղված՝ առանց ելից համարի և ամիս, ամսաթվի (գրության վերևի ձախ հատվածում միայն նշված է «2020թ.») Դատավորի ստորագրությամբ գրության համաձայն՝ տեղեկացվել է, որ Պարտապանը վճռով ճանաչվել է սնանկ և Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 25.10.2019 թվականին, Դատարանի 10.05.2019 թվականի որոշմամբ կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը։ Միաժամանակ տեղեկացվել է, որ Պարտապանի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 05.05.2020 թվականին ժամը 12:00-ին՝ Սնանկության դատարանում։ Գործի նյութերում առկա չէ հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր)։

15) Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10416/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրության համաձայն՝ Ծառայությանը տեղեկացվել է, որ Պարտապանը Վճռով ճանաչվել է սնանկ, նշվել է, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի «ե» կետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42֊րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի ուժով անհրաժեշտ է կարճել Պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

16) Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10676/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրության համաձայն՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, «ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲ ընկերությանը, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացվել է, որ Պարտապանը Վճռով ճանաչվել է սնանկ, խնդրվել է հայտնել Պարտապանի անվամբ արժեթղթերի, անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, մաքսային հսկողության տակ գտնվող կամ այլ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ իրային իրավունք գրանցված է, թե՝ ոչ։ Գործի նյութերում առկա հետադարձ ծանուցումների (ծանուցման մասին անդորրագրեր) համաձայն՝ նշված գրությունը հասցեատերերի կողմից ստացվել է 12.03.2020 թվականին։

17) Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10418/20, 10420/20, 10423/20 ելից համարներով Դատավորի ստորագրությամբ գրությունների համաձայն՝ համապատասխանաբար Կառավարչին, Պարտապանին, Պարտատիրոջ ներկայացուցչին տեղեկացվել է, որ Պարտապանը Վճռով ճանաչվել է սնանկ, Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 25.10.2019 թվականին, կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը, ինչպես նաև պարտատերերի առաջին ժողով է նշանակվել 05.05.2020 թվականին, ժամը 12:00-ին՝ Սնանկության դատարանում։

18) Գործի նյութերում առկա՝ 05.03.2020 թվականի թիվ 10419/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրության համաձայն՝ Կառավարչին ուղարկվել է Պարտապանին սնանկ ճանաչելու, Կառավարիչ ու պարտատերերի առաջին ժողովը 05.05.2020 թվականին, ժամը 12:00-ին նշանակելու վերաբերյալ հայտարարությունը՝ այն «azdarar.am» կայքում տեղադրելու և դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու համար։

Գործի նյութերում առկա հետադարձ ծանուցումների (ծանուցման մասին անդորրագրեր) համաձայն՝ 17) և 18) կետերում նշված ելից գրությունները հասցեատերերի կողմից ստացվել են 11.03.2020 թվականին։

19) Գործի նյութերում առկա՝ Կառավարչի կողմից Դատավորին 09.03.2020 թվականին ուղղված և Դատարանում 10.03.2020 թվականին մուտքագրված գրության և կից ներկայացված հայտարարության համաձայն՝ Պարտապանին սնանկ ճանաչելու, Կառավարիչ նշանակելու մասին պաշտոնական հայտարարությունը «azdarar.am» կայքում տեղադրվել է 05.03.2020 թվականին։

20) Դատարանի՝ «Վրիպակն ուղղելու մասին» 02.04.2020 թվականի որոշման համաձայն՝ քննության առնելով թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործով Դատարանի վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու հարցը՝ որոշվել է Վճռի «Պարտապանի իրավական դիրքորոշում» մասում «26.03.2019 թվական» ամիս ամսաթվի փոխարեն կարդալ «22.04.2019 թվական» ամիս ամսաթիվը (Վճռում նշվել է, որ գործի վարույթը վերսկսվել է 26.03.2019 թվականին, այնինչ պետք է նշվեր 22.04.2019 թվականին, ինչպես նաև նշվել է, որ Պարտապանին ծանուցում է ուղարկվել 26.03.2019 թվականին, այնինչ պետք է նշվեր 22.04.2019 թվականին)։ Նշված որոշումը 09.04.2020 թվականի թիվ 16374/20 ելից համարով Դատավորի ստորագրությամբ գրությամբ ուղարկվել է Պարտապանին, Պարտատիրոջը և Կառավարչին։

21) Արդարադատության նախարարին 02.03.2020 թվականին ուղղված հաղորդմանը կից ներկայացված փաստաթղթերում առկա է Դատարանին 23.12.2019 թվականին ուղղված դիմումը, որով փաստաբան Ռոբերտ Դավթյանը Դատարանին տեղեկացրել է, որ Դատարան 26.03.2019 թվականին մուտք եղած՝ գործի վարույթը վերսկսելու մասին դիմումին դեռևս ընթացք չի տրվել և գործի վարույթը չի վերսկսվել, նման որոշում չի ուղարկվել, ուստի խնդրել է 26.03.2019 թվականի և 23.12.2019 թվականի դիմումներին ընթացք տալ և վերսկսել սնանկության գործի վարույթը։ Դիմումի վերջնամասում առկա՝ Դատարանի դրոշմակնիքի համաձայն՝ նշված դիմումը Դատարանում մուտք է եղել 23.12.2019 թվականին։

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի[1] 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։ Նույն հոդվածի 2֊րդ մասի համաձայն՝ (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը։ Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է, առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործով Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որը կարող է դիտարկվել որպես կոպիտ և ակնհայտ,

2. արդյո՞ք թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման։

«Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ Սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։

«Սնանկության մասին» օրենքի 103֊րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի գտնվելու կամ բնակության վայրի հասցեով։ Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում։

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ, անդրադառնալով պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսված պարզեցված ընթացակարգին, արձանագրել է, որ երբ պարտապանը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ՝ բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ։ Ընդ որում, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի՝ գտնվելու կամ բնակության վայրի հասցեով։ Դատավորը, 10-րդ օրն առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին՝ «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում, քանի որ նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար, եթե ծանուցումն ուղարկելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը:

Դատավորի կողմից վճիռը, որոշումները կողմերին ուղարկելու պարտականության կատարման հարցի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում դիմողի այն դիրքորոշումը, ըստ որի՝ «Սնանկության մասին» օրենքը չի սահմանում Սնանկության դատարանի կողմից կայացված վճիռները, ինչպես նաև առանձին ակտի ձևով կայացվող որոշումները դրանց հասցեատերերին տրամադրելու կարգի և ժամկետների վերաբերյալ կարգավորումներ, հետևաբար կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումները։

01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։ Նույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց։

01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց։ Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան, իսկ ըստ նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց՝ որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում։

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ սնանկության վարույթը՝ որպես քաղաքացիադատավարական վարույթի տեսակ բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու հարցի լուծումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է հանդիսանում։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱռէկսիմԲանկ֊Գազպրոմ-Բանկի Խումբ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։

Ընդ որում, այն դեպքում, երբ պարտապանը ճանաչվում է սնանկ դատարանի, պարտատերերի և սնանկության գործով կառավարչի համար նախատեսված են հստակ ժամկետներ որոշակի գործողություններ կատարելու համար, մասնավորապես՝ դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական գործողությունները (անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ, անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը և այլն), իսկ սնանկության գործով կառավարիչը պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները պետք է հրապարակի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնի դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում, իսկ սույն հայտարարության հրապարակումից հետո ծագում է պարտատերերի իրավունքը մեկամսյա ժամկետում ներկայացնելու պահանջներ՝ սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ։

Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենսդրությամբ սնանկության վարույթում ժամկետների սահմանումը չի կրում ինքնանպատակ բնույթ, այլ հստակ կանոնակարգում է սնանկության վարույթում նաև փուլերի տարանջատումը միմյանցից՝ ապահովելով յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ վարույթի մասնակիցների իրավունքների իրացումը որոշակի ծավալով, դրանով իսկ երաշխավորելով սնանկության օրենսդրությամբ սահմանված նպատակների իրագործումը։

Սնանկության վարույթում օրենքով սահմանված ժամկետների չպահպանումը կարող է հանգեցնել օրենսդրի կողմից սնանկության վարույթի յուրաքանչյուր փուլի նպատակային վերջնարդյունքի խաթարմանը, շահագրգիռ կողմի համար բացասական հետևանքի վրա հասնելուն, պարտապանի դեպքում դատական վերահսկողության և կառավարչի արդյունավետ ուղղորդման ներքո ֆինանսական առողջացմանը հասնելու և քաղաքացիական շրջանառության ու քաղաքացիական իրավահարաբերությունների լիարժեք մասնակիցը դառնալու իրավունքների սահմանափակմանը, իսկ պարտատիրոջ դեպքում՝ փուլային ընթացակարգերով կանխատեսելի ժամկետներում իր պահանջների բավարարում ստանալու իրավունքի խախտմանը։

Տվյալ դեպքում թիվ ԿԴ1/0001/04/18 սնանկության գործով Դատարանի կողմից սնանկության գործի վարույթը վերսկսելու մասին 22.04.2019 թվականով թվագրմամբ որոշումը մինչ վարույթ հարուցելու օրը դրա հասցեատերերին չուղարկվելու, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի՝ գտնվելու կամ բնակության վայրի հասցեով ծանուցում չուղարկելու պայմաններում սնանկության գործի վարույթը շարունակելու և Վճիռ կայացնելու, 03.05.2019 թվականով թվագրմամբ Վճիռը, 10.05.2019 թվականով թվագրմամբ Որոշումը դրանց հասցեատերերին միայն 05.03.2020 թվականին (շուրջ 10 ամիս անց) ուղարկվելու, Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պարտապանին սնանկ ճանաչելու մասին Օրենքի 19-րդ հոդվածի «գ» կետում նշված մարմիններին միայն 05.03.2020 թվականին տեղեկացնելու (Վճռաբեկ դատարանի դեպքում՝ չտեղեկացնելու), 03.05.2019 թվականով թվագրված Վճռի, 10.05.2019 թվականով թվագրված Որոշման մասին տեղեկացումը Կառավարչին միայն 05.03.2020 թվականին ուղարկելու հետևանքով Կառավարչի կողմից ոչ ուշ, քան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պաhից՝ 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները «www.azdarar.am» կայքում հրապարակելու, դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականության կատարումը չապահովելու արդյունքում խախտվել են «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերի, 103-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության, 145-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները, ինչը հանգեցրել է ընդհանրապես սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների խախտմանը, իսկ Պարտատիրոջ դեպքում՝ փուլային ընթացակարգերով կանխատեսելի ժամկետներում իր պահանջների բավարարում ստանալու իրավունքի խախտմանը։

Դատավորի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումները վերջնարդյունքում հանգեցրել են վարույթի մասնակիցների իրավունքների խախտմանը, մասնավորապես, պարտատիրոջ դեպքում՝ ողջամիտ ժամկետներում իր պահանջների բավարարում ստանալու իրավունքի խախտմանը։

Բարձրագույն դատական խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված գերծանրաբեռնվածության և աշխատանքային պայմանների ոչ բավարար լինելու վերաբերյալ փաստարկներին՝ անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մի շարք վարույթներում դատավորների կողմից մասնավորապես գերծանրաբեռնվածության փաստարկը ներկայացվել է, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը չի արդարացրել այդ փաստարկով թույլտրված խախտումները (տես՝ Բարձրագույն դատական խորհրդի 07.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-5-Ո-Կ-03, 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումներ)։ Ավելին, նմանատիպ փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ բացառելու համար Դատավորի կողմից նյութական, դատավարական նորմի կամ վարքագծի կանոնի խախտման փաստը, այլ դրանք կարող են որոշիչ կամ կողմնորոշիչ լինել խախտման բնույթի բացահայտման կամ Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցում։

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմի այնպիսի խախտումներ, որոնք վերջնարդյունքում հանգեցրել են նաև Դատավորի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնների խախտման, որոնք նվազեցրել են դատական համակարգի նկատմամբ վստահությունը և հեղինակազրկել դատական իշխանությունը։

Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները նաև չեն կարող կասկածի տակ դրվել որևէ փաստարկով կամ ենթադրությամբ։ Ուստի, թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները կրում են կոպիտ և ակնհայտ բնույթ, իսկ դրանց արդյունքում թույլ տրված դատավորի վարքագծի կանոնների խախտումները՝ կոպիտ բնույթ։

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է նաև, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ, մասնավորապես գործի վարույթը վերսկսելու հիմքի վկայակոչմամբ՝ համապատասխան դատավարական գործողություն կատարելու խնդրանքով պարտատիրոջ ներկայացուցչից 26.03.2019 թվականին դիմում ստանալուց հետո նշված գործողությունը և դրան հաջորդող անհրաժեշտ այլ գործողությունները կատարվել են շուրջ 10 ամիս անց։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը։ Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Այս առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Դատավորն իր մասնագիտական գործունեությունն իրականացրել է անբավարար աշխատանքային պայմաններում, ինչը չէր կարող օբյեկտիվորեն չազդել իրականացվող արդարադատության որակի վրա։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել։ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին հայտարարել նախազգուշացում։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

________________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև ԱԺ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020 թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Անդամներ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Հ. հայկյանց

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մ. ՄԱԿՅԱՆ

Լ. Մելիքջանյան

Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան