Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2452/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2452/02/12

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նազիկ Ղարիբյանի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նազիկ Ղարիբյանի ընդդեմ Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի, Զարուհի Ենգոյանի` պատճառված գույքային վնասի վերականգնման, դրանցից բխող հետևանքների փոխհատուցմանը պարտավորեցնելու, անհիմն հարստացման և բաց թողնված օգուտի տեսքով վնասի գումարների բռնագանձման պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի և Զարուհի Ենգոյանի ընդդեմ Նազիկ Ղարիբյանի` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և երաշխավորագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նազիկ Ղարիբյանը պահանջել է Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից և Զարուհի Ենգոյանից հօգուտ իրեն բռնագանձել 580.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար, 130.799 ՀՀ դրամ` որպես պատճառված նյութական վնաս, 12.426 ՀՀ դրամ՝ որպես էլեկտրաէներգիայի ծախս, 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք, Սոհեյիլ Քուլաջիին և Զարուհի Ենգոյանին պարտավորեցնել իրեն վերադարձնել հանձնման-ընդունման ակտով սահմանված շարժական գույքը` թուրքական վառարան (1 հատ), կանգնովի մոխրաման (1 հատ), գազի բալոն (1 հատ), բիֆ մեյքեր (1 հատ) կամ հատուցել ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքն ու վերականգնել խոհարարական սեղանի (2 հատ), գեյզերի (1 հատ), աթոռի (2 հատ), սառնարանի (1 հատ) նախկին տեսքը, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 2012 թվականի օգոստոս ամսից սկսած մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամսվա վարձավճարը` 450.000 ՀՀ դրամը` որպես բաց թողնված օգուտ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմին և Զարուհի Ենգոյանը պահանջել են 03.02.2012 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչել ու անվավերության հետևանքներ կիրառել, ինչպես նաև անվավեր ճանաչել 03.02.2012 թվականի երաշխավորագիրը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից հօգուտ Նազիկ Ղարիբյանի բռնագանձվել է 160.779 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, 12.426 ՀՀ դրամ` որպես էլեկտրաէներգիայի ծախսի գումար, 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 3.465 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հակընդդեմ հայցը բավարարվել է` առոչինչ է ճանաչվել 03.02.2012 թվականի անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը և որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել 03.02.2012 թվականի երաշխավորագիրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2014 թվականի որոշմամբ Նազիկ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 04.04.2014 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից հօգուտ Նազիկ Ղարիբյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 3.465 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Վճիռը` մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ: Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նազիկ Ղարիբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ և 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ Նազիկ Ղարիբյանին պատճառվել է վնաս, որի չափը 15.03.2013 թվականի դրությամբ կազմել է 94.420 ՀՀ դրամ, սակայն չի անդրադարձել նշված գնահատման ակտի ձեռքբերման համար վճարված 36.000 ՀՀ դրամի բռնագանձման հարցին:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, ուշադրություն չի դարձրել, որ կողմերի միջև կնքվել է Կոմիտաս թիվ 49/6 հասցեում գտնվող 13քմ մակերեսով կրպակի վարձակալության պայմանագիր, որը սահմանված կարգով նոտարական վավերացում չի ստացել, որով վարձավճարը սահմանվել է 140.000 ՀՀ դրամ: Շուրջ 3 ամիս նշված անշարժ գույքը պատասխանողների տիրապետման տակ է գտնվել և միաժամանակ օգտագործվել` վճարելով 2 ամսվա վարձավճարի մի մասը` 260.000 ՀՀ դրամ` միաժամանակ խնայելով երրորդ ամսվա վարձավճարը, ինչպես նաև երկու ամիսների` 20.000 ՀՀ դրամ պակաս վճարած վարձավճարը: Այսինքն՝ պատասխանողները հայցվորի հաշվին խնայելու միջոցով հարստացել են` առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` 2012 թվականի ապրիլ ամսվա համար 140.000 ՀՀ դրամ, նույն տարվա փետրվար և մարտ ամիսների համար 20.000 ՀՀ դրամ անհիմն խնայած գումարները, ինչպես նաև գնահատման ակտի համար վճարված 36.000 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջների մասով հայցը բավարարել։

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 05.11.2007 թվականին տրված թիվ 2183275 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի նկատմամբ գրանցված է Նազիկ Ղարիբյանի կառուցապատման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 103-104):

2) 03.02.2012 թվականին Նազիկ Ղարիբյանի կողմից տրված համաձայնագրի համաձայն` Նազիկ Ղարիբյանը տվել է իր համաձայնությունն առ այն, որ անհատ ձեռնարկատեր Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմը Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեում ծավալի ձեռնարկատիրական գործունեություն (հատոր 1-ին, գ.թ.17):

3) 03.02.2012 թվականին Նազիկ Ղարիբյանի («Կողմ-1»), Սոհեյիլ Քուլաջիի («Կողմ-2») և երաշխավոր Զարուհի Ենգոյանի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն` «Կողմ-1»-ը տվել է համաձայնագիր «Կողմ-2»-ին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Պայմանագրի 1.1 կետի համաձայն` «Կողմ-1»-ը «Կողմ-2»-ին ժամանակավոր վարձակալության է հանձել Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեում գտնվող 14քմ մակերեսով կրպակն իդեալական վիճակում (հատոր 1-ին, գ.թ. 18-20):

4) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2014 թվականի վճռով 03.02.2012 թվականին Նազիկ Ղարիբյանի, Սոհեյիլ Քուլաջիի և երաշխավոր Զարուհի Ենգոյանի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ: Վճիռն այդ մասով չի բողոքարկվել, ուստի մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 122-144):

5) 30.01.2012 թվականի ստացականի համաձայն` Նազիկ Ղարիբյանը Սոհեյիլ Քուլաջից ստացել է 38.000 ՀՀ դրամ կանխավճար Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտաս պողոտայի թիվ 49/6 հասցեում գտնվող շինությունը վարձակալության հանձնելու դիմաց, իսկ 03.02.2012 թվականի ստացականի համաձայն` Նազիկ Ղարիբյանը Սոհեյիլ Քուլաջից ստացել է 222.000 ՀՀ դրամ տարածքի երկու ամսվա վարձակալության համար (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

6) «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտի համաձայն` գնահատող-փորձագետի կողմից Կոմիտասի թիվ 49/6 հասցեում գտնվող տաղավարում առկա գույքը ստուգվել է, լուսանկարվել: Ստուգված ապրանքների ստացված վնասների հետևանքով պատճառված վնասի չափը շուկայական արժեքով գնահատման օրվա դրությամբ կազմել է 94.420 ՀՀ դրամ, այդ թվում` երկու սեղանների աշխատանքային մակերեսներին հասցված վնասը` 30.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 119-121):

7) Թիվ 130308 հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ նշված գնահատման ակտը կազմելու ծառայության սակագինը կազմել է 36.000 ՀՀ դրամ, որը համաձայն դրամարկղային մուտքի օրդերի` Նազիկ Ղարիբյանի կողմից վճարվել է «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 122):

8) Հայցվորի ներկայացուցիչը 08.04.2013 թվականին ներկայացրել է հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում, որով Դատարանին խնդրել է պատասխանողներից բռնագանձել նաև 36.000 ՀՀ դրամ՝ որպես փորձագիտական գնահատման ակտի համար վճարված գումար (հատոր 1-ին, գ.թ. 117):

9) Սույն գործով հայցվորի կողմից վերաքննիչ բողոքը բերվել է նաև փորձագիտական գնահատման ակտի համար վճարված 36.000 ՀՀ դրամի փոխհատուցումը մերժելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 18-19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածները սխալ կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործին մասնակցող անձի կողմից ապացույցի ձեռքբերման համար վճարված գումարի` որպես դատական ծախսի բաշխման հարցին:

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ բավարարված հայցապահանջների չափին համապատասխան դատական ակտով բռնագանձման են ենթակա նաև գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարները: Մասնավորապես, եթե գործի քննության և լուծման համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման համար կատարվել են ծախսեր, ապա անկախ նրանից, թե կողմի կամ դատարանի նախաձեռնությամբ են այդ ապացույցները ձեռք բերվել, դրանց ձեռքբերման համար կատարված ծախսերը ևս մտնում են դատական ծախսերի կազմի մեջ, և դատարանի կողմից դրանց բռնագանձման հարցը ենթակա է լուծման` բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ գործով արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ըստ «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտի` գնահատող-փորձագետի կողմից Կոմիտասի թիվ 49/6 հասցեում գտնվող տաղավարում առկա գույքը ստուգվել է, լուսանկարվել: Ստուգված ապրանքների ստացված վնասների հետևանքով պատճառված վնասի չափը շուկայական արժեքով, գնահատման օրվա դրությամբ կազմել է 94.420 ՀՀ դրամ: Թիվ 130308 հաշիվ-ապրանքագրի համաձայն` նշված գնահատման ակտը կազմելու ծառայության սակագինը կազմել է 36.000 ՀՀ դրամ, որը համաձայն դրամարկղային մուտքի օրդերի` Նազիկ Ղարիբյանի կողմից վճարվել է «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին:

Սույն գործով Դատարանը, մասնակիորեն հայցը բավարարելով, գտել է, որ Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի կողմից կրպակում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում գույքը վնասելու հետևանքով Նազիկ Ղարիբյանին պատճառվել է գույքային վնաս, որի չափը կազմել է 160.779 ՀՀ դրամ, ընդ որում, վնասի չափը որոշելիս Դատարանը հիմք է ընդունել նաև գործի քննության ընթացքում Նազիկ Ղարիբյանի կողմից ձեռք բերված ապացույցն իրեն պատճառված վնասի չափի վերաբերյալ` 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտը` երկու սեղանների աշխատանքային մակերեսներին հասցված վնասի մասով: Դատարանը վճռել է բռնագանձել նաև 12.426 ՀՀ դրամ ծախսված էլեկտրաէներգիայի գումարը և 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը դատական ծախսերի մասով, որոշել է որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 50.000 ՀՀ դրամի փոխարեն բռնագանձել 100.000 ՀՀ դրամ: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Նազիկ Ղարիբյանի վերաքննիչ բողոքի այն հիմքին, որ, որպես դատական ծախս, Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից ենթակա է բռնագանձման նաև 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտի ձեռքբերման համար իր կողմից վճարված գումարը` 36.000 ՀՀ դրամը:

Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերն ու գործով ձեռք բերված ապացույցները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտը հիմք է հանդիսացել հայցը մասնակիորեն բավարարելու համար, հետևաբար նման պայմաններում Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից հօգուտ Նազիկ Ղարիբյանի որպես դատական ծախս բռնագանձման ենթակա է նաև նշված ակտի ձեռքբերման համար վերջինիս կատարած ծախսը` վճարված 36.000 ՀՀ դրամը:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 որոշումը)։

Դատարանը, անհիմն հարստացման արդյունքում ստացված գումարները բռնագանձելու վերաբերյալ Նազիկ Ղարիբյանի պահանջը մերժելով, արձանագրել է, որ անհիմն հարստացման առկայության փաստի ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան դրված է եղել Նազիկ Ղարիբյանի վրա, մինչդեռ վերջինիս կողմից չի հիմնավորվել ներկայացված պահանջը, ինչը հաստատվել է սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Նազիկ Ղարիբյանը հայցապահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ տարածքը գտնվել է Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի տիրապետության տակ, և նա չորս ամիս շարունակ տնօրինելով այն` իր հաշվին խնայել է գույք` անհիմն հարստացել է: Գործի քննությամբ հիմնավորվել է, որ նշված տարածքը 28.04.2012 թվականից հետո Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի տիրապետման տակ չի եղել: Նշված տարածքի բանալիները վերադարձվել են Նազիկ Ղարիբյանին: Այդ փաստը հաստատվել է 28.04.2012 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում Նազիկ Ղարիբյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությամբ, որտեղ վերջինս նշել է, որ «Սոհեյիլը խանութի բանալիները շպրտեց սեղանի վրա և դուրս եկավ»: Այն, որ տարածքը չի գտնվել Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի տիրապետման տակ և չի օգտագործվել, հիմնավորվել է նաև ՀՀ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի և Նազիկ Ղարիբյանի միջև 2013 թվականի հունվարի դրությամբ կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2012 թվականի մայիս ամսից մինչև 01.01.2013 թվականն էլեկտրաէներգիայի որևէ ծախս չի գրանցվել:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի վերը նշված եզրահանգումները, Դատարանի վճիռն անհիմն հարստացման գումարները բռնագանձելու պահանջի մասով թողել է անփոփոխ:

Անդրադառնալով նշված հիմքի վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:

Վերը նշված իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ուրիշի գույքից ժամանակավորապես անհիմն օգտվելու արդյունքում անձի կողմից խնայված միջոցների` վերադարձման ենթակա արժեքը որոշվում է այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է, կամ այլ կերպ ասած` տվյալ վայրում տվյալ գույքի շուկայական գնով: Ընդ որում, այդպիսի գնի հաշվարկման համար պետք է հիմք ընդունվի այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձն օգտվել է ուրիշի գույքից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, տվյալ վայրում կոնկրետ շուկայական գնի գոյություն ունենալու փաստի ապացուցման բեռը կրում է այն կողմը, որը վկայակոչում է այդ գինը:

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի տարածքը 03.02.2012 թվականից մինչև 28.04.2012 թվականը գտնվել է Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմի տիրապետման ներքո, որի համար վերջինս Նազիկ Ղարիբյանին վճարել է 260.000 ՀՀ դրամ:

Սույն գործով կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրի առոչնչության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նազիկ Ղարիբյանի կողմից հաշվարկված` 2012 թվականի ապրիլ ամսվա համար որպես անհիմն հարստացման 140.000 ՀՀ դրամը, նույն տարվա փետրվար և մարտ ամիսներից խնայած 20.000 ՀՀ դրամը չեն կարող ընդունվել որպես ուրիշի գույքից ժամանակավորապես անհիմն օգտվելու արդյունքում անձի կողմից խնայված միջոցների` վերադարձման ենթակա գումարի չափ, քանի որ Նազիկ Ղարիբյանի կողմից` որպես անհիմն հարստացման (խնայման) առկայության ապացուցման բեռը կրողի, չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ իր կողմից մատնանշված գումարները համապատասխանում են Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայում նմանատիպ անշարժ գույքի վարձակալության շուկայական գնին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններն իրականացրել են գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` իրավացիորեն եզրահանգելով, որ անհիմն հարստացման (խնայման) առկայության փաստն ապացուցելու համար սույն գործում բացակայում է որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` հայցի մասով նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Անդրադառնալով պետական տուրքի բաշխման հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը պետք է համարել լուծված, քանի որ դատական ծախսերի բռնագանձման պահանջի մասով Նազիկ Ղարիբյանն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ բողոքը միայն այդ մասով բավարարվելու և մնացած մասով մերժվելու արդյունքում բողոք բերելու համար վճարված 10.000 ՀՀ դրամը ենթակա չէ հատուցման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2014 թվականի վճիռն այլ դատական ծախսերի մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Սոհեյիլ Քուլաջի Էբրահիմից հօգուտ Նազիկ Ղարիբյանի բռնագանձել 36.000 ՀՀ դրամ` որպես «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից 31.03.2013 թվականի թիվ 130308 գնահատման ակտի համար վճարված գումար:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

   

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան