Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանոնադրությանը, կանոնադրության փոփոխությանը կամ լրացմանը (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը), կուսակցության ծրագրին, փոխանցման ակտին ու բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կից ստեղծվում է պետական ռեգիստրի՝ էլեկտրոնային կնիքով հավաստված նշաթերթ, որում կատարվում է տվյալ պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Գրառման բովանդակությունը և այն կատարելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:»․

2) 4-րդ մասից հանել «, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաև կանոնադրությունների պատճենների վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը և դրոշմակնիքը կարող են փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով և (կամ) արագ արձագանքման ծածկագրով:»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4.1-ին մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:»․

5) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև տարեկան մեկ անգամ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարի չափը: Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց ցանկը, իրականացվող գործառույթների ցանկը, դրանց իրականացման կարգը և նստավայրերը, իսկ նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից իրականացվելու դեպքում նաև գործակալության հետ կնքվող պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում են օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք են տալիս դրանց:»:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «փաստաթղթի ձևով» բառերը փոխարինել «եղանակով» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «, ներկայացված օրինակների քանակի և օրինակի հերթական համարի» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «Էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառով, իսկ «հաշվի առնելով էլեկտրոնային» բառերից հետո՝ «եղանակով կազմվող» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:»․

2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստում է գործադիր մարմնի ղեկավարը, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:»․

3) 9-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը․

4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10․ Արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ օրենքով սահմանված կարգը պահպանելու դեպքում:»․

5) 11-րդ մասից հանել «էլեկտրոնային» բառը:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.

«21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).»․

2) 1-ին մասի 22-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկրյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին)» բառերով․

3) 25-րդ մասից հանել «. այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ մասով.

«28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով: Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան, կարող են տրամադրվել միայն պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող մասնավոր անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով.

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիրը, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը:».

2) 2-րդ մասից հանել «՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով» բառերը․

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական հաշվառման համար դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Սույն մասով սահմանված կարգով հաշվառման համար պետական տուրք չի գանձվում:»․

4) 6-րդ մասը «պահին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասով նախատեսված դեպքերի,» բառերով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1․ Դիմողն իրավասու է մատնանշելու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:».

6) 9-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «անձի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչվելու հետևանքով» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «էլեկտրոնային» բառը․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ:»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Դիմողն իրավասու է մատնանշելու առևտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:».

5) 9-րդ մասից հանել «, այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը․

6) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի գրանցման համարը, գրանցման տարին, ամիսը, օրը և հարկ վճարողի հաշվառման համարը։»․

7) 11-րդ մասի «եռօրյա, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն» բառը փոխարինել «մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա (իսկ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում» բառերը՝ «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձի գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը, իսկ իրավաբանական անձի մասնակցի դեպքում նաև տվյալ մասնակիցը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:»:

 

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․

«6․ Իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի նոր հասցեի գրանցման մասին:

Պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկությունների բացակայության դեպքում իրավաբանական անձը պարտավոր է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործակալություն ներկայացնել նշված տեղեկատվությունը։

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում։»:

 

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) տվյալների փոփոխության համար ներկայացվում են`

1) դիմում մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող և նոր տվյալների մասին տեղեկություններ. ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն․

2) փոփոխությունը հավաստող փաստաթուղթը,

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:

 

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «էլեկտրոնային» բառը, իսկ նույն մասի «մուտքագրելու միջոցով» բառերը փոխարինել «մուտքագրելու ձևով՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով սահմանված կարգով» բառերով․

2) 7-րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը․

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը և համապատասխան փոփոխության բնույթն ու հերթական համարը։»։

 

Հոդված 19. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի 2-րդ կետերի «գ» ենթակետերից հանել «կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա» բառերը․

2) 6-րդ մասը «(փաստաթղթեր),» բառից հետո լրացնել «բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը,» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ոչ առևտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով և 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում:»:

 

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտին կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կցվում է նշաթերթ, որը բովանդակում է տվյալ փաստաթղթի համաձայն կատարված պետական գրանցման տարին, ամիսը, օրը:»․

2) 8-րդ մասից հանել «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «իրավաբանական անձի կանոնադրության» բառերից հետո լրացնել «, ոչ առևտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»․

2) 4-րդ մասից հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

 

Հոդված 23. Օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը:

 

Հոդված 24. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

 

Հոդված 25. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «իրավաբանական անձի հիմնադիրները» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կոդը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով:

 

Հոդված 28. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործունեություն իրականացնող և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գրանցված իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների և (կամ) հիմնարկների վերաբերյալ:

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում, Կառավարությունը և արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարն ընդունում են սույն օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-40-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան