Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-3-Ո-6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.279
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
25.02.2011
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
25.02.2011
Дата вступления в силу
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-3-Ո-6

2011 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՍՏՂԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, 

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի

   

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի,
Ա. Պետրոսյանի

 

քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի փետրվարի 25-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 21.01.2011 թվականի թիվ N-Կ-2-1/2011 որոշմամբ Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության ներկայացուցչի դիմումը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

«Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 24.08.2009 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ «Սպայկա» ՍՊ ընկերության` ֆինանսական վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու, վարձակալած գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու և վարձավճարի բռնագանձման պահանջների մասին:

Դատարանի 12.05.2010 թվականի թիվ ԵՇԴ/1063/02/09 վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

«Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության և «Սպայկա» ՍՊ ընկերության միջև 07.05.2010 թվականին կնքված և Դատարանի 12.05.2010 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ մասնավորապես հաստատվել են այն հանգամանքները, որ կողմերի միջև 30.11.2006, 30.10.2007 և 17.12.2007 թվականներին կնքվել են ֆինանսական վարձակալության պայմանագրեր, որից հետո «Սպայկա» ՍՊ ընկերությունը թույլ է տվել պայմանագրերով նախատեսված պարբերական լիզինգային վճարների գծով պարտավորությունների կետանց և հրաժարվել է պայմանագրերով սահմանված կարգով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությանը վերադարձնել պայմանագրերի հիման վրա իրեն վարձակալությամբ տրամադրված սարքավորումները: Արդյունքում պայմանագրերի շրջանակներում «Սպայկա» ՍՊ ընկերության` «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության նկատմամբ ունեցած ժամկետանց դրամական պարտավորության գումարը 01.03.2010 թվականի դրությամբ կազմել է 949.639 եվրո, ժամկետանց պարտավորության գումարի նկատմամբ պայմանագրերով սահմանված կարգով մինչև 01.03.2010 թվականը հաշվարկված տուժանքի գումարը կազմել է 76.258 եվրո, պայմանագրերով նախատեսված սարքավորումների ձեռքբերման արժեքը կազմել է 951.244 եվրո:

Հաշտության համաձայնությամբ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը «Սպայկա» ՍՊ ընկերությանն ազատել է տուժանքի ամբողջ գումարի վճարումից, ժամկետանց պարտավորության գումարի 45%-ի վճարումից և սարքավորումների արժեքի մնացորդը նվազեցրել է 35%-ով: «Սպայկա» ՍՊ ընկերությունը պարտավորվել է հաշտության համաձայնության ստորագրման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վճարել մնացած գումարը` 1.140.609 եվրո, որից պակասեցվում է վնասված սարքավորման դիմաց ապահովագրությունից ստացված փոխհատուցման գումարը` 53.918 եվրո: Այսպիսով, «Սպայկա» ՍՊ ընկերության պարտավորությունը կազմել է 1.086.691 եվրո: Նշված գումարը նախատեսված ժամկետում չվճարվելու դեպքում հաշտության համաձայնությունը չեղյալ է համարվում, և «Սպայկա» ՍՊ ընկերությունը պարտավորվում է «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությանը վճարել պայմանագրերի լուծման պահին ժամկետանց գումարները, վերջիններիս նկատմամբ հաշվարկված տուժանքի ամբողջ գումարը և վերադարձնել սարքավորումները համապատասխան ծանուցումը ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում:

Միաժամանակ սահմանվել է, որ հաշտության համաձայնության և պայմանագրերի հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

«Սպայկա» ՍՊ ընկերությունը Դատարանի 12.05.2010 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետում չի կատարել իր պարտավորությունը:

17.06.2010 թվականին «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության միջնորդությամբ տրվել է կատարողական թերթ:

30.07.2010 թվականին «Սպայկա» ՍՊ ընկերությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` նոր երևան եկած հանգամանքների հիմքով Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը վերանայելու վերաբերյալ: Վերաքննիչ բողոքում նշվել է, որ մինչև Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատելը «Սպայկա» ՍՊ ընկերությունը 15.04.2010 թվականի դիմումով դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նախագահին` վեճի առարկա սարքավորումները, որոնք ձևակերպված էին «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 1 տարվա ժամկետով, «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձևակերպելու խնդրանքով:

Բողոք բերող անձը որպես նոր երևան եկած հանգամանք է ներկայացրել այն, որ Կոմիտեն սահմանված ժամկետում չի բավարարել «Սպայկա» ՍՊ ընկերության խնդրանքը և ավելին, մերժել է այն:

10.08.2010 թվականին քաղաքացիական գործը ստացվել է առաջին ատյանի դատարանից, 11.08.2010 թվականին հանձնվել է Վերաքննիչ դատարանի կազմին (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան), իսկ 12.08.2010 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին: Նույն որոշմամբ կասեցվել է Դատարանի 12.05.2010 թվականի վճռի գործողությունը:

Այնուհետև գործով նշանակվել են դատական նիստեր հետևյալ պարբերականությամբ.

- 28.09.2010 թվականին. այսինքն` բողոքը վարույթ ընդունելուց 47 օր հետո` ելնելով այն հանգամանքից, որ կազմի դատավորներ Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը 17.08.2010 թվականից մինչև 28.09.2010 թվականը ներառյալ գտնվել են հերթական արձակուրդում: Ընդ որում, նշված դատական նիստը չի կայացել նախագահող դատավորի` 13.09.2010 թվականից մինչև 30.09.2010 թվականը ներառյալ հերթական արձակուրդում գտնվելու պատճառով:

- 12.10.2010 թվականին. այդ դատական նիստում «Սպայկա» ՍՊ ընկերությունը միջնորդել է լրացուցիչ ժամանակ տրամադրել` «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության հետ կրկին հաշտության պայմաններ քննարկելու նպատակով: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը բավարարել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 30.11.2010 թվականին, այսինքն` 49 օր հետո:

- 30.11.2010 թվականին. նիստն ավարտվել, և վճռի հրապարակման օր է նշանակվել 14.12.2010 թվականը:

- 14.12.2010 թվականին. այսինքն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց 4 ամիս անց Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որով վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

14.12.2010 թվականի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված հանգամանքները Դատարանի 12.05.2010 թվականի թիվ ԵՇԴ/1063/02/09 վճռի վերանայման համար չունեն էական նշանակություն:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դատավորների կողմից ներկայացված բացատրությունները, գտել է, որ Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը թույլ են տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպես`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանը պարտավոր է բողոքը քննել ողջամիտ ժամկետում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից (տե´ս օրինակ` թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի թիվ 3-1345(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումները):

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում` խուսափելով գործի անհարկի ձգձգումներից:

Մինչդեռ, թիվ ԵՇԴ/1063/02/09 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի և Ա. Պետրոսյանի կողմից նշանակված դատաքննությունների պարբերականությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ չեն պահպանվել գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանելու օրենսդրական պահանջները:

Նախ` ուշադրության է արժանի այն փաստը, որ նախագահող դատավոր Ա. Խառատյանը, սույն գործով ունենալով 28.09.2010 թվականին նշանակված դատական նիստ և անտեսելով այն հանգամանքը, որ կազմի դատավորների` արձակուրդում գտնվելու պատճառով առաջին դատական նիստն արդեն իսկ նշանակվել էր չափազանց ուշացումով` բողոքը վարույթ ընդունելուց 47 օր անց, հերթական ամենամյա արձակուրդի իր իրավունքն իրացնելու կապակցությամբ ոչ մի միջոց չի ձեռնարկել ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան գործի վերաբաշխման և այդպիսով գործն անհարկի ձգձգումներից զերծ պահելու համար:

Երկրորդ` Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան), 12.10.2010 թվականին կայացած նիստի ժամանակ բավարարելով «Սպայկա» ՍՊ ընկերության միջնորդությունը «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության հետ կրկին հաշտության պայմաններ քննարկելու մասին, դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգել է: Հետագայում դատական նիստը նշանակվել է 30.11.2010 թվականին, որի արդյունքում կողմերին 49-օրյա ժամկետ է տրամադրվել հաշտության պայմաններ քննարկելու համար: Վերաքննիչ դատարանը, ըստ էության, անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունն ի սկզբանե խուսափել է պայմանագրերով իր կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց` թույլ է տվել կետանց և հրաժարվել է սահմանված կարգով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությանը վերադարձնել պայմանագրերի հիման վրա իրեն վարձակալությամբ տրամադրված սարքավորումները: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ կողմերի միջև արդեն իսկ մեկ անգամ ստորագրվել և Դատարանի 12.05.2010 թվականի վճռով հաստատվել է հաշտության համաձայնություն, որով սահմանված ժամկետում «Սպայկա» ՍՊ ընկերությունը կրկին չի կատարել իր պարտավորություններն այն պայմաններում, երբ հաշտության համաձայնությամբ հայցվոր ընկերությունը համաձայնվել է պատասխանող ընկերությանն ազատել տուժանքի ամբողջ գումարի վճարումից, ժամկետանց պարտավորության գումարի 45%-ի վճարումից, ինչպես նաև 35%-ով նվազեցնել սարքավորումների արժեքի մնացորդը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը բացարձակապես հաշվի չի առել բողոք բերող անձի վարքագիծը, ինչպես նաև, Դատարանի 12.05.2010 թվականի կայացրած վճռի գործողությունը կասեցված լինելու պարագայում անտեսել է կողմերի համար բողոքի քննության ողջամիտ ժամկետների չպահպանման հետևանքները:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի նստել նաև այն հանգամանքի հետ, որ սույն քաղաքացիական գործն իր մեջ չի պարփակում որևէ առանձնահատուկ բարդություն, որպիսին կկարողանար արդարացնել Վերաքննիչ դատարանի կողմից ողջամիտ ժամկետների պահպանման օրենսդրական պահանջը կոպտորեն խախտելու հանգամանքը: Այդ մասին է վկայում թեկուզև Վերաքննիչ դատարանի կողմից 14.12.2010 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, որի հիման վրա էլ Վերաքննիչ դատարանը որոշել է մերժել վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը:

Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության և որոշման կայացման ողջամիտ ժամկետների ակնհայտ և կոպիտ խախտման արդյունքում Դատարանի 12.05.2010 թվականի վճռի գործողությունը, որը մտել է օրինական ուժի մեջ և գտնվել է կատարման փուլում, շուրջ 4 ամիս անիմաստ մնացել է կասեցման մեջ, ինչն անթույլատրելի է անձի արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը, 14.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2010 թվականի վճիռն անփոփոխ, օրինական ուժի մեջ թողնելով, չի անդրադարձել կատարողական վարույթը կասեցումից հանելու հարցին: Դեռ ավելին, 07.02.2011 թվականի դրությամբ գործում առկա չի եղել Դատարանի 12.05.2010 թվականի վճռի գործողությունը կասեցումից հանելու մասին որևէ պատշաճ ապացույց:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը թույլ են տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի, 204.35-րդ հոդվածի 6-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

 Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ տվյալ պարագայում դատավորների մեղավորությունն առկա է, քանի որ նրանք չեն դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորների բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել են բացատրություններ:

Դատավորներ Ա. Խառատյանի և Կ. Չիլինգարյանի կողմից ներկայացված բացատրություններում մասնավորապես նշված է`

12.08.2010 թվականին վարույթ ընդունված բողոքի քննության նպատակով առաջին դատական նիստը 12.10.2010 թվականին կայանալը պայմանավորված է եղել նախ` դատավորներ Ա. Պետրոսյանի և Կ. Չիլինգարյանի, ապա և դատավոր Ա. Խառատյանի` հերթական արձակուրդում գտնվելու փաստով, իսկ այդ ընթացքում գործի վերաբաշխում չիրականացնելը պայմանավորված է եղել տվյալ ժամանակահատվածի այն առանձնահատկությամբ, որ դատարանի այլ դատավորները ևս հաջորդաբար օգտվել են հերթական արձակուրդի իրավունքից, և գործի վերաբաշխման պարագայում բողոքի քննությունը կարող էր տևել ավելի երկար, քան տևել է իրականում:

12.10.2010 թվականին կայացած առաջին դատական նիստում բողոքի քննությունը հետաձգվել է` հաշտության համաձայնություն կնքելու նպատակով բանակցություններ վարելու համար կողմերին հնարավորություն ընձեռելու համար, ինչը դատարանը պարտավոր է խրախուսել, և դա բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի դրույթներից և ներկայիս դատական պրակտիկայից դատական բոլոր ատյաններում: Հաշտության համաձայնության գալու համար ժամկետի տրամադրման հնարավորությունից օգտվելու իրավունք կողմերն ունեն նաև Վերաքննիչ դատարանում: Ընդ որում, դա չի կարող պայմանավորված լինել նախկինում կողմերից որևէ մեկի դրսևորած վարքագծով, մասնավորապես` առաջին ատյանի դատարանում հաշտության համաձայնություն կնքած և դրա պայմանները խախտած լինելու փաստով: Այլապես հարկ կլինի ընդունել, որ կողմերից մեկի` նախքան Վերաքննիչ դատարանում վարույթի իրականացումը դրսևորած վարքագծի բերումով մյուս կողմը վերաքննիչ դատարանի առջև կարող է հայտնվել առավել կամ պակաս բարենպաստ վիճակում, որը չի կարող որակվել այլ կերպ, քան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում:

Ի դեպ, 17.11.2010 թվականին «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ժան Դյուրան-Ռուելը գրություն է հասցեագրել գործով նախագահող դատավոր Ա. Խառատյանին` տեղեկացնելով, որ իր ընկերությունը վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործի կապակցությամբ բանակցություններ չի վարել և չի վարում «Սպայկա» ՍՊ ընկերության հետ, և որ նման բանակցություններ վարելու համար լիազորված է ընկերության ներկայացուցիչ Հ. Թադևոսյանը (հատոր 2, գ.թ. 69-70): Ընդ որում, գրության մեջ որևէ դժգոհություն չի արտահայտվել հաշտության բանակցություններ վարելու համար ժամկետ տրամադրելու առնչությամբ: Այս կապակցությամբ վերաքննիչ դատարանը կարևորել է նաև այն փաստը, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը սկզբունքորեն դեմ չի եղել հաշտության համաձայնության կնքմանը` դրա ստորագրման համար լիազորություն վերապահելով իր ներկայացուցչին` պայմանով, որ առկա լինի ընկերության նախնական գրավոր համաձայնությունը: Ի վերջո, վերաքննիչ դատարանը «որպես լրացուցիչ ժամկետ 49-օրյա ժամկետ չի սահմանել», ինչպես նշված է Կարգապահական հանձնաժողովի որոշման 5-րդ էջում, այլ հետաձգել է բողոքի քննությունը` առանց հաջորդ դատական նիստի օրը նշանակելու, և հետագայում դատական նիստ է նշանակել` ելնելով այլ գործերով արդեն իսկ նշանակված նիստերի գրաֆիկից:

30.11.2010 թվականին նշանակված և կայացած երկրորդ դատական նիստում բողոքի քննությունն ավարտվել է, որի արդյունքում կայացված դատական ակտը հրապարակվել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում` 14.12.2010 թվականին:

Այսպիսով, տվյալ դեպքում ժամկետի ողջամտության հարցը քննարկելիս չպետք է հաշվի առնվեն բողոքը վարույթ ընդունելու օրվանից մինչև առաջին դատական նիստն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև երկրորդ դատական նիստից մինչև դատական ակտի հրապարակման օրն ընկած ժամանակահատվածը, ինչը նշանակում է, որ Կարգապահական հանձնաժողովի որոշման մեջ նշված 4-ամսյա ժամկետի փոխարեն խոսքը պետք է վերաբերի շուրջ 2-ամսյա ժամկետի ողջամտությանը:

Ելնելով վերոգրյալից` դատավոր Ա. Խառատյանը խնդրել է ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հիմքով կարճել հարուցված կարգապահական վարույթը:

Դատավոր Ա. Պետրոսյանն իր կողմից ներկայացված բացատրությունում նշել է, որ դատարանում ամենամյա արձակուրդի ժամանակացույցը կազմվում և հաստատվում է նախապես` յուրաքանչյուր տարվա սկզբին, ուստի նախապես իմանալով, որ դատարանի կազմը մեկնելու է արձակուրդ, հնարավոր չէ դատական նիստ նշանակել ավելի վաղ, իսկ 28.09.2010 թվականի նիստը չի կայացել նախագահող դատավորի` արձակուրդում գտնվելու պատճառով:

Իր կարծիքով, դրանք օբյեկտիվ պատճառներ են և չեն կարող գնահատվել որպես գործի քննության անհարկի ձգձգումներ:

Հաջորդ` 12.10.2010 թվականի դատական նիստում «Սպայկա» ՍՊԸ-ն միջնորդել է տրամադրել լրացուցիչ ժամանակ` «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերության հետ հաշտության բանակցություններ վարելու նպատակով:

Վերաքննիչ դատարանը հարգել է միջնորդությունը և հետաձգել դատական նիստը, հաջորդ նիստը նշանակել է 30.11.2011 թվականին, այսինքն` 49 օր անց:

Ըստ դատավոր Ա. Պետրոսյանի` իզուր չէ, որ ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված չէ դատաքննության կոնկրետ /որոշակի/ ժամանակային սահման. ողջամիտ ժամկետին անդրադառնալիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր գործի առանձնահատկությունները և բարդությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում, մասնավորապես` Բուխոլցն ընդդեմ Գերմանիայի գործով:

Եթե հաշվի առնվի, որ գործը վարույթ ընդունելուց հետո մինչև արձակուրդ մեկնելը Վերաքննիչ դատարանի այս կազմն աշխատել է ընդամենը 1 /մեկ/ աշխատանքային օր` 13.08.2010 թվականին, որի ընթացքում, բնականաբար, նիստ չէր կարող նշանակվել, իսկ արձակուրդից հետո գործը հետաձգվել է ընդամենը մեկ անգամ, այն էլ հաշտություն կնքելու հնարավորություն ընձեռելու նպատակով, և այդ ժամականահատվածը մի փոքր գերազանցել է մեկամսյա ժամկետին, ապա հանգամանքների նման պարագայում նույնիսկ 4-ամսյա ժամկետը կարող է դիտվել ողջամիտ:

Ելնելով վերոգրյալից` դատավոր Ա. Պետրոսյանը գտել է, որ դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում առկա չէ:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Դատարանի 12.05.2010 թվականի վճռով (ըստ հայցի «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության ընդդեմ «Սպայկա» ՍՊ ընկերության` ֆինանսական վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու, վարձակալած գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու և վարձավճարի բռնագանձման պահանջների մասին) հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

2. 17.06.2010 թվականին «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության միջնորդությամբ տրվել է կատարողական թերթ:

3. 30.07.2010 թվականին «Սպայկա» ՍՊ ընկերությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` նոր երևան եկած հանգամանքների հիմքով Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը վերանայելու վերաբերյալ:

4. Վերաքննիչ դատարանի 12.08.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել, և Դատարանի 12.05.2010 թվականի վճռի գործողությունը կասեցվել է: Նույն որոշմամբ նշանակվել է առաջին դատական նիստը` 28.09.2010 թվականին:

5. ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի 27.08.2010 թվականի թիվ 103-Ա հրամանով Ա. Խառատյանին իր դիմումի համաձայն տրամադրվել է հերթական ամենամյա արձակուրդ 13.09.2010 թվականից մինչև 30.09.2010 թվականը ներառյալ:

6. 28.09.2010 թվականի դատական նիստը չի կայացել նախագահող դատավոր Ա. Խառատյանի` հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով:

7. Գործով հետագա դատական նիստերը նշանակվել են հետևյալ պարբերականությամբ` 12.10.2010, 30.11.2010, 14.12.2010 թվականներին:

8. 12.10.2010թ. դատական նիստում Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է «Սպայկա» ՍՊ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը, և հաշտության եզրեր գտնելու և բանակցելու համար տրվել է հնարավորություն: Նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է: Հետագայում դատական նիստի օր է նշանակվել 30.11.2010թ.:

9. 12.10.2010թ. դատական նիստի ժամանակ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայտնել է ընկերության բացասական դիրքորոշումը «Սպայկա» ՍՊ ընկերության հետ լրացուցիչ հաշտության համաձայնություն կնքելու կապակցությամբ:

10. Վերաքննիչ դատարանի 14.12.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

11. Վերաքննիչ դատարանը 14.12.2010թ. որոշմամբ չի անդրադարձել կասեցված կատարողական վարույթը վերացնելու հանգամանքին:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Վերաքննիչ դատարանի դատավորներ Ա. Խառատյանին, Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է բողոքը քննել ողջամիտ ժամկետում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել Եվրոպական դատարանը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի 28.10.1999 թվականի թիվ 28342/95 գործով` արձանագրելով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որպեսզի կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տես՝ Ռաշն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի հունվարի 13-ի, Բուրցևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռները):

Խորհուրդն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ և կարող է համոզված լինել, որ խոչընդոտներ չեն ստեղծվի այդ որոշման կատարման առնչությամբ:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի դատավորների գործողությունների ողջամտությանը իրավական որոշակիության սկզբունքի պահպանման տեսանկյունից:

Կապված 28.09.2010 թվականին նշանակված դատական նիստի հետ.

Խորհուրդը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի 12.08.2010 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ կասեցվել է օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը, և նշանակվել է առաջին դատական նիստը` 28.09.2010 թվականին(պայմանավորված այն հանգամանքով, որ կազմի մյուս դատավորները գտնվել են արձակուրդում): ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի 27.08.2010 թվականի թիվ 103-Ա հրամանով Ա. Խառատյանին իր դիմումի համաձայն տրամադրվել է հերթական ամենամյա արձակուրդ 13.09.2010 թվականից մինչև 30.09.2010 թվականը ներառյալ: 28.09.2010 թվականի դատական նիստը չի կայացել նախագահող դատավոր Ա. Խառատյանի` հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով: Կատարողական վարույթը շարունակել է մնալ կասեցված վիճակում: Դատական նիստի նոր ժամկետ է սահմանվել 12.10.2010 թվականը:

Վերոնշյալից հետևում է, որ դեռևս Վերաքննիչ դատարանի 12.08.2010 թվականի որոշմամբ առաջին դատական նիստը 28.09.2010 թվականին նշանակված լինելու պայմաններում նախագահող դատավոր Ա. Խառատյանը դիմում է ներկայացրել` 13.09.2010 թվականից մինչև 30.09.2010 թվականը ներառյալ հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին:

Այսինքն` նախագահող դատավոր Ա. Խառատյանը, նախապես տեղյակ լինելով, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելուց 47 օր անց է նշանակվել դատական նիստը, և Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթը գտնվում է կասեցված վիճակում, այնուամենայնիվ, անտեսել է նաև այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ 28.09.2010 թվականին արդեն իսկ նշանակվել է դատական նիստ, և ամենամյա արձակուրդի իրավունքից օգտվելիս ցուցաբերելով անբարեխիղճ վարքագիծ` այդ օրը նույնպես ներառել է արձակուրդի ժամանակահատվածում և արձակուրդից վերադարձել է նշանակված դատական նիստի օրվանից 2 օր անց` 30.09.2010թ., որի արդյունքում 28.09.2010թ. դատական նիստը չի կայացել, և այն նշանակվել է 14 օր անց` 12.10.2010թ.: Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ա. Խառատյանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` դատարանի նախագահի կողմից գործի վերաբաշխման կապակցությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից անհարկի կերպով ձգձգվել է գործի քննությունը, որի արդյունքում խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը:

Կապված 12.10.2010 թվականին նշանակված դատական նիստը հետաձգելու հետ.

12.10.2010թ. դատական նիստին «Սպայկա» ՍՊ ընկերության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանն «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության հետ լրացուցիչ հաշտության եզրեր գտնելու կապակցությամբ դատական նիստը հետաձգելու մասին:

Ներկայացված միջնորդության վերաբերյալ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայտնել է ընկերության բացասական դիրքորոշումը «Սպայկա» ՍՊ ընկերության հետ լրացուցիչ հաշտության համաձայնություն կնքելու կապակցությամբ:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով «Սպայկա» ՍՊ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը և լսելով «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվող ընկերության դիրքորոշումը, կատարողական վարույթը կասեցված վիճակում գտնվելու պայմաններում որոշել է միջնորդությունը բավարարել և դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգել: Հետագայում դատական նիստը նշանակվել է 30.11.2010 թվականին` այսինքն 49 օր հետո:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ կողմերի միջև արդեն իսկ մեկ անգամ ստորագրվել և Դատարանի 12.05.2010 թվականի վճռով հաստատվել է հաշտության համաձայնություն, որով սահմանված ժամկետում «Սպայկա» ՍՊ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ՍՊ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը այլևս չի պատրաստվում հաշտության համաձայնություն կնքել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը կատարողական վարույթը կասեցված լինելու և կողմերից մեկի` հաշտություն կնքելու ցանկության բացակայության մասին տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ, անորոշ ժամանակով հետաձգել է դատական նիստը և այն նշանակել է 49 օր հետո: Բացի այդ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարողական վարույթը կասեցված լինելու պայմաններում, ինչը ենթադրում է վերաքննիչ բողոքի հնարավորինս կարճ ժամկետներում քննելու անհրաժեշտություն, Վերաքննիչ դատարանը ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել վերաքննիչ բողոքի արագ քննության ուղղությամբ, այլ ընդհակառակը, տեղեկացված լինելով լրացուցիչ հաշտության համաձայնություն կնքելու անհնարինության մասին, այնուամենայնիվ, այդ նպատակով հետաձգել է դատական նիստը:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև այն հանգամանքը, որ Վերաքննիչ բողոքի հիմքում դրված էր նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու պահանջ, որը պարզելու նպատակով է վերաքննիչ բողոքն ընդունվել վարույթ, և նույն որոշմամբ կասեցվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կապակցությամբ հարուցված կատարողական վարույթը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից 12.10.2010թ. դատական նիստն անորոշ ժամկետով հետաձգելու, այնուհետև 49 օր հետո նշանակելու հետ կապված գործողությունները ևս ողջամիտ չեն, և դրանցով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը:

Կապված 30.11.2010 և 14.12.2010 թվականի դատական նիստերի հետ.

30.11.2010 նշված դատական նիստին գործի քննությունն ավարտվել է, և որոշման հրապարակման օր է նշանակվել 14.12.2010 թվականին:

Վերաքննիչ դատարանը 14.12.2010 թվականին հրապարակվել է որոշումը, որով վերաքննիչ բողոքը մերժվել է` բողոք բերած անձի կողմից վկայակոչված հանգամանքները Դատարանի 12.05.2010 թվականի վճռի վերանայման համար էական նշանակություն չունենալու պատճառաբանությամբ, և Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը, 14.12.2010 թվականի որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը, չի անդրադարձել 12.08.2010 թվականի որոշմամբ, արդեն շուրջ 4 ամիս կասեցված վիճակում գտնվող կատարողական վարույթի կասեցումը վերացնելու մասին հարցին: Կատարողական վարույթը շարունակում է մնալ կասեցված:

Հիմք ընդունելով սույն գործի փաստական հանգամանքները և հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի վարքագիծը` Խորհուրդն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարողական վարույթը վերաքննիչ վարույթի ողջ ընթացքում` շուրջ 4 ամիս և մինչ օրս, կասեցված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը անհարկի ձգձգել է վերաքննիչ բողոքի քննությունը` դրանով իսկ խախտելով իրավական որոշակիության և դրա հետ կապված վերաքննիչ բողոքի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահանջները:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

«Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնների» 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի` ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ա. Խառատյանը, Կ. Չիլինգարյանը և Ա. Պետրոսյանը թույլ են տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են:

Խորհուրդը, Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Խառատյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի սույն թվականի հունվարի 21-ի թիվ ԱԽ-1-Ո-4 որոշմամբ, հայտարարվել է նախազգուշացում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Խառատյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին հայտարարել նախազգուշացում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Գ. Բադիրյան
Կ. Բաղդասարյան

Տ. Բարսեղյան 

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան