ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2017 թվականի N 580-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ
1. Երևան քաղաքում իրականացվող վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման, ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ`
Գոտին |
Տարածքը |
Առաջին |
Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետ` Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա: |
Երկրորդ |
Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետ Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև Արշակունյաց 2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ նրբանցքով, Արտաշատի ջրանցքով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետ Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետ Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոց, Այգեձորի փողոցով մինչև Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքով, Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը: |
Այլ |
Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք՝ բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետում ներկայացված տարածքի: |
(1-ին կետը փոփ. 29.03.18 N 319-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 29.03.18 N 319-Ն)
(հավելվածը փոփ. 29.03.18 N 319-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |